Իրանը ծրագրել էր սպանել Թրամփին Թուրքիայի տարածքում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ․ իսրայելական ԶԼՄ-ներ
Քաղաքականություն
13.07.2026 | 20:14
Իրանը, ենթադրաբար, ծրագրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանել Թուրքիայի տարածքում՝ անցյալ շաբաթ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Նշվում է, թե արևմտյան հետախուզական գործակալությունը տեղեկացել է ծրագրի մասին և նախապես զգուշացրել ԱՄՆ իշխանություններին, գրում է Turkiye today-ը։
Իսրայելական Channel 12-ի հաղորդման համաձայն՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Թրամփի այցն Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դիտարկել են որպես նրան սպանելու «միանգամյա հնարավորություն», իսկ արևմտյան հետախուզական գործակալությունը բացահայտել է Իրանի այս գնահատականը և նախապես զգուշացրել ԱՄՆ իշխանություններին։
Հաղորդագրության մեջ պնդվում է, որ այս նախազգուշացումը հանգեցրել է նախագահական ինքնաթիռի փոփոխմանը։
Իսրայելական Channel 13 հեռուստաալիքի առանձին հաղորդագրությունում, հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին, նշվում է, որ մահափորձի հետքեր հայտնաբերող հետախուզական տվյալներն անմիջապես փոխանցվել են ԱՄՆ-ին և ներառում են Իրանի բարձրաստիճան պաշտոնյային վերագրվող մեջբերում։
«Սա մեր հնարավորությունն է, դրանից ավելի լավ հնարավորություն չի լինի»,- իսրայելական լրատվամիջոցի պնդմամբ՝ ասել է իրանցի պաշտոոնյան՝ նկատի ունենալով Թրամփի Թուրքիա կատարելիք այցը։
Ըստ Channel 13-ի՝ ներգրավված արևմտյան հետախուզական գործակալությունը նույնականացվել է որպես իսրայելական։
The New York Times-ը (NYT) հաղորդել էր, որ Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնել է իր հին Air Force One ինքնաթիռով, այլ ոչ թե Կատարի կողմից նվիրաբերված նոր օդանավով։
Լրատվամիջոցի կողմից մեջբերված աղբյուրների համաձայն՝ որոշումը կայացվել է Գաղտնի ծառայության կողմից որպես նախազգուշական միջոցառում տրված հատուկ անվտանգության առաջարկության հիման վրա և սկզբում չի վերագրվել որևէ կոնկրետ սպառնալիք։ Հետագա հաղորդագրությունները որոշումը կապել են Իրանի կողմից ենթադրյալ սպանության ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալների հետ։
Այդ աղբյուրների համաձայն՝ Կատարի կողմից նվիրաբերված նոր ինքնաթիռը դեռևս չի ներառում հին ինքնաթիռի բոլոր գործառնական հնարավորությունները։ Անկարայից թռիչքը նույնպես նկարագրվել է որպես անսովոր։
Ըստ տեղեկությունների՝ Թրամփը արագորեն մտել է հին ինքնաթիռը՝ նախքան ուղեկցող լրագրողները կարողացել են լուսանկարել նրան աստիճաններով բարձրանալիս, ինչը շեղում է ստանդարտ ընթացակարգից, և ուղևորներին խնդրել են փակել պատուհանափեղկերը թռիչքից առաջ։
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին Fox News-ին տված հարցազրույցում հաստատել է տեղեկությունները. «Իսրայելի հետախուզությունը Թրամփին և նրա վարչակազմին տեղեկատվություն է փոխանցել նախագահի դեմ իրանցիների կողմից ծրագրված մահափորձի մասին»։
Նախորդ չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփը հայտարարել էր. «Նրանք (Իրանը) ցանկանում են ոչնչացնել ԱՄՆ առաջնորդին, ինձ։ Ես բոլոր ցուցակներում եմ։ Ես նրանց բոլոր ցուցակներում եմ, և մինչև հիմա կարծում եմ՝ մի փոքր բախտավոր եմ եղել, բայց դա, հնարավոր է, երկար չի տևի, քանի որ այդպես լինում է»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

