Տոները երեխաների համար են, բայց ո՛չ հավասարապես. 25 խոշորացված համայնք միասին կծախսեն Երևանի տոնական բյուջեի միայն 30%-ը
Տնտեսություն
29.12.2023 | 17:35«Երևանը միայն Կենտրոնը չէ: Մենք պետք է անենք այնպես, որ մեր համաքաղաքացիները տոնական շունչը զգան նույն ուժգնությամբ, ինչ Կենտրոնի բնակիչները». նախատոնական ասուլիսին հայտարարել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Գրիգորյանը նաև անդրադարձել էր հանրության շրջանում ծավալվող այն քննարկումներին, թե այս տարի տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ինչո՞ւ ենք Ամանորն այդքան շքեղ տոնում Երևանում։
«Մենք չենք կարող սառեցնել երեխաների մանկությունը: Պետք է այդ մանկությունը լինի վառ, և կարծում եմ՝ հատկապես Արցախից ժամանած մեր երեխաները դրա կարիքն ունեն»,- ասել էր նա։
Մինչ Երևանի քաղաքապետարանը փորձում է տոնական շունչը նկատելի դարձնել ոչ միայն Կենտրոն համայնքի, այլև բոլոր համաքաղաքացիների համար, Factor.am-ը փորձեց պարզել, թե Հայաստանի մարզերում ապրող երեխաների համար արդյո՞ք Ամանորը տոն են դարձնելու։
Համայնքների համաչափ զարգացման անհամաչափ տոնը
Համայնքների խոշորացումը նպաստել է համաչափ զարգացմանը․ հայտարարել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Իսկ թե ինչքանով է նպաստել, փորձեցինք պարզել համաչափ զարգացման մասին խոսող թեև ոչ ամենակարևոր, բայց նկատելի ցուցանիշներից մեկի՝ ամանորյա տոների անցկացման ծախսերը դիտարկելով։
Factor.am-ը դիտարկել է, մասնավորապես, սահմանամերձ մարզերի՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի բոլոր համայնքների, ինչպես նաև հանրապետության մի շարք խոշոր քաղաքների ամանորյա բյուջեները՝ ուսումնասիրելով բաց աղբյուրներից գնումները, հարցումների և համայնքների ղեկավարներին զանգերի միջոցով տեղեկություն ստանալով։
Երևանի քաղաքապետարանից հայտարարել էին, որ ամանորյա տոնակատարությունների համար ծախսվել է 419,5 միլիոն դրամ կամ շուրջ 1 մլն դոլար․ Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումն արժեցել է 226,5 միլիոն դրամ, տոնածառի լույսերի վառման արարողությունը՝ 89 միլիոն դրամ, Հանրապետության հրապարակի շատրվանի զարդարումը՝ 79 միլիոն դրամ, 7 համերգային ծրագրերը՝ մոտ 25 միլիոն դրամ։ Սա այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշել էր, որ Երևանի քաղաքապետարանը նոր ծախսեր չի արել, և այս տարի ամանորյա Երևանը կձևավորվի նախորդ տարվա գեղարվեստական լույսերով ու դեկորներով։
Նշենք, որ նախորդ տարի Ամանորի տոնակատարությունների, տոնական լույսերի ու զարդարանքի վրա ծախսվել է ավելի քան 800-830 մլն դրամ կամ 2-2․1 մլն դոլար։
Հանրապետության գլխավոր տոնածառը
Գեղարքունիքի մարզ
Գեղարքունիքի մարզի բոլոր 5 խոշորացված համայնքները միասին Ամանորի և Սուրբծննդյան միջոցառումների կազմակերպման համար 23 մլն դրամ են ծախսել։
Ճամբարակ համայնքն Ամանորի և Սուրբծննդյան միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար բյուջեից հատկացրել է 4 750 000 դրամ։
Վարդենիս համայնքն ամանորյա զարդարանքի համար ծախսել է շուրջ 10 մլն դրամ։
Գավառ համայնքն ամանորյա տոպրակների ձեռքբերման համար բյուջեից հատկացրել է 1 320 000 դրամ, ևս 450 000 դրամ՝ ամանորյա լույսերի ձեռքբերման համար։
Գավառի գլխավոր տոնածառը
Մարտունին իր բյուջեից ամանորյա նվերների համար շուրջ 5,5 մլն դրամ է հատկացրել։ Իսկ Սևանի համայնքապետարանից ասացին, որ միայն կենտրոնական հրապարակում տոնածառ են տեղադրել և զարդարանքի համար նախատեսել են ծախսել մինչև 1 մլն դրամ։
Սյունիքի մարզ
Սյունիքի մարզում, որտեղ, ի դեպ, մեծ թվով արցախցիներ են հանգրվանել, նույնպես տրամադրված չեն ճոխ տոնակատարություններ անցկացնել։ Այստեղ բյուջեից հատկացված ընդհանուր ծախսը կազմել է 5,8 մլն դրամ, որից միայն 3,8 մլն-ը Կապանի համայնքապտարանն է ծախսել։
Սիսիանի համայնքապետարանից հայտնեցին, որ չեն հայտարարվել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար մրցույթներ, քանի որ համայնքն օգտագործում է նախորդ տարիների ընթացքում ձեռք բերված գույքը։
«Եթե որոշակի գնումներ կատարվեն, ապա լինելու է փոքրարժեք, ինչպես նախորդ տարի»,- նշել են համայնքապետարանից։
Գորիս համայնքում ևս տոնական տրամադրություն չկա։
«Առանձնակի ծախսեր չեն արվել, ընդամենը 450 000 դրամ ենք հատկացրել քաղաքի լուսավորության համար, տոնածառը զարդարել ենք ձեռագործ խաղալիքներով»,- փոխանցեցին համայնքապետարանից՝ նշելով որ անցած տարի 7 մլն դրամ են ծախսել։
Տաթև համայնքն իր բյուջեից ընդամենը 565 000 դրամ է հատկացրել, որպեսզի երեխաների համար ձեռք բերի նվերների փաթեթներ։
Մեղրիի համայնքապետը հայտնեց, որ հաշվի առնելով բյուջեի սղությունը՝ գումար չեն հատկացրել, թեև մտադիր չեն ընդհանրապես երեխաների համար տոն չկազմակերպել։
«Մենք այնքան գումար չունենք, որ ծախսերը հոգանք, դիմել ենք, որ օգնեն»,- ասաց համայնքապետ Բագրատ Զաքարյանը։
Ըստ նրա՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը երեխաների համար ամանորյա փաթեթներ կգնի, իսկ համայնքին տոնածառ կնվիրի «Լիճքվազ» ՓԲԸ-ն։
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը նշեց, որ միլիոններ չեն օգտագործել, ամեն ինչը չափի մեջ կանեն։ Ըստ նրա՝ տոնակատարությունների համար 990 000 դրամ նախատեսել էին, բայց ծախսել են 960 000 դրամ։
«Միայն մեր համայնքում 260 արցախցի կա, ընդամենը 370 մլն բյուջե ունենք, մեծ գումարներ չենք կարող մեզ թույլ տալ»,- ասաց նա։
Կապանի համայնքապետարանից հայտնեցին, որ ամանորյա տոնակատարությունները կազմակերպելու համար ծախսել են ընդհանուր 3 870 000 դրամ, որից 1 280 000-ը՝ ամանորյա փաթեթների և ապրանքների ձեռքբերման, իսկ 2 590 000-ը՝ քաղաքի տոնական լույսերի և զարդարանքի համար։
Քաջարանից հստակ չնշեցին, թե ինչքան գումար են հատկացրել բյուջեից, թեև ասացին, որ մեծ գնումներ չեն ծախսել և հերթական անգամ դիմել են հիմնական հովանավոր, համայնքում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին, որն էլ կօգնի երեխաների համար տոնական միջոցառումներ կազմակերպել։
Տավուշի մարզի խոշորացված բոլոր համայնքները միասին ծախսել են 15 մլն դրամ։
Իջևանում Ամանորի և Սուրբծննդյան միջոցառումների համար 2 300 000 դրամ են հատկացրել, ևս 2 000 000 դրամ՝ միջոցառումների հետ կապված ծառայությունների համար։ Իջևան համայնքը 1 500 000 մլն դրամի ամանորյա տոնական նվերների փաթեթներ է ձեռք բերել։
Նոյեմբերյան համայնքից ասացին, որ միայն գումար են հատկացրել ամանորյա նվերների փաթեթներ ձեռք բերելու համար՝ 1 482 000 դրամի։
Դիլիջանի համայնքապետարանը միայն քաղաքի մասին չի հոգացել։ Համայնքի 6 բնակավայրերում՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան, ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով 7 000 000 դրամ է հատկացվել։
Դիլիջան համայնքի տոնական տեսքը
Բերդ համայնքն ամանորյա միջոցառումների և զարդարանքի համար ծախսել է ընդհանուր 800 000 դրամ։
Արարատի մարզը, բացառությամբ՝ Արարատ համայնքի (որևէ կերպ չհաջողվեց պարզել) ծախսել է 21 մլն դրամ։
Արարատի մարզի Մասիս համայնքում ամանորյա տոնակատարություններ, տոնական լույսեր, ամանորյա տոնավաճառներ չեն նախատեսվում․ տեղեկացնում են համայնքապետարանից՝ նշելով, որ ձեռք են բերվել միայն ամանորյա փաթեթներ երեխաների համար՝ 2 940 000 դրամի, իսկ 250 000 դրամ տրամադրվելու է եկեղեցու տարածքում ամանորյա ձևավորման համար։
Արտաշատի համայնքապետարանը 6 215 000 դրամի ամանորյա նվերներ է ձեռք բերել։ Բացի այդ, Արտաշատ համայնքի ամանորյա տոնական զարդարման պարագաներ ձեռք բերելու համար բյուջեից նախատեսվել է 5 600 000 դրամ։
Արտաշատի գլխավոր տոնածառը
Արարատի մարզի Վեդի համայնքի ամանորյա տոնական նվերների փաթեթների ձեռքբերման համար բյուջեից 5 980 500 դրամ է հատկացվել։
Վեդին՝ ամանորյա զարդարանքով
Շիրակի մարզ
Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին, ամանորյա միջոցառումների համար Երևանից շուրջ 42 անգամ պակաս գումար է ծախսել։ Համայնքապետարանից հայտնեցին, որ բյուջեից 9 600 000 դրամ է հատկացվել․ գլխավոր տոնածառի և քաղաքի տարբեր փողոցներում դեկորների տեղադրման ու լուսավորության համար 6 մլն դրամ է ծախսվել, ամանորյա պարկերի ձեռքբերման համար 3 300 000 դրամ է հատկացվել, իսկ Ձմեռ պապի ծառայության համար՝ 300 000 դրամ։
Գյումրու գլխավոր տոնածառը
Շիրակի մարզի Թալին խոշորացված համայնքը Գյումրիին գրեթե հավասար բյուջե է հատկացրել ամանորյա տոների համար՝ 9 300 000 դրամ։ Տոնածառի լույսերի և խաղալիքների ձեռբերման համար համայնքը հատկացրել է 2 296 000 դրամ, ամանորյա զարդարանքի՝ սահնակով եղնիկների համար՝ 2 600 000, նաև 650 000 դրամի Ամանորի թեմաներով վահանակներ է պատվիրել։ Բացի այդ, 2 100 000 և 2 333 333 դրամի ամանորյա քաղցրավենիքով նվերների փաթեթներ են ձեռք բերել։
https://www.facebook.com/TavrosSapeyan/videos/279024865152105/
Ամանորյա հեքիաթը՝ Թալինում
Լոռու մարզի Վանաձոր համայնքն Ամանորի տոների համար 24 մլն է ծախսել։ Համայնքապետարանից հայտնեցին, որ այդքան չէին նախատեսել տոնական ծախսերի համար, բայց քանի որ քաղաքի տոն չեն նշել, խնայված գումարը ևս ամանորյա տոներին է հատկացվել։
Վանաձոր քաղաքի ամանորյա տոնական տեսքը՝ այստեղ։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքն ամանորյա տոնական զարդարանքի համար հատկացրել է ընդամենը 500 000 դրամ, իսկ երեխաների համար նվեր-փաթեթների գնմանը՝ շուրջ 800 000 դրամ։
Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքը նոր տոնածառի, քաղաքի և գյուղական բնակավայրերի զարդարանքի համար բյուջեից հատկացրել է շուրջ 10 մլն դրամ։
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքը ամանորյա միջոցառումների և զարդարանքի համար ծախսել է 11 237 000 դրամ։
Այսպիսով, Հայաստանի 4 մարզերի բոլոր խոշորացված համայնքներում, ինչպես նաև խոշոր քաղաքներ հանդիսացող Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Չարենցավանում, Էջմիածնում, նաև Թալին խոշորացված համայնքներում 2024 թվականին Ամանորի և Սուրբծննդյան տոների համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է մոտ 130 մլն դրամ, որը Երևանի տոնական միջոցառումների ծախսի շուրջ 30%-ն է կազմում։
Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ տարածքային համաչափ զարգացման մասին նախկին և ներկա իշխանությունների խոստումներն ու պնդումները դեռևս հեռու են իրականությունից, իսկ պատճառաբանությունները, թե ամեն ինչ հանուն երեխաների է, չեն արդարացնում՝ հաշվի առնելով, որ համայնքների փոքրիկները հավասար հնարավորություններ չունեն զգալու տոնական շունչն այնպես, ինչպես կզգային Երևանում ապրող երեխաները։
Նելլի Լազարյան