ՌԴ-ն գլխավոր սպառնալիքն է․ Ռյուտեն ներկայացրել է «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգը՝ Եվրոպայի ավելի մեծ ներգրավմամբ
Քաղաքականություն
01.07.2026 | 16:03
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հավաքը պետք է լինի «իրականացման գագաթնաժողով»։ Անադոլու գործակալության հետ զրույցում նա շեշտել է՝ դաշնակիցներից ակնկալվում է, որ քննարկման ընթացքում կկենտրոնանան պաշտպանական ծախսերի, Ուկրաինայի աջակցության և պաշտպանական արդյունաբերական արտադրության ավելացման վրա։ Ըստ նրա՝ գագաթնաժողովը պետք է կենտրոնանա անցյալ տարի Հաագայում կայացած գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունների կատարման վրա, մասնավորապես, պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ, գրում է Turkiye today-ը։
Ռյուտեն նշում է, որ եվրոպացի դաշնակիցների և Կանադայի պաշտպանական ծախսերը զգալիորեն աճել են, վերջին երկու տարիների ընթացքում գրեթե 250 միլիարդ դոլար լրացուցիչ ծախսեր են կատարվել։ ՆԱՏՕ-ն պետք է նաև պահպանի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ միաժամանակ արագացնելով պաշտպանական արդյունաբերական արտադրությունը դաշինքի ողջ տարածքում։
«Մենք պետք է իսկապես մեծացնենք պաշտպանական արդյունաբերական արտադրությունը, քանի որ դա մեր զսպման անբաժանելի մասն է»,- ասել է նա՝ ընդգծելով «ավելի ուժեղ Եվրոպա և ավելի ուժեղ ՆԱՏՕ կառուցելու» անհրաժեշտությունը։
Ռյուտեն ասել է, որ արտադրության ժամկետները չափազանց երկար են մնում, և որ, չնայած բարելավումներին, արտադրանքը դեռևս անբավարար է։
Հուլիսի 7-8-ը նախատեսված Անկարայի գագաթնաժողովը կհավաքի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին։ Սա կլինի դաշինքի 36-րդ գագաթնաժողովը և երկրորդը, որը հյուրընկալվում է Թուրքիայում՝ 2004 թվականին Ստամբուլում կայացած գագաթնաժողովից հետո։
Ռյուտեն ասել է, որ պաշտպանության բյուջեների աճը նաև մարտահրավերներ է ստեղծում դաշնակիցների համար՝ ռազմական անձնակազմի ընդլայնման և պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ավելացման հարցում՝ անվտանգության աճող կարիքները բավարարելու համար։ Նա ընդգծել է Թուրքիայի դերը՝ նշելով, որ երկիրը դարձել է պաշտպանական արդյունաբերության խոշոր կենտրոն՝ շուրջ 3000 պաշտպանական ընկերություններով։
ՆԱՏՕ 3.0-ը նշանակում է ավելի ուժեղ Եվրոպա
Ռյուտեն ՆԱՏՕ-ի ապագա վերափոխումը նկարագրել է որպես «ՆԱՏՕ 3.0»․ հայեցակարգ, որը կենտրոնացած է դաշինքի շրջանակում եվրոպական ավելի մեծ պատասխանատվության վրա՝ միաժամանակ պահպանելով ամուր տրանսատլանտյան կապերը։
«ՆԱՏՕ 3.0-ը տարբերվում է ՆԱՏՕ 2.0-ից, որտեղ մենք չափազանց կախված էինք ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ը դեռևս ներգրավված կլինի Եվրոպայում՝ ավանդական և, իհարկե, միջուկային զենքի միջոցով, բայց դուք կտեսնեք ավելի ուժեղ ՆԱՏՕ՝ Եվրոպայի գլխավորությամբ»,- հավելել է նա։
Ռյուտեն ասել է, որ սա կներառի ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներում եվրոպական ավելի մեծ առաջնորդություն և եվրոպացի դաշնակիցների ու Կանադայի կողմից Ուկրաինային ավելի ուժեղ ֆինանսական աջակցություն։
Հարցին՝ ո՞րն է դաշինքի ամենամեծ երկարաժամկետ սպառնալիքը, Ռյուտեն նշել է Ռուսաստանը։
«Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է հիմա և երկարաժամկետ հեռանկարում։ Մենք տեսնում ենք Ուկրաինայի դեմ այս խելագար ագրեսիայի պատերազմը, որտեղ Պուտինը պատրաստ է զոհաբերել իր զինվորներին, որոնք սպանվում կամ ծանր վիրավորվում են Ուկրաինայի կողմից»,- ասել է նա։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի անվտանգության մարտահրավերները տարածվում են ոչ միայն Ռուսաստանի վրա՝ մատնանշելով Մոսկվայի և այլ երկրների միջև աճող ռազմավարական համագործակցությունը։
«Այսպիսով, ես կասեի՝ Ռուսաստանը, բայց Ռուսաստանը համագործակցում է Հյուսիսային Կորեայի, Իրանի, Չինաստանի հետ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նա նաև զգուշացրել է Չինաստանի ռազմական հզորության թերագնահատման մասին․ «Չինաստանը զանգվածաբար կուտակում է իր սեփական զինված ուժերը և մինչև 2030 թվականը կունենա 1000 միջուկային մարտագլխիկ։ Այնպես որ՝ եկեք միամիտ չլինենք Չինաստանի հարցում»։
Ռյուտեն նշել է, որ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Չինաստանի միջև աճող համաձայնությունը ՆԱՏՕ-ի երկարաժամկետ անվտանգության հիմնական մտահոգություններից է։
«Եվ կրկին, այս քառյակում Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ համատեղ աշխատելն այն է, ինչ Ռուսաստանը պետք է ստեղծի, մեր առջև ծառացած հիմնական երկարաժամկետ սպառնալիքն է», – ավելացրել է նա։
ՆԱՏՕ-ի անվտանգությունը պետք է ձգվի «Կալիֆորնիայից մինչև Անկարա»
Վերջին եվրոպական պաշտպանական նախաձեռնությունների վերաբերյալ մեկնաբանություններ անելով՝ Ռյուտեն ողջունել է Եվրամիության աճող դերը պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում՝ միաժամանակ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի երկարաժամկետ անվտանգության ճարտարապետությունը պետք է մնա ներառական և տրանսատլանտյան։
Նա գովաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ու պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսին՝ եվրոպական պաշտպանության հարցում իրենց առաջնորդության համար։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կարող է կարևոր դեր խաղալ պաշտպանական արդյունաբերական կարողությունների, դիմադրողականության և ֆինանսավորման խթանման գործում։ Միաժամանակ, ըստ նրա, Եվրոպայի անվտանգությունը չի կարող դիտարկվել միայն ԵՄ-ի միջոցով՝ մատնանշելով դաշինքից դուրս գտնվող ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, այդ թվում՝ Թուրքիային, Նորվեգիային, Իսլանդիային և Միացյալ Թագավորությանը։
«Մենք ՆԱՏՕ-ում անընդհատ շեշտում ենք ներառականությունը»,- ասել է նա՝ նշելով, որ դաշինքի ապագա անվտանգության շրջանակը պետք է մնա լայն և տրանսատլանտյան՝ ձգվելով «Կալիֆորնիայից մինչև Անկարան»։
Նա ասել է, որ Եվրոպայի պաշտպանական ապագայի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, բայց և ընդգծել, որ դաշնակիցները լայնորեն համաձայն են համագործակցության անհրաժեշտության հարցում․ «Մենք բոլորս համաձայն ենք, որ ավելի ուժեղ ենք, երբ հնարավորինս ներառական ենք»։
Ռուտտեն ասել է, որ Ֆրանսիան, չնայած ՆԱՏՕ-ի միջուկային պլանավորման խմբից դուրս է, մնում է դաշինքի ընդհանուր զսպման դիրքորոշման կարևոր մասը։ Նա ողջունել է Ֆրանսիայի աճող համակարգումը եվրոպացի դաշնակիցների հետ՝ ասելով, որ դա լրացուցիչ ռազմավարական ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի համակցված միջուկային հնարավորությունները, մասնավորապես, ԱՄՆ անվտանգության հովանոցի ներքո, շարունակում են ամուր պաշտպանություն ապահովել դաշնակից երկրների համար։
«Կարծում եմ, որ երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, մենք բացարձակ լավ պաշտպանված ենք»,- հայտարարել է Ռյուտեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

