ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
Քաղաքականություն
16.07.2026 | 11:30
Ռուսական զորքերը հուլիսի լույս 16-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Այս մասին հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ վեցը, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Վիրավորների թվում 16-ամյա տղա կա, գրում է Meduza-ն։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ Կիևի երկու շրջաններ են տուժել։ Դարնիցկիի շրջանում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, մոտակայքում կայանված բեռնատարներում և պահեստում։ Սվյատոշինսկի շրջանում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել պահեստում։ Հրդեհներն արդեն մարվել են։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, Օդեսայի մարզի նավահանգիստներին ու երկու նավերի։
Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով վնասվել է բենզալցակայան, վնասվել է ուսումնական հաստատության տանիք։ Տուժածներ չկան։
Հուլիսի 16-ի հարձակումը Կիևի վրա վերջին շաբաթվա ընթացքում երկրորդն է։ Նախորդ անգամ ռուսական ուժերն Ուկրաինայի մայրաքաղաքին հարվածել էին հուլիսի 14-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

