Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
Քաղաքականություն
02.07.2026 | 17:15
Ղրղզստանի իշխանությունները Ռուսաստանում վառելիքի ճգնաժամի ֆոնին օգնություն են խնդրել Ղազախստանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից և Բելառուսից։ Ղրղզստանի Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ «պաշտոնական դիմումներ» է ուղարկել այդ երկրներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ վառելիքի կայուն մատակարարումը պահպանելու համար, գրում է Meduza-ն։
Միաժամանակ, նախարարությունը հայտարարել է, որ բանակցություններ են տարվում մատակարարումները դիվերսիֆիկացնելու և «այս ոլորտում միջազգային համագործակցությունն ընդլայնելու» ուղղությամբ։ Reuters-ը նշում է, որ Ղրղզստանն իր բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից։
Ղրղզստանի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ ներկայում կան «վառելիքի և վառելիքաքսանյութերի բավարար պաշարներ»։ Սակայն երկրի Նավթաթրեյդերների սոցիացիան հայտնել է, որ որոշ բենզալցակայաններում AI-95 բենզինի պակաս կա։ Ասոցիացիայի տվյալներով՝ Ղրղզստանում ավելի մեծ պահանջարկ ունեցող AI-92 բենզինի պաշարները կբավականացնեն 30-45 օր։
Նախարարությունը նաև ընդգծել է, որ իշխանությունները հետևում են երկրում վառելիքի գներին, իսկ Հակամենաշնորհային ծառայությունը «կանոնավոր կերպով աշխատանքային հանդիպումներ է անցկացնում նավթ վաճառողների հետ»։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ հարևան Ուզբեկստանում վառելիքի գներն արդեն բարձրացել են։ AI-92-ը հունիսի սկզբից ի վեր բորսայում թանկացել է 11,8%-ով, մինչդեռ աճուրդներում բենզինի մատակարարումը զգալիորեն նվազել է։
Ղազախստանը՝ Կենտրոնական Ասիայի խոշորագույն վառելիք արտադրողը, սկզբում որոշակի ապրանքների արտահանման արգելք էր սահմանել, ապա խստացրել սահմանային վերահսկողությունը՝ թույլ տալով տրանսպորտային միջոցներին հատել սահմանն օրական ոչ ավելի, քան մեկ անգամ։
Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը շարունակում է ընդլայնվել։ Բենզինի վաճառքի սահմանափակումներ են սահմանվել գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Բենզինի պակասն առաջացել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներից հետո, որոնց արդյունքում նավթավերամշակման գործարանները կրճատել են արտադրությունը կամ ընդհանրապես դադարել գործունեությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

