Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Քաղաքականություն
02.07.2026 | 20:51
1999 թվականից ի վեր աշխարհի տարբեր երկրներում խաղաղապահ գործողություններին մասնակցել է ավելի քան 3000 ադրբեջանական բանակի զինծառայող։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ պատրաստված ադրբեջանական բանակի խաղաղապահ գործողությունների վերաբերյալ զեկույցի նախաբանում։
«Տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող անկայուն աշխարհաքաղաքական գործընթացները և հակամարտությունները ցույց են տալիս, որ խաղաղապահների դերը մեծանում է։ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության և ՄԱԿ-ի անդամ, աջակցում է խաղաղության և համաշխարհային անվտանգության պահպանման բոլոր նախաձեռնություններին։ Ներկայումս ուսումնասիրվում են ադրբեջանական բանակի մասնակցության հնարավորությունները ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից միջազգային խաղաղության պահպանմանը նպաստելու համար անցկացվող տարբեր գործողություններին»,- ասել է Հասանովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

