Եվրոպայի ճամփաներով․ փախստականների փորձառություններն ու մարտահրավերները

Լուրեր

11.12.2025 | 22:38
Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն․ հրդեհ բեռնատարում
11.12.2025 | 22:27
Հաքերները կոտրել են ՌԴ-ում միասնական զինվորական ռեեստրի համակարգը մշակող ընկերության սերվերները
11.12.2025 | 22:08
Ford մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած KamAZ մակնիշի բեռնատարին և կողաշրջվել
11.12.2025 | 21:54
Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է. Սլովակիայի ԱԳ նախարար
11.12.2025 | 21:15
Փաշինյանի նոր առաջարկը Ալիևին․ վարչապետը սպառնո՞ւմ է պատերազմով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 21:04
Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարողանա բողոքարկել․ Սրբուհի Գալյանը՝ նոր փոփոխությունների մասին
11.12.2025 | 21:00
Եվրոպայի ճամփաներով․ փախստականների փորձառություններն ու մարտահրավերները
11.12.2025 | 20:42
Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա
11.12.2025 | 20:42
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարային կազմը «Լեգիայի» դեմ խաղում
11.12.2025 | 20:30
«Հարսնաքար»-ը, Գասպարյանի առանձնատունը, Միքայելյանի տնակը․ Սևանի ափի որ գույքերը կքանդի պետությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 20:28
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. Օվերչուկ
11.12.2025 | 20:24
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկել Գազա` խաղաղության հասնելու համար. Ֆիդան
11.12.2025 | 20:16
Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է․ ՃԴ
11.12.2025 | 20:00
Սյունիքի՝ կոմունիկացիոն հաբ լինելը ԱՄՆ-ն և ՌԴ-ն կքննարկեն․ նոր զարգացում կլինի Ուկրաինայում լուծմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 19:45
Ավելի քիչ փող՝ գիտության զարգացմանը. ինչու է կրճատվում ոլորտի ֆինանսավորումը. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2013-ին Մանեի (անունը փոխված է) ընտանիքը գնեց Փարիզի միակողմանի տոմս`գիտակցելով, որ Արցախում մշտական բնակությունն այլևս անցյալում է թողնում։ Անվտանգային խնդիրները, մշուշոտ ներկան ստիպեցին այս ընտանիքին ապագան տեսնել Ֆրանսիայում, այդ տարիներին եվրոպական միջավայրում փախստական համարվելն ավելի ապահով էր հնչում։

«Ընտանիքում հինգ չափահաս ենք, յուրաքանչյուրիս փաստաթղթերի ձևակերպման համար պահանջվեց 4,500  եվրո։ Ստեփանակերտի մեր բնակարանը վաճառեցինք ու ընդամենը մի քանի ճամպրուկով  հասանք Ֆրանսիա»,- պատմում է Մանեն։

«Առաջին տպավորությունս, որքան էլ որ զարմանալի կարող է թվալ, այն էր, որ ամենուր ասֆալտն էր, բարեկարգ գյուղերը»,- ասում է նա ու ավելացնում, որ սա սկիզբն էր, հետո ամեն ինչ բարդացավ։

«Երբ «հանձնվում» ես պետությանը, պիտի անցնես երկար ճանապարհ մինչև ստանաս փախստականի կարգավիճակ։ Առաջարկեցին տարբեր քաղաքներում մնալ, հայրիկս չհամաձայնվեց, և երկու ամիս ապրում էինք ծանոթի տանը»,- պատմում է Մանեն։

Միգրացիան երբեք չի դադարել։ Տասնամյակներ շարունակ տարբեր պատճառներով՝ սոցիալ-տնտեսականից մինչև հնարավոր պատերազմ, մարդիկ հեռացել են իրենց երկրներից, ապաստան են գտել օտար ու հեռվից բարեկեցիկ թվացող պետություններում՝ հաճախ անասելի դժվար, իսկ երբեմն՝ արժանապատիվ ճանապարհներով։ Վերջին տարիներին Հայաստանից մշտական մարդկային հոսքին միացել են նաև Արցախից տեղահանված հայերը։ Բոլոր նրանք, ովքեր մտադիր են մեկնել՝ կանգնած են նույն հարցի առաջ. ո՞ւր գնալ, որտե՞ղ և արդյո՞ք սպասում են իրենց։ Այս հոդվածով փորձում ենք ուշադրություն հրավիրել Եվրոպայի ներկայիս ընդունման համակարգում և նրա շուրջ զարգացող իրողություններին՝ մի քանի մարդկային դրվագներով, որքան էլ որ փախստականները քչախոս են։

Ինչու են շատերը նախընտրում Եվրոպան

Եվրոպայի շատ երկրներ ներգաղթողների և փախստականների համար խորհրդանշում են ոչ միայն անվտանգ ապաստան, այլև կայուն ապագա։ Առաջինը՝ այստեղ գործում են հստակ ինստիտուցիոնալ համակարգեր․ դատարանները, միջազգային իրավունքի պաշտպանությունը և սոցիալական երաշխիքները, ըստ ԵՄ Փախստականների գործակալության (EUAA) տվյալների, շարունակում են մնալ վստահության հիմնական գործոնները։

Բացի իրավական ապահովությունից, Եվրոպան գրավում է նաև իր տնտեսական հնարավորություններով։ Մեծ և հարուստ տնտեսություն ունեցող երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները, տարիներ շարունակ պահպանվում է աշխատուժի պահանջարկը, ինչը նոր ժամանածներին՝ համապատասխան լեզվական, կրթական և մասնագիտական ունակություններով, հնարավորություն է տալիս համեմատաբար արագ ինտեգրվել աշխատաշուկա։ ՕԵԴ-ի վերլուծությունները ցույց են տալիս, որ այս գործոնը մնում է ներգաղթի ուղղության առանցքում։

Եվ, իհարկե, առողջապահական և սոցիալական համակարգերի հասանելիությունը ևս անչափ կարևոր դեր ունեն։ Ֆրանսիայում, օրինակ, գործում է անվճար բժշկական օգնության հատուկ ծրագիր (AME), իսկ ողջ երկրով սփռված ընդունման կենտրոնները (CAO) ապահովում են ժամանակավոր կեցություն և աջակցություն մինչ փախստականի կարգավիճակի վերաբերյալ որոշման ընդունումը։

Փախստականի կարգավիճակ՝ ընթացակարգերը և դժվարությունները

Առաջին հայացքից ամեն ինչ կարծես թե պարզ և հստակ է թվում․

Ֆրանսիա

  • Դիմում ներկայացնելուց հետո անձը դառնում է demandeur d’asile (արտագաղթող)։
  • Ստանում է կացարան և դրամական աջակցություն (օրական €6.80, հավելյալ €14.20, եթե կացարան չկա)։
  • Կացարանները գերծանրաբեռնված են, աջակցությունը, մեղմ ասած, ոչ բավարար է (եթե անձը / ընտանիքը կլորիկ խնայողություն չունի), աշխատանք ստանալու իրավունքը սահմանափակված է առաջին վեց ամիսներին։

Գերմանիա

  • Միգրացիայի/ փախստականության ներառման գործընթացը տևում է միջինը 9-12 ամիս։
  • Համակարգը նույնպես գերծանրաբեռնված է՝ ավելի քան 100 հազար բողոք/գանգատ 2025-ին։
  • Կացարանային և ընդունման կուտակումներ են գրեթե ամնուր։
  • Church Asylum՝ որոշ եկեղեցիներ տրամադրում են ոչ լեգալ, բարոյական հիմքով պաշտպանություն, բայց ոչ ավելին։

Նիդերլանդներ

  • Հոլանդական միգրացիայի ծառայության (IND) որոշումների սպասում՝ հաճախ ավելի քան մեկ տարի, որոշ դեպքերում՝ մինչև 15 ամիս։
  • Ընտանեկան վերամիավորում՝ նախատեսված երեք ամսում, բայց իրականում տևում է մոտ երկու տարի։

Մանեի ընտանիքը փախստականի պաշտոնական կարգավիճակին սպասեց գրեթե երկու տարի՝ երկու անգամ  մերժման որոշումը բողոքարկելով։

Բայց 2013-ից շատ ժամանակ է անցել, և Եվրոպայում փախստականների հանդեպ կարծիքը և վերաբերմունքն այսօր ամենևին միանշանակ չեն, ավելին՝ խնդիրը տեղափոխվել է քաղաքական դաշտ և  դարձել ընտրություններում քվեներ կորզելու հնարավորություն՝ ելնելով հասարակական տրամադրություններից։

2024-ի Եվրոպական խորհրդարանի ընտրությունների ժամանակ փախստականների թեման դարձավ ամենից շահարկվող հարցերից մեկը։ Ծայրահեղ աջ կուսակցությունները, որոնք հանդես էին գալիս միգրացիայի սահմանափակման կոշտ ծրագրերով, իրենց քարոզարշավներում օգտագործեցին հասարակության վախերն ու անորոշությունները՝ ձայներ հավաքելու համար։ Նրանք խոստանում էին արագացնել մերժված ապաստան հայցողների վերադարձը, ուժեղացնել սահմանները և նույնիսկ արտահանձնել միգրացիոն ընթացակարգերը երրորդ երկրներ։

Այս հռետորաբանությունը, թեև հաճախ հակասում էր մարդու իրավունքների սկզբունքներին, սակայն ընտրողների զգալի հատվածի վրա ազդեցություն ունեցավ և օգնեց այդ ուժերին մեծացնել իրենց ներկայությունը խորհրդարանում։ Մի խոսքով, այդ շահարկումները կամ նախընտրական գործիքները ծառայեցին քվեներ ապահովելու նպատակին։

Պատկերը գեներացված է ԱԲ միջոցով 

«Դանիական մոդել»

Իրոք, Եվրոպայում բոլորովին այլ տրամադրություններ և մոտեցումներ են թևածում, որոնք, միգուցե հեռվից, մտովի իրերը հավաքող մարդու համար այնքան էլ տեսանելի չեն։ Օրերս հեղինակավոր NYT մի ծավալուն հոդված էր զետեղել՝  համահունչ մեր թեմային։ Իսկ առիթը Մեծ Բրիտանիայի կենտրոնամետ-ձախ Լեյբորիստական կառավարության նախորդ ամիս արած հայտարարությունն էր ապաստան հայցողների համար նոր և խիստ կանոնների մասին։

Ըստ այդ հայտարարության՝ փախստականի կարգավիճակը հաճախակի վերանայման կենթարկվի, իսկ երկարաժամկետ մնալը առավել կբարդանա․ մշտական բնակության իրավունք ձեռք բերելն առնվազն 20 տարի կտևի։ Փախստականների նկատմամբ նոր քաղաքականության մեջ ներառված են նաև գործիքներ, որոնք որոշ քննադատներ անվանել են «դաժանություն», օրինակ՝ ապաստան հայցողների զարդեղենը բռնագրավելու՝ նրանց սննդի և բնակարանային ծախսերը հոգալու նպատակով։

Վարչապետ Քիր Սթարմերը փորձում է պատասխանել մի հարցի, որը մտատանջում է բազմաթիվ կենտրոնամետ կառավարություններին ներկայիս աճող պոպուլիզմի ժամանակաշրջանում․ ինչպես կարելի է արձագանքել ընտրողների՝ միգրացիայի վերաբերյալ մտահոգություններին՝ միաժամանակ հավատարիմ մնալով ազատական արժեքներին։

Լեյբորիստական կուսակցությունը վստահ հաղթանակի տարավ նախորդ տարվա ընտրություններում։ Այսօր, սակայն, ծայրահեղ-աջակողմյան Reform U.K.-ը հարցումների արդյունքում երկնիշ առավելություն ունի, և շարունակում է պնդել, որ միգրանտների աճը ոչնչացնում է Բրիտանական մշակույթն ու ինքնությունը։

Սթարմերի նոր քաղաքականությունը ոգեշնչված է ոչ թե աջերի պահանջներով, այլ՝ Դանիայի օրինակով։ Այնտեղ, ձախակողմյան կառավարությանը հաջողվել է պահպանել իշխանությունը և սահմանափակել սեփական ծայրահեղ աջերի առաջընթացը՝ ներգաղթի խստացումները դարձնելով նախապայման կայուն և բարեկեցիկ պետություն համար։

Բրիտանիան պարզապես վերջին երկիրն է, որը հետաքրքրվել է «դանիական մոդելով»։ Նիդերլանդները, Գերմանիան և Շվեդիան նույնպես ուսումնասիրել են այդ փորձը։ Դանիայի ապաստան հայցողների մոտեցման հիմքում արգելափակումն է․ միգրանտների կյանքն այնքան բարդացնել, որ ուղղակի չժամանեն երկիր։

Այսպես, հենց Դանիան էր դեռ 2016-ին ընդունել օրենք՝ ապաստան հայցողներից բռնագանձելու արժեքավոր իրերը, որպեսզի ծածկեն նրանց ծախսերի մի մասը։ Նպաստները նույնպես կտրուկ նվազեցին, իսկ բուն ապաստանի գործընթացը դարձավ ավելի երկար և անկայուն։ Հայցվողներին սպառնում է վերադարձի վտանգը, եթե իրենց երկրները համարվում են անվտանգ։ Մշտական բնակության ստացման համար պահանջվում է առնվազն ութ տարի։

Արդյունքում, երկիր ներգաղթողների ընդահանուր թիվը կրճատվեց։ 2015-ին այստեղ մոտ 21 հազար մարդ էր ապաստան հայցում, նախորդ տարի այդ թիվը փոքր-ինչ ավելի էր երկու հազարից։ Ողջ Եվրոպայում նույնպես ապաստան հայցողների թվի սկսել է նվազել․ Սիրիան այլևս պատերազմական գոտի չէ։

Դանիայի մոտեցումը ինչ-որ առումով մոդելային է դառնում այլ կենտրոնամետ և նույնիսկ ձախակողմայն կառավարությունների համար, որոնք հույս ունեն գոյատևել պոպուլիստական դարաշրջանում՝ որքան էլ որ դաժան և ռասիստական համարվի այդպիսի միգրացիոն քաղաքականությունը։

Հավելենք, որ օրերս Ֆրիդրիխ Մերցը, Գերմանիայի կանցլերը, հայտարարեց, որ կառավարությունը դիտարկում է մոտ մեկ միլիոն սիրիացի փախստականների հետ վերադարձը հայրենիք։

Ասել է, թե եվրոպական երկրների ներքին քաղաքական իրավիճակը, արտաքին անկայունությունը՝ հատկապես ռուս-ուկրաինական ճակատից եկող զեկույցներով, առևտրային և տնտեսական լողացող ճգնաժամը ստիպում են վերանայել նախկին մոտեցումները՝ ինչ-որ առումով ստորադասելով նաև մարդու իրավունքների տեսանկյունը։ Աշխարհագրությունը փաստարկ չէ, և ամենևին կարևոր չէ՝ անձը այս կամ այն քաղաք է հասել Հայաստանից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից, թե՝ Ասիայից։

«Գերմանական» պատմություն

«Սկզբից էլ մեր նպատակը Գերմանիա տեղափոխվելն էր։ Բայց քանի որ չունեինք վաճառքի ենթակա գույք, երկար ժամանակ չկարողացանք իրականացնել այդ քայլը»,- նշում է 2023-ին Արցախից տեղահանված Արմինեն (անունը փոխված է) և ավելացնում, որ դրա համար ստիպված էին նախ գնալ Ռուսաստան գումար վաստակել և հետո միայն մտածել Գերմանիայի  մասին։

Ամիսներ առաջ հաջողվեց յուրաքանչյուր անձի համար 5000 եվրո գումարով լուծել վիզայի հարցը, և Աթենքով հասնել Գերմանիա։ «Լեզվին չէինք տիրապետում, բայց այստեղ ընդունվում են թե՛ անգլերեն, թե՛ գերմաներեն»,- նշում է նա։

Տրիեր քաղաքի ճամբարում ընդունեցին Արմինեի չորս հոգանոց ընտանիքին։ «Քույրս, ով արդեն երեք տասնամյակ է ապրում է Գերմանիայում, մեզ դիմավորեց, ուղեկցեց ճամբար և նրա շնորհիվ կարողացանք քիչ թե շատ կողմնորոշվել»,- ասում է նա։

«Մեզ տրամադրվեց առանձին սենյակ, օրական երեք անգամ սնունդ, հիգիենայի և անկողնային պարագաներ, սպասք։ Առաջին հարցազրույցից հետո սկսեցինք նպաստ ստանալ՝ ամսական 92 եվրո յուրաքանչյուրիս, որով կարողանում ենք մեր մինիմալ ծախսերը հոգալ»։

Օգոստոսին տեղափոխվեցին Պիտբուրգ և մինչ օրս շարունակում են ապրել այդ ճամբարում։ Ընտանիքը դեռ չունի փախստականի կարգավիճակ, բայց սովորում են գերմաներեն, մասնակցում են դասընթացների։

«Երկրորդ հարցազրույցը տեղի ունեցավ հոկտեմբերին։ Արդեն հինգերորդ ամիսն է՝ ճամբարում ենք, սպասում ենք արդյունքներին։ Հարցազրույցի ժամանակ խնդրել ենք ինտեգրման հնարավորություն»,-ասում է Արմինեն։

Թե որքան կտևի և ինչ վերջնարդյունք կունենա Արմինեի ընտանիքի սպասումը՝ պարզ չէ: Այսպիսին է փախստականի կյանքը այն պահից ի վեր, ինչ ոտքը դնում է հայրենիքից դուրս։ Երկար ու ձիգ սպասման կամ մշուշոտ գործընթաց․․․ Խնդիրն այն է, որ մարդիկ զրկված են այս կամ եվրոպական կողմի համար ընդունելի փաստարկներից, հայերին արդեն իսկ մեծ դժկամությամբ են դիտարկում որպես փախստականներ։

Հայաստանյան միգրանտների սիրված ուղղությունները մասսայական կարգով մերժում են դիմումները։ Օրերս ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշեց, որ խոսքը ապաստանի հայցերի 96 տոկոսի մերժման մասին է։ Եվրոպական մի շարք երկրներ Հայաստանը ներառել են «անվտանգ երկրների» ցանկում, ինչը նշանակում է, որ փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը գրեթե անհավանական է դարձել։ Որքան շուտ մեր հայրենակիցները գիտակցեն այս իրողությունը, այնքան միգուցե իրատեսական կլինի նրանց մոտեցումները Եվրոպայի հետ ապագան կառուցելու առումով։

Այս իրողությունը պետք է դիտարկել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատմամբ և նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու տեսանկյունից։ Ընդլայնվող գործընկերությունը ունի իր երկկողմ տրամաբանությունը և վստահության չափանիշները։

Եվրոպան պարզեցնում է դիմելու կարգը

Միաժամանակ Եվրոպան փորձում է միասնական դարձնել երկրներին դիմելու կարգը։ Փախստականի կարգավիճակի ճանաչման ընթացակարգերը այստեղ աստիճանաբար ստանում են միասնական չափանիշներ։

Եվրոպական Ապաստանի գործակալության (EUAA) կողմից մշակվող երկրային ուղեցույցները դարձել են կարևոր գործիք ԵՄ ընդհանուր  համակարգում։ Դրանք միավորում են անդամ պետությունների փորձագետների գնահատումները և ապահովում են միասնական մոտեցում փախստականի կարգավիճակի և հավելյալ պաշտպանության որոշման ժամանակ։

Կարևոր դրույթներ․

  • Իրավական հիմք․ ուղեցույցները հիմնված են ԵՄ օրենսդրության վրա (Qualification Directive և Qualification Regulation, որը ուժի մեջ կմտնի 2026թ․ հուլիսին)։
  • Նպատակ․ ապահովել, որ բոլոր երկրներում ապաստանի դիմումները գնահատվեն նույն չափանիշներով՝ նվազեցնելով տարբերությունները և հակասությունները։
  • Գործընթաց․ մշակվում են համատեղ խորհրդակցությունների, հանդիպումների և գրավոր քննարկումների միջոցով, ներգրավելով նաև ԵԽ հանձնաժողովին և ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարին։
  • Կիրառություն․ ուղեցույցները կենտրոնանում են բացառապես փախստականի և հավելյալ պաշտպանության ճանաչման վրա՝ հիմնվելով հալածանքի, մահապատժի կամ զինված հակամարտության վտանգի վրա։
  • Խաչվող արժեքներ․ փաստաթղթերը միաժամանակ ամրապնդում են մարդու իրավունքների պաշտպանությունը և ԵՄ ներսում քաղաքական համախմբումը։

Սակայն «պարզեցվող» ընթացակարգերը ամենևին չեն նշանակում, որ շուտով մարդկանց գրկաբաց են ընդունելու այս կամ այն երկրում։ Դիմումների նոր կարգը, իրականում, այն մասին է, որ, օրինակ, Ֆրանսիայում մերժված դիմումն այլևս չի ընդունվելու և քննարկվելու մեկ այլ ԵՄ անդամ երկրում։

Իսկ մինչ այդ փախստականները ենթարկվում են արտահանձման գրեթե բոլոր եվրոպական երկրներից։ Վերջին շրջանում համացանցում հայտնվեց ՝ Նունեի պատմությունը, ում Ֆրանսիայից են արտաքսել։

2020-ի պատերազմից հետո տեղահանվելով Շուշիից Նունեն մնաց Հայաստանում, հետո որոշեցին ընտանիքով տեղափոխվել Ֆրանսիա։ Նունեն տեսանյութում պատմում է, թե որքան դժվար էր անցնում փախստականի կյանքը, քանի ապաստան են փոխել և վերջում՝ ինչպես են առանց որեւէ բան բացատրելու, իրեն ձերբակալել ու արտաքսել՝ անչափահաս երեխաներից  ու ամուսնուց կտրելով։

Վերջերս Civilnet-ը  տեղեկացրել է, որ Նունեն արդեն ընտանիքի հետ է։

«Փառք Աստծո, վերամիավորվել ենք։ Ամենաճիշտ տարբերակն էր։ Սակայն, առ այսօր ոչ մեկը բացատրություն չի տալիս իմ վերաբերյալ ստեղծված վիճակի մասին։ Որ նախարարություն էլ դիմել եմ՝ մի նորմալ պատասխան չեն տվել»,– ասում է Նունեն։

Հալածանքի, մահապատժի կամ զինված հակամարտության վտանգ․․․ արդյո՞ք Հայաստանից մեկնողները ունեն բավարար փաստարկներ հիմնավորելու և համոզելու եվրոպացի պաշտոնյային այս երկյուղներով։ Վերը նշված մերժման տոկոսը միայն վկայում է հակառակը։

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ԵՄ տարածքում միգրացիոն քաղաքականությունները շարունակաբար խստանում են։ Անչափ կարևոր է այս պարզ իրողությունը հասցնել և պարզաբանել հատկապես այն մարդկանց, որոնք ճամպրուկները կապելու մտադրություն ունեն։ Իհարկե, ոչ ոք ի զորու չէ նրանց այդ մտադրությունից հետ կանգնեցնել, թեև ափսոս են այն տարիները, որոնք զուր վատնում են, ինչպես նաև՝ վերջին ֆինանսական միջոցները երազի վիզան ստանալու համար։ Պահանջված կամ «ավետյաց» ուղղություններ գրեթե չկան։

Ի՞նչ կարող է սովորել Հայաստանը

2022-ից հետո Հայաստանն ինքն է դարձել մեծաքանակ փախստականների ընդունող երկիր՝ ՌԴ, Ուկրաինա, Հարավային Ասիա։ Պարզ չէ, թե այս մարդկային հոսքից քանիսն են հայցել փախստականի կարգավիճակ պատկան մարմիններից։ Սակայն պարզ է, որ այդ մարդկանց մի ստվար հատված մոտ ապագայում մտադիր է տնավորվել Հայաստանում։

2023-ի սեպտեմբերի էթնիկ զտման հետևանքով Արցախից բռնի տեղահանվել է ավելի քան 100 հազար հայ, որոնցից շուրջ 85 հազարը հաստատվել է Հայաստանի տարբեր մարզերում։ ՀՀ կառավարության կողմից հրատապ աջակցությունն ընդգրկեց շարունակական ֆինանսական միանվագ վճարումներ, կացարանային հարցեր (հյուրանոցներ, հանրակացարաններ, գյուղերում տան տրամադրում)։ Սոցիալական աջակցության առումով մշակվեցին մի շարք ծրագրեր, որոնք կոչված էին մեղմելու բնակարանային հարցը։ Սակայն այդ ամենը դեռ չի ընդգրկվել երկարաժամկետ լուծումների սահմաններում։

Հարկ է հաշվի նստել նաև մեկ այլ իրականության հետ․ Եվրոպայից և ԱՄՆ-ից կամովի (և ոչ միայն) վերադարձնողների թիվը նույնպես աճի միտում ունի։ Հարկ է հաշվի առնել նաև, որ ՌԴ-ում  միգրանտներին վերաբերող կարգավորումները և վերաբերմունքը գնալով խստանում են։ Տարբեր իրավիճակների մասին է խոսքը, սակայն այս մարդիկ նույնպես աջակցության կարիք են ունենալու։

Ի տարբերություն եվրոպական կայուն համակարգերի՝ Հայաստանը չունի փախստականների ինտեգրման ռազմավարությանը համապատասխան գործողությունների ծրագիր և իրականացման փորձառություն։ Իսկ գործնականում, տարբեր փաստաթղթերի առկայության պարագայում, դեռևս բացակայում են՝

  • ինտեգրման պարտադիր ծրագրեր,
  • տեղական ինքնակառավարման հստակ դերաբաշխում,
  • պետական քաղաքականության մեջ փախստականների ձայնի ներկայություն։

Այնուհետև մշակվեց բնակարանային հարցը մեղմող ծրագիր, որից, սակայն, դեռևս դժվարությամբ են օգտվում տեղահանվածները, քանի որ ունի պարտադրանքներ, որոնցից մեկը քաղաքացիության հարցն է։ Սա Հայաստանյան իշխանությունների կողմից պաշտոնապես ընդունված և կիրառվող քաղաքականությունն է։ ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը գնալով աճում է, և դա նույնպես բնական է, այլընտրանքի բացակայության պարագայում։ Սակայն, ամենէական հարցը այստեղ մնում է հետևյալը․ արդյո՞ք քաղաքացիություն ձեռք բերելը նշանակում է ինտեգրում։ Միգուցե նպաստում է, բայց ոչ ավելին։

Եվրոպական օրինակները ցույց են տալիս՝ փախստականների ընդունումը միայն կացարան տրամադրելը չէ։ Դա համակարգային, խորը մտածված գործընթաց է, որտեղ ներգրավված են բոլոր կառույցները՝ սկսած տեղական իշխանություններից մինչ լեզվի ուսուցիչները։

Հայաստանը դեռ նոր է սկսում այդ ճանապարհը, սակայն արդեն ունի փորձ՝ առերեսվելու խնդրին։ Այժմ կարևոր է ոչ միայն արձագանքել, այլ պլանավորել։ Եվ ինչպես եվրոպացի փորձագետներն են սիրում այս կամ այն առիթով հիշատակել՝ փախստականներին աջակցել՝  նշանակում է ներդրում կատարել հասարակության ապագայի մեջ։

 

Մարիամ Սարգսյան

Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։