Մոլորված միլիոնները․ ինչպես են ուժեղհայաստանցիների նվիրատվությունները հայտնվել ՔՊ-ի հաշվեհամարին

Լուրեր

01.05.2026 | 20:48
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
01.05.2026 | 20:35
Ալիևի օգնականը Եվրախորհրդարանի բանաձևի` Արցախի հետ կապված հատվածը «դիվանագիտական ​​ամոթ է» անվանել
01.05.2026 | 20:22
Ռուսաստանի առաջատար սոցիոլոգիական կենտրոններն արձանագրում են՝ Պուտինի վարկանիշը նվազել է
01.05.2026 | 20:10
Մոլորված միլիոնները․ ինչպես են ուժեղհայաստանցիների նվիրատվությունները հայտնվել ՔՊ-ի հաշվեհամարին
01.05.2026 | 20:00
ՌԴ-ի ճնշումները կարող են մեծանալ, սակայն դա տնտեսական շանտաժի չի հասնի․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:50
Ով էր ներկել ավանակին․ ֆեյք զեբրի պատմությունը զայրացրել է կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:40
«Ես խնդիր ունեմ». ինքնավնասումների շղթա՝ ՔԿՀ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:30
ԵՄ գագաթնաժողովի՝ ՀՀ-ում անցկացնելու որոշումը 1 տարի առաջ է կայացվել, ընտրությունների հետ կապելն անլուրջ է․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:21
Հաջիևը՝ հայ գերիների և Ստեփանակերտի հայկական եկեղեցիների քանդման մասին
01.05.2026 | 19:14
Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
01.05.2026 | 19:00
Բացահայտ սուտ է Սամվել Կարապետյանի ասածը, որ 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու. Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 18:48
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը. Պապիկյան
01.05.2026 | 18:36
Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր
01.05.2026 | 18:20
Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է
01.05.2026 | 18:15
Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար
Բոլորը

Factor.am-ի՝ «Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել» հրապարակումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը հայտարարել է, թե 2025 թվականի սկզբին ինքը 2 մլն դրամ նվիրաբերել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին` կրթական ծրագրի աջակցության նպատակով։

«Ինձ ներկայացրել են կրթական ծրագիր, որի աջակցությունը ստացել են»,- Makaryannews-ին ասել է Ալեքսանյանը՝ հույս հայտնելով, թե իր փոխանցած գումարը ծառայել է «իրական ու ճիշտ կրթական ծրագրի»։

ՔՊ-ի 2025-ի նվիրատուների ցանկում Infocom-ը հայտնաբերել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ այլ անդամի անուն՝ Ռոբերտ Կադարյան, որը «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի 16-րդ տեղում է։ Կադարյանն իր հերթին ևս 2 մլն դրամ է փոխանցել իշխող ուժին։ Ընդ որում՝ Կադարյանն Ալեքսանյանից 2 օր առաջ է կատարել նվիրատվությունը՝ 2025-ի մարտի 5-ին։

Factor.am-ը Ռոբերտ Կադարյանից հետաքրքրվեց՝ ինքը հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությա՞նն է նվիրաբերել գումարը և ի՞նչ նպատակով։ Կադարյանը նախ հրաժարվեց մեկնաբանություններից՝ ասելով, թե «հետո հայտարարությամբ հանդես կգան», ապա, լսելով, որ Ալեքսանյանը մեկնաբանել է, հայտարարեց․ «Ես պարոն Ալեքսանյանի մեկնաբանությունները հաստատում եմ»։

Մեր դիտարկմանը, թե Ալեքսանյանն իր մասով է մեկնաբանել, իսկ անձամբ Կադարյանը ո՞ր կազմակերպությանն է գումարը փոխանցել, պատասխանեց․ «Նույն էլ ես, նույնն էլ ես։ Ճիշտն ասած՝ 1 տարի առաջ ա եղել, ես տենց չեմ հիշում, բայց էլի փոխանցել ենք հիմնադրամին, ոչ թե կուսակցությանը»։

Թե ո՞րն է եղել փոխանցման նպատակը, Կադարյանը չպարզաբանեց, կրկնեց՝ «Ալեքսանյանն արդեն մեկնաբանել է» ու անջատեց հեռախոսը։

Շեշտենք՝ թե՛ Ալեքսանյանի, թե՛ Կադարյանի նվիրաբերություններն արտացոլված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեկան հաշվետվության մեջ, որը հրապարակված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։

Թե՛ Ալեքսանյանը, թե՛ Կադարյանը գործարարներ են, ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ յուրաքանչյուրը մի քանի ընկերությունների հիմնադիրներ և ղեկավարներ։ Ալեքսանյանին պատկանում են «Արմատ մեդիա», «Թաունհաուս», «Ասսեթ Մենեջմենթ», «Արմհոլդինգ Սերվիսիզ Քո», «Ֆորտունա» ընկերությունները։ Կադարյանը «Էներգոտեխսպասարկում», «Նոր կապիտալ», «Տ-էլեկտրո», «Կասկադ-Միրտեկ», «Կասկադ-Սիստեմի Ի Տեխնոլոգիի», «Պետրոլ Էյ Էմ», «Կոնստանտ Փարթներս», «Էլիվեյթոր շեն» ընկերություններում հիմնադիր կամ տնօրեն է։

Ինչպես է ստացվել, որ գործարարները 2-ական միլիոն դրամի փոխանցումներ են կատարել «Իմ քայլը» հիմնադրամին, բայց այդ գումարները հայտնվել են ՔՊ կուսակցության հաշվեհամարին։
Factor.am-ը ՔՊ վարչության անդամ, կուսակցության ֆինանսական հարցերով պատասխանատու Արուսյակ Մանավազյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է «շփոթմունք» եղած լինի և հիմնադրամին փոխանցված գումարը հայտնվի կուսակցության հաշվեհամարին։

«Դա շփոթելու բան չէ, կուսակցությունը «Իմ քայլը» չէ։ Բանկում փոխանցում կատարելիս ամբողջ տվյալներին պետք է տիրապետել։ Մենք հայտարարել էինք դրամահավաք Գյումրիի և Փարաքարի ընտրությունների ժամանակ, և գումար է փոխանցվել։ Մենք նույնիսկ չենք նկատել, որ դա իրենք են արել։ Ուղղակի օգտվել առիթից և այս փուլում ասել, որ «Իմ քայլին» էին փոխանցում, բայց փոխանցվել է ՔՊ-ին, բացառում եմ դա»,- պատասխանեց Մանավազյանը՝ ընդգծելով, որ կուսակցությունը կրթական ծրագրեր չի իրականացնում։

Factor.am-ը «Իմ քայլը» հիմնադրամից ևս փորձեց ճշտել՝ արդյո՞ք հիմնադրամն անցած տարի Ալեքսան Ալեքսանյանից ու Ռոբերտ Կադարյանից նվիրատվություններ ստացել է։ Մեզ պատասխանեցին, բայց հիմնավորելով ոչ աշխատանքային օր լինելը՝  հորդորեցին հարցում ուղարկել։ Factor.am-ը հարցումն ուղարկել է հիմնադրամին, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիի և Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավներն ու կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով դրամահավաքը հայտարարել էր 2025-ի փետրվարի 21-ին՝ իր աջակիցներին կոչ անելով նվիրատվությունները փոխանցել կուսակցության հաշվեհամարին։ Ռոբերտ Կադարյանը 2 մլն դրամի փոխանցումը կատարել էր մարտի 5-ին, Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն փոխանցել էր մարտի 7-ին։

 

Գայանե Խաչատրյան