Ռուսական կողմը խոցել է սեփական ուղղաթիռը՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածը մղելիս
Քաղաքականություն
09.07.2026 | 18:19
Forbes-ը հաղորդում է, որ Վորոնեժի մարզում գտնվող ռուսական շարժական կրակային խումբն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելիս խոցել է իր իսկ Ka-52 Alligator ուղղաթիռը, գրում է Current time-ը։
Դեպքի հստակ ամսաթիվը չի հաղորդվում։ Հուլիսի 2-ին Z-բլոգեր Ալեքսեյ Զեմցովի կողմից վարվող «Воевода Вещает» տելեգրամ ալիքը հայտնել էր օդային տրանսպորտի կորստի մասին։ Նրա կարճ հաղորդագրությունից հետևում էր, որ օդաչուն մահացել է։
Մի քանի օր անց մեկ այլ ռուս «ռազմական թղթակից»՝ Վլադիմիր Ռոմանովը, պնդել է, որ Ka-52 ուղղաթիռը խփվել է մարտական բանակի պահեստազորի Verba շարժական հակաօդային պաշտպանության համակարգով։
«Մեղավորը պետք է նստի։ Նրանք, ովքեր նրան «պատրաստել» և ուղարկել են մարտական առաքելության, նույնպես»,- գրել է Ռոմանովը։
Ըստ Forbes-ի՝ միջադեպի պահին այնտեղ եղել են անձնակազմի երկու անդամներ։ Սովորաբար անձնակազմը բաղկացած է օդաչուից և նավիգատորից։ Նրանք կատապուլտացվել են, սակայն մեկը զոհվել է համակարգի անսարքության պատճառով, իսկ մյուսը ողջ է մնացել։
Forbes-ը նշում է, որ ռուսական բանակը «բարեկամական կրակի» հետևանքով կորցրել է շուրջ 16 միլիոն դոլար արժողությամբ նոր սերնդի ուղղաթիռ, որը նախատեսված էր էժան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խոցելու համար: Աղբյուրի տվյալներով՝ կրակային խմբի զինվորները, ցածր աշխատավարձերի պատճառով, փորձում են իրենց վերագրել ոչնչացված թիրախների համար պատասխանատվությունը, ինչը հանգեցնում է նման «թանկարժեք սխալների»: Յուրաքանչյուր խոցված անօդաչու թռչող սարքի համար, իբր, նրանց խոստանում են 200 դոլար՝ շաբաթական 133 դոլար աշխատավարձի պայմաններում։
Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել, որ ուղղաթիռը խոցվել է շարժական կրակային խմբի զինվորների կողմից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

