Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
Քաղաքականություն
10.07.2026 | 23:30
Ryanair ավիաընկերության ինքնաթիռում թռիչքի ժամանակ արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ Boeing 737 օդանավի պատուհաններից մեկը դուրս է եկել ամրակներից, ինչի հետևանքով ուղևորներից մեկին քաշել է դեպի բացվածքը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ ականատեսների՝ 60-ամյա Սերբիայի քաղաքացին հայտնվել է նման իրավիճակում, սակայն մյուս ուղևորներին հաջողվել է նրան հետ քաշել սրահ։ Նրանք նշել են, որ տղամարդը ողջ է մնացել, քանի որ ամրագոտին արձակված չի եղել։
Ryanair-ը հայտնել է, որ Սալոնիկից (Հունաստան) Մեմինգեն (Գերմանիա) մեկնող չվերթը վերադարձել է օդանավակայան՝ «թռիչքի ընթացքում ուղևորի պատուհանի՝ ամրակներից դուրս գալու պատճառով»։
«Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները վերադարձել են տերմինալ։ Ուղևորներից մեկը բժշկական օգնություն է ստացել Սալոնիկում»,- ասված է ավիաընկերության հայտարարությունում։
Մի քանի ժամ անց ընկերությունը կազմակերպել է լրացուցիչ չվերթ՝ ուղևորներին Գերմանիա հասցնելու համար։
Ուղևորների խոսքերով՝ սկզբում լսվել է պայթյունի նմանվող ձայն, ապա կոտրվել է պատուհանը, իսկ օդանավի վերին հատվածից դուրս են եկել թթվածնային դիմակները։
Ուղևորներից մեկը պատմել է, որ օդանավում անմիջապես զգացել են ճնշման անկում․ «Լսվեցին ճիչեր։ Թթվածնային դիմակներն ընկան, սրահում ուժեղ հոտ էր զգացվում։ Ուղևորներից մեկի գլուխն ու ուսերը հայտնվել էին պատուհանից դուրս»։
Որոշ ուղևորներ ենթադրել են, որ պատուհանի վնասման պատճառը կարող էր լինել շարժիչի պայթյունը, սակայն Ryanair-ը այս վարկածը չի մեկնաբանել։

