ՔՊ պաստառը պոկած քաղաքացու ինքնասպանությունից երկու ամիս անց որևէ մեղադրյալ չկա, ծառայողական քննությունը կասեցվել է 

Լուրեր

13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 20:42
Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել
Բոլորը

ՔՊ-ի նախընտրական պաստառը պոկելուց հետո ձերբակալված և երկու օր անց պետության հոգածության ներքո ինքնասպան եղած Արմեն Հովհաննիսյանի գործով մինչ օրս որևէ մեղադրյալ չկա։ Դեպքից երկու ամիս անց Factor TV-ն պարզել է, որ Ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունը կասեցվել է, քրեական վարույթը քննվում է ավելի մեղմ պատիժ նախատեսող հոդվածով, իսկ Դատախազությունը գործի շրջանակում շրջանառում է նոր վարկած, թե Հովհաննիսյանը գործել է մի խումբ անձանց հետ։ Սակայն մեր ձեռքի տակ առկա փաստերը վկայում են, որ նրա ձերբակալման պահին իրավապահները նման տվյալներ չեն ունեցել։

2026 թվականի մայիսի 16-ին Factor TV-ն գրեց, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Ոստիկանները նրան ձերբակալել էին մայիսի 14-ին՝ Նշավան գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պոկելու համար։ Արմեն Հովհաննիսյանի կողմից ենթադրյալ արարքը կատարելու մասին իրավապահներին հայտնել էր Նշավանի համայնքապետը։ Այն, որ Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ուներ, հայտնի էր թե՛ համայնքապետին, թե՛ գյուղի բնակիչներին։ Չնայած դրան՝ Արմեն Հովհաննիսյանից բացատրություն է վերցվել, նա խոստովանել է, որ պոկել է նախընտրական պաստառը, ապա ոստիկանները նրան ներկայացրել են Քննչական կոմիտե։

Ընդգծենք՝ եթե անգամ քաղաքացին պոկել է պաստառ, դա վարչական իրավախախտում է, այլ ոչ թե քրեորեն պատժելի արարք։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․11-րդ հոդվածի համաձայն՝ նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Այսինքն՝ խոսքը 50 հազար դրամից 100 հազար դրամ տուգանքի մասին է։

Այսպիսով՝ եթե հաստատվեր այն հանգամանքը, որ Արմեն Հովհաննիսյանն իրեն վերագրվող վարչական իրավախախտումը կատարել է մեղսունակության վիճակում, ապա նա կարող էր ենթարկվել 50 հազարից մինչև 100 հազար դրամ տուգանքի ձևով վարչական պատասխանատվության։

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարելու ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում, այսինքն` քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Արմեն Հովհաննիսյանը հենց Ոստիկանությունում խոստովանել է, որ պոկել է ՔՊ-ի նախընտրական պաստառները, իրավապահները նրան որևէ այլ արարք չեն վերագրել կամ չեն կասկածել այլ արարք կատարելու  մեջ, սակայն այդ պայմաններում նրա արարքին նախնական իրավական գնահատական է տրվել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով, այսինքն՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելը։ Ապա  Ոստիկանությունը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրան ձերբակալել ու ներկայացրել է Քննչական կոմիտե։

Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ նրան ձերբակալած ոստիկանության աշխատակիցները սխալվել էին նրան ենթադրյալ արարքին իրավական գնահատական տալիս, ապա Քննչական կոմիտեի քննիչը հնարավորություն ուներ շտկելու սխալն ու ձերբակալվածին ազատ արձակելու, սակայն նա ևս ազատ չի արձակել Արմեն Հովհաննիսյանին։ Ավելին, Արմեն Հովհաննիսյանը տեղափոխվել է Ձերբակալված անձանց պահման վայր։ Այնտեղ նրա առողջական վիճակն, ըստ Ոստիկանության վատացել է, որից հետո տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։ Հենց այստեղ էլ, սավանն օգտագործելով, Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։ 

 

Արմեն Հովհաննիսյանը նոր էր դուրս գրվել «Հոգեկան առողջության պահպանման» կենտրոնից

 

Արմեն Հովհաննիսյանի եղբայրը՝ Արամ Հովհաննիսյանը, Factor TV-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը նոր էր դուրս գրվել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից», պարբերաբար այնտեղ է գտնվել ու բուժում ստացել։ Քաղաքական ընդգծված հայացքներ չուներ։ Հովհաննիսյանի համար անհասկանալի է, թե ինչու է նման առողջական վիճակում գտնվող եղբայրը հիվանդանոցի անձնակազմի ուշադրությունից դուրս մնացել, ինչպես է ստացվել, որ մենակ է մնացել։ Քննիչն իրեն մեկ անգամ զանգել ու հրավիրել է հարցաքննության։ Ինքը տուժող է ճանաչվել, փաստաբան չունի, եղբոր հետ տեղի ունեցած դեպքի պատճառների մասին այլ՝ նոր տեղեկություններ ևս։

Մեզ հետ զրույցում ասում է՝ ինչ էլ անի, եղբոր կյանքը վերադարձնել չի կարող, բայց ուզում է իմանալ, թե ինչպես ստացվեց այս ամենը։

 

Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել, որը կասեցվել է

 

Դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ պարզելու համար Ոստիկանություն գրություն ենք ուղարկել՝ հայցելով հետևյալ հարցերի պատասխանները․
1․
Ինչո՞ւ է որոշում կայացվել Արմեն Հովհաննիսյանին քրեական ընթացակարգով՝ հանցագործության մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել։

2․Ո՞վ է նման որոշում կայացրել կամ ո՞վ է նման ցուցում տվել ձերբակալումն իրականացրած անձին/ անձանց։

3․Ծառայողական քննություն նշանակվե՞լ է՝ պարզելու համար դեպքին առնչվող ոստիկանության ծառայողների վարքագիծը։

4․ Եթե այո՝  քննության արդյունքով ինչ որոշում է կայացվել։

Ի պատասխան ստացել ենք գրություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «ՆԳՆ ոստիկանության ծառայողները Ոստիկանության մասին օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականություններն իրականացնելիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում, Արմեն Հովհաննիսյանին ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին։

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 2026 թվականի մայիսի 14-ին նախաձեռնվել է թիվ 27184726 քրեական վարույթը, որի շրջանակներում, 2026 թվականի մայիսի 15-ին քննիչի կայացրած որոշման հիման վրա, Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է»։

Այսինքն՝ Ոստիկանությունն, ըստ էության, հաստատում է, որ Արմեն Հովհաննիսյանը քննիչի որոշման հիման վրա է ձերբակալված եղել։  Ավելին, նա ձերբակալվածի կարգավիճակում գտնվել է երկու օր, ու մինչև ինքնասպանություն գործելու պահը դեռևս մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։

Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի ինքնասպանության դեպքին՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ  Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության դեպքի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, սակայն  իրականացվող քննությունը Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցվել է՝ մինչև ոստիկանության ծառայողի նկատմամբ վերջնական դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ Ոստիկանության կողմից վկայակոչված նորմի համաձայն՝
1. Ծառայողական քննություն նշանակող անձը ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնում է ծառայողական քննությունը, եթե՝
1) ծառայողական քննություն նշանակելուց հետո պարզվել է, որ առկա է ոստիկանության տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած՝ ծառայողական քննության առարկա հանդիսացող խախտման հետ կապված ենթադրյալ հանցագործության դեպք, ապա ծառայողական քննությունը կասեցվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը։

Ստացվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության դեպքով քրեական վարույթ կա՝  նույն դեպքով Ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունը կասեցվել է։ Քննչական կոմիտե  ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել հետևյալ հարցերի պատասխանները․

1.Ինչո՞ւ է ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու համար Ոստիկանության կողմից ձերբակալված քաղաքացին շարունակել Քննչական կոմիտեի կողմից պահվել անազատության մեջ։

2․ Ո՞վ է այն քննիչը, որը որոշել է քաղաքացուն պահել անազատության մեջ։

3․ Հայտնի՞ է՝ արդյոք նախաձեռնվե՞լ է վարույթ այս դեպքով քաղաքացուն ապօրինի ձերբակալելու հոդվածով։

4․ Քննչական կոմիտեում կարգապահական վարույթ հարուցվե՞լ է՝ պարզելու համար, թե արդյոք ՔԿ աշխատակիցները կարգապահական խախտում թույլ տվե՞լ են՝ քաղաքացուն ձերբակալվածի կարգավիճակում պահելով։

5․Վարույթ նախաձեռնվե՞լ է՝ պարզելու համար, թե ինչպե՞ս է «Հոգեկան առողջության պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող անձը կարողացել ինքնասպան լինել, պատասխանատու անձանցից ով և ի՞նչ հարցում է թերացել։

6․Եթե այո՝ ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել։

7․Վարույթի/վարույթների շրջանակներում կա՞ն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք։

Ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել  են, որ հիշատակված դեպքի առթիվ 2026 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Խոսքը ձերբակալված անձին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու մասին է։

Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվում են անհրաժեշտ ապացուցողական վարութային այլ գործողություններ՝ նախաքննության համակողմանիության բնականոն ընթացքն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից նշված մյուս հարցադրումների մասով տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- հայտնում են Քննչական կոմիտեից։ Այս հոդվածով սահմանվում է, որ վարույթի տվյալները կարող են հրապարակվել միայն քննիչի թույլտվությամբ։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի պարտադիր հատկանիշ է ձերբակալված անձի նկատմամբ  սպառնալիք, դաժան վերաբերմունք  կամ արժանապատվությունը նվաստացող այլ վերաբերմունք դրսևորելը, որն անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի է հասցնում։

Այսինքն՝ որպեսզի իրավապահների կամ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի աշխատակիցների արարքը որակվի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված արարքով, պետք է հաստատվի, որ Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ սպառնալիք, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունք է դրսևորվել, որն էլ հանգեցրել է ինքնասպանության։ Սակայն այս հոդվածից բացի Քրեական օրենսգրքում առկա է մեկ այլ հոդված, որը վերաբերում է ոչ թե անձի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելուն, այլ այն իրավիճակներին, երբ ինքնին անձին ապօրինի ձերբակալելն է անզգուշությամբ ինքնասպանության հանգեցրել, սակայն իրավապահներն այս հոդվածով քննություն չեն իրականացնում։

Անձին ապօրինի ձերբակալելը, որը հանգեցրել է ինքնասպանության, հանցագործություն է

 

Քրեական օրենսգրքի  478-րդ հոդվածով սահմանվում է․ «Իրավասու անձի կողմից ապօրինի ձերբակալելը, կալանավորելը կամ ազատման ենթակա ձերբակալված կամ կալանավորված անձին ապօրինի ազատ չարձակելը` պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հոդվածի 2-րդ մասով սահմանվում է․  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության, հոգեկան խանգարման կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով»:

Այսինքն՝ եթե իրավապահներն ապօրինի են ձերբակալել Արմեն Հովհաննիսյանին կամ ապօրինի նրան շարունակել են պահել ձերբակալվածի կարգավիճակում, և այս իրավիճակն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության, ապա նրանք քրեական պատասխանատվության են ենթակա Քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածի 2-րդ մասով, որով սահմանվում է մինչև 8  տարի ազատազրկում։

Դատախազությունից  հետաքրքրվել էինք, թե ի՞նչ քննություն են իրականացնում իրավապահներն այս հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հարցին պատասխանելու համար կառույցից պահանջել էին գրավոր հարցում, ինչը և արել ենք։ Սակայն  անգամ մեր գրավոր հարցերին կառույցից  պատշաճ պատասխան չեն տվել։  Մենք գրավոր հարցմամբ  հայցել էինք հետևյալ տեղեկատվությունը․

1.Քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է՝ պարզելու համար իրավապահների գործողությունների իրավաչափությունը, մասնավորապես, թե արդյոք իրավաչափ է եղել նրան վերագրվող արարքի համար նրան հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելը, հետագայում ձերբակալվածի կարգավիճակում պահելը։

2․Դրական պատասխանի դեպքում խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել։

3․Վարույթ նախաձեռնվե՞լ է՝ պարզելու համար, թե ինչպե՞ս է «Հոգեկան առողջության պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող անձը կարողացել ինքնասպան լինել, պատասխանատու անձանցից ով և ի՞նչ հարցում է թերացել։

4․Դրական պատասխանի դեպքում խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել։

5․Վարույթի/վարույթների շրջանակներում կա՞ն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք։

6․Խնդրում ենք հայտնել, թե ո՞ր քննչական մարմնում են քննվում վարույթը/ վարույթները։

Ի պատասխան Դատախազությունից ընդամենը  հայտնել են․ «Ձեր կողմից  նշված հանգամանքները Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են»։

Այսինքն՝ Դատախազությունից հայտնել են, որ մեր կողմից բարձրացված հարցերը  քննության են ենթակա ձերբակալված անձի նկատմամբ սպառնալիք, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունք  դրսևորվելու առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում։

Նկատենք, որ Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության դեպքի առթիվ այժմ քննվող, Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով արարքի համար սահմանվում է մեկից չորս տարի ժամկետով ազատազրկում, մինչդեռ 478-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձերբակալելը, որն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության)  սահմանվում է պատիժ՝ չորսից ութ տարի ժամկետով։ Այսինքն՝ 478-րդ հոդվածի 2-րդ մասի  պատիժն ավելի խիստ է, ուստի ստացվում է, որ ի սկզբանե վարույթը նախաձեռնվել է մի հոդվածով, որի համար մեղմ պատիժ է սահմանվում։

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս գործի հետ կապված  ուշագրավ  պարզաբանումներ է ներկայացրել․ «Թեև պաստառ պոկելն ինքնին վարչական իրավախախտում է, սակայն Դատախազությունը որոշել է այդ արարքը գնահատել նաև, ընդհանուր առմամբ, կազմակերպվածության տեսանկյունից։ Որովհետև, միգուցե, եթե դրանք իրականացվում էին կազմակերպված ձևով, նպատակ ունեին խոչընդոտելու նաև ընտրությունների ազատ իրականացման և քարոզչության ազատ իրականացման հնարավորություններին, որը քրեորեն հետապնդելի արարք է»,- ասել է Գրիգորյանը՝ հայտնելով, որ մինչև այս պահը որևէ անձի նկատմամբ դեռևս հանրային քրեական հետապնդում առկա չէ։

Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ անձին ձերբակալելու պահի դրությամբ վարույթ իրականացնող մարմնի ձեռքի տակ եղել են տվյալներ, որ արարքը կատարել են մի քանի անձինք համատեղ։ «Գիտեք, դա հանգամանք է, որը կարող էր պարզվել միայն քրեական վարույթով։ Անձը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածի հիմքով»,- ասել է Լիլիթ Գրիգորյանը։

Մինչդեռ մենք ունենք  հստակ տվյալներ,  որ Արմեն  Հովհաննիսյանին ձերբակալելու պահին իրավապահ մարմինները որևէ տվյալ չեն ունեցել, որ պաստառների պոկումը կատարվել է մի քանի անձանց կողմից կամ կազմակերպված եղանակով։ Այդպիսի հանգամանք չի արտացոլվել նաև վարույթի սկզբնական նյութերում։ Հետևաբար՝ Լիլիթ Գրիգորյանի  հրապարակային հայտարարությունն ավելի շուտ հիշեցնում է իրավապահների գործողությունների՝ հետին թվով հիմնավորման փորձ, քան այն ժամանակ առկա փաստական տվյալների ներկայացում։  

 

Կենդանության օրոք՝ անպաշտպան, մահվանից հետո՝ պաշտպանված իրավունքներով

 

Առողջապահության նախարարություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել․

1․Արմեն Հովհաննիսյանը նախկինում գտնվե՞լ է «Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում»։

2. Ո՞ր բաժանմունքում է ինքնասպան եղել Արմեն Հովհաննիսյանը՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում, թե՞ հատուկ։

3․Արմեն Հովհաննիսյանի ինքնավնասման ռիսկը գնահատվե՞լ է, նա համարվե՞լ է բարձր ինքնասպանական ռիսկ ունեցող անձ։

4․Դրական պատասխանի դեպքում խնդրում ենք  հայտնել, թե ինչպե՞ս է նման պայմաններում նա կարողացել հիվանդանոցում ինքնսպանություն գործել։

5․Արդյոք ծառայողական քննություն նշանակվե՞լ է՝ պարզելու համար, թե  բժշկական կենտրոնի պատասխանատու անձնակազմից ով և ինչ հարցում է թերացել, որ իրենց հսկողության ներքո գտնվող անձը կարողացել է ինքնասպան լինել։

6․Դրական պատասխանի դեպքում խնդրում ենք  հայտնել, թե ով և ինչ պատասխանատվության է ենթարկվել։

Ամենայն հավանականությամբ՝ նախարարությունը հարցումը վերահասցեագրել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ին, որտեղից ստացել ենք պատասխան այն մասին, որ մեր կողմից հայցվող տեղեկություններն  իրավասու չեն տրամադրել՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի նկատառումով։

Կենտրոնից նաև հայտնել են, որ պացիենտի բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն նրա կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։ Այսինքն՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ը պահպանում է մահացածի իրավունքը, իսկ ահա իրենց հոգածության ներքո և իրենց վերահսկողության տակ գտնվող նույն անձի կյանքը պահպանել չի ստացվել։

«Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Արմեն Հովհաննիսյանը համարվել է ինքնասպանության բարձր ռիսկ ունեցող անձ, ըստ ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված պատասխանի՝  այդ հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում քննվում են։

Հարցին՝ արդյոք ծառայողական քննություն սկսվե՞լ է՝ պարզելու համար թե ով է թերացել, որ անձին հաջողվել է ինքնասպան լինել, ՊՈԱԿ-ից հայտնում են․ «Նշված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 351-Ն որոշման (Այսուհետև՝ Որոշում) համաձայն։

ՀԱՊԱԿ ՓԲԸ համապատասխան աշխատակիցները Արմեն Հովհաննիսյանի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել են` հիմք ընդունելով Որոշման 49-րդ և 50-րդ կետերի պահանջները, որի համաձայն՝ բժշկական հաստատության գտնվելու վայրի ոստիկանության տարածքային մարմնի ծառայողները ձերբակալված ․․․ անձի պահպանությունը բժշկական հաստատությունում իրականացնում են մինչև այդ անձի հետագա պահպանության հարցի վարույթն իրականացնող պաշտոնատար անձի կողմից լուծվելը»։

Այսպիսով՝ ձերբակալվելուց հետո հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձի  ինքնասպանությունից երկու ամիս է անցել, բայց մինչ օրս որևէ անձ  մեղադրյալի կարգավիճակ չունի։

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,


Պատասխանատու բոլոր  գերատեսչությունները մեր հարցումներին արձագանքել են՝ հղում անելով  նախաքննության գաղտնիությանը կամ բժշկական գաղտնիքին։ Ստացվում է՝ այն պետական մարմինները, որոնք Արմեն Հովհաննիսյանի կենդանության օրոք չկարողացան ապահովել նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը, նրա մահից հետո սկսեցին պաշտպանել նրա իրավունքները՝ մերժելով հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների տրամադրումը։

Մինչդեռ խոսքը ոչ թե մահացած անձի մասնավոր կյանքի գաղտնիքի մասին է, այլ պետության գործողությունների օրինականության և հնարավոր պաշտոնեական պատասխանատվության։ Պետության պարտականությունը մարդու իրավունքները պաշտպանելն է նրա կենդանության օրոք, ոչ թե նրա մահից հետո այդ իրավունքները վկայակոչելով՝  հանրային կարևոր հարցերին պատասխանելուց խուսափելը։ 

 

Արաքս Մամուլյան

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով