Ջրհեղեղներն Ադրբեջանի մի շարք շրջաններում լուրջ վնասներ են պատճառել․ զոհ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.07.2026 | 18:15
Ադրբեջանի շրջաններում, մասնավորապես, Զաքաթալայում, Բալականում և Աղստաֆայում, հեղեղներն ու հորդառատ անձրևները լուրջ վնասներ են հասցրել։ Տասնյակ գյուղերում հեղեղվել են մասնավոր տներ, այգեգործական հողամասեր և պտղատու այգիներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ջրերը ողողել են Զաքաթալայի շրջանում փոստային բաժանմունքը։ Փլուզվել են ցանկապատներ և օժանդակ շինություններ, կամուրջներ են քանդվել, վնասվել են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման գծեր։ Բնակիչները հայտնել են, որ այն տարածքներում, որտեղ ջուրն արդեն նահանջել է, տիղմի հաստ շերտ է առաջացել։
Զաքաթալայի Յոլայրիջ գյուղում բնակելի շենքերը հեղեղվել են։ Գյուղացիներն ասում են՝ չեն հիշում, թե վերջին անգամ երբ է նման բան պատահել։ Որոշ շրջաններում ջրի բարձրությունը գերազանցել է մեկ մետրը։
«Կան ընտանիքներ, որոնք նույնիսկ ժամանակ չեն ունեցել տնից վերցնել իրենց հագուստը»,- գրել են բնակիչները սոցիալական ցանցերում։
Ըստ տեղեկությունների՝ վտանգավոր գոտիներում գտնվող մարդիկ ստիպված են եղել տարհանվել։
Գյուղապետարանից հայտնել են, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Չնայած էլեկտրաէներգիան վերականգնվել է, որոշ գյուղերում ջրերը դեռևս չեն նահանջել։
Լուրջ հետևանքներ են գրանցվել նաև Վեհթալա, Աշաղի Չարդախլար, Բեհմեդլի, Լահիջ և Մեշլեշ գյուղերում։ Տեղի բնակիչները տարհանվել են անվտանգության նկատառումներից ելնելով։ Էլեկտրաէներգիայի և ջրամատակարարումը խափանվել է բազմաթիվ շրջաններում։
Զաքաթալայի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Թոֆիկ Ահմեդովն ասել է, որ հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են, վնասի գնահատումն արդեն սկսվել է։
Բալականի շրջանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի տվյալներով՝ միակ զոհը 43-ամյա Ասլան Ռզաևն է։ Նա պատահաբար ջուրն է ընկել, Կատեխ գետի հոսանքը տարել է նրան։ Նրա մարմինը հայտնաբերվել է մի քանի ժամ անց՝ գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա։
Փրկարարները նույն գետից փրկել են նաև 41-ամյա Ռամիզ Ասխաբովին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

