ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.06.2026 | 20:00Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ Ազգային ժողովի ընտրությունները, թեև արձանագրեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, միևնույն ժամանակ մի քանի առումներով հետընթաց էին 2018 և 2021 թվականների ընտրությունների համեմատ։ Factor TV-ի հետ զրույցում նա նշել է, որ հիմնական հարցադրումը այն է, թե ինչպիսի հետընտրական զարգացումներ կլինեն և արդյոք նորընտիր խորհրդարանը կկարողանա կառուցողական աշխատանք ծավալել։
«Չեմ կարծում, որ սա [ԲՀԿ-ի հարցը] կլինի ամենամեծ հարցադրումը։ Կարծում եմ՝ հիմնականը կլինեն հետընտրական զարգացումները, արդյոք կլինեն, թե ոչ, և ինչպե՞ս, նաև, եթե մի քիչ էլ ավելի հեռու նայենք, արդյո՞ք նոր խորհրդարանը իր բովանդակությամբ կկրկնի նախորդը, թե ինչ-որ տարբերություն կլինի։ Հայաստանը ընտրություններից հետո մտնում է բավականին բարդ փուլ, որտեղ կան և՛ հեռանկարներ, և՛ մարտահրավերներ, և ցանկալի է, որպեսզի ճիշտ լուծումներ և որոշումներ ընդունելու համար մենք ունենայինք հնարավորինս շատ կառուցողական հարթակներ», – նշել է վերլուծաբանը։
Ըստ Նավասարդյանի, թեև ՔՊ-ն ավելացրել է իր ձայների բացարձակ թիվը 2021-ի համեմատ, դա չի կարելի մեծ հաջողություն համարել։
«Եթե մենք համեմատում ենք 2021 թվականը, երբ Հայաստանն անցնում էր բազմաթիվ կորուստների ճանապարհով, և 2026 թվականը, երբ գոնե վերջին մոտ մեկ տարի կարելի է ասել, որ արտաքին բնագավառում Հայաստանն ունեցել է որոշ հաջողություններ, որոնց վրա մասամբ կառուցել էր իր քարոզարշավը ՔՊ-ն, պետք է որ իրենք հավաքեին ավելի բարձր տոկոսներ և ավելի մեծ աջակցություն, բայց դա տեղի չունեցավ», – պարզաբանել է նա՝ հավելելով, որ իշխանությունը լուրջ մտածելու տեղ ունի և այլևս չի կարող շարունակել աշխատել նախկին մեթոդներով։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության բարձր արդյունքինն ընդդիմադիր ուժերի շրջանում, վերլուծաբանը դա պայմանավորել է երկու գործոնով՝ «այլընտրանքի փնտրտուքը մեր հասարակության մի մասի մոտ» և «բավականին լավ ռեսուրսային ապահովումը»։
Բորիս Նավասարդյանը մտահոգիչ է համարում ընտրությունների ընթացքում մի շարք ինստիտուտների վիճակը՝ այն որակելով հետընթաց։
Դիտորդական ինստիտուտի մարգինալացում. «Դիտորդները զբաղվում էին ամեն ինչով, բացի դիտորդությունից, ես կասեմ։ Նրանք բլոգեր էին, հասարակական ակտիվիստներ էին, վստահված անձինք էին, քարոզիչ էին։ Ես ոչ բոլորի մասին եմ ասում, բայց երևացողների մասին։ Ակնհայտորեն դերերի շփոթություն տեղի ունեցավ, որը, ես կարծում եմ, մեծ վնաս է հասցնում այդ դիտորդության ինստիտուտին»։
Զանգվածային գաղտնալսումներ. «Դա, իհարկե, չի բխում այն ավանդույթներից և սկզբունքներից, որոնց վրա խարսխված է եվրոպական քաղաքակրթությունը։ Այն, ինչին մենք հանդիպեցինք այս ընտրությունների ժամանակ, դա հենց զանգվածային՝ ամեն ինչ լսենք, միգուցե մի բան մեզ համար օգտակար գտնենք»։
Իրավական նիհիլիզմ. «Այնքան կարևոր չի՝ ինչ է գրված օրենքում, որքան կարևոր է այն, ինչ նպատակահարմար է։ Լռության օրվա հետ կապված՝ խախտվում էր ամեն ինչ, ինչ կարող էր խախտվել, բայց… այդ օրենքը արհամարհվում էր զանգվածային կերպով և բոլորի կողմից՝ լրագրողների, դիտորդների, թեկնածուների, անգամ ընտրական հանձնաժողովների կողմից»։
Թեև արևմտյան մամուլը հակված է այս ընտրությունները ներկայացնել որպես «եվրոպամետ» և «ռուսամետ» ուժերի պայքար, Բորիս Նավասարդյանը կարծում է, որ իրականությունը ավելի պրագմատիկ է։
«Դրսի դիտորդներին միշտ հետաքրքիր է տեսնել այդպիսի պարզունակ սև-սպիտակ պատկեր՝ կամ Արևմուտք, կամ Ռուսաստան։ Բնականաբար, Հայաստանի իրական օրակարգը տարբերվում էր։ Հայաստանում կար, ավելի առաջին հերթին, պայքար իշխանությունը պահելու համար։ Թե այդ իշխանությունը պահելու համար ինչ է անհրաժեշտ կամ ինչպիսի կողմնորոշում ցուցադրելը, դա այլ հարց է։ Ակնհայտ էր, որ ՔՊ-ի հեռանկարը, ամեն դեպքում, կայանում էր նրանում, որ իրենք դիրքավորվեն որպես եվրոպամետ կամ արևմտամետ քաղաքական ուժ, բայց դա, կրկնում եմ, պրագմատիկ որոշում էր, այլ ոչ թե խորը գաղափարական»։
Նրա կանխատեսմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում նախընտրական շրջանի կոշտ հռետորաբանությունը կմեղմվի, քանի որ Մոսկվայի ճնշումները ոչ թե վերջնական քայլ էին, այլ գործիք՝ հետագա բանակցություններում ազդեցություն ունենալու համար։ «Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր ներկայությունը առնվազն էներգետիկայի և տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում», – ընդգծել է վերլուծաբանը։
Նավասարդյանը համոզված է, որ Հայաստանի իշխանություններից այժմ պահանջվելու է կոնկրետ գործերով ապացուցել իրենց եվրոպական ուղին, ինչի համար անհրաժեշտ են կառավարման հմտություններ և բարձր կատարողական, «ինչով բոլորովին չէր փայլում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան