Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը
Քաղաքականություն
16.07.2026 | 17:02
Ուկրաինայի ՊՆ ղեկավար Միխայիլ Ֆեդորովը, որի հրաժարականի մասին հայտարարվել էր նախօրեին, այսօր մամուլի ասուլիս է անցկացրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա, մանավորապես, խոստովանել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ կոնֆլիկտի առկայությունը։ Ֆեդորովը հաստատել է, որ առաջարկել է Սիրսկիին փոխարինել Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովով։
«Իրականում, երբ նախագահն ասաց, որ չի պատրաստվում փոխարինել Սիրսկիին, դա նրա որոշումն էր՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար։ Եվ ես լիովին համաձայնեցի այդ որոշման հետ և ասացի. «Դա նշանակում է, որ ես կսովորեմ նրա հետ աշխատել, քանի որ, ի վերջո, մեր հաճախորդն ուկրաինացի ժողովուրդն է, և ոչ ոք ուրիշ»»,- մանրամասնել է Ֆեդորովը։
Սակայն, նրա խոսքով, ինքը բախվել է իրավիճակի, երբ Սիրսկին սկսել է արգելափակել իր նախաձեռնությունները։
«Սիրսկին, հաշվի առնելով մեր քննարկած բոլոր խնդիրները, պատրաստ չէ աչքերին նայելով խոսել խնդիրների մասին։ Նա պատրաստ է մասնակցել հանդիպումների, ինտրիգներ հորինել և ենթադրել, որ ինչ-որ մեկը պատվիրել է ԶԼՄ-ում արշավ, այլ ոչ թե խնդիրը կատարվող գործողություններն են»,- ասել է Ֆեդորովը։
Նա նաև հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է նախագահի խորհրդականի պաշտոնը, բայց նա հրաժարվել է։
Ֆեդորովը նաև մեկնաբանել է իր հրաժարականի դեմ բողոքի ցույցերը․ «Այսօր մենք տեսնում ենք, որ ուկրաինացի ժողովուրդը դուրս է եկել փողոց։ Ուկրաինացի ժողովուրդը փողոց դուրս չի եկել որևէ կոնկրետ նախարար Ֆեդորովի համար, ժողովուրդը փողոց է դուրս եկել իր համար»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

