Համընդհանուր հայտարարագրումը կարող է դառնալ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների ֆինանսավորման նոր աղբյուր
Տնտեսություն
09.07.2026 | 18:16
Կառավարությունում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքական կուսակցություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմի ներդրման հնարավորությունը։ Նախագծի նպատակն է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց նախընտրած կառույցներին աջակցել թափանցիկ եղանակով՝ միաժամանակ խթանելով այդ կազմակերպությունների ֆինանսական անկախությունն ու հաշվետվողականությունը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ կատարելու մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։
Մասնավորապես, առաջարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ներդնել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ: Ներկայացվել է, որ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, բարձրացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
Ընդգծվել է նոր համակարգի ներդրմամբ քաղաքական ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման կարևորությունը:
Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ համակարգի ներդրման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին, ինչպես նաև ապահովել ֆինանսավորման թափանցիկություն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված դիտարկումների հիման վրա ներկայացված նախագիծը բերել վերջնական տեսքի»,- ասված է ՀՀ կառավարւթյան տարածած հաղորդագրւթյունում։

