Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
Քաղաքականություն
09.07.2026 | 23:00
2026 թվականի հունիսը դարձել է Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգ ամիսը։ Նման եզրահանգման են եկել Կլիմայի փոփոխության Կոպեռնիկուս եվրոպական ծառայության (C3S) գիտնականները, գրում է The Insider-ը։
Հետազոտողների տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայի երկրներում հունիսին միջին ջերմաստիճանը (և՛ ցերեկը, և՛ գիշերը) կազմել է մոտավորապես 20,86°C՝ երեք աստիճանով ավելի բարձր, քան 1991-2020 թվականների հունիսյան միջին ցուցանիշը։
Դիտարկման շրջանը ներառում է Իսպանիայից և Միացյալ Թագավորությունից դեպի արևելք՝ մինչև Իտալիա, Գերմանիա և Ավստրիայի որոշ հահտվածներ: Արևմտյան Եվրոպայի երկրների իշխանությունները հայտնել են մոտ 4700 մահվան դեպքերի մասին, որոնք կարող են վերագրվել շոգին։ Անոմալ բարձր ջերմաստիճանը նաև անտառային հրդեհներ է առաջացրել Պիրենեյան թերակղզում և Ֆրանսիայում, նաև խորացրել երաշտը։
Ըստ Reuters-ի՝ ջերմոցային գազերի արտանետումները, հիմնականում՝ արդյունաբերությունից և ածխի այրումից, մոլորակի միջին ջերմաստիճանը շուրջ 1,4°C-ով բարձրացրել են 19-րդ դարի նախաարդյունաբերական մակարդակի համեմատ: Էլ Նինյոն՝ բնական երևույթ, որը տաքացնում է հասարակածային Խաղաղ օվկիանոսը, նույնպես նպաստել է հունիսին գրանցված ռեկորդային ջերմաստիճաններին։
Անցյալ ամիսը նաև երկրորդ ամենատաք հունիսն էր աշխարհում գրանցվածների պատմության մեջ: Ռեկորդը սահմանվել է 2024 թվականին։
Բացի այդ, հաղորդվում է, որ հունիսին Գերմանիայում գրանցված ծայրահեղ շոգը շուրջ 5100 մարդու մահվան պատճառ է դարձել՝ ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) մոդելավորման տվյալների։ Դրանց համաձայն՝ միայն հունիսի վերջին շաբաթում մահացել է ավելի քան 4300 մարդ։
Հետազոտողները նշում են, որ անոմալ շոգի իրական ազդեցությունը կարող է ավելի մասշտաբային լինել: Դաշնային վիճակագրական ծառայության գնահատականների համաձայն՝ ամենատաք շաբաթվա (հունիսի 22-28) ընթացքում մահացության մակարդակը կազմել է 6800, ինչը նշանակում է, որ այս ժամանակահատվածում մահացել է մի քանի հազարով ավելի մարդ, քան կարելի էր սպասել նորմալ պայմաններում:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

