2024-ը՝ առանց Արցախի․ մի հայրենիքի կորստի պատմություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

2023-ին իրադարձություններն Արցախի ու արցախահայերի շուրջ զարգացան շատ ծանր սցենարով։ Ամեն ինչ սկսվեց դեռևս 2022-ի դեկտեմբերին Լաչինի միջանցքի արգելափակմամբ և ավարտվեց Արցախի հայաթափմամբ ու ԼՂՀ-ի լուծարման մասին հրամանագրով։ Factor TV-ն ամփոփել է դեպքերի ժամանակագրությունը։

  • 2022 թ․, դեկտեմբերի 3 – Մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով փակեցին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի Շուշի-Քարին տակ խաչմերուկը։ Ինչպես հետո պետք է պարզվեր՝ նրանց մեծ մասը բնապահպանության հետ ոչ մի առնչություն չուներ։
  • Դեկտեմբերի 7 – Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց՝ ռուս խաղաղապահների հետ բանակցություններից հետո Մարտակերտի շրջանի Դրնբոն և Կաշեն հանքավայրերում ստուգումներ են սկսում։
  • Դեկտեմբերի 12 – Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիներն արգելափակեցին Լաչինի միջանցքը։ Այսպիսով, ընդհատվեց Արցախ-Հայաստան ցամաքային բնականոն հաղորդակցությունը։
  • Դեկտեմբերի 13 – Բաքուն փակեց Հայաստանից Արցախ մտնող գազատարի փականը՝ դադարեցնելով գազամատակարարումը։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ն մեղադրեց Ադրբեջանին իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները կոպտորեն խախտելու և ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականության համար։
  • Դեկտեմբերի 15 – Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախում 120 հազար մարդ պատանդի կարգավիճակում է, հումանիտար ճգնաժամ է սկսվել:
  • Դեկտեմբերի 21 – Երևանի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարվեց։ Նույն օրը ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ապահովել բժշկական օգնության կարիք ունեցողներին Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխումը։
  • Դեկտեմբերի 23 – ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ Ադրբեջանը չի պահպանել պայմանավորվածությունները, որի պատճառով բնապահպան ներկայացող ակտիվիստները մուտք չեն գործել Կաշենի հանքավայր։

2023-ն արցախահայերը դիմավորեցին շրջափակման մեջ, անորոշության և հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Տարեսկզբին խնդիրներն ավելի խորացան․ վնասվեց Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գիծը, Ադրբեջանը թույլ չտվեց վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։ Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն սկսեց իրականացվել հովհարային անջատումներով։

  • Հունվարի 10 – Արդեն շուրջ 1 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սղությունը գնալով նկատելի դարձավ։ Սնունդը հավասարաչափ բաշխելու համար Արցախն անցավ կտրոնային համակարգի։
  • Հունվարի 19 – Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։
  • Փետրվարի 18 – Ալիևը հայտարարեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում, ինչպես նաև Լաչինի միջանցքում անցակետեր պետք է լինեն։
  • Փետրվարի 22 – ՄԱԿ-ի Արդադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց, որը Ադրբեջանին պարտավորեցնում էր երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
  • Փետրվարի 23 – Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
  • Մարտի 5 – Ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հետևանքով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում զոհվեց ԼՂ ոստիկանության 3 ծառայող։
  • Մարտի 18 – Թալիշում Ալիևը հայտարարեց՝ որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, պետք է ԼՂ-ն պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի մաս։
  • Ապրիլի 12 – Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս։
  • Ապրիլի 23 – Ադրբեջանը փակեց ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրեց։ Նույն օրը Արայիկ Հարությունյանը դիմեց եռակողմ հայտարարության կողմերին՝ Ադրբեջանի հետ անհապաղ քննարկումներ սկսելու համար։ ՀՀ ԱԳՆ-ն էլ հայտարարություն տարածեց՝ կոչ անելով Ռուսաստանին «ի վերջո կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները»։
  • Ապրիլի 28 – Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները հեռացան Շուշի-Քարին տակ խաչմերուկից։
  • Ապրիլի 29 – Դադարեցվեց Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
  • Հունիսի 15 – Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Ռուս խաղաղապահները ոչ միայն չխոչընդոտեցին, այլև աջակցեցին ադրբեջանական սադրանքին։ Հայկական կողմը կանխեց Հայաստանի տարածքում դրոշ տեղադրելու՝ ադրբեջանցիների փորձերը:
  • Հունիսի 22 – ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց՝ պահանջելով Բաքվից ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ընդունել եվրոպական փաստահավաք առաքելություն ԼՂ-ում։
  • Հունիսի 23 – Ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ տեղադրեցին Լաչինի միջանցքում:
  • Հունիսի 24 – Բաքուն կազմակերպեց մի խումբ արտասահմանյան դիվանագետների այցը Հակարիի կամուրջի ադրբեջանական անցակետ: Նույն օրը Բայրամովն առաջին անգամ խոսեց Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ԼՂ հայերին օգնություն տալու մասին։
  • Հուլիսի 7 – Արցախի Մարտակերտի շրջանում մահացան 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան։ Երեխաների մայրը նրանց տանը մենակ էր թողել, 5 կմ քայլելով գնացել մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ ձեթ, շաքար և այլ մթերքներ ձեռք բերելու։ Երեխաներին մահացած էին գտել ճանապարհին կայանված մեքենայում։
  • Հուլիսի 8 – ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու Լաչինի միջանցքով անարգել մուտք ապահովել դեպի Արցախ։
  • Հուլիսի 14 – Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք, որին միացան նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և մի շարք պաշտոնյաններ։
  • Հուլիսի 26 – ՀՀ կառավարությունը փորձեց 400 տոննա մարդասիրական օգնությունն ուղարկել Արցախ, բայց բեռնատարները մնացին Կոռնիձորում։
  • Հուլիս 28 – Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելեցին Կոռնիձոր՝ տեղում տեսնելու, որ հումանիտար բեռը դեռ կանգնած է։
  • Հուլիսի 29 – ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ զորքերն առևանգեցին։ Նույն օրը հրաժարական տվեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
  • Օգոստոս 7 – Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը։
  • Օգոստոսի 15 – Արցախում գրանցվեց սովամահության առաջին դեպքը։
  • Օգոստոսի 16 – Հայաստանի պահանջով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։
  • Օգոստոսի 25 – ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այցելեց Կոռնիձոր, որտեղ գրեթե մեկ ամիս է՝ կանգնած էին Հայաստանից հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները։
  • Օգոստոսի 28 – Ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետից առևանգեցին արցախցի երեք երիտասարդի։ Նրանք Երևան էին գալիս՝ ուսումը շարունակելու։ 10 օր անց նրանք ազատ արձակվեցին։
  • Օգոստոսի 30 – Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ ուղեկցելով ֆրանսիական հումանիտար բեռները։ Բայց դրանք այդպես էլ Արցախ չհասան։
  • Սեպտեմբերի 31 – Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց Արցախի նախագահի պաշտոնից։
  • Սեպտեմբերի 9 – Սամվել Շահրամանյանը խորհրդարանի 22 պատգամավորների կողմ ձայներով ընտրվեց Արցախի նախագահ։

Ընտրությանը Բաքուն սպառնալիքով արձագանքեց, իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարեցին՝ չեն ճանաչում ընտրությունները, սակայն աջակցում են ԼՂ ներկայացուցիչների և Բաքվի միջև երկխոսությանը։

Սեպտեմբերի 19-ը շրջադարձային կետ դարձավ Արցախի Հանրապետության պատմության մեջ։ Ադրբեջանական զինված ուժերը լայնամաշտաբ հարձակում սկսեցին։ Բացի ռազմական օբյեկտներից՝ հրետանու, անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորվեցին նաև քաղաքացիական տարբեր օբյեկտներ։ Ռուս խաղաղապահ զորակազմն այդպես էլ որևէ կերպ չմիջամտեց։ Նույն օրը երեկոյան Արցախի մի շարք համայնքներից տարհանում սկսվեց։

  • Սեպտեմբերի 20 – Ռազմական գործողությունների մեկնարկից մեկ օր անց հայկական կողմը շուրջ 200 զոհ ուներ, ավելի քան 400 վիրավոր։ Կեսօրին Ստեփանակերտը հայտարարեց, որ Արցախի իշխանություններն ընդունում են կրակի դադարեցման՝ խաղաղապահների առաջարկը։ Տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ ասվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու Պաշտպանության բանակի ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման մասին՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։ Տեքստում հիշատակվում էր նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման մասին։ Ինչո՞ւ էր նման ձևակերպում տեղ գտել տեքստում՝ մինչ օրս հարցի պատասխանը չկա, ընդ որում՝ Հայաստանից բազմիցս հայտարարել են, որ Արցախում ՀՀ-ն ԶՈՒ չունի։
  • Սեպտեմբերի 21 – Եվլախում ռուսական կողմի միջնորդությամբ տեղի ունեցավ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպում, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ հրավիրեց։ Հետագայում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև ևս մի քանի հանդիպում տեղի ունեցավ։
  • Սեպտեմբերի 25 – Սկսվեց արցախցիների զանգվածային բռնի տեղահանությունը Հայաստան։ Նույն օրը Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը, պաշտոնական տվյալներով, 218 մարդու կյանք խլեց, նրանցից 3-ի ինքնությունը դեռևս պարզ չէ։ Այրվածքներ ստացած քաղաքացիներից շատերը մինչ օրս շարունակում են բուժում ստանալ ՀՀ-ում։
  • Սեպտեմբերի 27 – Հակարիի անցակետում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատանդառմամբ Բաքուն սկսեց Արցախի Հանրապետության նախկին ու գործող պաշտոնատար անձանց առևանգումն ու կալանավորումները։ Օրերի տարբերությամբ Ստեփանակերտից և Հակարիի ապօրինի անցակետից պատանդառվեցին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Վերջինը սեպտեմբերի 28-ին հայտարարել էր, որ ինքնակամ է որոշել մեկնել Շուշի և հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։ Նրանք շարունակում են մնալ Բաքվում։
  • Սեպտեմբերի 28 – Ադրբեջանի լայնածավալ հարձակումից մեկ շաբաթ անց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր, ըստ որի՝ հունվարի 1-ից լուծարվում են Արցախի բոլոր պետական հիմնարկները և կառույցները, այդ թվում՝ ՊԲ-ն։
  • Դեկտեմբերի 22 – Շահրամանյանն արդեն Երևանում Արցախի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսում է լուծարել պետական ինստիտուտները՝ ավելի մեծ անորոշությունների տեղիք տալով։

Այսպիսով՝ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից և հրադադարի մասին հայտարարությունից ընդամենը 10 օր անց Արցախն ամբողջովին հայաթափված էր։ Ավելի քան 100 հազար արցախցիներ բռնի տեղահանության ընթացքում իրենց հետ վերցրել էին միայն ամենից անհրաժեշտ իրերը, բայց պահում են իրենց տների ու բնակարանների բանալիները՝ հույսով, որ մի օր վերադառնալու են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան