Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել ցորենի մշակությունը՝ չնայած Պապոյանի նախկին հայտարարությանը, թե դրա արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ
Տնտեսություն
08.07.2026 | 17:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քարտեզագրել ցորենի մշակման համար պիտանի, սակայն չօգտագործվող գյուղատնտեսական հողերը և մշակել ոլորտում ներդրումների ծրագիր՝ ցորենի արտադրությունը խթանելու նպատակով։ Սա տեղի է ունենում այն բանից շուրջ երկու տարի անց, երբ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ՝ նշելով, որ մեկ հեկտար ջրովի ցորենի մշակության ծախսերը գերազանցում են ստացվող եկամուտը, իսկ Ռուսաստանից ներմուծվող ցորենի ինքնարժեքն ավելի ցածր է, ինչի հետևանքով պետությունը դադարեցրել էր աշնանացանի սուբսիդավորումը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, անդրադարձել արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի և պահեստավորման գնահատմանը: Վերլուծության արդյունքների և արձանագրված խնդիրների ներկայացումից հետո Էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններով:
Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումն ու ոլորտում առկա զարգացումներին և նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը: Ընդգծվել է նաև ցորենի ինտենսիվ մշակության ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը:
Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ և ներկայացնել քննարկման»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ Ռուսաստանից ներմուծված ցորենի ինքնարժեքն անհամեմատ ցածր է։ Ըստ նրա՝ այդ պատճառով էլ պետությունը որոշել է դադարեցնել աշնանացանի սուբսիդավորումը և փողն ավելի նպատակային ծախսել։ «1 հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այնինչ ծախսվում է 420 հազար դրամ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր նա։

