COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
Քաղաքականություն
17.07.2026 | 22:24
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։

Նախարարի խոսքով՝ սա արդեն երրորդ հանդիպումն էր նման ձևաչափով, որը հնարավորություն է տալիս շարունակել բաց, ներառական և արդյունավետ երկխոսությունը գործընկերների հետ, ներկայացնել իրականացված աշխատանքները, լսել նրանց առաջարկներն ու պատասխանել կազմակերպչական և բովանդակային հարցերին։
Հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների առաջընթացին, վերջին ամիսներին միջազգային գործընկերների հետ իրականացված համագործակցությանը, ինչպես նաև համաժողովի առանցքային փուլերին։ Նա ներկայացրել է նաև COP17 նախագահության նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն համաժողովից հետո ևս նպաստել կենսաբազմազանության պահպանության ոլորտում միջազգային համագործակցության, նորարարական լուծումների և գործնական արդյունքների ձևավորմանը։
Գործընկերներին ներկայացվել են նաև համաժողովի կազմակերպչական և լոգիստիկ նախապատրաստական աշխատանքները՝ ենթակառուցվածքների պատրաստվածությունը, տրանսպորտային ապահովման, անվտանգության, պատվիրակությունների ընդունելության, գրանցման, հաղորդակցության և այլ կազմակերպչական ուղղություններով իրականացվող աշխատանքները։
Նախարարն իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին՝ շարունակական աջակցության, ակտիվ ներգրավվածության և կառուցողական համագործակցության համար։

