Թույլատրելի՞ է «սատկացնելու», «կզացնելու» մասին խոսույթը. Նիկոլ Փաշինյանի ելույթների առնչությամբ Քննչական կոմիտեն վարույթ չի նախաձեռնել

Լուրեր

26.05.2026 | 15:51
ԱԺ նիստն այդպես էլ չկայացավ․ քվորում չապահովվեց
26.05.2026 | 15:45
Շոյգուն պնդում է, թե Հայաստանի տարածքի վրա ոչ ոք չի հարձակվել
26.05.2026 | 15:37
Իրանը հայտարարել է ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին և զգուշացրել՝ հրադադարի խախտումներին խիստ պատասխան կտրվի
26.05.2026 | 15:30
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ժամանումը Երևան. ՈՒՂԻՂ
26.05.2026 | 15:28
Էս պադվալում հիմա գտնվում են քաղբանտարկյալներ. ԼՀԿ-ն քարոզարշավը սկսեց ԱԱԾ-ի դիմացից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 15:27
Մանրամասներ` Ռուբիոյի Երևան այցի գրաֆիկից
26.05.2026 | 15:12
«Հայաստան» դաշինքի հանդիպումը Քաջարանում. ՈՒՂԻՂ
26.05.2026 | 15:10
Ռուբիոն Երևանում հուշագիր կստորագրի // Ընտրությունների մասնակից ուժերը պակասեցին մեկով․ ԼՈՒՐԵՐ
26.05.2026 | 15:00
Թույլատրելի՞ է «սատկացնելու», «կզացնելու» մասին խոսույթը. Նիկոլ Փաշինյանի ելույթների առնչությամբ Քննչական կոմիտեն վարույթ չի նախաձեռնել
26.05.2026 | 14:54
«ԱՊՀ-ն առանց ուշադրության չի թողնի ՀՀ-ում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը»․ Լեբեդև
26.05.2026 | 14:45
Ծիծեռնակաբերդի խճուղու տարածքի օտարման գործով նախկին պաշտոնյաներ են մեղադրվում
26.05.2026 | 14:34
Հայ հեծանվորդը հաղթել է միջազգային մրցաշարում
26.05.2026 | 14:22
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է՝ Պարսից ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ԱՄՆ բազաների համար
26.05.2026 | 14:14
«Նյու Յորք Նիքսը» 1999-ից հետո առաջին անգամ կխաղա NBA-ի եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 14:00
Միրզոյանը այսօր և վաղը արձակուրդում չէ․ նա կդիմավորի ԱՄՆ պետքարտուղարին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած արտահայտությունների առթիվ Քննչական կոմիտեն վարույթ չի նախաձեռնել:

Կոմիտեից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են.  ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի  անդամ Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված առերևույթ հանցանքի վերաբերյալ  հաղորդման դեպքի առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ արձանագրություն, որը, օրինականությունը հաստատելու նպատակով, ուղարկվել է հսկող դատախազին»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ  քարոզարշավի ընթացքում  երկու տարբեր դրվագներում վիճաբանելով արցախցի հանրային գործիչ Արթուր Օսիպյանի և  բժիշկ Արփինե Սողոյանի հետ, Հայաստանի նախկին նախագահներ՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարներ՝ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին  «սատկացնելու, կզացնելու» վերաբերյալ հայտարարություններ էր արել: 

Քարոզարշավի ժամանակ 44-օրյա պատերազմի օրերին անհետ կորած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանի քույրը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին և նրան մեղադրել «հայրենիքը գողանալու» մեջ:

«Այն, ինչը որ պետք է ասեմ, Դուք բազմիցս լսել եք, բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռվեց այսքան մոտիկ տարածությունից նայել Ձեր աչքերի մեջ և ասել, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, իմ եղբորն եք գողացել, Դուք գողացել եք իմ ուրախությունը»,- Փաշինյանին մոտենալով՝ ասել էր կինը։

Փաշինյանը կոշտ էր արձագանքել։ «Եթե դուք Ռոբն եք, ես Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու եմ, Սերժին էլ եմ կզացնելու, Ռոբին կզացնելու եմ ու կզացնելու եմ»,- բղավել էր Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան կինն ասել էր, թե «կզածը Փաշինյանն է»:

«Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու․․․ էն մասկեքով, մասկեքով, որ ղարաբաղյան ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, փախածները, Ֆեռարի ֆորսաժով փախել են պատերազմից․․․․․ Ռոբիդ կզացնելու եմ, չոքցնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուդ էլ եմ չոքացնելու։ Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք, և ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում․․․վիդեոն, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, հանեք ձեր մասկեքը, ա՛յ ստահակներ, ա՛յ, փախածներ, ա՛յ, ա՛յ, մեր էրեխեքին հակառակորդի առաջ մենակ․․․, Ղարաբաղի ակցենտով, մասկեքով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փախել եք  մարտադաշտից, հանեք ձեր մասկեքը, հանեք ձեր մասկեքը՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու լակոտներ, չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը»,- բարկացած շարունակել էր բղավել Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունից հետո Factor.am-ը դիմել էր  Դատախազություն՝ պարզելու համար, թե արդյոք ուսումնասիրվել են ԶԼՄ-ներում տարածված տեսանյութերը՝ վարչապետի հայտարարությունների առթիվ վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար, ինչին ի պատասխան կառույցից հայտնել էին, որ ուսումնասիրություն առկա չէ:

Այս միջադեպի առնչությամբ հանցագործության վերաբերյալ դիմում է ներկայացրել փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը: Վարդևանյանի հաղորդումից հետո Դատախազությունն այն ուղարկել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Ինչ է հայտնել Արամ Վարդևանյանը

Վարևանյանի պնդմամբ՝ Փաշինյանի խոսքն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ: Թեև նա հաղորդման մեջ առանձնացրել է Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցված արտահայտությունները՝ նաև դիրքորոշում է հայտնել, որ առերևույթ հանցանքի հատկանիշներ առկա են նաև մյուս անձանց մասով:

Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտահայտվելու ազատությունը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով, սակայն սա չի նշանակում, որ  ցանկացած խոսքի ազատություն թույլատրելի է. հոգեկան ներգործությունը, ատելության խոսքի տարածումը, բռնության գործադրման հրապարակային արդարացումը և մի շարք այլ դրսևորումներ քրեականացված են:

Հղում կատարելով  Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածին՝ Վարդևանյանը նշեց, որ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, որը կատարվել է անձի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, կամ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Տվյալ դեպքում, ըստ փաստաբանի,  առերևույթ առկա է տարբեր շարժառիթներով (քաղաքական, ազգային էթնիկ և այլն) պայմանավորված ֆիզիկական հաշվեհարդարի (կզացնելու, սատկացնելու, չոքացնելու և այլն) սպառնալիք:

Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի իմաստով՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, որը կատարվել է իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ զանգվածային լրատվության միջոցների, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Վարդևանյանը Դատախազություն ուղարկված դիմումում նշել է, որ Փաշինյանի հրապարակային խոսքում ընդգծված թիրախավորում է նկատվում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների նկատմամբ: Հնչում են տարաբնույթ վիրավորանքներ՝ կապված ազգային ծագման հանգամանքով (մարտադաշտից փախած վախկոտ համբալներ, թալանել եք և այլն): Ավելին, նշված առերևույթ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրող խոսքը հնչում է այն պայմաններում, երբ անձը հստակ գիտակցում է, որ գտնվում է հանրային վայրում, ներկա են հանրության ներկայացուցիչներ, խոսքը լուսաբանվում է զանգվածային լրատվության միջոցներով, հասանելի է դարձվում հասարակության լայն շրջանակներին։ Ավելին, անմիջական զրուցակցի հեռանալուց հետո նույնաբովանդակ խոսույթը շարունակվում է հենց անմիջապես զանգվածային լրատվության միջոցի կողմից իրականացվող տեսաձայնագրառման միջոցով:

ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով էլ, ըստ Վարդևանյանի, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, որը կատարվել է իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Ըստ փաստաբանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով պայմանավորված, օգտագործելով պաշտոնից բխող ազդեցությունը, Նիկոլ Փաշինյանը զանգվածային լրատվության միջոցների կողմից իրադարձությունների լուսաբանման պայմաններում, առերևույթ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը (սատկացնելը, չոքացնելը, կզացնելը և այլն) անձանց նկատմամբ՝ կապված վերջիններիս ազգային ծագումով, քաղաքական և այլ հայացքներով, իսկ նման բառամթերքը որևէ իրավիճակում չի կարող դիտարկվել խոսքի ազատության տիրույթում։

Այսպսով՝ Արամ Վարդևանյանը համարել է, որ Նիկոլ Փաշինյանի արարքին կարելի է նախնական իրավական գնահատական տալ Քրեական օրենսգրքով նախատեսված առնվազն 3 հոդվածով:

Դիմումում փաստաբանը նաև ՄԻԵԴ գործերից մեկին է հղում կատարել. «Պակետովան և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով ՄԻԵԴ-ը հատուկ կարևորել է պետական բարձր պաշտոնատար անձանց հայտարարությունների ազդեցությունը խոցելի խմբերի նկատմամբ հասարակական վերաբերմունքի ձևավորման վրա: Դատարանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ այն ժամանակվա փոխվարչապետը հանդես էր եկել լայնորեն լուսաբանված հայտարարություններով՝ օգտագործելով խիստ խարանող լեզու՝ ուղղված կոնկրետ համայնքին՝ որպես ամբողջության: Դատարանը նաև արձանագրել է, որ պաշտոնատար անձանց կողմից տվյալ խմբի վերադարձին կամ ներկայությանը հակադրվելու կրկնվող հրապարակային դրսևորումները եղել են առանձնահատուկ նշանակություն ունեցող գործոն, քանի որ նման հայտարարությունները կարող են ուժեղացնել տվյալ խմբի անդամների անվտանգության վերաբերյալ վախը և ստեղծել նրանց իրավունքների խաղաղ իրացման իրական խոչընդոտ:

Փաստաբանը կարևորում է այն հանգամանքը, որ ներկայում նախընտրական քարոզչության պայմաններում հանրային խոսքը, առավելևս՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, առավել զուսպ պետք է լինի, իսկ կոնկրետ «կզացնելու, սատկացնելու եմ, չոքացնելու եմ» արտահայտությունները դժվար թե կարող են դիտարկվել որպես զուսպ արտահայտություն: Ըստ փաստաբանի՝ ՄԻԵԴ կայուն դատական պրակտիկայի իմաստով, հանրային գործիչները, պաշտոնատար անձինք, հաշվի առնելով իրենց խոսքի կշիռը և ազդեցությունը լայն հասարակության շրջանում, պետք է առավել ընդգծված զգայունություն դրսևորեն խոսքի բովանդակության և դրա հնարավոր ազդեցության նկատմամբ:

Նախընտրական քարոզչությունը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով և սպառնալիքներով, որոնք խաթարում են խաղաղ և առողջ սոցիալական միջավայրը. ՍԴ

Սահմանադրական դատարանը ՍԴՈ թիվ 1606 որոշմամբ դիրքորոշում է հայտնել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը և դրանց ներկայացուցիչները նախընտրական քարոզչության ընթացքում օգտվում են իրենց կարծիքն արտահայտելու լայն հնարավորություններից, ինչը ժողովրդավարական հասարակությունում հնարավորություն է տալիս ազատորեն ձևավորելու ժողովրդի կամքը, ուստի՝ այն ընտրությունների ազատության սկզբունքի ապահովման անհրաժեշտ պայման է: Այդուհանդերձ, նախընտրական քարոզչությունը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով և սպառնալիքներով (եթե անգամ այդ սպառնալիքն իրական չէ), որոնք խաթարում են խաղաղ և առողջ սոցիալական միջավայրը։ Քաղաքական ուժերը և դրանց ներկայացուցիչները պետք է նախընտրական քարոզչության ընթացքում դրսևորեն առավելագույն զսպվածություն, քաղաքական կոռեկտություն՝ բացառելով ատելության, բռնության ցանկացած կոչ ու սպառնալիք և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարքագիծ»:

Վարդևանյանը դիմումում նաև ՍԴ հայտնած այս դիրքորոշումն է ներառել և խնդրել ձեռնարկել ՀՀ դատախազության իրավասություններից բխող անհրաժեշտ գործողություններ:

Այս դիմումը, փաստորեն ուղարկվել է Քննչական կոմիտե և չի դարձել վարույթ նախաձեռնելու առիթ:

Որ դեպքում կարող է վարույթ չնախաձեռնվել

Քրեական դատավարության օրենսգրքով՝  քրեական վարույթ նախաձեռնելու շեմը էականորեն ցածր է սահմանված: Վարույթ չի նախաձեռնվում միայն այն դեպքում, երբ հաղորդումն ակնհայտորեն հանցանքի մասին չէ:

Այսպես՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ 

Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է`

1) ֆիզիկական անձից.

2) իրավաբանական անձից.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ.

4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:

Տվյալ դեպքում հաղորդումը ներկայացվել է  ֆիզիակական անձի կողմից: 

173-րդ հոդվածի 2-ևդ մասի համաձայն՝ 

  1. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:Այսինքն՝ այն դեպքում, երբ այս կամ այն արարքին կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված նախնական իրավական գնահատական, քննիչը պարտավոր է վարույթ նախաձեռնել:

Ստացվում է, որ ըստ Քննչական կոմիտեի  ընդդիմադիրներին «սատկացնելու», արցախցիների վերաբերյալ վարչապետի  արտահայտությունները հանրորեն վտանգավոր չեն, թույլատրելի են և չեն առաջացնի քրեական պատասխանատվության հարց:

Այս տեսակետը, սակայն, չեն կիսում բազմաթիվ իրավաբաններ:

Իրավաբանական գիտությոնների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, օրինակ, Փաշինյանի ելույթից անմիջապես հետո հանդես էր եկել հրապարակային խոսքով այն մասին, որ  Փաշինյանի արարքում առերևույթ առկա է Քրեական  օրենսգրքի 329-րդ հոդվածով  նախատեսված հանցագործության հատկանիշներ, այսինքն՝ ատելության հրապարակային խոսք:

«Սակայն իրավաբանական համայնքը, կարծես, համակերպվել է, որ պաշտոնատար անձը դուրս է քրեական իրավունքի գործողության ոլորտից։ Հետաքրքիր է՝ իրավապահ համակարգն այժմ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվելու քրեական վարույթ նախաձեռնելուց։ Երևի կասեն՝ հանցանքի օբյեկտը չկա, դիտավորություն չկա կամ «մեղսունակություն» չկա, պարզապես քաղաքական խոսք է: Ցավալի է, որ մարդու իրավունքներով զբաղվող որևէ պետաիրավական ինստիտուտ մասնավոր անձանց դեմ ուղղված այս աղաղակող դեպքով հասցեական կամ առարկայական խոսք չասաց»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ղամբարյանը:

Փաշինյանի հայտարարություններից հետո փաստաբան Արայիկ Պապիկյանն է արձագանքել դրան՝ նշելով, որ 70-ամյա մի տղամարդու դատարանը դատապարտել է նույն 329-րդ հոդվածով:

«70-ամյա Տիգրան Դերմոյանը դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, իբրև թե, ատելության խոսք էր տարածել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում, որն ուղղված էր եղել նիկոլին՝ աննայի միջոցով։ Դատավճռի հիմքում դատավոր Չիչոյանը ապօրինաբար դրել էր նիկոլին կից գործող ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած երկու ոստիկանի լկտի ու սուտ ցուցմունքները և մեկ տեսագրություն, որտեղ Դերմոյանը որևէ բառ չի արտաբերում։ Երեկ նիկոլը հրապարակայնորեն այնքան նպատակային ու թիրախավորված ատելություն տարածեց, որ կբավականացներ մի քանի քաղաքացիական պատերազմների, բայց դատախազն ու քննիչը չեն տեսել և լսել, ճշմարտացի ցուցմունք տվող ոստիկան ևս չկա։ Նիկոլի դատավճիռը աննախադեպ է լինելու, և լինելու է ընտրովի արդարադատություն»,- գրել է Պապիկյանը:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Տիգրան  Դերմոյանի վերաբերյալ գործի ուսումնասիրությամբ մենք պարզեցինք, որ վերջինիս մեղադրանքը հետևյալն է.

Տիգրան Գևորգի Դերմոյանը, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, ազգային (ներազգային) արժանապատվությունը նվաստացնելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական ղեկավարի անձով պայմանավորված քաղաքական հայացքներից ելնելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն քարոզելու նպատակով, թշնամանք հարուցելու դիտավորությամբ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 15-ի սահմաններում քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ գտնվելով «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում, նկատել է Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար ծաղիկներ խոնարհելու նպատակով անմար կրակին մոտեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին և նրա անչափահաս դստերը՝ Արփի Փաշինյանին: Գիտակցելով նշված միջոցառման հանրային լինելու, հուշահամալիրը ինչպես զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներով, այնպես էլ հասարակության այլ անդամներով լի լինելու փաստը և երկրի առաջին տիկնոջ այցը զանգվածային լրատվության միջոցներով ուղիղ հեռարձակվելու հանգամանքը՝ շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցրել է հետևյալ հրապարակային վանկարկումները. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», «Նիկոլ թուրք», որոնք նույն պահին հեռարձակմամբ հրապարակվել են համացանցի «You Tube» տեսանախագծային կայքում, «https://youtu.be/jJ-fWi9tHuc?si=i5ytLjtcbjQBEMRh» հղումով, «PanoramaamTV» ալիքով, ինչպես նաև նույն կայքերի սոցիալական ցանցերի էջերով՝ այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող և քաղաքական խմբին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացնելով երկրի առաջին տիկնոջ և անչափահաս երեխային ինքնասիրությունն ու արժանապատվությունը, մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն սերմանելով հայ ազգի շրջանում, ինչի արդյունքում ինչպես ներկա գտնվող հասարակության շրջանում, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների և տեխնիկական միջոցի օգտագործմամբ հասարակության մոտ տարածել է ատելություն, խտրականություն, քաղաքական խմբի նկատմամբ անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսք»:

Factor.am-ն ամիսներ առաջ գրել էր ևս մեկ դեպքի մասին, որը դարձել է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ: Մասնավորապես՝ քաղաքացին ցանկություն էր հայտնել, որ «Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը վայր ընկներ»։ Այս հայտարարությունը պատճառ էր դարձել, որ նա հայտնվի մեղադրյալի աթոռին:

Այս գործը քննվում է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում։ Պարզվում է` 2025 թվականի դեկտեմբերին Facebook սոցիալական հարթակում տեղադրվել է մի հրապարակում, համաձայն որի՝ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում։ Հրապարակման մեկնաբանությունների բաժնում Ս․Ա․-ն կատարել է հետևյալ գրառումը․ «Երանի,չեր,անոդաչուն,խփեր,բոլորս,կազատվեյինքէտ,երկու,հրեշներից» (մեկնաբանությունը մեջբերված է առանց փոփոխության – խմբ․)։ Գրառումից հետո Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում նախաձեռնվել է վարույթ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այսինքն՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝ զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Վարույթ նախաձեռնելուց շուրջ 3 ամիս անց Ս․Ա․-ին այս հոդվածով մեղադրանք է ներկայացվել։

Ստացվում է՝ վերը նշված արտահայտությունը ևս, ըստ իրավապահների, քրեորեն պատժելի է, իսկ երկրի առաջին դեմքի կողմից ընդդիմադիրներին «սատկացնելու», կզացնելու, «չոքացնելու» մասին հայտարարությունները  անգամ առերևույթ հանցանքի մասին տեղեկություն չեն պարունակում:

Դատախազությունը կհաստատի վարույթ չնախաձեռնելու մասին քննիչի որոշումը, թե՝ ոչ, պարզ կլինի առաջիկայում:

 

Արաքս Մամուլյան