ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելը մեր ուժի վերջնանպատակն է․ վստահ չեմ՝ Փաշինյանը 2 տարուց ռուսամետ քաղաքականություն չի վարի․ Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.05.2026 | 19:00«Նոր ուժ» կուսակցության անդամ և պատգամավորի թեկնածու Հակոբ Կարապետյանը Factor TV-ի եթերում խոսել է իրենց ուժի գլխավոր ծրագրային դրույթի՝ Հայաստանի եվրոպականացման, ինչպես նաև՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների և հետընտրական հնարավոր դաշինքների մասին։ Նա բացառել է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժերի հետ, սակայն «տեսականորեն» հնարավոր է համարել կոալիցիան Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան»-ի հետ՝ «մեծ վերապահումներով»։
Անդրադառնալով «Նոր ուժի»` Հայաստանի եվրոպականացման նպատակին՝ Կարապետյանը պարզաբանեց, որ դա ավելի լայն գաղափար է, քան պարզապես եվրաինտեգրումը, սակայն վերջնանպատակը հստակ է․ «Եթե նկատել եք, հենց ինչպես նշեցիք՝ եվրոպականացում է կոչվում մեր ծրագրային դրույթը և ոչ թե եվրաինտեգրացիա կամ ԵՄ անդամակցություն։ Սա ավելի լայն գաղափար է իր մեջ ներառում, քան հենց ինստիտուտների հետ ինտեգրացիան, բայց նաև ներառելով այդ պրոցեսը։ Եվ, իհարկե, ոչ թե չի բացառում, այլ հենց վերջնանպատակ է համարում Եվրամիությանն անդամակցումը»։
Նա զերծ մնաց իրենց նպատակները Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերի հետ համեմատելուց՝ նշելով․ «Այն, ինչ հայտարարում է Փաշինյանը այսօր, կարող է տրամագծորեն հակառակին հանգեցնել վաղը։ Ես վստահ չեմ, որ երկու տարի հետո մենք նորից ահավոր ռուսական քաղաքականություն չենք վարելու Փաշինյանի ղեկավարությամբ»։
Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանին հանրաքվե անցկացնելու առաջարկը Կարապետյանը որակեց կեղծ օրակարգ և մանիպուլյացիա. «Ես վախենամ՝ Ռուսաստանի նախագահը մոտավորապես այնպիսի երկընտրանք է առաջարկում, այնպիսի մանիպուլյատիվ հնարք է առաջարկում Հայաստանի հանրությանը, ինչպիսին, օրինակ, Ղարաբաղի կարգավորման շրջանում, երբ ասում էին՝ «նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Հարցն այն է, որ սա կեղծ այլընտրանք է, և Եվրամիությանն անդամակցության հանրաքվեն, հայտնի է, որ տեղի է ունենում վերջնական փուլում»։
Հարցին, թե ինչպես են պատկերացնում ռուսական ռազմական կառույցներից ազատվելու գործընթացը, «Նոր ուժի» պատգամավորի թեկնածուն պատասխանեց․ «ՀԱՊԿ-ից կարելի է անմիջապես դուրս գալ, որովհետև նա երբեք օգուտ չի տվել և դժվար թե երբևէ օգուտ տա։ Ռուսական սահմանապահների հարցը․ պետք է այդ մարդկանց օրերից մի օր ասել հաջողություն, ուղիղ այն պահին, երբ մենք տեսնենք, որ մենք ինքներս կարողանում ենք ապահովել սահմանապահ ծառայությունն այնտեղ»։
Հակոբ Կարապետյանը հստակ բացառեց հետընտրական դաշինքը գործող իշխանության և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «ինչ-ինչ նեղ խմբային շահերի պատճառով, իր լավագույն, ամենահաջողված գործընկերներից մեկին՝ Հայկ Մարությանին, անվստահություն է հայտնել։ Այդ թիմի հետ իսկապես իմաստ չունի ճանապարհ անցնել»։
Միևնույն ժամանակ, նա չբացառեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքի տեսական հնարավորությունը, սակայն ընդգծեց մեծ վերապահումները․ «Մենք չենք բացառում տեսականորեն, որովհետև Փաշինյանի և Քոչարյանի դեպքում ամեն ինչ պարզ է։ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը, ըստ էության, իշխանության չի եղել։ Բայց մենք մեծ վերապահումներ ունենք, այդ թվում նաև այն, որ մեր համար շատ մեծ հարցականներ են առաջացնում այդ ընտրակաշառքների հետ կապված պատմությունները, և իհարկե, մեր համար կտրականապես անընդունելի է ընտրությունների վրա ընտրակաշառքների միջոցով ազդելու փորձերը»։
Որպես Սամվել Կարապետյանի ուժի հետ հնարավոր համագործակցության անբեկանելի պայման՝ նա նշեց եվրոպական ուղին․ «Հիմնական և առանցքային ծրագրային դրույթը, որը մեզ համար ամենակարևորն է, դա հենց եվրոպական ինտեգրացիան է և երկրի եվրոպական ուղին։ Այդ նշաձողը պետք է ֆիքսվի ենթադրյալ կոալիցիոն հուշագրի մեջ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան