Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հրավիրվել է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի և թագուհի Լետիսիայի հետ պաշտոնական ընթրիքին, հաղորդում է Marca-ն։
Միջոցառումը կկայանա հոկտեմբերի 22-ին իսպանական Օվիեդո քաղաքում՝ Աստուրիայի արքայադստեր մրցանակի հանձնման արարողությանը նվիրված միջոցառումների շրջանակում։ Արգենտինայի հավաքականի նախկին ավագից և թագավորական ընտանիքի անդամներից բացի, ընթրիքին ներկա կլինեն նաև մրցանակի մյուս դափնեկիրները։
Նույն օրը Մեսին Օվիեդոյի մարզապալատում կհանդիպի դպրոցականների, ուսանողների և երկրպագուների հետ։
Հոկտեմբերի 23-ին արգենտինացին կմասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական ընդունելությանը, որից հետո ներկա կլինի սպորտի բնագավառում Աստուրիայի արքայադստեր մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառումը կանցկացվի Կամպոամոր թատրոնում։ Այնուհետև Մեսին կմեկնի Նյու Յորք, որպեսզի հասցնի մասնակցել «Ինտեր Մայամիի» և «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հանդիպմանը, որը նախատեսված է հոկտեմբերի 24-ին։
Դավիթ Եղիազարյան

