Բան ու գործ թողել, փողկապս կապել, եկել նստել եմ  դատարանում․ Էդգար Ղազարյան

Լուրեր

14.05.2025 | 23:30
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին
14.05.2025 | 23:26
Խոշտանգման փաստով իրականացվող քննությունն արդեն խախտում է ողջամիտ ժամկետները․ ՀՔԱՎ
14.05.2025 | 23:17
Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային
14.05.2025 | 23:14
Հաքան Ֆիդանն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Զելենսկիի՝ Թուրքիա սպասվող այցը
14.05.2025 | 23:05
ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները
14.05.2025 | 22:57
Գերմանիայում Ուկրաինայի 3 քաղաքացի է ձերբակալվել՝ ՌԴ-ի հրահանգով դիվերսիաներ ծրագրելու կասկածանքով
14.05.2025 | 22:55
Դռնապանը պնդում է՝ պատմության ուսուցչուհին հարվածել է իրեն. Մերձավանի դպրոցի միջադեպի հակառակ կողմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2025 | 22:45
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
14.05.2025 | 22:36
Ուրուգվայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Պարագվայում և Բոլիվիայում դեսպան
14.05.2025 | 22:24
Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Թրամփի հակաիրանական հայտարարությունները
14.05.2025 | 22:13
Հայաստանը վերահաստատում է իր ամուր աջակցությունը «Նոր Ժողովրդավարական պակտի» նախաձեռնությանը․ Արարատ Միրզոյան
14.05.2025 | 22:00
Բնակարան՝ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում կառուցված աղմկահարույց շենքում․ ինչ գույք ունի ՔՊ-ական նորընծա պատգամավորը
14.05.2025 | 21:50
«Վրացական երազանքն» օրենք է ընդունել, որն ավելի է դյուրացնում քաղաքական կուսակցությունների արգելումը
14.05.2025 | 21:44
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի ցանկանում «Երրորդ համաշխարհային պատերազմ» Ուկրաինայի պատճառով
14.05.2025 | 21:35
Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ
Բոլորը

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի  գործով Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր տուժող չի  ճանաչվել՝ թեև ըստ մեղադրանքի, Ղազարյանը ՍԴ դատավորներին  արատավորող տեղեկություններ է հրապարակել։

Ըստ քրեական վարույթի՝ Էդգար Ղազարյանը Հայաստանի  և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի ընթացքի և 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված որոշման կապակցությամբ նույն թվականի օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում է հրապարակել ՍԴ դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ։ Ղազարյանը մեղադրանքը չի ընդունում։

Այսօրվա դատական նիստին պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց Ղազարյանի մեղադրանքում նշված դատավորներին, որոնց թվում՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանին և փոխնախագահ Վահե Գրիգորյանին տուժող ճանաչել։

Վկայակոչելով Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը՝ Մելիքյանն ասաց, որ դրանով  սահմանվում է, օրինակ, անձի՝  քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով։

«Մենք չենք ասում, որ մենք վստահաբար տուժողի հետ հաշտվելու ենք, բայց մենք չենք կարող զրկվել այս հնարավորությունից։ Գործ ունենք միջին ծանրության ենթադրյալ արարքի հետ, պետք է օգտվենք տուժողի հետ հաշտվելու հնարավորությունից։ Հնարավոր է՝  տուժողները  գան և հայտնեն, որ իրենց նկատմամբ որևէ արատավորող տեղեկություն չի տարածվել, առավել ևս, որ մինչդատական վարույթի ընթացքում չեն հարցաքննվել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Պաշտպանը նաև երեք նմանատիպ գործ վկայակոչեց, որոնցից մեկով՝ դատավորը, մյուսով՝ դատախազը՝  երրորդով՝ հարկային կատարողը տուժող են ճանաչվել և խնդրեց իրենց նկատմամբ ևս նույն մոտեցումը ցուցաբերել։

Էդգար Ղազարյանին վերագրվում է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով նախատեսված արարք՝ «դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը»։

Այս հոդվածն ընդգրկված է Քրեական օրենսգրքի  ոչ թե անձի, այլ արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործությունների գլխում։ Մելիքյանը  նշեց, որ չնայած հոդվածն արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություն է սահմանում՝ դրա  բովանդակությունից  պարզ է, որ այստեղ անձի պատվի ու արժանապատվոթյան պաշտպանության հարցն է կարևորվում, հետևաբար՝ ենթադրյալ արատավորող տեղեկությունները կոնկրետ անձանց վերաբերյալ պետք է լինեն։

Էդգար Ղազարյանն էլ հավելեց, որ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը, որով իրեն մեղադրանք է ներկայացվել, շատ որոշակի թվարկում է այն սուբյեկտներին, որոնց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելը քրեական պատժելի է, բայց այս դեպքում, հնարավոր է, Սահմանադրական դատարանի դատավորներն անգամ տեղյալ չեն, որ իրենց վերաբերյալ գործ է քննվում դատարանում։

Նշենք, որ ըստ քրեական վարույթի՝  Էդգար Ղազարյանի կողմից արված հրապարակումների վերաբերյալ տեղեկությունը ոչ թե ՍԴ դատավորներն, այլ ՍԴ աշխատակազմի ղեկավարն է ուղարկել Դատախազություն։

Ղազարյանն ընթերցեց իր մեղադրանքի ձևակերպումներից մի քանիսը։

Ըստ  գործի՝ ինքը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին ասել է, որ նա  «հանդես է եկել որպես վարձկան ակաբեկիչ», Վահե Գրիգորյանի վերաբերյալ էլ արատավոր տեղեկություն է տարածել այն մասին, որ նա «ՍԴ դատավոր չի, ընտրվել է ապօրինաբար, չի ստանում ստացիոնար բուժում»։

Ղազարյանը նշեց, որ Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը  Սահմանադրական դատարանը չեն, այլ ՍԴ կոնկրետ դատավորներ, որոնք ունեն կոնկրետ անուն, ազգանուն և որևէ մեկին որևէ հաղորդում չեն ներկայացրել, որ իրենք լիազորությունների հետ կապված խնդրի են հանդիպել, ավելին, անգամ քաղաքացիական հայց չեն ներկայացել այսինքն՝ նույնիսկ չեն էլ վիրավորվել։

«Մեկ էլ պարզվում է, որ վարույթ է նախաձեռնվել, ես մեղադրյալ եմ, տուժող չկա։ Տենց բան կարո՞ղ է լինել»,- հարց բարձրացրեց Էդգար Ղազարյանը։

Մեղադրող Հայկ Ավետյանը նշեց, որ Արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում հանցագործության օբյեկտը արդարադատության համակարգն է, այլ ոչ թե անձը։

Վկայակոչելով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ մեղադրողը նշեց, որ տվյալ դեպքում առաջին հերթին  դատարանի նկատմամբ հանրության հեղինակությունը և, այդպիսով՝ դատարանի նկատմամբ հանրության  վստահությունն է տուժում։

Ղազարյանը հակադարձեց, թե դատաքննության ընթացքում կպարզվի՝ դատարանի նկատմամբ վստահությունն իր արտահայտությունների՞, թե՞ դատարանի կայացրած որոշումների պատճառով է տուժել։

Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել՝ պատճառաբանելով, որ մասնավոր անձը՝ տվյալ դեպքում ՍԴ կոնկրետ դատավորները չեն կարող այս գործով տուժող ճանաչվել։

Գործն անցավ հիմնական դատալսումների փուլ և նիստը հետաձգվեց։

Լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իրավաբանը, որը հարգում է իր մասնագիտությունը, չի կարող  արատավորող տեղեկություն համարել Ղազարյանի խոսքը։ Ըստ պաշտպանի՝  ակնհայտ է, որ դրանք գնահատողական դատողություններ են։

Ըստ Մելիքյանի՝ այս գործով  քաղաքական իշխանությունը պաշտպանում է Սահմանադրական դատարանի դատավորներին, որովհետև նրանք կարևոր գործառույթ ունեն կատարելու։

 «Արցախից, Ցեղասպաության պահանջատիրությունից հրաժարվելու այն խայտառակ որոշումը, որն առիթ է հանդիսացել  այս վարույթի համար, դեռ վերջը չէ, նրանք մեկ այլ որոշման կայացման խնդիր ունեն՝ կապված Ադրբեջանի հետ հնարավոր, այսպես ասած, խաղաղության պայմանագրի, իրականում՝ ստորացման պայմանագրի հետ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ օրենսդիրը ոչ բոլոր անձանց արատավորող տեղեկություններ հրապարակելն է քրեականացրել, այլ սահմանափակ թվով սուբյեկտների, այդ թվում՝ դատավորների։ Ռուբեն Մելիքյանն ասաց,որ իրենք երբևէ չեն վիճարկել այն հանգամանքը, որ դատավորներին պետք է առանձին պաշտպանության տակ վերցնել, խնդիրն այլ տեղում է։

«Խնդիրն այն չէ, որ այդ հոդվածը ճիշտ չէ, այլ այն, որ «նիկոլական քարոզչությունն» այդքան դատավորների նկատմամբ հարձակում գործեց, և ոչ մի անգամ այս հոդվածը չկիրառվեց, ո՛չ Հրայր Թովմասյանի, ո՛չ ընդհանուր իրավասության դատարանի դատավորների դեպքում»,- ասաց Մելիքյանը՝ հիշեցնելով, թե ինչ թշնամանք էր տարածվում, օրինակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարիներ առաջ ազատ արձակած դատավորների նկատմամբ։

Էդգար Ղազարյանին ուղղված հարցին՝ արդյոք նա համարո՞ւմ է, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանին «վարձկան ահաբեկիչ» անվանելը գնահատողական դատողություն է,  Ղազարյանը պատասխանեց․

«Բա դուք ո՞նց եք պատկերացնում։  Արման Դիլանյանը, չալման կապած, «Կալաշնիկով» ավտոմատով, պիկապի բագաժնիկում նստած վարձկան ահաբեկի՞չ է»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ ինքը համեմատություն է արել։ Կրկին հիշեցնելով, որ այս գործով որևէ անձ չի տուժել՝ Ղազարյանը արձանագրեց․

«Բողոքող չկա, ոչ մի դատավոր չի բողոքում, Ռևազը չի բողոքում, ինչո՞ւ եք նենց անում, որ բողոքի։ Տուժող չկա։ Բոլորը շահող են, մեջների տուժողը ես եմ, որ բան ու գործս թողել, փողկապս կապել, եկել նստել եմ դատարանում»։

Էդգար Ղազարյանը նաև նշեց, որ ՍԴ աշխատակարգով ՍԴ աշխատակազմի ղեկավարը, որը գրություն է ուղարկել Դատախազություն, ՍԴ դատավորների օմբուդսմենը չէ և լիազորված չէ պաշտպանելու  նրանց շահերը։ Լրագրողի հարցին՝ կարո՞ղ էր նույն տրամաբանությամբ Դատախազությանը նամակ ուղարկել ոչ թե ՍԴ աշխատակազմի ղեկավարն, այլ ՍԴ մաքրուհիները, Ղազարյանն արձագանքեց․ «Ես ՍԴ հավաքարարներին ճանաչում եմ, նրանք նման անմիտ բան չէին անի»։

 

Արաքս Մամուլյան