Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Կյանքից հեռացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 5-ակի չեմպիոն ու 3 անգամ մրցաշրջանի լավագույն մարզիչ ճանաչված Դոն Նելսոնը, հաղորդում է Bleacher Report-ը:
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստը 86 տարեկան էր:
Դոն Նելսոնը կարիերայի ընթացքում խաղացել է «Չիկագո Զեֆիրսում», «Լեյքերսում» ու «Բոսթոնում», իսկ «Սելթիկսի» կազմում 5 անգամ հաղթել է NBA-ում:
Կարիերան ավարտելուց հետո ամերիկացին գլխավորել է «Միլուոկին», «Գոլդեն Սթեյթը», «Նյու Յորք Նիկսը» և «Դալասը»: 1983, 1986 և 1992 թվականներին նա ճանաչվել է NBA-ի լավագույն մարզիչ: Դոն Նելսոնը NBA-ի կանոնավոր առաջնությունում երկրորդ ամենաշատ հաղթանակ տարած մարզիչն է պատմության մեջ (1335 հաղթանակ): 2022-ին նրա ռեկորդը գերազանցել էր Գրեգ Պոպովիչը:
1994-ին ԱՄՆ-ի հավաքականը Նելսոնի գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն: 2012-ին նա ընդգրկվել է Բասկետբոլի փառքի սրահում:

