1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հաղորդաշարեր
04.10.2026 | 20:00Եկեք իրար հետ գնանք աղբը թափելու։
Առօրյայում, իհարկե, այդպես չենք անում, բայց այս անգամ սկզբում կստուգենք՝ որտեղ է աղբամանը՝ ոչ թե ըստ տեղեկացված հարևանների, այլ օրենքի։
Աղբամանների տեղադրման վայրերի հեռավորությունը կարգավորող իրավական ակտն ասում է՝ դրանք պետք է տեղադրվեն բնակելի և հասարակական շենքերից, նախադպրոցական, դպրոցական, մշակութային և այլ հաստատություններից, հանգստի գոտիներից, խաղահրապարակներից ոչ պակաս, քան 15 մետր և ոչ ավելի, քան 100 մետր հեռավորության վրա: Իրարից հեռավորությունը ևս պիտի առավելագույնը 100 մետր կազմի։
Փորձենք հասկանալ՝ ով որտեղ և ինչ աղբ է նետում, ինչ ռեսուրսներ են ծախսվում քաղաքը մաքուր պահելու ակնկալիքով և բացել մայրաքաղաքի աղբահանության ՇԵՐՏԵՐԸ։
Աղբ նետելու գործողությունը հաջողությամբ մոտեցավ ավարտին առաջին աղբամանից նախատեսված առավելագույն 100-ի փոխարեն շուրջ 800 մետր հեռանալուց հետո միայն։
***
«Բնակիչ է լինում, որ բողոքում է, որ իր պատուհաններին է մոտիկ, տնտեսվարողները բողոքում են, որ իրենց գործունեությունը ծավալելուն են խանգարում։ Այդ դեպքում հիմնականում մեր պատասխանատուները փորձում են ստորագրահավաքների միջոցով կազմակերպել։ Լինում են դեպքեր, որ ոչ ոք չի ուզում ընդհանրապես, ասում են` այստեղից տեղափոխեք այս մասը, այս մասում դնում ենք, մյուս բնակիչն է բողոքում, այդտեղից տեղափոխում ենք՝ տնտեսվարողն է բողոքում»,- ասում է Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն Ռոմանոս Սաֆարյանը։
Այսպիսով, համայնքն օրենքից զորավոր է լինում ու հաճախ աղբարկղին հասնելը բնակչի համար մի փոքրիկ ճամփորդության է վերածվում։ Քայլելն օգտակար է։ Բայց երբ ձեռքիդ աղբ է, որը, հատկապես ամռան ամիսներին իր հետքն է թողնում ասֆալտի վրա, քաղաքը մաքուր պահելն ավելի դժվար է դառնում։
«Ամառվա ամիսներին մոտավորապես գեներացվում է 1700 տոննա կենցաղային աղբ, իսկ ձմեռային սեզոնին՝ մոտ 1200 տոննա»,– ասում է Ռոմանոս Սաֆարյանը։
Այս տվյալը մեկ օրվան է վերաբերում։ Երևանում ամենաշատը, թերևս, աղբ է արտադրվում։ Տարիներ շարունակ աղբահանության թեման եղել է օրակարգային․ գարշահոտություն, լցված աղբարկղեր և այլն։ Այժմ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՊՈԱԿ-ին այս թեմայով ավելի քիչ բողոքներ են ուղղվում։ Իսկ ի՞նչ գնով է մաքրվում Երևանը։
Այսօր մայրաքաղաքի մաքրությունն ապահովվում է 45 աղբատար մեքենայով։ Աշխատակիցների մի հերթափոխն այդ մեքենաներով փողոցում է լինում առավոտյան ժամը 8։15-ից մինչև 16։15, երկրորդ հերթափոխը՝ երեկոյան ժամը 21։15-ից առավոտյան 04։15-ը։
Դիտարկենք ծախսերի միայն մեկ տողը՝ վառելիքը։ Այս մեքենաներն օրական մինչև 5,5 տոննա դիզել են ծախսում։ Տարեկան օգտագործվում է միջինում 2000 տոննա վառելիք։ Դիզելի լիտրը Հայաստանում վաճառվում է միջինում 680 դրամով, ուստի ստացվում է, որ տարվա ընթացքում հիմնարկը շուրջ 1 միլիարդ 680 միլիոն դրամ կամ 4,2 միլիոն դոլար ծախսում է միայն վառելիքի համար։
2025 թվականին աղբահանության վճարներից հավաքագրվել է 5 միլիարդ 947 միլիոն դրամ, որի շուրջ 27 տոկոսն ուղղվել է մեքենաների շարժիչը սնուցելուն։
«Տեղեր ունենք, որ օրական 5, 6, 7 անգամ»,- ասում է Ռոմանոս Սաֆարյանը։
Եվ հենց այստեղ հասնում ենք աղբահանության թեմայի հաջորդ շերտին։ Ինչո՞ւ են այս մեքենաներն օրական մինչև 7 անգամ հայտնվում նույն հասցեում։ Այս հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է իմանանք՝ ինչ կարող է հայտնվել աղբարկում, որը դատարկելու պատասխանատվությունը ստանձնել է համայնքային հիմնարկը։
Պատասխանը կարճ է՝ կենցաղային աղբ։ Բայց այստեղ լցվում է նաև սրճարանների, ռեստորանների, սուպերմարկետների գործունեության հետևանքով գոյացող աղբը, ուստի հիմնարկը ստիպված է լինում նույն հասցեով մեքենա ուղարկել օրական մի քանի անգամ։
–Քանի որ իրենք առանձին աղբահանության վճար են վճարում, իրենք մոտակա աղբամանների մեջ են տեղափոխում իրենց աղբը, բայց ծավալը մեծ լինելու դեպքում մենք հորդորում ենք, որ առանձին պայմանագիր կնքեն Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի իրենց աղբը չկուտակվի այն աղբամանների մեջ, որ նախատեսված է բնակչության համար, առանձին աղբաման դնեն իրենց առանձին աղբահանությունը կատարելու համար։
-Դա հորդորի՞ մակարդակում է, թե՞ պահանջի։
– Հորդորի մակարդակում,- ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Երևանի 225 աղբաման վարձակալությամբ տրամադրվել է տնտեսվարողներին։ Բայց քանի դեռ կազմակերպություններն իրենց աղբն անխոչընդոտ տեղավորում են քաղաքային աղբամաններում, այս թիվը չի աճում, ինչը քաղաքապետին արդեն մտահոգում է։
«Մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանուր այս որակի պահպանումը։ Բայց կարծում եմ՝ մենք վարձակալական հիմունքներով տրամադրված աղբամանների քանակն էականորեն պետք է ավելացնենք, որովհետև շատ դեպքերում մասնավոր բիզնեսներն իրենց ծավալներով գերծանրաբեռնում են մեր աղբամանները։ Իրենց համար կա առանձնացված վճարովի ծառայություն։ Ես կարծում եմ՝ Երևան քաղաքի համար վարձակալության հիմունքներով տրված 225 աղբամանները շատ քիչ են և պետք է աշխատել տնտեսվարողների հետ, որ նրանք էս ծառայություններից օգտվեն ու առանձնացված սպասարկում ստանան»,- ասել է Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Թվում է՝ խնդիր չկա։ Աղբը կուտակվում է ու ժամանակին հեռացվում, հիմնարկը հաճախ չի ունենում ուշացած աղբահանության համար բացատրություն տալու անհրաժեշտություն։ Բայց սա լրացուցիչ ծանրություն է ոչ միայն քաղաքային բյուջեի, այլ նաև քաղաքի փողոցների համար։ Այս մեքենաները, ի վերջո, հայտնվում են քաղաքի՝ առանց այդ էլ դժվար շարժվող երթևեկության մեջ։
«Աբովյան փողոցի մինչև Հրապարակ խաչմերուկը տեղադրված աղբամաններից օրը 6-7 անգամ աղբահանություն է կատարվում, Մալիբույի այգու հատվածում էլ ունենք՝ Բյուզանդ և Արամ փողոցներում, որոնք շատ֊շատ արագ են լցվում ու հիմնականում էդ աղբամանները լցվում են տնտեսվարողների կողմից։ Տեղեր ունենք, որ փողոցները նեղ են, շատ դժվարանցանելի է մեր աղբատարների համար։ Նույնիսկ չենք կարողանում մեր աղբատարները մոտենան։ Լինում են փողոցներ, որտեղ աղբատարը պետք է մի րոպեով կանգնի, աղբահանություն կատարի, խցանում է ստեղծվում։ Այդ իսկ պատճառով ցերեկային աղբահանությունը մեր մոտ շատ ավելի բարդ է ստացվում»,- ասում է Ռոմանոս Սաֆարյանը։
Հիմնարկի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ կան, որոնք հայտարարում են՝ աղբահանությունն իրականացվում է նաև գիշերը։ «Մինչ քաղաքը քնում է, մեր թիմը շարունակում է աշխատել»՝ կարդում ենք գրառումներում։ Բայց կարդում ենք նաև մեկնաբանություններ՝ քաղաքը չի կարողանում քնել, քանի որ թիմն աշխատում է գիշերը, հիմնականում՝ խիստ աղմկոտ։
«Ունենում ենք բազմաթիվ ահազանգեր, բողոքներ՝ գիշերային աղբահանության հետ կապված։ Մենք, ըստ բողոքների, փորձում ենք էդ լուծումները տալ, որ ձայնի հետ կապված մի քիչ ավելի հանգիստ․․․ որտեղ որ հնարավոր է լինում, փոխում ենք, ավելի շուտ ենք կազմակերպում աղբահանությունը։ Դե բայց գիտեք, մեկ է, պետք է Երևան քաղաքի աղբահանությունը կատարվի»,- նշում է նա։
***
Միակ մեղավորը տնտեսվարողը չէ՝ ասում են հիմնարկից։ Սրճարանները, ամեն դեպքում, աղբամանների մոտ մահճակալ, սառնարան ու պահարան չեն դնում։ Այս աղբը հավաքելու պարտավորություն ԵԱՍՄ-ն չունի։
«ԵԱՍՄ-ի գործառույթների մեջ մտնում է միայն կենցաղային աղբի տեղափոխումը աղբամաններից։ Բայց է ունենում ենք խնդիրներ, որ մեր աղբամանների կողքը մեր բնակիչները կուտակում են շինարարական աղբ, բազմաթիվ տնային պարագաներ, կահույք, մահճակալներ նույնիսկ»,- նշում է նա։
Հիմնարկից խնդրում ու հորդորում են այդպես չվարվել։ Եվ հենց այս կետում հասնում ենք ոլորտի հիմնական խնդիրները բացատրող շերտին․ կարգը կա, կարգը պահպանել պահանջողը՝ ոչ։
«Այս պահին չի գործում վերահսկողություն, ինձ թվում է` այդ վերահսկողությունը կսահմանվի միայն տեսախցիկների միջոցով, որ կարողանանք տուգանել, որովհետև շատ դժվար է հայտնաբերել աղբը գեներացնողներին։ Հիմնականում գիշերային ժամերին տեղափոխում են շինարարական աղբը մեր աղբամանների կողքը, ու առավոտյան առաջանում են խնդիրներ»,- նշում է Սաֆարյանը։
***
Երևանում 11 հազարից ավելի աղբաման կա։ Դրանցից օգտվելու կարգ սահմանելուց բացի՝ վերահսկողություն սահմանելու մասին ակնարկներն ավարտվում են նույնքան նուրբ ակնարկով․ այդ դեպքում ամեն քայլափոխին՝ աղբաման, ամեն աղբամանի կողքին՝ տեսախցիկ կլինի։ Այս թեմայով քննարկումներ չկան, սա միայն ենթադրյալ լուծման մատնանշում է։
Որպես փաստ կարող ենք արձանագրել միայն այս պահի իրավիճակը․ Երևանի քաղաքապետարանը Երևանում խցանումների խնդիրը մեղմելու համար դիտարկում է մարզերից տրանսպորտային միջոցների մուտքը քաղաք սահմանափակելը։ Բայց նույն քաղաքապետարանն օրական մի քանի անգամ մեծ աղբատար մեքենաներ է ուղարկում մայրաքաղաքի կենտրոն՝ հավաքելու այն աղբը, որը հիմնականում կուտակվում է սահմանված կարգը չպահպանելու պատճառով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արուսյակ Կապուկչյան

