Հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից Հայաստանը «բավարար չափով» կատարել է միայն 6-ը․ ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել

Լուրեր

16.07.2026 | 15:31
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
16.07.2026 | 15:20
Իրանը Հորմուզը «կարմիր գիծ» է համարում և զգուշացնում տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, եթե ԱՄՆ-ն հարվածի
16.07.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը // 5 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 15:02
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով
16.07.2026 | 14:54
Հաջիևը կրկին հայտարարել է «ՀՀ-ի կողմից տարածքային պահանջներից» հրաժարվելու մասին՝ Սահմանադրության փոփոխությամբ կամ իրավական այլ մեխանիզմով
16.07.2026 | 14:46
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ում ընդերքօգտագործման խախտումներ է հայտնաբերել․ նյութերն ուղարկվել են քննության
16.07.2026 | 14:35
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
16.07.2026 | 14:24
Հանցավոր խումբը, ըստ ՔԿ-ի, 538 մլն դրամ է հափշտակել և լվացել գումարները
16.07.2026 | 14:15
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:11
Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի դեմ․ ՏԵԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:01
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16.07.2026 | 13:53
Ուկրաինայի Ռադան Սերգեյ Կորեցկիին հաստատել է վարչապետի պաշտոնում
16.07.2026 | 13:46
5 մլրդ դրամի պարգևավճար․ ինչպես է բաժանվել գումարը գերատեսչությունների միջև
16.07.2026 | 13:38
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
16.07.2026 | 13:27
Հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից Հայաստանը «բավարար չափով» կատարել է միայն 6-ը․ ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարի 22 հանձնարարականներից Հայաստանի իշխանություններին 18 ամսվա ընթացքում հաջողվել է «բավարար չափով» իրականացնել միայն 6-ը։

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ Համապատասխանության նոր զեկույցը՝  «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը իշխանության կենտրոնական մարմիններում (բարձրագույն գործադիր մարմիններում և իրավապահ մարմիններում)» խորագրով։  Այն ընդունվել էր ԳՐԵԿՈ-ի՝ հունիսյան 103-րդ լիագումար նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը։

Ըստ զեկույցի՝ 15 առաջարկություն համարվել է «մասնակի կատարված», իսկ 1-ը՝ «ընդհանրապես չկատարված»: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին ազդարարների պաշտպանության գործառույթի համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման հարցը մնում է լիովին չլուծված՝ դառնալով միակ ամբողջովին չկատարված հանձնարականը։

«ԳՐԵԿՈ-ն գնահատման ընդհանուր արդյունքը չի դասակարգում որպես «հաջողություն» կամ «ձախողում»։ Համապատասխանության ընթացակարգի համատեքստում նրա դերն է կետ առ կետ (հանձնարարական առ հանձնարարական) գնահատել՝ արդյոք գնահատվող պետության ձեռնարկած միջոցները համապատասխանում են յուրաքանչյուր հանձնարարականի նպատակներին և Եվրոպայի խորհրդի համապատասխան չափանիշներին»,-  հայտնեցին ԳՐԵԿՈ-ի քարտուղարությունից՝ պատասխանելով Factor TV-ի՝ Հայաստանի առաջընթացը գնահատելու հարցին։

ԳՐԵԿՈ-ի 22 հանձնարարականներից ուղիղ կեսը հասցեագրված են բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ մյուս կեսը՝  ոստիկանությանը: Ըստ զեկույցի՝ կատարողականը տարբերվում է. բարձրաստիճան պաշտոնյաների (վարչապետ, նախարարներ) մասով 11 հանձնարարականներից միայն մեկն է համարվել «բավարար  չափով» կատարված՝ կապված չվարձատրվող խորհրդականների կարգավիճակի հետ: Նրանց վրա այժմ տարածվում են վարքագծի կանոնները, շահերի բախման կանխարգելումը և գույքի հայտարարագրման պահանջները նույն խստությամբ, ինչ մյուս պաշտոնյաների պարագայում։

Ի տարբերություն կենտրոնական կառավարման բարձրագույն մարմինների՝ Ոստիկանությունում արձանագրվել է «իմաստալից առաջընթաց». 11 հանձնարարականից 5-ը կատարված է «բավարար չափով»․ դրանք վերաբերում են թափանցիկությանը, հակակոռուպցիոն ծրագրին, ոստիկանների վերապատրաստմանը, վարքագծի կանոնագրքին և խախտումների անկախ քննությանը։

Բարեփոխումը՝ թղթի վրա

ԳՐԵԿՈ-ն Հայաստանին ուղղված հանձնարարականներից 15-ը դասակարգել է «մասնակի կատարվածի» տիրույթում, քանի որ բարեփոխումների մեծ մասը դեռևս օրենսդրական նախագծերի կամ «թղթային» փուլում է։

Կենտրոնական իշխանության մակարդակում սա գործնականում վերաբերում է ամեն ինչին. պատրաստ են նախագծեր՝ պաշտոնյաների ռիսկերի գնահատման, լոբբիստական կապերի հրապարակայնացման, ծառայությունից հետո աշխատանքի սահմանափակումների խստացման և կարգապահական պատասխանատվության ներդրման վերաբերյալ, բայց ոչ մեկը դեռ չի դարձել գործող օրենք։

Նույն կերպ՝ ստեղծվել են նոր կառույցներ ու հայեցակարգեր տեղեկատվության մատչելիության, արարողակարգային գնումների և քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում, բայց առանց վերջնական օրենսդրական հաստատման։

Մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ն համարում է, որ քաղաքական պաշտոնյաների նկատմամբ պատասխանատվություն սահմանող և խախտումների համար կոնկրետ տույժեր նախատեսող կարգավորումները դեռևս վերջնականապես չեն հաստատվել, և առկա է օրենսդրական բաց։ Բացի այդ կարգապահական պատասխանատվության մեխանիզմները պետք է տարածվեն նաև երկրի ղեկավարի վրա. ներկայիս առաջարկվող օրենսդրական փոփոխությունները չեն ներառում վարչապետին։

Պատժամիջոցներ կիրառելու լիազորությունը չպետք է թողնվի բացառապես վերադասի հայեցողությանը (օրինակ՝ անկախ մարմնի փոխարեն), որպեսզի ապահովվի անկախությունն ու օբյեկտիվությունը։

Ոստիկանության մասով «մասնակի կատարված» է հինգ հանձնարական. կանայք դեռ քիչ են ղեկավար պաշտոններում, ոստիկանների բարեվարքության ստուգումներն առայժմ չունեն կայուն համակարգ, պաշտոնաթողությունից հետո աշխատանքի սահմանափակումների մասին օրենքը ընդունված չէ, Ներքին անվտանգության վարչությունում բավարար չեն մարդկային ու նյութական ռեսուրսները, և ազդարարներին պաշտպանելու մեխանիզմները դեռ ամբողջությամբ բարեփոխված չեն։

Չկատարված հանձնարարականը

ԳՐԵԿՈ-ի զեկույցում որպես բացարձակապես չկատարված առանձնացվել է միայն մեկ կետ, որը վերաբերում է ազդարարների (whistleblowers) պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտի դերին։

ՀՀ գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ն ունի ազդարարներին գաղտնի խորհրդատվություն և իրավական աջակցություն տրամադրելու, պաշտպանական կամ վերականգնողական միջոցներ ձեռնարկելու և ազդարարների պաշտպանության համակարգի կիրառումը մոնիթորինգի ենթարկելու լիազորություններ։ Զեկույցի հեղինակները գտնում են, որ առանց համապատասխան ֆինանսական ռեսուրսների սա հնարավոր չէ իրականացնել։

«ԳՐԵԿՈ-ն ազդարարների արդյունավետ պաշտպանությունը համարում է կոռուպցիայի կանխարգելման կարևոր տարր։ Սա պահանջում է ոչ միայն հստակ իրավական ու գործառնական մեխանիզմներ, այլև բավարար կարողություններով օժտված հաստատություններ՝ օրենքով իրենց վերապահված պարտականությունները կատարելու համար։

Գնահատման պահին ԳՐԵԿՈ-ն եզրակացրել էր, որ Օմբուդսմենի աշխատակազմին չեն տրամադրվել բավարար ինստիտուցիոնալ կարողություններ՝ այդ պարտականություններն արդյունավետորեն իրականացնելու համար՝ մասնավորապես նշելով, որ ազդարարման հարցերով զբաղվելու համար նշանակվել է ընդամենը մեկ աշխատակից։ Սա հիմք է հանդիսացել հանձնարարականը որպես չկատարված գնահատելու համար»,- ԳՐԵԿՈ-ի քարտուղարությունից  պարզաբանել են Factor TV-ին։

Անկախ գնահատականներից՝ ԳՐԵԿՈ-ն ողջունում է փաստը, որ Հայաստանը պատշաճ ուշադրություն է դարձրել գործադիր իշխանության բարձրագույն գործառույթներին վերաբերող բոլոր հանձնարարականներին, և գոհունակությամբ արձանագրել է իրավապահ մարմինների մասով ձեռք բերված նշանակալի առաջընթացը։

Հետագա գնահատման գործընթացը կշարունակվի․ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանը պետք է լրացուցիչ տեղեկություններ ներկայացնի դեռևս չկատարված հանձնարականների կատարման վերաբերյալ։

Կարինե Ասատրյան

Բրյուսել