Ինչու առգրավեցին դատարանների սերվերի բանալիները. դատական համակարգի աշխատանքը խաթարած փորձաքննության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
Բոլորը

Հայաստանի դատարաններում գործերի բաշխման ընթացքին անօրինական միջամտության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով արդեն երկուսուկես տարի է՝ նախաքննություն է իրականացվում, բայց ոչ միայն չի հայտնաբերվել, թե ով է միջամտել մակագրման գործընթացին, այլ նույնիսկ պարզ չէ՝ առհասարակ միջամտություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Մինչդեռ այս քրեական գործի պատճառով շուրջ 10 ամիս կաթվածահար էր եղել ամբողջ դատական համակարգը: Կասկածի տակ է դրվել հազարավոր գործերի՝ օրինական դատարանի կողմից քննվելու հանգամանքը:

2021 թվականի հուլիսին քրեական գործ հարուցվեց՝ դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելու հոդվածով։ Այս գործի շրջանակում առգրավվեցին Երևանում գործող բոլոր դատարանների սերվերի մուտքի և կառավարման բանալիները՝ բացառությամբ Վճռաբեկ ատյանի։ Այն ժամանակ ԲԴԽ նախագահ  Գագիկ Ջհանգիրյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի հետ։

«Ինձ զեկուցեցին, որ ծրագիրն իր մեջ հնարավորություն է նախատեսում դրսից միջամտության համար։ Էսպես ասեմ՝ իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ ասացին, որ նաև այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ քրեական գործերով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

Ասպիսով՝ գործերն ուղարկվում էին դատարան, բայց դրանք հնարավոր չէր համակարգչային ծրագրի միջոցով բաշխել։ Ստեղծված իրավիճակը գնահատվեց անհաղթահարելի ուժի առկայություն, և ստացված գործերը սկսեցին մակագրել դատարանների նախագահները:

 

Գործերը ձեռքով մակագրելու համար անհաղթահարելի ուժի առկայության շեմը հաղթահարված չէր

 

Դատական օրենսգրքի համաձայն՝ միայն անհաղթահարելի ուժի առկայության դեպքում է թույլատրվում գործերի բաշխման համակարգչային եղանակից շեղումը։ Այսինքն՝ միայն այն դեպքում, երբ անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով հնարավոր չէ համակարգչային մակագրում իրականացնել, դատավորների միջև գործերը հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ դատավորների ազգանունների այբբենական հաջորդականությամբ։

Այդ շրջանում պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պնդում է՝ ստեղծված իրավիճակում անհաղթահարելի ուժի առկայություն չի եղել։ Սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվել են ԱԱԾ քննիչի կամային որոշման հետևանքով, մինչդեռ անհաղթահարելի ուժի առկայությունն ի հայտ է գալիս մարդու կամքից անկախ հանգամանքներում։

Աղետներ, հրդեհ, դժբախտ պատահար և այլն, որոնց առաջացումը մարդու կամքից անկախ է, դու չես կարող կանխել դրանք առաջացումը։ Ավելին, երբ այդ անհաղթահարելի ուժը վերանա, անմիջապես էլի պետք է վերականգնվի համակարգը»,- բացատրում է Արման Թաթոյանը։

Ձեռքով մակագրման հանգամանքը բուռն դժգոհություն առաջացրեց նաև փաստաբանների ու մեղադրյալների շրջանում։ Պատճառը մակագրման այս եղանակի նկատմամբ անվստահությունն էր։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դիտարկում է՝ քաղաքական գործերը հիմնականում մակագրվում են այն դատավորերին, որոնք հասարակության մեջ ունեցել են բացասական վարքագիծ այն առումով, որ կատարել են ավելի շատ իշխանությունների պատվերը։

«Իսկ գոնե էլեկտրոնային մակագրության ժամանակ կային որոշակի հույսեր, որ  մակագրումները կլինեն պատահականության սկզբունքով»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հիշում է՝ իրենք բողոքներ էին ստանում փաստաբաններից, ազատությունից զրկված անձանցից, դատավորներից։ Ձեռքով մակագրման գործընթացը դատական համակարգում  հանգեցրել էր հակասական պրակտիկայի։

«Մենք ունեինք ահազանգեր, որ առանձին դատարանների նախագահներ իրականացնում էին այդ դատարանի որոշ դատավորների դատական մեկուսացումներ, այսինքն՝ նրանց չեն մակագրվում գործեր, որոնք զգայուն են, հանրային հետաքրքրություն ունեն։ Դիմումներից մեկով կալանավորվածը բողոքում էր, որ դատարանի նախագահը հատուկ գործի բաշխումն այնպես է իրականացրել, որ իրեն կալանք չտալն անհնարին լինի, գրեթե բացառվի, այսինքն՝ այնպիսի դատավորի է մակագրվել, որ պարտադիր տան կալանքը»,- հիշում է Արման Թաթոյանը։

 

Առկա չէին գործերի՝ ձեռքով մակագրման միասնական չափանիշներ

 

Իսկ հակասական պրակտիկա ձևավորելու առիթ տալիս էր ձեռքով մակագրման միասնական չափանիշների բացակայությունը։ Օրինակ՝ թեև օրենքում նշված էր, որ գործերը դատավորների միջև պետք է բաշխվեին նրանց ազգանունների այբբենական հաջորդականությունը հաշվի առնելով, այդ գործերի՝ դատարան մուտքագրման ժամը չէր ֆիքսվում։

Երևանի դատարան ուղարկված գրավոր հարցմամբ այդ շրջանում գործերի բաշխման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ենք խնդրել։

«Դատական գործերը գրասենյակում ստացվում են միաժամանակ և մեծ ծավալով՝ արկղերով, պարկերով, փոստային առաքմամբ և առձեռն, այդ պատճառով գործերի ստացման ժամի վերաբերյալ նշում չէր կատարվել:

Քրեական գործերը հիմնականում դատարան էին ստացվում աշխատանքային օրվա ավարտին:

Դատարան ստացված գործերը բաշխելիս դատարանի նախագահի կողմից հաշվի էին առնվում տվյալ օրվա դրությամբ մուտքագրված գործերի հաջորդականությունը, և դրանք բաշխվում էին՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության»,- հայտնում են Դատական դեպարտամենտին։

Այսինքն՝ դատավորների միջև գործերը, ըստ նրանց ազգանունների այբբենական հաջորդականության, բաշխվում էին՝ հաշվի առնելով ոչ թե գործերի՝ դատարան մուտքագրման, այլ գրասենյակի կողմից դրանց մուտքագրման հաջորդականությունը։ Նման պայմաններում ոչինչ չի խանգարում, որ դրանք գրասենյակի կողմից մուտքագրվեն այնպես, որ ցանկալի գործերը ցանկալի դատավորներին մակագրվեն։

«Ավելին, ժամկետ էլ չկար, թե, օրինակ, ինչ ժամկետում կարող է իրականացվել մակագրումը դատարանի նախագահի կողմից, որն ավելի լուրջ խնդիրների էր բերում, և ստացվում էր այնպես, որ խախտվում էր կարգը։ Օրինակ՝ մենք ունեինք իրավիճակ, երբ արձակուրդից դատավոր էր հետ կանչվել՝ հատուկ նրա համար, որ գործ մակագրվի»,- շարունակում է խնդիրները թվարկել Մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Արման Թաթոյանն այս շրջանում ձեռքով մակագրման խնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույց հրապարակեց՝ աղաղակող խախտումների մասին ահազանգելով։

«Վարչական դատարանում դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին՝ առանց չափանիշների, սեփական հայեցողությամբ: Խոսքը նաև դատական կազմերում հաճախ կրկնվող՝ նույն դատավորների ընդգրկելու խնդրի մասին է: Խոսքը վերաբերում է բացառիկ զգայուն հարցերի, ինչպիսիք են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերը կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ մեզ ներկայացված ահազանգերի, ընդհանրապես մակագրություններ է անում նաև դատարանի աշխատակազմի ղեկավարը՝ բացի այն, որ չկան ամրագրված չափանիշներ հենց դատարանի նախագահի համար»,- նշվում էր ՄԻՊ զեկույցում։

Իսկ որպես պատճառաբանություն նշվում էր, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ մասնագիտական առումով դատարանի նախագահը, այսինքն՝ մեկ մարդ, ի վիճակի չէ իրականացնել այդքան գործերի մակագրություն։ Ամփոփելով ստեղված իրավիճակը՝ Թաթոսյանը դիտարկում է․ «Եթե կասկած կար, որ եղել է արտաքին միջամտություն մակագրման համակարգին, մենք ինչ ենք անում․ փոխարեն ավելի ուժեղացնենք համակարգը, էլեկտրոնային առավել պաշտպանված միջոցներ ներդնենք, մենք ընդհանրապես դա վերացնում ենք, 9 կամ 10 ամիս պահում ենք ձեռքով մակագրման համակարգը, և այդ պարագայում ինչ միջամտություն ասես՝ կարող է լինել, էլ չի էլ երևում ընդհանրապես»։

Այսպիսով՝ ԱԱԾ-ի մեկ քննիչի որոշմամբ՝ խաթարվել էր ամբողջ դատական համակարգի աշխատանքը։ Հատկանշական է այն հանգամանքը, որ նախկինում ևս գործերի բաշխման գործընթացում ենթադրյալ միջամտության կասկածներ եղել են, բայց երբևէ սերվերները չեն առգրավվել։ 

Երևանի դատարանի, իսկ այնուհետև՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը hիշում է՝ իր պաշտոնավարման ընթացքում առնվազն 3 անգամ քրեական գործ է հարուցվել՝ էլեկտրոնային մակագրման գործընթացի նկատմամբ ենթադրյալ միջամտության դեպքի առթիվ։ Նույնիսկ սկզբնական շրջանում ինքն է կասկածներ ունեցել, որ հնարավոր է միջամտել մակագրման գործընթացին, սակայն կարճ ժամանակ անց հավաստիացել է, որ անտեղի են կասկածները։

«Եկեք ճիշտ հասկանանք, հնարավոր է միջամտել, բայց դա այնքան ակնհայտ ու ցայտուն է լինելու, որ առաջին իսկ վայրկյանից ակնհայտ է լինելու, որ տեղի է ունեցել միջամտություն։ Միջամտել՝ նշանակում է էլեկտրոնային հետք թողնել համակարգում։ Այդ էլեկտրոնային հետքի դեմ հնարավոր չէ պայքարել, հնարավոր չէ այդ հետքը մաքրել։ Մասնագետների համար ակնհայտ էր, որ նման միջամտությունը հնարավոր չէ»,- բացատրեց Ռուբեն Վարդազարյանը։

Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ սերվերի առգրավումը։ Դատախազությունից պարզաբանել են, որ սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվել են՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում համակարգչատեխնիկական փորձաքննության կատարումն ապահովելու նպատակով: Այս փորձաքննությունը նշանակվել է՝ պարզելու համար՝ մակագրման գործընթացի նկատմամբ արտաքին միջամտություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Հատկանշական է, որ նախկինում հարուցված քրեական գործերի շրջանակում ևս փորձաքննություներ են նշանակվել։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նախկինում առանց սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավելու փորձաքննություն իրականացրել։ Պարզվում է՝ դա հնարավոր է նաև առանց կաթվածահար անելու դատական  համակարգի բնականոն գործունեությունը․ նախկինում կա՛մ տեղում է փորձաքննություն իրականացվել, կա՛մ իրավապահները ծրագրի սերվերի արխիվային հատվածի պատճենն են տարել, որտեղ արտացոլվում է մակագրման ամբողջ գործընթացը։

«Միշտ նախաքննության մարմնին բացատրել ենք, որ ինքն է ձեզ հարկավոր, պատրաստ ենք բացել սերվերային դռները, թույլատրել, որ գաք, փորձաքննություն իրականացնեք կամ վերցնեք այն, ինչը չի խանգարելու մեր աշխատանքին։ Այսինքն՝ մակագրող մեքենան վերցնելու անհրաժեշտություն երբևէ չի եղել, համոզված եմ, որ այս դեպքում էլ չի եղել»,- նշեց Ռուբեն Վարդազարյանը։

Պատկերացնենք՝ այսպիսի անհրաժեշտություն իսկապես կար։ Բայց արդյո՞ք դա ենթադրում էր գործերի բաշխման միակ համակարգի աշխատանքի խաթարում։ Չէ՞ որ խոսքը վերաբերում էր հազարավոր քաղաքացիների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովմանը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը դիտարկում է՝ ԲԴԽ-ն նախապես տեղյակ է եղել հնարավոր առգրավման մասին․ պետք է ամեն ինչ արվեր, որպեսզի մակագրման համակարգն անգամ մեկ ժամով չխաթարվեր։

«Խոսքը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին ու դատական պաշտպանությանը․ երկու կարևորագույն իրավունքներ, որոնք մեր Սահմանադրությամբ ամրագրված են, որոնք չեն կարող սահմանափակվել անգամ արտակարգ ու ռազմական դրության ժամանակ»,- ասաց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ունենար ավտոմատ  մակագրման այլընտրանքային տարբերակ, իսկ եթե չուներ, ապա չպետք է թույլատրեր առգրավումը, հատկապես, որ անհաղթահարելի ուժի առկայության շեմը հաղթահարված չէր։

Բայց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը ոչ միայն անհանգստացած չէր մակագրման համակարգի առգրավումից, այլև նրա հրապարակային խոսքերից կարելի էր հասկանալ, որ նույնիսկ գոհ է, միայն դատարանների նախագահների ծանրաբեռնվածության համար է անհանգստանում։

«Էստեղ մի դրական բան եմ տեսնում, որ նրանք կարող են այդ ծանրաբեռնվածության անհավասարությունը, որը եղել է ավտոմատ մակագրման համակարգում, հիմա ինչ-որ չափով հարթեցնեն, մոտեցնեն իրար, որ մի դատավոր, ասենք, երեք անգամ ավելի գործերով, հայցերով կամ մինչդատական վարույթի նյութերով ծանրաբեռնված չլինի, իսկ մյուսը՝ երկու անգամ ավելի քիչ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ջհանգիրյանը։

 

Դատարանների սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվեցին քաղաքական լարված շրջանում

 

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հիշեցնում է՝ Ազգային անվտանգության ծառայությունն ամենևին էլ գործերի բաշխման համակարգը պատահական ժամանակահատվածում չի տարել։

«Այս ընթացքում սկսվել էին քրեական գործեր, որոնք ունեին քաղաքական ենթատեքստ, և խնդիրը, իմ կարծիքով, նրանում էր, որ երբ այս համակարգը տարվեց ԱԱԾ, գործերը սկսեցին ձեռքով մակագրվել»,- հիշեցրեց Լիպարիտ Սիմոնյանը։

Խոսքը 2021 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո քաղաքական լարված շրջանի մասին է։ Ցույցեր, փողոցային պայքար, ձերբակալություններ։ Այս շրջանում Վերաքննիչ դատարան էին ուղարկվում տարբեր քրեական գործերով մեղադրյալ դարձած, Սյունիքի մարզի համայնքապետերի կալանքի դեմ բողոքները։

Դատարանների մուտքի և կառավարման բանալիներն առգրավելուց 8 ամիս անց  Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ դրանք վերադարձվել են Դատական դեպարտամենտին։

«Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունը արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա»,- ասված էր Դատախազության հայտարարության մեջ։

Այս հայտարարությանը հաջորդեց Դատական դեպարտամենտի հայտարարությունը, թե բանալիները չեն վերադարձվել։ Թե երկու կառուցից ո՞ր մեկն էր խեղաթյուրում փաստերը և ինչո՞ւ, այդպես էլ հանրությանն անհայտ մնաց, բայց այս իրադարձություններից հետո մոտ երկու ամիս դեռևս գործերը շարունակվեցին ձեռքով մակագրվել։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ առգարվումն իրականացնելուց հետո Դատախազությունը պարզաբանել էր, որ դա արվել է՝ քրեական գործով  նշանակված համակարգչատեխնիկական փորձաքննության իրականացումն ապահովելու համար,այսինքն՝ առգրավման պահին արդեն իսկ փորձաքննություն էր նշանակված, և եթե դրա համար անհրաժեշտ ելակետային տվյալները ստանալուց հետո հնարավոր էր վերադարձնել մակագրման համակարգը, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ դա չէր արվել օր առաջ։

Դատախազություն և Փորձաքննությունների ազգային բյուրո ուղարկված գրավոր հարցումներով խնդրել ենք հայտնել, թե ե՞րբ են փորձաքննության համար անհրաժեշտ ելակետային տվյալները տրամադրվել փորձագետին, սակայն այս տվյալները նախաքննական գաղտնիք համարելով՝ երկու կառույցն էլ տեղեկություն չեն տրամադրել։ Այնուամենայնիվ, հետաքննության ընթացքում մենք պարզեցինք, որ փորձագետին ելակետային տվյալներ են փոխանցվել փորձաքննության նշանակումից 7 ամիս անց, որից հետո, փաստորեն, սերվերի մուտքի և կառավարման բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին:

Սա 2022-ի մարտն էր, որից շուրջ 2 տարի անց դեռևս նշանակված փորձաքննության եզրակացությունը տրամադրված չէ վարույթն իրականացնող մարմնին։ Հետաքննության ընթացքում պարզել ենք, որ 1 տարի առաջ Փորձաքննությունների ազգային բյուրոն դիմել է ԱԱԾ-ին՝ խնդրելով փորձաքննության կատարմանը ներգրավել համապատասխան բնագավառում խորացված գիտելիքներ ունեցող մասնագետի, սակայն մինչ օրս մասնագետ չի տրամադրվել։ Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա:

Դատախազություն ուղարկված հարցմամբ նաև մեկ այլ էական հարցադրում էինք արել։ Ընդունենք, որ իսկապես միջամտություն էր եղել էլեկտրոնային մակագրման գործընթացին։ Մինչև սերվերի մուտքի և կառավարման բանալիները վերադարձնելն ի՞նչ քայլեր են ձեռնարկվել՝ այս հնարավոր միջամտությունն այսուհետ բացառելու համար։ Այս ամենակարևոր հարցին Դատախազությունից չեն պատասխանել։

Այսպիսով՝ շուրջ 10 ամիս դատական համակարգը կաթվածահար էր եղել մի քրեական գործի պատճառով, որի նպատակը, ըստ պաշտոնական վարկածի, դատավորների միջև գործերի համակարգչային բաշխման գործընթացում  արտաքին անօրինական միջամտության, այլ կերպ ասած՝ մարդկային գործոնի ազդեցության հայտնաբերելն ու չեզոքացնելն էր, բայց այդպիսի ազդեցության հանգամանքը գործի հարուցումից  2․5 տարի անց դեռևս չի հիմնավորվել։

Մինչդեռ գործի շրջանակում դատարանների սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավելուց հետո ձեռքով մակագրման գործընթացին անցնելն  ինքնին մեծացրել է գործերի բաշխման վրա մարդկային գործոնի ազդեցության ռիսկը, ընդ որում՝ այնպիսի ազդեցությունը, որը հնարավոր չէ անգամ փորձաքննությունների միջոցով հիմնավորել։

Արաքս Մամուլյան