Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում
Քաղաքականություն
14.07.2026 | 17:59
Հուլիսի 13-ի երեկոյից Telegram-ի օգտատերերը խնդիր են նկատել t.me կարճ դոմեյնի հետ կապված։ Դրա պատճառով մեսենջերում հաղորդագրությունների և գրառումների հղումները մասնակի չեն գործում, գրում է The Insider-ը։
Նշված դոմեյնը պարունակող հղումները դեռևս աշխատում են առանց ընդհատման՝ հավելվածի ներսում կամ դրա վեբ տարբերակում: Այնուամենայնիվ, փորձերի ժամանակ՝ Telegram հղմանն անցնել անմիջապես բրաուզերից, սխալ է ցույց տալիս։ Հավելվածն ինքնին շարունակում է գործել առանց ընդհատումների։
«Код Дурова»-ն նշում է, որ հղումները կարող են դեռ աշխատել որոշ օգտատերերի համար, եթե դրանք պահպանված են նրանց սարքի կամ ինտերնետ մատակարարի տեղական քեշում։
Ներկայում Telegram-ից հղումներ պատճենելիս այն ավտոմատ կերպով առաջարկում է telegram.me ձևաչափով հղում՝ t.me-ի փոխարեն, բայց սա ևս սխալ է ցուցադրվում։
Հուլիսի 13-ին, WHOIS ծառայության տվյալներով, t.me-ն ստացել է «serverHold» կարգավիճակ՝ շնորհված դոմեյնի գրանցամատյանի օպերատորի կողմից։ Չնայած դոմեյնը փաստացի մնում է սեփականատիրոջ անունով (դրա գրանցումը չի լրանում մինչև 2035 թվականի մայիսը), այն այլևս ավտոմատ կերպով չի վերածվում IP հասցեի, ինչն այն անհասանելի է դարձնում օգտատերերի համար։ ServerHold կարգավիճակը նշանակում է, որ դոմեյնն այլևս ակտիվ չէ DNS-ում։
Նշված դոմեյնը պատկանում է Մոնտենեգրոյի դոմեյնային գոտուն։ Երկրի հիմնական գրանցողը doMEn-ն է, որը կառավարում է դոմեյնային գոտին։ Դրա կասեցման պատճառը պարզ չէ։
«Код Дурова»-ն գրում է, որ այս կարգավիճակը կարող է պայմանավորված լինել իրավական վեճերով, ներքին աուդիտներով, իրավապահ մարմինների հարցումներով, գրանցամատյանի խախտումներով կամ տեխնիկական սխալով։
Telegram-ը չի մեկնաբանել խափանումները:
Հիմնադիր Պավել Դուրովը X-ում նշել է Մոնտենեգրոյի ընկերությանը և գրել. «t.me հղումները դադարել են աշխատել: Չէի՞ք կարող ուսումնասիրել»:
Դուրովի գրառման մեկնաբանություններում օգտատերերը նաև ենթադրել են, որ խափանումը կարող է պայմանավորված լինել GoDaddy-ի՝ դոմեյնների գրանցման ընկերության պատճառով։ Նախօրեին FIRST VPN SERVICE-ը ենթարկվել էր ԱՄՆ պատժամիջոցներին, երկրի Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվել էր դրա t.me դոմեյնի հասցեն։ Հնարավոր է, որ GoDaddy-ն այդ դեպքում սխալմամբ անջատել է ամբողջ դոմեյնը։ Սակայն այս տեսության պաշտոնական հաստատում չկա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

