320 դատավոր կդառնա պաշտոնակատա՞ր․ ինչու է Փաշինյանը ցանկանում վեթինգի ենթարկել նաև իր օրոք նշանակված դատավորներին
Քաղաքականություն
02.06.2026 | 16:00
Մնացական Մարտիրոսյանը, Մասիս Մելքոնյանը, Ռուբիկ Մխիթարյանն ու մյուս բոլոր դատավորները, հնարավոր է՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո դառնան դատավորի պաշտոնակատարներ։ Այդպես է ուզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հարց տվեց Փաշինյանին դատավոր Մնացական Մարտիրոսյանի պաշտոնավարման վերաբերյալ։ Տարիներ առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին, նրան որակել էր որպես «տխրահռչակ»։
«Ես այնտեղ դատավոր չեմ տեսնում, Սերժն է նստած»,- ասել էր երբեմնի ընդդիմադիր Փաշինյանը։
«Արդյո՞ք հիմա Մարտիրոսյանի տեղում Նիկոլ Փաշինյանն է նստած»՝ վարչապետին հարց ուղղեց լրագրողը, ինչին ի պատասխան Փաշինյանը, այսպես ասած, մեղքը բարդեց Սահմանադրության վրա։
«Ես ինքս եմ դատական համակարգի հետ կապված լրջագույն պրոբլեմների մասին խոսում, բայց Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ դատավորներն ունեն գործունեության երաշխիքներ և դատավորը ցմահ պաշտոն է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ է պատճառը նաև, որ հիմա, ես համոզված եմ, նոր Սահմանադրության մեջ պետք է լինի անցումային դրույթ, համաձայն որի՝ ՀՀ-ում գործող բոլոր դատավորները պետք է ստանան դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ, շարունակեն գործել և վերանշանակվեն միայն բարեվարքության համապարփակ ստուգումներ անցնելուց հետո»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Դատավորների բարեվարքության թեման շոշափվում է Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրերին։ Այն ժամանակ, երբ արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան հրավիրել էր հարցազրույցի ու հետաքրքրվել, թե ի՞նչ պետք է անել անբարեվարք անձանց մուտքը դատական համակարգ թույլ չտալու, ինչպես նաև, այսպես ասած, վատ դատավորներից դատական համակարգը մաքրելու համար։ Ռուստամ Բադասյանը պարզաբանել էր, որ դատական համակարգում միայն բարեվարք անձանց մուտքը թույլ տալու համար արդեն իսկ ստեղծվել են գործիքակազմեր, իսկ ինչ վերաբերում է «վատ դատավորներին» համակարգից հեռացնելուն, ապա գործող Սահմանադրությունը պետք է փոխվի, որպեսզի հնարավոր լինի դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնել։
Այժմ, փաստորեն, երբ նոր Սահմանադրություն ընդունելու հնարավորություն է ստեղծվել, իշխանությունները, ցանկանում են իրականացնել այն փոփոխությունները, որոնց առկայության դեպքում, ըստ նրանց, կարող են հանրապետության բոլոր դատավորներին պաշտոնակատարի կարգավիճակ տալ՝ մինչև համապարփակ բարեվարքություն անցնելը, և միայն այն բանից հետո, երբ բարեհաջող կերպով կանցնեն բարեվարքությունը, կվերանշանակվեն։
Ինչո՞ւ է դատավորների անկախությունը Սահմանադրությամբ, այսինքն՝ երկրի մայր օրենքով երաշխավորված, ի՞նչ նպատակ են հետապնդում այս փոփոխությունները, արդյոք այս գործընթացները չեն վտանգի դատավորների անկախությանը և արդյոք իրավաչափ է դատավորների սահմանադրական երաշխիքների, թեպետ և ժամանակավորապես վերացումը նոր Սահմանադրությամբ։ Արդյոք այն հանգամանքը, որ Սահմանադրությունն ընդունվում է հանրաքվեով, այսինքն՝ ժողովրդի կամքի արտահայտմամբ, նշանակում է, որ Սահմանադրական խորհուրդը կարող է Սահմանադրության տեքստում գրել ցանկացած կարգավորում։ Փորձել ենք ստանալ այս հարցերի պատասխանները։
Դատավորների անկախության երաշխիքները գործող Սամանադրությամբ
Դատական իշխանության և դատավորի անկախությունը ժողովրդավարական հասարակության հիմքերից են, անհրաժեշտ պահանջ՝ իրավունքի գերակայությունն ապահովելու և արդար դատաքննության երաշխիքի համար:
Այս անկախությանը հասնելու համար է, որ ժողովրդավարության ձգտող պետությունները իրենց Սահմանադրության մեջ և օրենքներում սահմանում են սկզբունքներ ու կարգավորումներ, որոնք միտված են դատական իշխանության ամրապնդմանը, գործադիր և օրենսդիր իշխանություններից դատական իշխանության անկախության երաշխավորմանը, դատավորի ինքնուրույնությունն ապահովելուն ու նրան ցանկացած ոչ իրավաչափ ազդեցությունից զերծ պահելուն:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությումբ ևս երաշխավորվում է դատավորների անկախությունը։
Մասնավորապես՝ գործող Սահմանադրության համաձայն՝
- Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
- Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:
- Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
- Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
- Դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում:
- Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:
- Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:
Սրանք կարգավորումներ են, որոնք նպատակ ունեն դատավորին պաշտպանելու իրավապահների, իշխանության մյուս ճյուղերի հնարավոր ոտնձգություններից։
Սահմանադրությամբ նաև նախատեսված են դատավորների համար այնպիսի սահմանափակումներ, որոնց նպատակը դատավորների ներքին անկախությունն ու անաչառությունն ապահովելն է, ոչ միայն անաչառ լինելը, այլ նաև հասարակության աչքում այդպիսին երևալը։
Օրինակ՝
- Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:
- Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Դատավորի անկախության հիմնարար արժեքը երաշխավորող սահմանադրաիրավական դրույթների հիմքում ընկած են մի շարք միջազգային փաստաթղթեր։ Վճռաբեկ դատարանն այդ փաստաթղթերի համալիր վերլուծության արդյունքում առանձնացրել է դատավորի կարգավիճակի առնչությամբ հետևյալ հիմնադրույթները`
- դատավորի կարգավիճակը պետք է լինի այնպիսին, որ լիարժեք երաշխավորվի նրա իրավասությունը, անկախությունը և անաչառությունը, նպաստի նրա նկատմամբ հանրության վստահության ձևավորմանը,
- դատավորի կարգավիճակին առնչվող դրույթները պետք է ամրագրված լինեն տվյալ երկրի Սահմանադրությամբ կամ նվազագույնը`օրենքներով,
- պետությունները պարտավոր են դատարանի անկախության սկզբունքի ապահովման համար նախատեսել երաշխիքների գործուն համակարգ, որը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի դատարաններն իրենց հանձնված գործերը քննեն անաչառ, փաստերի հիման վրա և օրենքին համապատասխան, առանց որեւէ սահմանափակման`ամեն կերպ բացառելով որևէ ոչ իրավաչափ ազդեցության, հարկադրանքի, սպառնալիքի, ուղղակի կամ անուղղակի ճնշման կամ միջամտության հնարավորություն` անկախ այն բանից, թե ում կողմից և ինչ պատճառով է դա կատարվում,
- դատավորների կարգավիճակի, նրանց նշանակման կամ լիազորությունների դադարեցման հարցեր քննարկող ցանկացած մարմին պետք է օժտված լինի անհրաժեշտ անկախությամբ, իսկ դրա կազմում պետք է ապահովված լինի դատավորների առնվազն 50 տոկոս մասնակցություն,
- յուրաքանչյուր դատավոր, որը գտնում է, որ լիազորություններն իրականացնելիս խախտվել են իր իրավունքները, պետք է ունենա այդպիսի անկախ մարմնի դիմելու հնարավորություն,
- դատավորի պատասխանատվության համար համաձայնություն տվող կառույցներում պետք է ապահովվի կազմի առնվազն 50 տոկոս մրցութային հիմունքներով ընտրված դատավորների մասնակցություն,
- անօրինական դատական ակտի կամ դատավորի վարքագծի հետեւանքով պատճառված վնասը պետք է հատուցվի պետության կողմից։
Այսինքն՝ պետությունները պարտավոր են սահմանադրությունների և օրենքների մակարդակում ստեղծել երաշխիքներ, որպեսզի դատավորները զերծ մնան ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, այսինքն՝ իրենց իսկ համակարգի ներսում ենթադրյալ ճնշումներից ու այլ ազդեցություններից։
Դատավորների համար սահմանված այս բարձր երաշխիքները նրանց տրված անձնական առավելություն չեն, այլ պայմանավորված են նրանց կատարած առաքելությամբ՝ արդարադատության իրականացմամբ։ Ուստի՝ հարց է առաջանում․ արդյոք կարելի՞ է նման նպատակի համար սահմանված երաշխիքներից ինչ-որ պահի հրաժարվել, երկրի բոլոր դատավորներին պահել կախյալ վիճակում։

Սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում մատնանշում է այն հանգամանքը, որ Սահմանադրությունն ու օրենքները, որոնցով նշանակվել են ներկայում գործող դատավորները, անցել են բոլոր իրավական ընթացակարգերով, ընդհուպ՝ Վենետիկի հանձնաժողովով և միայն դրանից հետո է, որ այսօր գործող դատավորները Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, այսինքն՝ լեգիտիմ ընթացակարգով դարձել են դատավոր։
Հարությունյանը հիշեցնում է, որ Սահմանադրությունը և օրենքները երաշխավորում են դատավորների անփոփոխելիությունն ու անկախությունը, բայց այդ նույն Սահմանադրությունն ու օրենքները չեն երաշխավորում դատավորի անպատժելիությունը, այնպես չէ, որ դատավորն այսօր օրենք է խախտում ու անպատժելի է մնում։
«Ոչ մեկի հակաօրինական գործունեություն չի երաշխավորվում, ընդհակառակը՝ երաշխավորվում է դատավորների անփոփոխելիությունն ու անկախությունը, որպեսզի դատական համակարգը լինի անկախ ու կարողանա իր գործառույթներն իրականացնել պետության և իշխանությունների տարանջատման համակարգում զսպումների ու հակակշիռների մեխանիզմի լույսի ներքո, իսկ այս փոփոխության հետևանքով մի շարք երաշխիքներ ջարդվում են, ստեղծվում է շատ վտանգավոր նախադեպ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է նման կերպ վարվել դատական իշխանության հետ՝ փոխարինելով դատական իշխանությունը իրեն ավելի հլուհնազանդ մարդկանցով։ Այսպիսով օրինականացնում են դատարանների հանդեպ քաղաքական իշխանության դոմինացիան»,- ասում է Ալեքսանդր Հարությունյանը։
Ո՞վ է ստուգելու դատավորների բարեվարքությունը
Իսկ ո՞վ է ստուգելու դատավորների բարեվարքությունը, ի՞նչ չափանիշներով է ձևավորվելու այդ մարմինը և ի՞նչ չափանիշներով է ստուգվելու․ Ալեքսանդր Հարությունյանը նաև այս հարցերն է բարձրացնում ու կարծիք հայտնում, որ այստեղ դաշտ է ստեղծվում դատավորներին տոտալ ենթակայության մեջ պահելու համար:
«Ես ինքնին բարեվարքության կոնցեպտին դեմ չեմ, բայց բարեվարքությունը չափելի կատեգորիա չէ և, ելնելով մեր իրավաքաղաքական տրադիցիայից, մենք, վստահաբար, կարող ենք ասել, որ հիմքում դրվելու է օրվա քաղաքական իշխանության սուբյեկտիվ մոտեցումը բարեվարքությանը»,- կարծում է Ալեքասանդր Հարությունյանը։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը լռում է, չի հրապարակվում, թե, ի վերջո, Նիկոլ Փաշինյանի մոտեցումը ինչ դրսևորում է ստացել նոր Սահմանադրության տեքստում։ Արդարադատության նախարարությունը դեռևս չի հրապարակել նոր Սահմանադրության տեքստը։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանը ևս լռում է։ Նա Սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ է։ ԲԴԽ-ն, ըստ Սահմանադրության, նաև դատավորների անկախությունը երաշխավորող մարմինն է։ Թումանյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ ինչպես Սահմանադրության՝ դատավորներին առնվող կարգավորումների մասին, այնպես էլ այն մասին, թե արդյոք Փաշինյանի հայտարարությունների ամրագրումը Սահմանադրության մեջ չի վտանգում դատավորների անկախությունը։
Հարցին՝ քննարկում կա՞ Սահմանադրության անցումային դրույթներով դատավորներին ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ տալու վերաբերյալ, Կարեն Թումանյանն ասաց, որ խորհրդում քննարկված հարցերը հրապարակում է խորհուրդը։
Մեր հարցին՝ որպես ԲԴԽ անդամ և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի ներկայացուցիչ Կարեն Թումանյանն ի՞նչ դիրքորոշում ունի, արդյո՞ք նման կարգավորումը չի վտանգում դատավորների անկախությունը, Թումանյանն ասաց, թե Սահմանադրությունը հանրաքվեով է ընդունվում և դրանում ցանկացած նշում հանրային կարծիքի դրսևորում է։
«Հանրաքվեի ժամանակ դիրքորոշումն արտահայտում է հանրությունը։ Ի վերջո, Սահմանադրությունը պայմանագիր է պետության ու հասարակության միջև։ Եթե հասարակությունն այդ դիրքորոշումը կընդունի, ուրեմն Սահմանադրությունը կընդունվի»,- ասաց Թումանյանը։
Դիտարկմանը, որ սահմանադրությունները որոշակի իրավական տրամաբանությամբ են գրվում, այլ ոչ թե որևէ մեկի ցանկությունն են արտացոլում և հարցին՝ արդյոք Թումանյանի կարծիքով Սահմանադրության անփոփոխելի դրույթները ևս կարող են փոխվել, եթե հանրությունն այդպես է ուզում, Թումանյանն ասաց, որ եթե որևէ քննարկման վերաբերյալ մանրամասներ ենք ցանկանում իմանալ, դիմենք Խորհրդին։ Ինչ վերաբերում է իր՝ որպես դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի ներկայացուցչի դիրքորոշմանը, Թումանյանն ասաց, որ ինքն ի պաշտոնե Սահմանադրական խորհրդում ներկայացնում է դատարանի և դատական իշխանության շահերից բխող դիրքորոշումներ, իսկ թե ինչ վերջնական տեսք կունենա ժողովրդի քվեարկությանը հանձնված Սահմանադրության տեքստը, աժմ ասել չի կարող։
Արդյոք այն հանգամանքը, որ Սահմանադրությունը հանրաքվեի միջոցով է ընդունվում, նշանակում է, որ խորհուրդը կարող է ցանկացած դրույթ նախատեսել դրանում։
Ալեքսանդր Հարությունյանը նշում է, որ ժողովրդավարական հասարակության մեջ, բնականաբար, իշխանությունը բխում է ժողովրդից: Բայց այստեղ հետևյալ հարցին է պետք անդրադառնալ․ արդյո՞ք ժողովուրդը կոմպետենտ է բոլոր հարցերում։
«Ի վերջո, ժողովրդավարությունը դա ոչ թե մեծամասնության կամարտահայտության ամեն գնով դոմինանցիան է, այլ փոքրամասնության շահերի պաշտպանությունը: Ենթադրենք՝ ժողովուրդը գտնում է, որ դատարանները պետք է փոխվեն ու գնում հանրաքվեի ասում է՝ դա պետք է փոխվի: Արդյո՞ք ժողովուրդը ևս սուբյեկտիվ չէ, քանի որ միջին վիճակագրական քաղաքացին արդարության և արդարադատության իրականացման տարբերությունը այնքան էլ չի ընկալում»,- դիտարկում է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացին, որը դատական որևէ գործի շրջանակներում պարտվել է, կարող է չարանալ դատական ակտը կայացրած դատավորի նկատմամբ և դժգոհ լինել արդարադատությունից, ըստ այդմ՝ դատավորի և արդարադատության նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք ձևավորելով։
Հարությունյանը նաև կարծում է, որ նման տոտալ փոփոխությունները կիրառելի են հեղափոխության ընթացքում, այդ ժամանակ, երբ դու ամբողջությամբ համակարգը փոխում ես ու լրիվ փոխում ես պետության և քաղաքացու միջև սոցիալական պայմանագիրը, բայց եթե այդ համատարած փոփոխությունները 2018 թվականին չեն եղել, իշխանությունները չեն կարող ութ տարի հետո նման կերպ փորձել իշխանություն հաստատել դատարանների հանդեպ։
Ինչու է Փաշինյանը ցանկանում վեթինգի ենթարկել նաև իր օրոք նշանակված դատավորներին
Փաշինյանի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ նա ցանկանում է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ տալ նաև այն դատավորներին, որոնք իր օրոք են նշանակվել։ Մինչդեռ հենց Փաշինյանի իշխանության օրոք աստիճանաբար ուժի մեջ են մտել դեռևս նախկին իշխանությունների ռազմավարություններով նախատեսված այնպիսի փոփոխություններ, որոնց նպատակը կոռուպցիայից զերծ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատավորներ ընտրելն է։
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը 2024-ի տարեվերջին հրաժարականի դիմում ներկայացնելուց առաջ հայտարարել է, որ վեթինգը 80%-ով իրականացված է։ Նա պարզաբանել էր, որ 2024-ին գործող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո, նրանք բոլորն անցնել են բարեվարքության ստուգում, իսկ 2018-2023-ին համակարգից տարբեր պատճառներով հեռացվել է 97 դատավոր։
Եթե վեթինգն իրականացված է, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում ստուգել նաև այն դատավորների բարեվարքությունը, որոնց իրենք են նշանակել։

Ներկայում Հայաստանում գործում է 321 դատավոր։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունից ի վեր ստուգվել է 374 դատավորի բարեվարքություն։ Բարեվարքություն անցած դատավորների թիվն ավելի մեծ է, ամենայն հավանականությամբ, պայմանավորված այն հանգամքնով, որ դատավորների մի մասը տարբեր պատճառներով դադարել է աշխատել։
Իսկ արդյոք բարեվարքության ստուգման ընթացակարգով անցած դատավորներն իրոք բարեվարք են։ Այդ հարցի պատասխանը կարող եք գտնել՝ ընթերցելով Factor TV-ի՝ «Ովքեր են դատում․ ՀՀ-ում կան քրեական գործերով անցած և քաղաքականությամբ զբաղված դատավորներ» հոդվածը։
Դիտարկենք նաև, որ հունիսի 7-ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ են։ Այս փոփոխությունները կյանքի կկոչվեն, թե ոչ, ամենայն հավանականությամբ կախված է նաև այն հանգամանքից, թե որ ուժը ՀՀ-ում իշխանություն կունենա։
Արաքս Մամուլյան