Ինչպես կաթողիկոսը դարձավ մեղադրյալ․ ով է Սարոյանին պաշտոնում վերականգնած դատավորը

Լուրեր

02.03.2026 | 23:04
Մեղրիում հայտնաբերվել է շուրջ 30 կգ թմրամիջոց
02.03.2026 | 22:58
Հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից. Փաշինյան
02.03.2026 | 22:43
Կատարը Իրանից թռչող 2 Սու-24 է խոցել
02.03.2026 | 22:26
Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով
02.03.2026 | 22:25
Եվրաբասկետ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 22:14
Դուբայի օդանավակայանը Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո իրականացրել է առաջին ուղևորատար չվերթները
02.03.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի սկսել Իրանին լուրջ հարվածներ հասցնել, նաև «հարվածների մեծ ալիք» խոստացել
02.03.2026 | 21:51
ԱՄՆ նախագահը չի բացառում Իրանում գործողության ժամկետի երկարաձգումը
02.03.2026 | 21:48
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը
02.03.2026 | 21:37
Անկարան հերքում է, որ Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազային
02.03.2026 | 21:27
Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. քննարկվել են AZAL-ի ինքնաթիռի խոցումը, տրանսպորտային հաղորդակցությունների հարցեր
02.03.2026 | 21:22
Ինչպես կաթողիկոսը դարձավ մեղադրյալ․ ով է Սարոյանին պաշտոնում վերականգնած դատավորը
02.03.2026 | 21:09
Ցավակցություն՝ մեկ օր անց. ինչպես ՀՀ-ն պետք է արձագանքի Իրանում պատերազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 21:00
Սկսվել է տարածաշրջանային պատերազմ, Իրանի դեմ հարձակմանը կարող են նոր երկրներ ներգրավվել․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 20:50
«Բուրջ Խալիֆա»-ն կառուցած Emaar-ն արդյոք կգա Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջից մոտ 9 ամիս անց Գարեգին Բ-ն մեղադրյալի կարգավիճակ ստացավ։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Կաթողիկոսի նկատմամբ նաև երկրից բացակայելու արգելք խափանման միջոց է ընտրվել, ուստի՝ նա հնարավորություն չի ունեցել Հայաստանից մեկնել ու մասնակցել օրեր առաջ Ավստիայում կայացած եպիսկոպոսական հավաքին:

Կաթողիկոսի մեղադրանքի հիմքում այն է, որ նա խոչընդոտել է Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։

Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկել է  դատարանում՝ միաժամանակ ներկայացնելով նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել է մինչև վերջնական դատական ակտ կայացնելը իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Արմավիրի մարզի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը, գործը վարույթ ընդունելով, նաև հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել՝  Հայ Առաքելական եկեղեցուն պարտավորեցնելով անարգել ապահովել Սարոյանի պաշտոնավարումը թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը։

Մասնավորապես՝ դատարանը որոշել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել և․

1․ պարտավորեցնել պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց առանց խոչընդոտի ապահովելու Արման Վոլոդյայի Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

2․արգելել պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Վոլոդյայի Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին), որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։

Ըստ դատարանի՝ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է էական ոչ նյութական վնաս հասցնել հայցվորին՝ պայմանավորված վերջինիս ոչ նյութական բարիքներ համարվող՝ հոգևոր ծառայության մեջ լինելու, բարձր հեղինակավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքներով և տվյալ պաշտոնում վարդապետություն իրականացնելու անհնարինության հետևանքով հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիությամբ, որոնք ուղղակիորեն կապված են Հայոց Եկեղեցու դավանանքի, վարդապետության սկզբունքների, ավանդական կարգի, ինչպես նաև Եկեղեցու կանոնադրությամբ սահմանված՝ թեմակալ առաջնորդի՝ առանց պաշտոնավարման տևողության սահմանափակման նշանակվելու կանոնի հետ, ինչն էլ ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատություն։

Փաստացի, հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը հանգեցրել է իրավիճակի, որ Արման Սարոյանի հայցադիմումը բովանդակային առումով ամբողջությամբ բավարարվել է։ Իսկ թե  ինչ հոգեկան տառապանք էր պատճառելու Արման Սարոյանին թեմի ֆինանսական հաշիվները չտնօրինելը,  պարզ չէ։

Դատավորների ընդհանուր ժողովի օրը՝ փետրվարի 20-ին, Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Էդգար Հովհաննիսյանից, սակայն վերջինս ասաց, որ չի կարող մեկնաբանել իր կողմից կայացված դատական ակտը։

Ով է դատավոր Էդգար Հովհաննիսյանը

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը ԱԱԾ Էջմիածնի բաժնի նախկին պետ, գնդապետ Էդիկ Հովհաննիսյանի որդին է։ 2012 թվականին դատավոր է նշանակվել Սյունիքի մարզում, ապա երկու տարի անց՝ 2014-ին՝ տեղափոխվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Եղել է այս դատարանի նախագահը։

Նա ԲԴԽ անդամ է դարձել խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի պաշտոնավարման շրջանում, որը նրա մտերիմ ընկերն է։ Իսկ Արթուր Աթաբեկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկ, ՔՊ-ական Վահե Ղալումյանի ազգականն է։

Արդյո՞ք Հովհաննիսյանի այս կապերը չեն ազդել  նման որոշման կայացման վրա։ Factor TV-ի այս հարցին ի պատասխան Էդգար Հովհաննիսյանը չհերքեց, որ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի  ընկերն է, սակայն նշեց, թե դա կապ չունի իր որոշման հետ։

Ըստ Էդգար Հովհաննիսյանի կայացրած դատական ակտի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Այսինքն՝ այն պահից, երբ կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, այդ դատական ակտը համարվել է օրինական ուժի մեջ մտած, ինչը ենթադրում էր անխոչընդոտ ապահովել  Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Կարգալույծ եղած հոգևորականը շարունակում է ծառայությունը

Դատարանի այս որոշումից հետո, սակայն,  հունվարի 27-ին  Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին:

Մայր աթոռից հայտնել են․

«Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։

Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»։

Այսինքն՝ հոգևորականը, որը դատարան հայցադիմում է ներկայացրել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու դեմ, դադարել է լինել հոգևորական՝ ըստ Գերագույն  հոգևոր խորհրդի հունվարի 27-ի որոշման, և այս որոշումը որևէ կերպ չի վիճարկվել։ Իսկ  դատարանում քննվող հայցի առարկան Սարոյանին բացառապես Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումն է։

Ինչ կլինի, եթե դատարանը գործի քննությամբ բավարարի Սարոյանի հայցադիմումը

Քանի որ հոգևոր կանոններով կարգավորվող հարաբերությունները, փաստացի, տեղափոխվել են աշխարհիկ իրավահարաբերությունների դաշտ, ստեղծված իրավիճակը հասկանալու համար դիտարկենք հետևյալ համեմատությունը։

Ենթադրենք՝ Գլխավոր դատախազի հրամանով որևէ դատախազ մի պաշտոնից տեղափոխվել է այլ պաշտոնի և դատական կարգով վիճարկել իրեն այդ պաշտոնին փոխադրելու որոշումը։

Դրանից հետո մեկ այլ որոշմամբ տվյալ դատախազն առհասարակ  ազատվել է Գլխավոր դատախազությունում պաշտոնից։

Տվյալ իրավիճակում, եթե անգամ նրան փոխադրելու վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչվի, դա ինքնըստինքյան չի հանգեցնի նրա պաշտոնավարման շարունակմանը, քանի որ նա երկրորդ հրամանով առհասարակ  ազատվել է դատախազի պաշտոնից, այլևս դատախազ չէ և չի կարող փոխադրվել իր նախկին աշխատանքին։ Այս դեպքում դատարանն առավելագույնը, որ կարող է անել, իրավունքի խախտման փաստը ճանաչելն է։

Այժմ այս իրավիճակը պրոյեկտենք Գևորգ եպիսկոպոս Սարոյանի իրավիճակի վրա՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում (հարցին՝ արդյոք թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելը կարող է դառնալ դատարանի քննության առարկա,  կանդրադառնանք ավելի ուշ):

Այսպես՝  Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ կայացվել է երկու որոշում։ Առաջին որոշմամբ նա ազատվել է թեմի առաջնորդի պաշտոնից՝ շարունակելով պահպանել հոգևորականի կարգավիճակը։ Սարոյանը թեմի առաջնորդի պաշտոնը փոխկապակցված է նրա՝ հոգևորականի կարգավիճակի հետ։

Երկրորդ որոշմամբ՝ Գևորգ Սարոյանը կարգալույծ է արվել այն հիմքով, որ «խախտել է հնազանդության ուխտը» և ներեկեղեցական կարգով քննության առարկա հարցը վիճարկել դատարանում։ Այսինքն՝ թեև երկրորդ որոշումը բովանդակային առումով կապված է առաջին վիճարկվող  որոշման հետ, դրանք երկու առանձին որոշումներ են, և Սարոյանին կարգալույծ անելու որոշումը չի վիճարկվել դատական կարգով։

Սարոյանի՝ թեմի առաջնորդի պաշտոնը փոխկապակցված է նրա՝ հոգևորականի կարգավիճակի հետ, այսինքն՝ եթե նա չլինի հոգևորական, չի կարող լինել թեմի առաջնորդ։

Ստացվում է՝ եթե  անգամ դատարանը ճանաչի Սարոյանի իրավունքի խախտման փաստը նրան թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու և միայն հոգևորականի կարգավիճակը պահպանելու վերաբերյալ, չի կարող եկեղեցուն պարտավորեցնել նրան վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում այն պարզ պատճառով, որ Սարոյանն այլևս հոգևորական չէ, իսկ թեմի առաջնորդ լինելու կարգավիճակը ուղղակիորեն կապված է հոգևորական լինելու կարգավիճակի հետ։

Ինչ կիրառություն ունի Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու եպիսկոպոսներին վերագրող  507-րդ  հոդվածը

Այսպիսով՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու հիմքում, որը վիճարկվել է դատարանում, այն հանգամանքն է, որ կարգալույծ հռչակելու որոշումը դիտարկվել է որպես Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի չկատարում, որի հիմքով էլ կաթողիկոսին ու 6 եպիսկոպոսներին մեղադրանք է ներկայացվել։

Դատական ակտ չկատարելը կամ կատարմանը խոչընդոտելը քրեականացված եղել է ինչպես նախկին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ գտնված,  այնպես էլ ներկայում գործող քրեական օրենսգրքով։ Միայն թե նախկին օրենսգրքի 353-րդ հոդվածով   օրենսդիրը քրեորեն պատժելի է համարել դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, իսկ այժմ գործող  Քրեական օրենսգրքի 507 հոդվածով սահմանվում է դատական ակտ չկատարել կամ դրա կատարմանը խոչընդոտել։

Ըստ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի քրեական պատասխանատվություն է առաջացնում oրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի չկատարումը կամ կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև այս արարքը կատարելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։

Այս հոդվածը լայն կիրառություն չունի դատական պրակտիկայում։ Ամենայն հավանականությամբ՝ այս հանգամանքով պայմանավորված՝ նաև առկա չեն Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կամ Վճռաբեկ դատարանի մեկնաբանություններ։

Թե դատական ակտ չկատարելու վերաբերյալ քանի վարույթ է նախաձեռնվել 2025 թվականի ընթացքում՝ մեզ հայտնի չէ, քանի որ 2025-ի տվյալները Դատախազությունը դեռևս չի ամփոփել, սակայն Դատական դեպարտամենտի կողմից ամփոփվել է 2025-ին այս հոդվածով դատարան մուտքագրված ու դատարաններում քննվող գործերի վիճակագրությունը։

Ըստ այդմ՝ 2025-ի ընթացքում հանրապետության տարածքում 14 նման գործ է ուղարկվել դատարան։ Եվս 15 գործ նախորդ՝ 2024-ից  անավարտ է եղել ու փոխանցվել 2025։

Դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ 2020 թվականին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 18 քրեական գործ, որոնցով ընդամենը 4 անձ է ներգրավվել որպես մեղադրյալ,  13 գործ նախաքննության փուլում կարճվել է, 3 քրեական գործ՝ 4 մեղադրյալի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

2021 թվականին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 25 քրեական գործ, բայց դրանցով ընդամենը 1 անձ է որպես մեղադրյալ  ներգրավվել։ Նույն տարվա ընթացքում 18 գործ կարճվել է, 1 քրեական գործ 1 մեղադրյալի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

2022 թվականին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 29 քրեական գործ, դրանցով ընդամենը 2 անձ է ներգրավվել որպես մեղադրյալ։  20 գործ կարճվել է, 2 քրեական գործ 2 մեղադրյալի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

Նույն տարվա հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը։ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է 73 քրեական վարույթ, ներգրավվել է 2 մեղադրյալ, 2 քրեական վարույթ 2 մեղադրյալի վերաբերյալ հանձնվել է դատարան:

2023 թվականին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերից կարճվել է 20 գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է 119 քրեական վարույթ, ներգրավվել է 5 մեղադրյալ, 20 վարույթ կարճվել է, 4 քրեական վարույթ 4 մեղադրյալի վերաբերյալ հանձնվել է դատարան, 1 քրեական վարույթ հանձնվել է դատարան բժշկական հարկադրանքի միջոց կիրառելու համար:

2024 թվականին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերից կարճվել է 1 գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է 144 քրեական վարույթ, ներգրավվել է 9 մեղադրյալ, 60 վարույթ կարճվել է, 9 քրեական վարույթ 9 մեղադրյալի վերաբերյալ հանձնվել է դատարան:

Այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ 2020-ից մինչև 2025 թվականը այս արարքի համար ընդամենը 23 անձ է կանգնել դատարանի առջև։

Նշենք, որ բացի Ամենայն Հայոց Կաթողիկոսից ու 6 եպիսկոպոսներից վերջին շրջանում հայցի ապահովման միջոցով սահմանված արգելքը խախտելու համար մեղադրանք է ներկայացվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրան  մեղադրում են այն բանում, որ ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակներում արգելադրված գույք է վաճառել՝ այսպիսով վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխություն առաջացնելով։

Ինչ է հայցի ապահովման միջոցը և ինչ նպատակով է այն կիրառվում

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են՝ 

– պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
– այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
– պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, իսկ 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:

Տվյալ իրավիճակում հոգևոր ծառայության ընդհատումը դատարանը գնահատել է որպես ոչ նյութական էական վնաս, և ընդունելի համարելով հայցվող կողմի այն տեսակետը, որ հոգևոր ծառայության ընդհատումը հակասում է եկեղեցու դավանանքին, որոշել է Սարոյանին վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնին։

Հայցի ապահովման միջոցի կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանը դիրքորոշումներ է հայտնել ՍԴՈ- 1561 որոշմամբ։

Ըստ այս որոշման՝ հայցի ապահովումը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող միջոցներով պաշտպանել գործին մասնակցող անձանց իրավունքները և օրինական շահերը հնարավոր բացասական հետևանքներից և ուղղված է վերջիններիս խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն՝ դրանով իսկ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի անխոչընդոտ իրացումը:

Դատարանը նշում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու համար նախատեսվել են այնպիսի օրենսդրական հիմքեր, որոնց առկայությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատի դատարանը,  որ հնարավոր չէ օրենսդրությունը կառուցել այն տրամաբանությամբ, որ դրանում առկա չլինեն գնահատողական կատեգորիաներ, մեկնաբանման ենթակա եզրույթներ կամ ձևակերպումներ, սակայն դա չի կարող հանգեցնել իրավական անորոշության, քանի որ այդպիսի ձևակերպումներն իրենց մեկնաբանությունն ու հստակեցումն են ստանում արդեն դատարանի կողմից կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ և գնահատվում են դատարանի իրավակիրառ հայեցողության լիազորությունների իրականացման շրջանակներում: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն ամրագրված հիմքերից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Մասնավորապես, տվյալ դեպքում դատական ակտի կատարումը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, գործի հանգամանքներով փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը։

«Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ prima facia հայցագնի հիմնավորվածությունը (դրամական պահանջների դեպքում), որոշակի գործողությունների կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու անհրաժեշտության հիմնավորվածությունը (գործողություններ կատարելը պարտավորեցնելու կամ արգելելու դեպքերում), գույքի նկատմամբ ունեցած իրավունքների հավաստումը (գույքի իրացումը կասեցնելու կամ գույքի վրա արգելանք դնելու դեպքերում)»,- նշել է Սահմանադրական դատարանը։

Արդյոք այս վեճը ենթակա է քննության դատարանում

Այս հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են կարգավորվում պետություն- եկեղեցի հարաբերությունները։

ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածով սահմանվում է․

«1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Հայ Առաքելական եկեղեցին ունի կրոնական կազմակերպության կարգավիճակ։ 17-րդ հոդվածով սահմանվում է․  «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են նաև օրենքով»:

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց սուրբ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»:

Այսինքն՝ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնակառավարումը, ինչը ենթադրում է նաև հոգևոր սպասավորների ընտրության, առաջխաղացման հարցում ինքնակառավարում։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն՝  «Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են. Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին (կրճատ` Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով, կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն»:

Այս օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Սահմանադրության հոդվածներին արդեն վերևում անդրադարձանք։

Ինչ վերաբերում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքին, ապա այդ օրենքի  «Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները» գլխում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատ է պետությունից և բացատրվում է, թե ինչ պետք է հասկանալ այս հիմնադրույթի տակ։ 


Սա նշանակում է, որ պետությունը․

ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը.
բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն.
գ) արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա:

Այսինքն՝ պետություն-Հայ առաքելական եկեղեցի իրավահարաբերությունները հատուկ  կարգավորող նորմերով ամրագրված է, որ Հայոց եկեղեցին գործում է  Հայաստանի օրենքին համապատասխան, պետությունից անջատ՝ սեփական կանոնադրությամբ, և պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու՝ օրենքին համապատասխան գործունեությանն ու ներքին կյանքին։

Նշենք, որ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումից հետո Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը  հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել նույն դատարան:

Իր առաջին փաստարկով Զոհրաբյանը նշել է, որ այս վեճն առհասարակ ենթակա չէ դատարանում քննության Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի կանոնակարգումներից հետևում է, որ՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում.  պետությունը չի կարող միջամտել եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին։ Հետևաբար, չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին հարցերով առաջացած վեճը։

Ըստ փաստաբանի՝ դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական պաշտոնից զրկել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ հայցը ներկայացրել է Արման Վոլոդյայի Սարոյանը։

Զոհրաբյանը նաև փաստարկել է, որ բացակայել են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը: Մասնավորապես՝ ըստ միջնորդության՝ դատարանը կարող է հայցի ապահովման միջոց կիրառել միայն այն դեպքում, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը՝

1․ անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը:
2․ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:
3․ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Ըստ Արա Զոհրաբյանի՝ առաջին հիմքն առկա չէ, քանի որ ներկայացվել է ճանաչողական հայց: Այսինքն, հայցը բավարարող վճիռ կայացնելու դեպքում, այն համարվելու է կատարված այդ վճիռն ուժի մեջ մտնելու պահից։ Հետևաբար, վճռի կատարման համար միջոց ձեռնարկելու անհրաժեշտություն առկա չէ:

Երկրորդ հիմքն, ըստ Զոհրաբյանի,  առկա չէ, քանի որ վեճի առարկան հանդիսանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը, իսկ այս հիմքն առնչվում է գույքին:

Երրորդ հիմքը ևս, ըստ փաստաբանի, առկա չէ, քանի որ վնաս չի կարող հասցվել միջնորդություն ներկայացնող անձին այն պարզ պատճառով, որ նա նախկինում ներկայացրել է ՀԱՍԵ թեմը, իսկ թեմի պատասխանատուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է։ Հետևաբար՝ վնաս կարող է կրել ՀԱՍԵ-ն և ոչ թե՝ հայցվորը:

Փաստաբանը փաստարկել է նաև, որ հայցի ապահովման միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին, նշել է, որ դատարանը որպես հայցի ապահովման միջոց պաշտոն չունեցող անձին ըստ էության լիազորել է կատարելու այդ պաշտոնի գործառույթները, որոնք մեծ մասամբ կրոնական-հոգևոր նշանակություն ունեն։ Ընդ որում, դատարանը փորձել է նաև ֆինանսական գործառույթներ կատարելու իրավունք «շնորհել» հայցվորին, որի իրավունքը վերջինս չունի։ Հետևաբար, հայցի ապահովման միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին։

Անդրադառնալով ոչ նյութական վնասի վերաբերյալ դատարանի դատողությունը՝  պատասխանողը նշել է, որ  ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Այս նորմի պայմաններում, դատարանը պարտավոր էր նաև ցույց տալ, թե որ օրենքն է պաշտոնից զրկվելու հարցը համարում հոգևոր տառապանք, որն էլ կարող է հատուցվել։

«Հետաքրքիր է նաև, որ դատարանը նոր ինստիտուտ է փորձել ներմուծել «էական ոչ նյութական վնաս»։ Ինչ մեխանիզմով և գործիքներով է չափել դատարանը, որ ոչ նյութական վնասը էական է»,- միջնորդությամբ հարց է բարձրացրել Արա Զոհրաբյանը։

Դատարանը, սակայն, մերժել է հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը։

 

Արաքս Մամուլյան