Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը բողոքարկել են և՛ Թովմասյանը, և՛ Դատախազությունը․ գործը Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում է

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատախազությունն ու Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը բողոքարկել են վերջինիս վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Դատախազությունը պահանջում է բեկանել Թովմասյանի վերաբերյալ դատավճիռն ու նրան 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել, իսկ Թովմասյանը պահանջում է իրեն արդարացնել։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, սակայն դատարանը նրան քրեական պատասխանտվությունից ազատել է՝ 2019 թվականին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով։ Ըստ մեղադրանքի՝ նա 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացը, որով էական վնաս է պատճառվել նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ:
Բացի այդ, Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ՝ հարկադրել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1-րդ շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ:

Ըստ մեղադրանքի հաջորդ դրվագի՝ 2009 թվականի մարտի 11-ից Հրայր Թովմասյանը փաստացի տիրապետելով ու տնօրինելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1-րդ հասցեի անշարժ գույքը՝ ունեցել է նոտարական վավերացմամբ հաստատված և Վոլոդյա Մարտիրոսյանի կողմից տրված լիազորագիր, որով նրան վերապահվել են հիշյալ անշարժ գույքն իր նախընտրած գնով և պայմաններով գրավ դնելու, գրավից հանելու, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնելու, ինչպես նաև սույն գույքի գրավի, հիփոթեքի, առուվաճառքի պայմանագրեր կնքելու և ստորագրելու իրավունքներ:

2009 թվականի մարտի 26-ին Հրայր Թովմասյանը, հանդես գալով Վոլոդյա Մարտիրոսյանի անունից, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 հասցեի անշարժ գույքն իր իրական արժեքից շուրջ 20 անգամ էժան գնով՝ 3.000.000 ՀՀ դրամով, առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով ձևակերպել է իր կնոջ քրոջ՝ Սոնա Խուդավերդյանի և նրա ամուսնու՝ Ռուբիկ Ղազարյանի անվամբ, այն դեպքում, երբ դեռևս 2006 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուզաննա Գասպարյանի և Վոլոդյա Մարտիրոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով հիշյալ անշարժ գույքը գնահատվել է 52.400.000 ՀՀ դրամ, իսկ 2008 թվականի մարտի 18-ին բանկում գրավադրվել է 59.017.500 ՀՀ դրամ գնահատված արժեքով: Արդյունքում, իր կողմից գույքի ձեռքբերման փաստը քողարկելու դիտավորությամբ, Հրայր Թովմասյանն այն ձևակերպել է Սոնա Խուդավերդյանի և Ռուբիկ Ղազարյանի անվամբ՝ շարունակելով փաստացի տնօրինել և տիրապետել անշարժ գույքը:

Դրանից հետո՝ 2012 թվականի փետրվարին, Հրայր Թովմասյանը, շահադիտական դրդումներով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ՝ իր օգտին օգտագործելով, արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի և իր ենթակայության ներքո գտնվող նույն նախարարության մի խումբ այլ պաշտոնատար անձանց միջոցով, աշխատանքից ազատելու, գործունեությունը կասեցնելու վերաբերյալ պարբերաբար սպառնալիքներ տալու եղանակով միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին, միևնույն ժամանակ Կենտրոն վարչական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանին՝ իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1-րդ հասցեի հիշյալ անշարժ գույքը: Ալվարդ Մելքոնյանը, սպառնալիքների ազդեցության ներքո, չունենալով այլընտրանք, կախյալ վիճակից ելնելով, զրկված լինելով տարածքը վարձակալելուց հրաժարվելու, ինչպես նաև նոտարական պալատի ինքնակառավարման սկզբունքի ապահովման հնարավորությունից, նոտարական պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով, 2012 թվականի փետրվարի 20-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով ամսական 300.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալել է 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, որպես գրասենյակային տարածք, օգտագործման համար ոչ բարվոք վիճակում գտնվող, մինչև նոտարական պալատի կողմից վարձակալելն այլ անձանց կողմից 50.000 ՀՀ դրամ վճարով, իսկ այնուհետև՝ 85.000 ՀՀ դրամ վճարով վարձակալված հիշյալ անշարժ գույքը: Արդյունքում՝ Հրայր Թովմասյանը մինչև վարձակալության պայմանագրի լուծումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ը, նոտարական պալատից ստացել է ընդհանուր՝ 10.020.000 ՀՀ դրամի չափով վարձավճար:

Թովմասյանը մեղադրանքը չի ընդունել, բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ գործընթացը սկսվել է քաղաքական դրդապատճառներով, որ այս գործընթացի նպատակը եղել է այն, որ ինքը հրաժարվի ՍԴ նախագահի պաշտոնից։
Թովմասյանի պաշտպաններն էլ բարձրաձայնել են այն մասին, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումն ի սկզբանե ապօրինի է սկսվել, քանի որ չի հաղթահարվել նրա անձեռնմխելիությունը՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր։

Թովմասյանի գործը բողոքարկվելուց հետո մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների, սակայն վերջիններս այն ուղարկել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։
Այս դատարանում արդեն գործը մակագրվել է դատավոր Արմեն Հովհաննիսյանին, իսկ դատարանի կազմում են դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ժենյա Մելիքսեթյանը։ Գործով դատական նիստ է նշանակվել 2025 թվականի հունվարի 9-ին։

Արաքս Մամուլյան