Փաշինյանը գոռաց, մատ թափ տվեց, ապա հերքեց ու ներողություն խնդրեց․ արցախցի կինը չի ընդունի վարչապետի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.03.2026 | 20:29«Կխոսեմ տենց, ուրեմն մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»․ Նիկոլ Փաշինյանը երեկ մետրոյում գոռում, մատ էր թափ տալիս և «փախած» անվանում 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։
Նա անչափահաս որդու հետ էր։ Փաշինյանը նախ ցույց տվեց քարտեզով կրծքանշանը՝ այն առաջարկելով երեխային։
«Չէ, մենք Արցախից ենք, ուրիշ քարտեզ ունենք»,- հետևեց երեխայի մոր պատասխանը։
Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ քարտեզի մասին է խոսքը։ Ի պատասխան՝ կինն ասաց, որ խանգարում է, Փաշինյանը հետ նստեց, իսկ կարճ ժամանակ անց նորից սկսեց խոսել։
«Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու, էդ հաշվի առեք»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե ամեն ինչ արել են, որ ապրեն Ղարաբաղում, կինը նրան հորդորեց դադարեցնել և չշարունակել, բայց Փաշինյանը հունից դուրս եկավ և սկսեց մատ թափ տալով խոսել արցախցի կնոջ հետ նրա անչափաս երեխայի ներկայությամբ։
«2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ բա մենք ուզում էինք վերադառնալ։ Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել․․․ Կխոսամ տենց, ես տենց կխոսամ, ու էս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսաք որևէ մեկդ, փախածներով չփորձք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- բորբոքված ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանն ասում է՝ արցախցիների համար նույնիսկ «փախստական» եզրույթն է վիրավորական, թեև իրավական է, բայց այն հաճախ ցավոտ է ընկալվում նրանց կողմից, քանի որ ենթադրում է «փախչելու» ենթատեքստ։
«Ռազմավարական հաղորդակցման ամենակարևոր սկզբունքներից մեկն է, որ հատկապես հիմա՝ հասարակության այս բևեռացվածության իրավիճակում, պետք է շատ լուրջ որդեգրել հստակ ուղերձներ, նախ՝ բացառելով ընդհանրապես արցախցիներին վերաբերող որևէ խոսույթում օգտագործել «փախած» բառը, այն էլ վարչապետի կողմից»,- ընդգծում է Աբրահամյանը։
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կինը չէր սադրում, հակառակը, անընդհատ հորդորում էր չշարունակել խոսակցությունը։ Ըստ նրա՝ Փաշինյանի վարքագիծն անընդունելի է հատկապես անչափահաս երեխայի ներկայությամբ։
«Երեխայի ընկալման համար դա շատ լուրջ վախեր և հոգեբանական լուրջ բռնություն կարող էր լինել»,- ասում է Աբրահամյանը։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է՝ դեռ նախորդ տարի զեկույցով արձանագրել էին, որ Արցախից տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը հիմնականում տարածվում են իշխանական շրջանակներից։ Նա Փաշինյանի պահվածքը բացատրում է նախընտրական փուլով՝ միաժամանակ անընդունելի համարելով վարչապետի խոսույթը։
«Այսինքն՝ վարչապետը կամ այլ իշխանական գործիչներ հնչեցնելով այդ նարատիվները նախ լեգիտիմացնում են դրանք, նաև օգտագործում են, գործիքայնացնում են ներքաղաքական նպատակներով»,- նշում է քաղաքագետը։
Զեկույցում նարատիվներից երկուսը համընկնում են Փաշինյանի երեկվա խոսույթի հետ․ մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն անշնորհակալ են այն աջակցության համար, որ ստացել են Հայաստանից վերջին երեք տասնամյակների ընթացքում, մյուսը՝ երբ Արցախից բռնի տեղահանվածներին անվանում են դավաճաններ ու դասալիքներ։ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ Փաշինյանի հաջորդական արձագանքները՝ նախ հերքումը, ապա պարզաբանումներն ու ներողությունը, մեծապես պայմանավորված էին հանրային լայն արձագանքով։
Գրիգորյանը միաժամանակ ընդգծում է, որ Փաշինյանի ներողության ֆոնին իշխանական լրատվամիջոցներն ու ՔՊ-ականները շարունակել են թիրախավորել արցախցի կնոջը, ինչը, ըստ քաղաքագետի, խոսում է համակարգային մոտեցման մասին։
Աղմկահարույց միջադեպից հետո ժամեր շարունակ Փաշինյանն ուղիղ եթերում էր, բայց իր խոսքերը հերքեց ժամեր անց՝ Factor TV-ի հարցին ի պատասխան։
«Բացառված ա, որ ես տենց բան ասեմ, չէի կարա ես տենց բան ասեի, եթե տենց ա ընկալվել , ներողություն եմ խնդրում»,- նշեց վարչապետը։
Սրան հաջորդեց ներողությամբ տեսանյութ՝ արդեն Փաշինյանի անձնական էջից։
«Հարգելի՛ տիկին Մոսիյան, ես Ձեզնից և Ձեր որդուց ներողություն եմ խնդրում էդ էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու»,- ասաց նա։
Ապա Փաշինյանը ֆեյբուքյան գրառմամբ Արմինե Մոսիյանին և որդուն հրավիրեց Կառավարություն՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելու։ Պատրաստակամություն հայտնեց նույնն անել նաև մետրոյում կամ կնոջ բնակության/աշխատանքի վայրում՝ կրկին ուղիղ եթերում։ Արմինե Մոսիյանը որևէ կերպ չի արձագանքել միջադեպին և Փաշինյանի հրավերին։ Factor TV-ն, սակայն, տեղեկացավ, որ արցախցի կինը չի ընդունելու Փաշինյանի հրավերը։
Փոխարենը ՔՊ-ականներն ակտիվ տարածում են 2022-ին նրա կողմից ֆեյսբուքում արված մի գրառում, որտեղ նա կոշտ կերպով քննադատում է Փաշինյանին վերընտրածներին։ Ի դեպ, ՔՊ-ականները Դատախազությանը հորդորորել են գրառումներն ընդունել որպես հաղորդում։ Արդյո՞ք Դատախազությունն ուսումնասիրում է դրանք․ իրավապահ կառույցից հորդորեցին դիմել գրավոր։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ հորդորում է հանցագործության մասին հաղորդում ներկալացնել, եթե վարչապետի հայտարարության մեջ քրեորեն հետապնդելի արարք է տեսնում։
«Ես իմ կարծիքը կպահեմ ինձ և կասեմ նույնը. վարչապետը ինքն է արձանագրել այդ դեպքի բնույթը և պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել։ Ես կարծում եմ, որ եթե պատկերացումը լիներ այնպիսին, որ ամեն ինչ նորմալ է, նմանատիպ հայտարարության մենք կառերեսվեինք առհասարակ։
ՄԻՊ-ը պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին կոչ է արել հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: Ի տարբերության մյուս դեպքերի՝ Անահիտ Մանասյանն այս դեպքում չի դատապարտել վարչապետի վարքագիծը։
Փոխարենը դատապարտել են քաղհասարակության շուրջ երկու տասնյակ կազմակերպություններ։ Նրանք վարչապետի վարքագիծն ու խոսույթը համարել են ատելության խոսք արցախցիների նկատմամբ: Նաև իշխանություններից պահանջում են դադարեցնել նման հռետորաբանությունը և ապահովել հարգալից հանրային խոսք։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ պաշտոնյաների նման խոսույթը ոչ միայն եզակի դեպք չէ, այլ վտանգավոր միտում է, քանի որ այն ձևավորում է հանրային մթնոլորտը, խորացնում բևեռացումը և հանգեցնում բռնի տեղահանվածների կրկնազոհայնացման։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան