Կանայք գյուղատնտեսությունում․ Եվրոպայի դանդաղ փոխվող իրականությունը
ԵՄ գյուղատնտեսությունը ծերանում է, սակայն կանայք և երիտասարդները դժվարությամբ են գտնում իրենց տեղը ոլորտում
Չնայած տեխնոլոգիական առաջընթացին՝ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ տղամարդկանց գերիշխող ոլորտ նաև Եվրոպական միությունում։
«Որպես կին պետք է ապացուցես քո արժանիությունը տղամարդկանց առաջ, նույնիսկ եթե սկսում եք նույն ելակետից՝ ունենալով նույն կրթությունն ու փորձը»,- ասում է 25-ամյա Սառա Օստը՝ վկայակոչելով իրենց կուրսի առաջին արտադրական պրակտիկան ֆրանսիական ֆերմաներից մեկում։
Ավարտելով տեղի անասնաբուժական քոլեջը՝ Սառան ուսումը շարունակում է Բարսելոնայի համալսարանի համաճարակաբանության և կենսաանվտանգության մագիստրատուրայում։ «Մի օր, երբ հոգնեմ հետազոտություններից ու ակադեմիական կյանքից, կվերադառնամ գյուղ և ֆերմա»,- վստահեցնում է նա։
Գյուղական կյանքը Պլոմբիեր լե Բենում (Plombières-les-Bains), որտեղ բնակություն է հաստատել Սառայի ընտանիքը՝ հոգնելով քաղաքային եռուզեռից, սերտաճած է ու բաց․ բոլորը ճանաչում են միմյանց և գիտեն՝ ով ինչով է զբաղվում։ Ֆրանսիայի հյուսիս արևելքում գտնվող հինգ հազար բնակիչ ունեցող այս փոքրիկ համայնքում հաճախ կատակում են, թե կովերն ավելի շատ են, քան մարդիկ։

Ֆերմաները հիմնականում փոքր են՝ միջինում 40–50 կով ունեցող տնտեսություններ։ Թեև աշխատանքի մեքենայացման շնորհիվ այն այլևս ծանր չէ, կարծրատիպերը շարունակում են պահպանվել․ խոշոր եղջերավոր կենդանիներով զբաղվելը համարվում է տղամարդկանց գործ, կանանց բաժին են ընկնում մանր եղջերավորներն ու բուսաբուծությունը։
«Տղամարդկանց տրվում են առավելություններ ու նախապատվություններ՝ միայն սեռի հիման վրա»,- շարունակում է Սառան։
Ինստիտուցիոնալ լուծումներ որոնելիս
ԵՄ-ն փորձում է խնդրին տալ ինստիտուցիոնալ լուծում՝ գենդերային հավասարության և գյուղատնտեսության ոլորտում կանանց մասնակցության աճը առաջին անգամ ամրագրելով Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության (CAP) ռազմավարական ծրագրերի նպատակներում և պարտավորեցնելով անդամ երկրներին հետևելու և իրականացնելու դրանք։
Ծրագիրը նախատեսում է վարկային աջակցություն, աշխատատեղերի ստեղծում և կանանց ներգրավում որոշումների կայացման գործընթացներում։ Այսքանով հանդերձ՝ կանանց, առավել ևս՝ երիտասարդների մուտքը գյուղատնտեսություն այդքան էլ դյուրին չէ։
«Եթե հող չես ժառանգել, ապա զրոյից ֆերմերային տնտեսություն հիմնելն անհնարների շարքից է՝ հաշվի առնելով բարձր գները»,- պնդում է Սառան։
Այս մտահոգությունները արձանագրում է նաև ԵՄ վիճակագրական վարչությունը։
Թեև գյուղատնտեսությունը մնում է ԵՄ-ի խոշոր գործատուներից մեկը` (8.7 միլիոն մարդ) ֆերմերները ծերանում են. 57 տոկոսը 55 տարեկանից բարձր է, միայն 12 տոկոսը՝ 40 տարեկանից ցածր։ Գենդերային պատկերը նույնպես կանանց օգտին չէ:

Եվրոպական հանձնաժողովի 2021 թվականի տվյալների համաձայն՝ կանայք կազմում են գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնորսության ոլորտում աշխատուժի ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը, սակայն երկրների միջև կան զգալի տարբերություններ: Օրինակ՝ Ավստրիայում գյուղատնտեսության ոլորտի աշխատուժի 40 տոկոսը կանայք են, իսկ Իռլանդիայում՝ միայն 15-ը:
ԵՄ-ն խիստ կանոնակարգեր է ընդունել բնության պաշտպանության ոլորտում։ Շատ տարածքներ դասակարգված են որպես Natura 2000 արգելոցներ։ Երկրները պարտավոր են պաշտպանել բնությունը և կենսաբազմազանությունը այդ տարածքներում։
«Ֆերմաների թիվը կտրուկ նվազում է, իսկ եղածները խոշորանում են», անասնապահության և կաթնաֆերմայի հոլանդացի փորձագետ 73-ամյա Արի Կրեյզերը Դրոնտենից (Dronten) նշում է, որ վարելահողերի և արոտների մակերեսը կրճատվում է՝ քաղաքների ընդլայնման, ճանապարհների և արգելոցների համար ավելի շատ տարածք տրամադրելու պատճառով:

Նիդեռլանդների կառավարությունը մեծ պատասխանատվություն է դնում ֆերմերների վրա՝ բնությունը պաշտպանելու համար: Արհեստական պարարտանյութերի և քիմիական նյութերի օգտագործումը սահմանափակված է։ «Դուք չեք կարող վնասել բնությունը. յուրաքանչյուր որոշում կախված է այդ պատասխանատվության հետ գործ ունենալուց», – բացատրում է նա:
Քաղաքային հասարակությունը նույնպես իր դերն է խաղում քաղաքականության ձևավորման գործում՝ հաճախ պահանջելով գյուղական վայրերում կովերի թիվը կրճատել՝ արտանետումները նվազեցնելու համար:
Գյուղատնտեսությունը, իր հերթին, անցնում է նորարությունների միջով։ Հոլանդացի փորձագետը պատմում է, թե ինչպես է գյուղատնտեսությունը վերափոխվել իր աչքի առաջ։
«Այսօր կարելի է 500 կով պահել ընդամենը երկու հոգով, բայց ավանդույթները արագ չեն փոխվում», – ավելացնում է նա։ Քառասուն տարի առաջ Նիդեռլանդներում կանայք կազմում էին գյուղատնտեսական համալսարանի ուսանողների միայն 10 տոկոսը, ներկայումս՝ 55-ը։
«Նախկինում ասացվածք կար, եթե ուրիշ ոչինչ չկարողանաս դառնալ, ապա միշտ կարող ես դառնալ ֆերմեր: Այսօրվա գյուղատնտեսությունը պահանջում է պրոֆեսիոնալիզմ, մասնագիտական կրթություն, փորձագիտություն և կանոնակարգերի խիստ պահպանում», – ասում է հոլանդացի փորձագետը։

Միևնույն ժամանակ ֆերմերները շարունակում են բախվել հսկայական ճնշման հետ՝ կառավարության կանոնակարգերի, սպառողների էժան, բայց բարձրորակ արտադրանքի պահանջարկի և ավելի ցածր գներով ներմուծվող ապրանքների մրցակցության պատճառով։ Շատերը շաբաթական աշխատում են ավելի քան 100 ժամ՝ առանց բավարար հանգստի։
«Քաղաքների բնակիչները սիրում են տեսնել գյուղական վայրերը, բայց գյուղացու կյանքով ապրելը այնքան էլ հրապուրիչ չէ երիտասարդների համար», – ժպիտով նշում է Արին։
Եվրոպական մեկ այլ երկրում՝ Շվեյցարիայում, այլ կարծիքի են։
Նոր սերնդի համառությունը
«Գյուղատնտեսությամբ զբաղվելը մշակույթի և ավանդույթի, ժառանգության մաս է, որը խորը արմատներ ունի և հարգանք է վայելում», – ոգևորությամբ ասում է 29-ամյա Ֆլուրինա Մյուլերը։

Ֆլուրինան ծնվել ու մեծացել է Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Շաֆհաուզեն փոքր քաղաքում՝ բավականին փակ ու պահպանողական համայնքում։ Ծնողները երաժիշտ են, բայց ամեն կերպ աջակցել են դստեր՝ գյուղատնտեսական մասնագիտություն ընտրելու որոշմանը։
«Երբ այցելում եմ ֆերմա և խորհրդատվություն տրամադրում, երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ես ինչ լեգիտիմություն ունեմ սրանով զբաղվելու՝ հաշվի առնելով, որ մենք ֆերմա չենք ունեցել, և ես այդ միջավայրում չեմ մեծացել»,- խոստովանում է Ֆլուրինան։
Ավարտելով Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի գյուղատնտեսական էկոնոմիկայի մագիստրատուրան՝ նա ընկերների հետ պատրաստվում է ֆերմա հիմնել։
«Սա մի փոքր այլ է, քան ավանդական ընտանեկան ֆերմայի գաղափարը, բայց անկախ տարիքից ու սեռից, ֆերմա հիմնելը մեկ հոգով բարդ է», – նշում է շվեյցարացի ագրոնոմը և թվարկում հողի, ներդրումների, նախնական կապիտալ ու կապեր ունենալու խնդիրները անգամ պետական ֆինանսական աջակցության դեպքում։
Ֆլուրինան հաստատակամ է գյուղատնտեսությամբ զբաղվելու և մարդկանց կյանքը բարելավելու իր որոշման մեջ, թեև գիտակցում է, որ դեռ շատ խնդիրների է բախվելու․ «Ակադեմիական միջավայրում կանանց և տղամարդկանց հավասարությունը առավել ակներև է, ինչը չես ասի պրակտիկ գյուղատնտեսական աշխատանքային պայմանների մասին, որտեղ շատ կարծրատիպերի ենք հանդիպում»,- մտահոգություններն է արտահայտում է ագրոնոմը։
Ի պատասխան գրավոր հարցման՝ Եվրոպական հանձնաժողովի ոլորտային գրասենյակից տեղեկացնում են, որ ԵՄ մի քանի անդամ պետություններ արդեն իսկ ներդրել են հատուկ միջամտությունների ծրագրեր, որոնք նպատակ ունեն խթանելու գենդերային հավասարությունը և բարելավելու գյուղատնտեսությամբ զբաղվող ու գյուղական վայրերում ապրող կանանց կյանքը։ Որպես օրինակ՝ ԵՄ պաշտոնյան նշում է LEADER ծրագիրը։
«Հանձնաժողովն ունի նպատակ, որ 2040 թվականին ԵՄ-ն լինի մի վայր, որտեղ կենսապայմանները կգրավեն ավելի շատ կանանց և երիտասարդների դեպի այդ մասնագիտությունը և կապահովեն աշխատողների իրավունքների պաշտպանությունը ֆերմերային տնտեսություններում և սննդի արժեքային շղթայում»,- վստահեցնում են Հանձնաժողովի ոլորտային գրասենյակից։
Գյուղատնտեսությունում ավելի շատ կանանց ներգրավելու համար Եվրոպական հանձնաժողովը հաջորդ տարի՝ 2026-ին, կստեղծի «Կանայք գյուղատնտեսությունում» հարթակ, որը կծառայի նաև որպես ֆորում՝ լավագույն փորձը քննարկելու և փոխանակելու համար:
Հայաստանյան իրականություն
Այն, ինչը Եվրոպայի համար մարտահրավեր է, Հայաստանում համարում են մեծ առաջընթաց։
«Եվրոպայում աշխատանքի տարբերակում՝ ըստ սեռի, չտեսա։ Կար հավասար մոտեցում իմ և տղամարդ աշխատակիցների հանդեպ անգամ ծանրություն բարձրացնելու հարցում»,- իր տպավորություններն է կիսում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ 37-ամյա Արփինե Հակոբջանյանը, որ Շվեյցարիայում էր փորձի փոխանակման այցով։
Արփինեն Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից է։ Աշխատում է տեղի «Էլոլա» կաթնամթերքի արտադրամասում և դասավանդում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Նա Վիլդբերգ (Wildberg) համայնքում էր «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից՝ Շվեյցարիայի կառավարության գլխավորությամբ։

Ծրագրի ներքո մի շարք քոլեջներում դուալ ուսուցմամբ ներդրվել են գյուղատնտեսական պահանջված մասնագիտություններ։ Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան դրանց թվում է։
Պաշտոնական տվյալներով Հայաստանում գյուղոլորտում ընդգրկված է զբաղվածների 21,8 տոկոսը, իսկ զբաղվածություն ունեցող կանանց՝ 21 տոկոսը:

«Մի կողմից կա որակյալ մասնագետների բարձր պահանջարկ, մյուս կողմից՝ ոլորտը գրավիչ չէ նոր սերնդի համար։ Դուալ ուսուցմամբ կարծես գտել ենք լուծումը, երբ ուսանողները, տվյալ դեպքում՝ աշակերտները, տեսական գիտելիք ստանում են քոլեջում, գործնականը՝ մասնավոր ընկերությունում և վճարվում իրենց աշխատանքի դիմաց»,- նշում է ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։ Ծրագիրը Տավուշի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում սերտորեն աշխատում է դպրոցների, քոլեջների և մասնավոր ընկերությունների հետ՝ երիտասարդներին ու կանանց ուղղորդելու դեպի գյուղատնտեսություն։
Չնայած մարտահրավերների ու ռեսուրսների տարբերությանը՝ և՛ Եվրոպայում, և՛ Հայաստանում գյուղատնտեսությունը ծերանում է։ Անկախ աշխարհագրությունից՝ Սյունիքի փոքր գյուղում, թե Նիդեռլանդների մեծ ֆերմայում, կանանց լիարժեք ներգրավումը պարզապես հավասարության հարց չէ, այլ գյուղական բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների լուծման և ոլորտում կայուն սերնդափոխության ապահովման կարևոր գործոն։
Անուշ Ղավալյան
Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։