Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի

Լուրեր

31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
31.08.2026 | 15:46
Պիտի Սեդրակ Քոչարյանի հետ քննարկեմ․ Օրբելյանը՝ նրա նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:33
Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
Բոլորը

Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններից առաջ տեղեկություններ էին տարածվել, որ «Ռուսաստանից 100 հազարավոր մարդկանց են բերում՝ ընտրություններին մասնակցելու նպատակով»։ Սոցիալական ցանցերի ռուսական ու նաև հայկական սեգմենտում հայտարարություններ էին տարածվում՝ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիություն ունեցողներին Հայաստան մեկնելուն ֆինանսապես աջակցելու, ավիատոմսեր գնելու մասին։

Factor.am-ը մինչ ընտրությունները հունիսի 4-ի դրությամբ ներկայացրել էր վիճակագրությունը , որը չէր հաստատում այդ տեղեկությունները։ Ըստ այդմ՝ 2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը 13,390-ով ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։

 

Հաջորդող ժամանակաշրջանում Հայաստան մուտք ու ելքերի վիճակագրությունը լրացնելու և պարզելու նպատակով, թե ինչ պատկեր է ձևավորվել ընտրություններից առաջ, արդյոք ավելացե՞լ էր ՀՀ քաղաքացիների հոսքը, Factor.am-ն ուսումնասիրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացած սահմանահատումների վիճակագրությունը, ընդ որում՝ ոչ միայն ժամանումների, այլ նաև ընտրություններից հետո մեր երկրից մեկնողների տվյալները։

Ընտրություններից առաջ՝ 2026-ի մայիսի 1-ից հունիսի 7-ը, Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 40,512-ով ավելի մարդ, քան 2025-ի նույն ժամանակաշրջանում, ընդհանուր՝ 566,764 անձ։ Սակայն  նախընտրական այդ շրջանում  բոլոր երկրներից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը պակասել է  9,719-ով՝ կազմելով 199,447։ 

Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան 3,358-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի է ժամանել՝ ընդհանուր 33,168 անձ։ ՀՀ քաղաքացիների ժամանումների դինամիկայի աճ նախորդ տարվա նույն օրերի համեմատ գրանցվել է հատկապես մայիսի 31-ից հունիսի 7-ը, սակայն ընդամենը 2304-ով։

Ավելացել է նաև Ռուսաստանից Հայաստան ընդհանուր ժամանումների թիվը՝ 33,366-ով՝ կազմելով 172,035 անձ։ Սակայն ընդգծենք, որ այս թվի մեջ են մտնում նաև զբոսաշրջիկները, ոչ ՀՀ քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք ճամփորդել են ՌԴ անձնագրով և այլն։

Թե այս մարդկանցից քանիսն են ունեցել երկքաղաքացիություն, այսինքն՝ իրավունք մասնակցելու ՀՀ խորհրդարանական ընտրություններին, ԱԱԾ-ն նման վիճակագրություն չի վարում։ Ծառայությունից նշել են, որ «Պետական սահմանի մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2006 թ․ հունիսի 22-ի N 884-Ն որոշման համաձայն՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում երկքաղաքացիների վերաբերյալ տվյալների հավաքագրման պահանջ նախատեսված չէ։

«Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի 1-ից ավելի պետությունների քաղաքացիություն։ ՀՀ-ի երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն։ ՀՀ-ի երկքաղաքացին ՀՀ համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի»,- նշել են ԱԱԾ-ից։

Նկատենք, որ Ռուսաստանից Հայաստան գալու համար որևէ մուտքի թույլտվություն անհրաժեշտ չէ։ Այսինքն՝ միաժամանակ ՀՀ և ՌԴ քաղաքացիություններ ունեցող անձինք սահմանը կարող են հատել թե՛ ՀՀ և թե՛ ՌԴ անձնագրով։ ԱԱԾ-ն ևս նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ որևէ իրավական կարգավորում, որի համաձայն երկքաղաքացիություն ունեցող անձը պարտավոր է ՀՀ մուտք գործել բացառապես ՀՀ անձնագրով։ Միաժամանակ, ըստ ԱԱԾ-ի, եթե ՀՀ երկքաղաքացին ՀՀ մուտք գործելիս ներկայացնում է այլ պետության անձնագիր, ապա այս դեպքում անգամ առաջնահերթություն է տրվում նրա՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքին, այսինքն՝ նրա նկատմամբ կիրառելի չեն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները՝ վիզայի և այլ։

Այնուամենայնիվ, քանի որ նախընտրական ժամանակաշրջանում շատ էին քննարկումները, որ Ռուսաստանից Հայաստան քաղաքացիները գալիս են հատուկ ընտրություններին մասնակցելու նպատակով և երկրում երկար չեն մնալու, այսինքն՝ ընտրություններից հետո վերադառնալու են ՌԴ, այդ միտումները բացահայտելու նպատակով Factor.am-ն Ազգային անվտանգության ծառայությունից պարզել է նաև նույն ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան մեկնումների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ 2025-ի նույն օրերի համեմատ 2026-ի հունիսի 7-15-ին

–     Հայաստանից բոլոր ուղղություններով մեկնել է ընդհանուր առմամբ 3,112-ով ավելի քիչ ՀՀ քաղաքացի, ընդհանուր՝ 51,777,

–        Հայաստանից Ռուսաստան մեկնել է 608-ով պակաս ՀՀ քաղաքացի, ընդհանուր՝ 7202 անձ,

–        իսկ ընդհանուր առմամբ Հայաստանից Ռուսաստան մեկնել է 6,415-ով ավելի շատ մարդ՝ 40,343 հոգի։

Նկատենք նաև, որ պարտադիր չէ, որ Ռուսաստանից Հայաստանից ժամանած ՀՀ քաղաքացին կամ երկքաղաքացին վերադարձել է նույն Ռուսաստան։

Ավելին՝  ըստ ԱԱԾ-ի, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ նաև պահանջ, որ ՀՀ երկքաղաքացին ՀՀ-ից մեկնելիս պարտավոր է ներկայացնել միայն այն անձնագիրը, որով մուտք է գործել ՀՀ։ Ասել է թե՝  երկքաղաքացիների մի մասը տեսականորեն կարող է երկիր մուտք գործել ՀՀ անձնագրով, իսկ Հայաստանից մեկնելիս՝ ներկայացնել ՌԴ անձնագիրը կամ հակառակը։ 

Փաստացի ստացվում է, որ սահմանահատումների վիճակագրությունը չի հաստատում այն պնդումները, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եղել է  ՀՀ քաղաքացիների զանգվածային ներհոսք Հայաստան։ Մայիսի 1-ից հունիսի 7-ը բոլոր երկրներից Հայաստան  ընդհանուր ժամանումների թիվն աճել է, սակայն նույն ժամանակահատվածում  բոլոր ուղղություններից ՀՀ քաղաքացիների ժամանումները նախորդ տարվա համեմատ նվազել են։ Ու թեև Ռուսաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը, հակառակը, աճել է, սակայն դա  ինքնին թույլ չի տալիս պնդել, որ նրանք Հայաստան են եկել ընտրություններին մասնակցելու նպատակով։

Միևնույն ժամանակ, սահմանահատումների տվյալները թույլ չեն  տալիս նույնականացնել երկքաղաքացիների շարժը և պարզել, թե կոնկրետ որ անձնագրով են նրանք հատել սահմանը։

Հետևաբար, առկա վիճակագրությունից կարելի է փաստել Ռուսաստանից Հայաստան ՀՀ քաղաքացիների որոշակի աճ, բայց ոչ՝ հաստատել ընտրություններին մասնակցելու նպատակով «100 հազարավոր մարդկանց» Հայաստան տեղափոխելու մասին պնդումները։ Իսկ ընտրական նպատակով Հայաստան ժամանածների իրական թիվը միայն սահմանահատումների վիճակագրությամբ պարզել հնարավոր չէ։

 

 

Գայանե Խաչատրյան