Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել՝ նոր դինամիկա է ստացել քաղաքական երկխոսությունը, որի համար կարևոր խթան հանդիսացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ 2019 թվականին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում տեղի ունեցած հանդիպումը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը՝ շեշտելով, որ վերոհիշյալ հանդիպմանը ուղենշվեց միջպետական համագործակցության խորացման հեռանկարը։

«2021թ. հոկտեմբերին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի՝ Հայաստան կատարած առաջին այցի, ինչպես նաև դրան հաջորդած՝ «Ռաիսինա երկխոսության» շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի 2022 և 2023 թթ. Հնդկաստան կատարած աշխատանքային այցերի ժամանակ վերահաստատվել են ամենատարբեր ոլորտներում երկկողմ կապերը խորացնելու երկու երկրների հանձնառությունը: Մասնավորապես, կարևորվել են առևտրատնտեսական, պաշտպանական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև միջմարդկային շփումների խթանումը»,- նշեց դեսպանը:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերին՝ դիվանագետը փաստեց, որ անցնող տարվա ընթացքում, 2018-2019 թթ. համեմատությամբ, Հայաստան-Հնդկաստան առևտրաշրջանառության ծավալները եռապատկվել են։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 358.6 մլն ԱՄՆ դոլար: Բայց հաշվի առնելով երկու երկրների միջև արտահանվող և ներկրվող ապրանքների պահանջարկն ու փոխգործակցության ակտիվացման ուղղությամբ նախանշված քայլերը՝ պետք է նշել, որ առկա է չիրացված հսկայական ներուժ, հետևաբար, հետևողական քայլեր են իրականացվում առաջիկա տարիներին Հնդկաստանի հետ առևտրի ծավալները բազմապատկելու ուղղությամբ։

«Հնդկաստանի հետ հարաբերություններում զբոսաշրջությունը նույնպես դիտարկվում է որպես հեռանկարային ոլորտներից մեկը: Սա համագործակցության կարևոր ոլորտ է, որը նպաստում է նաև երկու բարեկամ ժողովուրդների փոխճանաչելիության խորացմանը: Այստեղ ցանկանում եմ նշել, որ գործուն քայլեր են իրականացվում Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային կապի հաստատման ուղղությամբ, և հույս ունենք, որ մոտ ապագայում կլինեն շոշափելի ձեռքբերումներ թե՛ հայկական, թե՛ հնդկական ավիափոխադրող ընկերությունների ներգրավմամբ»,- տեղեկացրեց դեսպանը:

Երկրների միջև կապակցվածության և հաղորդակցության համատեքստում, բնականաբար, չշրջանցվեց տարածաշրջանային լոգիստիկ մեգածրագրերին առնչվող թեման, մանավանդ որ Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնել համագործակցությունը «Հյուսիս-hարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի, Չաբահարի նավահանգստի լիարժեք գործարկման ծրագրի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի շրջանակներում:

«Ինչ վերաբերում է Չաբահարի նավահանգստի ծրագրում հայկական կողմի մասնակցությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբում գործնական ուսումնասիրություններ են ընթանում»,- նշեց մեր զրուցակիցը: Աֆյանի հավաստմամբ՝ նշյալ ծրագրեը համահունչ են ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հետ։

Շարունակելով միջմարդկային շփումների խթանման թեման՝ դեսպանն անդրադարձավ նաև երկկողմ մշակութային կապերին՝ շեշտելով, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունվար-փետրվար ամիսներին հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, այդ թվում նաև՝ ձեռագործ արվեստը ներկայացվում է Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում տեղի ունեցող Սուրաջկունդի ամենամյա միջազգային արհեստների փառատոնում, որն ընդգրկում է շուրջ 50 պետությունների մասնակցություն և ունի հազարավոր այցելուներ Հնդկաստանից, տարածաշրջանի երկրներից, նույնիսկ՝ նույնիսկ հեռավոր երկրներից:

«Մեր դեսպանության աջակցությամբ՝ մարտին հնդիկ արվեստագետների (տասներկու նկարիչներ) խումբն այցելեց Հայաստան: Հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել նկարիչների միությունում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրականացնել համատեղ մշակութային ծրագրեր, կազմակերպել ցուցահանդեսներ, վարպետության դասեր և այլ նախագծեր՝ Հայաստանի և Հնդկաստանի կերպարվեստի ոլորտի ներկայացուցիչների մշակութային կապը ամրապնդելու և նոր անուններ բացահայտելու համար։ Բացի դրանից, դեսպանությունն ապրիլի 19-ին Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի հետ համագործակցությամբ Նոիդա կինոավանում կազմակերպել է հայազգի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանին նվիրված «Նռան գույնը» ֆիլմի և կոլաժային ստեղծագործությունների ցուցադրությունները։ Նախատեսվում է նաև կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում ներառված մեկ այլ հայազգի նշանավոր գործչի՝ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգային շարք Դելիում, Կալկաթայում և Չեննայում (Մադրաս)»,-նշեց դիվանագետը։

Ըստ նրա՝ առաջիկայում նախատեսվում է նաև կազմակերպել հայազգի ժամանակակից նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Հնդկաստանի հարավում գտնվող Աջանտա քարանձավային տաճարների համալիրի ժայռապատկերների՝ բնօրինակի արժեք ունեցող բացառիկ նկարների կրկնօրինակների ցուցադրությունը Հնդկաստանում։ Սարգիս Խաչատուրյանը նշված աշխատանքներով հսկայական ներդրում է ունեցել ժամանակակից աշխարհին հնդկական հին արվեստը ներկայացնելու և այն ապագա սերունդների համար պահպանելու գործում:

Շարունակելով թեման՝ դեսպանը նշեց, որ ֆիլմարտադրությունը մեկ այլ ոլորտ է, որն էապես կարող է նպաստել ժողովուրդների միջև կապերի խորացմանը: Այդ համատեքստում Աֆյանը տեղեկացրեց, որ դեռևս 2022թ. հուլիսին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։

«Դեսպանության նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մոտ ապագայում իրականացնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Պետք է ընդգծել, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի 2023թ. փոփոխություններով ներդրվել են կինոարտադրողների ծախսերի մինչև 40 տոկոս վերադարձի (cashback) մեխանիզմներ, ինչն էլ Հայաստանն էլ ավելի գրավիչ է դարձնում ֆիլմերի նկարահանման տեսանկյունից, այդ թվում՝ հնդիկ կինոգործիչների համար»- նշեց դեսպանը:

Անդրադարձ կատարվեց նաև կրթական ոլորտում երկկողմ համագործակցությանը: Դեսպանը նկատեց, որ տարեցտարի ՀՀ-ում աճում է ուսանող Հնդկաստանի քաղաքացիների թիվը։ Հնդկաստանի որոշ առաջատար բուհեր, այդ թվում՝ Դելիի Ջավահարլալ Ներուի անվան համալսարանը Հայաստանի ուսանողների համար տրամադրում են կրթաթոշակներ, ներկայումս մի քանի ուսանողներ սովորում են Հնդկաստանի տարբեր նահանգների բուհերում։ Այդ համատեքստում Աֆյանն ընդգծեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի իրագործումը էապես կավելացնի նաև ՀՀ կարողությունները օտարազգի ուսանողների ընդունման ուղղությամբ: