Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
Քաղաքականություն
02.07.2026 | 18:42
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է.
«Բրազիլիայի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:
Բրազիլիան մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ՝ մեր քաղաքական երկխոսությունը խորացնելու, երկկողմ համագործակցությունը ընդլայնելու և երկու ժողովուրդների բարօրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններն առաջ մղելու համար:
Բրազիլիայի կենսունակ հայ համայնքը ծառայում է որպես արժեքավոր կամուրջ մեր երկրների միջև՝ ամրապնդելով մարդկային, մշակութային և տնտեսական կապերը, որոնք մեզ ավելի են մոտեցնում: Դրա ներկայությունը հարստացնում է բրազիլական հասարակության բազմազանությունը և ավելի է ամրապնդում մեր ժողովուրդների միջև բարեկամության կապերը:
Մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Կառավարությունը կրկին ղեկավարելու Ձեր կարևոր առաքելության մեջ՝ խնդրում եմ ընդունել, պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

