Հանցանք, որը լցնում է պետբյուջեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
03.12.2025 | 20:00Եթե Ձեզ կասկածելի հեռախոսահամարից զանգահարում են, աննախադեպ շահավետ առաջարկ անում կամ ձեր անվտանգությունն ապահովելու համար բանկային տվյալ պահանջում, մի՛ տրվեք գայթակղությանը։ Մեծ հավանականությամբ՝ աշխարհի որևէ ծայրում, հարմարավետ գրասենյակներում նստած անձինք ցանկանում են տիրանալ ձեր ֆինանսական միջոցներին։ Այս հանցագործությունն աշխարհում հայտնի է զանգերի կենտրոն անունով։ Հայաստանում նույնպես կան նման կենտրոններ։ Ինչ է արվում՝ դրանք բացահայտելու և վնասազերծելու համար։ Factor TV-ն փորձել է ստանալ այս հարցի պատասխանը և պարզել՝ ո՞ւր են գնում Հայաստանում գործող զանգերի կենտրոնների գումարները, ի՞նչն է խոչընդոտում բացահայտել այս հանցագործությունը և ինչո՞ւ այս գործերը քննող քննիչներն ամիսներ առաջ հեռացան Քննչական կոմիտեից։
Մինչ հանցավոր գործունեությունը սկսելը՝ կազմակերպության ղեկավարները վարձակալում են տարածք, որը պետք է լինի անվտանգ։ Փակում են գրասենյակի պատուհանի ապակիները, որպեսզի հնարավոր չլինի տեսնել, թե ինչ է կատարվում ներսում։ Կահավորում են սենյակն այնպես, որ իրավապահների անակնկալ այցի դեպքում անջատվի էլեկտրականությունն ու խափանվի ներսում գտնվող համակարգիչների աշխատանքը։
ՆԳՆ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների վարչության պետ Հայկ Մկրտչյանը նշում է․ ենթադրալ հանցավոր խմբի անդամները նրանք համակարգչային տեխնիկան կահավորում են այն տրամաբանությամբ, որպեսզի շատ արագ հնարավորություն ունենան իրավապահ մարմիններին զրկել համակարգիչներում պահվող կամ համակարգիչների միջոցով այլ համակարգիչներում հասանելի տեղեկատվությունից։
Գրասենյակներում աշխատողներն իրավունք չունեն իրենց մոտ պահել անձնական բջջային հեռախոսներ, պարտավոր են պահպանել իրեն գործունեության գաղտնիությունը, իսկ լռության գինը բարձր աշխատավարձն է, որը կարող է տատանվել ամսական 2000-ից ընդհուպ 50,000 դոլարի շրջանակում։ Հենց այս գաղտնի գրասենյակներից էլ տիրանում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հազարավոր քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Զանգահարում են ու առաջարկում արագ շահույթ ստանալու հնարավորություն կամ ներկայանում բանկի, հարկային ծառայության կամ այլ մարմնի աշխատակից, հայտնում են, որ քաղաքացու քարտից կասկածելի գործարք է կատարվել, իսկ խնդիրն արագ կարգավորելու համար անհրաժեշտ են բանկային կամ անձնական գաղտնիք համարվող տվյալներ։ Դրանք ստանալով՝ խաբեությամբ տիրանում են քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Զանգերի կենտրոնի միջոցով քաղաքացիներին խաբեության զոհ դարձնելու հանցավոր սխեմայի տարբերակներն այսքանով չեն սահմանափակվում։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ իրենք բազմաթիվ քաղաքացիներ դիմում են այնպիսի հորդորներով, խնդրանքներով որպեսզի հետ բերեն գումարներ, որոնք իրենք, իբրև ներդրել են տարբեր ֆինանսական սխեմաներում, կրիպտոների մեջ։
«Շատ տարածված դեպքերից մեկը, երբ քիչ թե շատ հայտնի անձի նկարով, անունով կապվում են մարդկանց հետ և ֆանտաստիկ պատմություններ պատմում, թե քրեական գործ է հարուցվել, և դու, որպես ինձ ծանոթ մարդ, ընկել ես շրջանակի մեջ, հավանաբար, ԱԱԾ-ն քեզ կզանգահարի, հետո ինչ-որ մեկը զանգում է, գումարներ պահանջում»,- նշում է Պապյանը։
Այս կազմակերպությունները կա՛մ առհասարակ գործում են ստվերում, կա՛մ պետությանը մոլորեցնում՝ գրանցվելով որպես այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպություն։
«Լինում են դեպքեր, երբ հարկերից խուսափելու, ֆինանսական միջոցներին օրինական տեսք հաղորդելու, հետագայում հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, թաքցնելու նպատակով, դրանց օրինական տեսք հաղորդելու համար, տարբեր անձանց անուններով իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցում են ընկերություններ։ Սակայն մի շարք դեպքեր ունենք, որ առհասարակ հիշյալ գրասենյակային տարածքում գործունեություն իրականացնելիս որևէ գրանցում չեն իրականացրել»,- ասում է Քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների վարչության պետ Շիրազ Գրիգորյանը։
Որպես կանոն՝ այս տեսակի հանցագործություններով զբաղվող խմբերը խաբեության զոհ չեն դարձնում այն երկրի քաղաքացիներին, որի տարածքում գործում են։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիներն այս հանցագործության զոհ չեն դառնում։
«Ուրիշ երկրներում տեղակայված զանգերի կենտրոնն արդեն թիրախավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- բացատրում է Հայկ Մկրտչյանը։
Ինչ ինչո՞ւ հանցագործները չեն թիրախավորում այն երկրի քաղաքացիներին, որի տարածքում գործում են։ Հանցավոր խմբի անդամները կարծում են, որ այդ դեպքում ավելի հեշտ կլինի բացահայտել հանցագործությունը։
«Հանցագործների մոտ կա ձևավորված համոզմունք, որ եթե թիրախավորեն այլ երկրի քաղաքացիների, իրավապահները հնարավորություն չեն ունենա բացահայտել տուժողներին և սահմանել նրանց կրած վնասի չափը։ Բայց մենք ունենք այդ հնարավորությունը։ Միջազգային լծակներն օգտագործելով՝ մենք հասնում ենք այն կետին, որ հնարավորություն ենք ունենում պարզել, թե որ երկրից որ քաղաքացին ինչքան վնաս է կրել»,- վստահեցնում է Մկրտչյանը։
Ոստիկանները, գուցե, բացահայտում են, իսկ ինչ է լինում այդ գործերի քննությունը հետո։ 2022 թվականին Հայաստանում բացահայտվել է անդրազգային այս հանցագործության առաջին դեպքը։ Քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների վարչության պետ Շիրազ Գրիգորյանը վիճակագրությունն է ներկայացնում։
Մինչ օրս 11 քրեական վարույթ 30 մեղադրյալի մասով ուղարկվել է դատարան և արդեն 7 քրեական վարույթով 25 մեղադրյալի մասով ունենք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Եվս 5 քրեական վարույթով 20 անձի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում։
Այս գործերով տուժողների ինքնությունը պարզվում է, բայց քրեական գործերով տուժողներ չկան։ Չնայած այս հանգամանքին՝ քրեական վարույթի շրջանակում հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Ֆինանսների նախարարության դեպոզիտ հաշվին։ Գրիգորյանի խոսքով՝ իրականացվող 5 քրեական վարույթներով 847 մլն դրամ մուծվել է դեպոզիտ հաշվին, և եզրափակիչ դատական ակտով դատարանը անդրադարձ կկատարի դրանց բռնագանձման հարցին։
Այսինքն՝ դատարանը որպես հանցավոր ծագում ունեցող գույք պետք է այդ գումարը բռնագանձի և այն անցնի պետբյուջե։ Ստացվում է՝ սա հանցագործություն է, որը լցնում է պետբյուջեն։ Իսկ որքանո՞վ է Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ, որպեսզի տուժողները ներկայանան։
«Վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է բոլոր միջոցները, տուժող անձանց տվյալները ձեռք բերելու դեպքում Ինտերպոլի միջոցով հայտնում ենք տվյալ երկրի իրավասու մարմիններին, որ տվյալ քաղաքացիները տուժել են հանցագործությունից, ինչպես նաև իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունը»,- ասում է Գրիգորյանը։
Այս հանգամանքը, սակայն, միանշանակ չի ընկալվում անգամ իրավապահ համակարգի ներսում։ Թեև որևէ պաշտոնատար անձ հրապարակայնորեն չի բարձրաձայնում, իրավապահ համակարգի ներսում անգամ կա մոտեցում, որ եթե Հայաստանի քաղաքացիները չեն տուժում Հայաստանում այդ գրասենյակների գործողություններից, ինչո՞ւ թույլ չտալ դրանց գործունեությունը։
Ոստիկանության Կիբերհանցագործությունների վարչության պետ Հայկ Մկրտչյանը, սակայն, այս տեսակետը չի կիսում։
«Իրավապահ մարմինների համար էական նշանակություն չունի տվյալ անձը թիրախավորում է մեր քաղաքացիներին թե օտարերկրյա քաղաքացիներին Տվյալ անձը մեզ համար մնում է հանցագործ»,- նշում է Մկրտչյանը։
Ենթադրյալ հանցագործների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկելու տեսակետը չեն կիսել նաև Քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների վարչության ձևավորման պահից ի վեր աշխատող քննիչները։ Վերջին ամիսների ընթացքում վարչության գրեթե բոլոր քննիչները ազատման դիմումներ են գրել, թափու պաշտոններն այժմ համալրվել են նոր քննիչներով։
Այս թեմային անդրադարձել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոսաննիսյանը։
«Գիտե՞ք, թե ինչու են ինտերնետ խարդախությունները ծաղկում, զոհերն էլ ստիպված ցույց են անում։ Դա տեղի է ունենում, այդ թվում, քանի որ տարեսկզբին Քննչական կոմիտեում որոշեցին ազատվել Կիբերհանցագործությունների քննության վարչութայն բոլոր կոմպետենտ ծառայողներից։ Ընդ որում, առաջին հերթին, այդ ինտերնետ խարդախությունների դեմ արդյունավետ պայքարող քննիչներից։ Իսկ դա, իր հերթին, տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այդ քննիչները սկսեցին բացահայտել ինտերնետ խարդախությունների կենտրոնների կապերը որոշ ազդեցիկ անձանց հետ։
Այլ կերպ ասած, այդ ինտերնետ-խարդախությունների կենտրոններն այնքան ազդեցիկ ու հարուստ են, որ կարող են ազդել իրավապահների վրա»,- Ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։
Իսկ արդյո՞ք իրավապահները կարող են շարժվել՝ ըստ քմահաճույքի։ Հայաստանը միացել է մի շարք միջազգային պայմանագրերի՝ պարտավորություն ստանձնելով, այդ թվում, անդրազգային հանցագործությունների բացահայտման վերաբերյալ։
«Պարզ է, որ չնայած Հայաստանում գործող զանգերի կենտրոնները փորձում են չթիրախավորել երկրի ներսում մարդկանց, որպեսզի իրավապահները քիչ մոտիվացիա ունենան նրանց բռնելու, ամեն դեպքում, գործում են երկկողմանի պարտավորություններ, և եթե մենք ցանկանում ենք պաշտպանել Հայաստանի քաղաքացիներին, մենք էլ, մեր հերթին, չպետք է թույլատրենք այդպիսի զանգերի կենտրոնների անզուսպ գործունեությունը»,- ասում է տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։
Նշենք, որ իավապահներին զանգերի կենտրոնների գործունեությանն առնչվող հազարի հասնող անձանց ինքնություն է հայտնի, բայց այս գործերով մեղադրյալների թիվը 100-ի էլ չի հասնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան