ԼՂ-ն պիտի կարգավիճակ ստանա, ՀՀ-ի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Սամվել Շահրամանյան

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Այս մասին հայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը խորհրդարանում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով:

«Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության բոլոր թևերի ներդաշնակ ու անխափան աշխատանքը: Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նախագահի ինստիտուտը, ում խնդիրն է պատասխանատվություն ստանձնել առկա մարտահրավերները հաղթահարելու հարցում։ Վերջինս իրականացնելու համար չափազանց կարևոր է իրականության սթափ գնահատումը և պատրանքներից ազատվելը:

Հարգելի պատգամավորներ՝ ես չեմ պատրաստվում ներկայացնել նախընտրական ծրագիրը դրա դասական իմաստով։ Ակնհայտ է, որ ռազմական դրության պայմաններում գործող նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում անցումային ժամակահատվածի համար նոր նախագահ ընտրելու սահմանադրական կարգավորումների նպատակն այն էր, որ անմիջական ժողովրդաիշխանության արտահայտման եղանակով ընտրված նախագահի կողմից որևէ պատճառով ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու և իր նախընտրական ծրագրերը անավարտ մնալու պարագայում երկիրը չմտնի նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների փուլ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկիզբ առած և նոյեմբերի 09-ի եռակողմ համաձայնագրով սառեցված արցախյան հակամարտության հերթական փուլը ոչ միայն անհնարին դարձրեց իրագործել գործող նախագահի նախընտրական ծրագիրը, այլ նաև առաջ բերեց մի շարք նոր անհետաձգելի խնդիրներ:

Հետևաբար, ներկա իրադրությունում նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացնող թեկնածուն պետք է առավել կենտրոնանա ճգնաժամային իրավիճակի հաղթահարման, պետության առջև ծառացած գոյաբանական և ազգաբնակչության անվտանգային և հումանիտար խնդիրների լուծման վրա։ Վերջիններիս հիմնական դրույթներն ու նախանշվող գործողությունների արդյունքի տեսլական արդեն իսկ քննարկվել է խմբակցությունների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քննարկումներին մասնակցած բոլոր պատգամավորներին՝ հնչեցված հարցադրումների, հայտնած կարծիքների և առաջարկությունների, ինչպես նաև արտահայտած մտահոգությունների համար։

Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունը Ազգային Ժողովին ներկայացրած քաղաքական բոլոր ուժերին։

Հարգելի պատգամավորներ՝ Ձեզ արդեն իսկ ներկայացրած տեսլականի էությունը կարելի է ամփոփել հետևյալ սեղմ ձևակերպմամբ. պետության ամրապնդում և ներքին կայունության պահպանում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանում, նրա ազատ կենսագործունեության և անվտանգության ապահովում, երկրի տնտեսական զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի աստիճանական բարելավում և օրինականության ու կարգուկանոնի ամրապնդում։

Իսկ ինչ մարտահրավերների առջև է կանգնած ներկայիս Արցախը:
Հարգելի պատգամավորներ՝ գաղտնիք չեմ հայտնի, եթե ասեմ, որ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախի Հանրապետության մասնակի, իսկ այնուհետ նաև լրիվ շրջափակումը մի շարք խնդիրներ է առաջացրել Հանրապետության համար։

Անկասկած է, որ առկա իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունենում ՌԴ-հավաքական արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտությունն ու ՌԴ Ուկրաինա պատերազմը: Այդ հակամարտությունն իր արտացոլումն է ստանում նաև մեր տարածաշրջանում՝ արցախյան հարցի կարգավորումը դիտարկելով որպես նշված հակամարտության շրջանակներում միմյանց դեմ իրականացվող քայլերի մի մասնիկ։

Հայաստանի Հանրապետությունը հետպատերազմյան իրողությունների հաշվառմամբ վերանայելով իր անվտանգային հայեցակարգը, փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից և որդեգրել է խաղաղության օրակարգ անունով մի մոտեցում, որի առանցքն է կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը, ներառյալ Արցախը, պայմանով, որ ապահովված լինեն արցախահայության հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Իր հերթին Ադրբեջանը օգտվելով նշված, ինչպես նաև միջազգային դերակատարների առարկայական քայլեր չկատարելու փաստից, աստիճանաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 09-ի եռակողմ հայտարարության դրույթները և մեծացնում ճնշումն Արցախի վրա՝ իր իսկ կողմից հռչակված «ինտեգրման» օրակարգը կյանքի կոչելու նպատակով: Միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է բոլոր միջազգային հարթակներում թմբկահարել, որ արցախյան հակամարտությունն արդեն իսկ լուծված է, Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, իսկ տեղաբնակ հայերի իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրը իր երկրի ներքին հարցն է:
Դրան հակառակ, աշխարհաքաղաքական կենտրոններն առայժմ բավարարվում են միայն մտահոգությունների, հորդորների և կոչերի օրեցօր մեծացող ծավալով։ Անկատար են մնում նաև միջազգային և մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումների իրագործումը։ Ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար այս պահին շահագրգռված չէ Ադրբեջանի նկատմամբ կիրառել ազդեցության կոշտ միջոցներ։ Ավելին, նույնիսկ իրատեսական են համարվում ինտեգրման օրակարգի շուրջ բանակցություներին Ստեփանակերտի ներգրավման հնարավորությունները:

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ միջազգային իրավունքի շրջանակներում արցախահայության իրավունքներն ու օրինական շահերը չեն պաշտպանվում: Ըստ այդմ ոչ իրատեսական և իրականությունից կտրված եմ համարում միջազգային իրավունքի վերաբերյալ մեր պատկերացումներն ու ակնկալիքները, քանի որ ակնհայտ է, որ միջազգային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ պատերազմները չեն ծավալվում միջազգային իրավունքի շրջանակներում:

Նշվածներն Արցախի համար այլ տարբերակ չեն թողնում քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ։
Չնայած ՌԴ – հավաքական արևմուտք հակամարտության ու կողմերի հակադիր դիրքորոշումներին, պետք է արձանագրել, որ Արցախյան հակամարտության վերաբերյալ աշխարհում ձևավորվել է կոնսենսուս հետևյալ հարցերի շուրջ՝
1) Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը, հետևաբար Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վիճելի տարածք, որը պետք է ստանա որոշակի կարգավիճակ,
2) Արցախն ու Հայաստանը պետք է ունենան ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն՝ Լաչինի միջանցք։ Վերջինս ի հակառակ Բաքվի պնդումների՝ արդեն տևական ժամանակ է փակ է և պետք է բացվի։ Պետք է գործարկվեն նաև տարածաշրջանային այլ ճանապարհներ ևս, սական դրանք չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին, կամ դիտվել դրան այլընտրանք,
3) Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Ընդ որում, այս հարցում, թե ՌԴ-ն և թե հավաքական արևմուտքը պատրաստ են տրամադրել հարթակ և հանդես գալ միջնորդի դերում, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը:

Նշվածները հիմք են տալիս Արցախի արտաքին քաղաքականությունը կառուցել հենց այդ շրջանակներում։ Ուստի ապագա Նախագահի համար պետք է առաջնահերթություն լինի Ստեփանակերտը Արցախյան հակամարտության կարգավորման օբյեկտից, բանակցությունների սուբյեկտ դարձնելը։ Ընդ որում, կախված տվյալ պահին քննարկվող հարցերի շրջանակներից, բանակցությունների ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ։ Միակ պարտադիր պայմանը պետք է լինի բանակցությունների կազմակերպումը երրորդ երկրի կողմից՝ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների կատարմանը նրա տրամադրած երաշխավորությամբ։

Վստահ եմ շատերիդ մոտ հարց է առաջանում, թե արդյոք կարելի է բանակցել մի կողմի հետ, ով ցանկացած պահի պատրաստ է քաղաքական և նաև ռազմական ուժ կիրառել Արցախի նկատմամբ։
Եվ ինչի շուրջ պետք է կառուցել այդ բանակցությունը:

Պատասխանն ինքնին ներառված է հարցի մեջ։ Պետք է քայլեր ձեռնարկել պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի առարկայական բանակցություններ վարել։ Հետևաբար, մեր առաջնահերթություններից է հասնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկության, գազի և էլեկտրականության կանոնավոր մատակարարումների վերականգնմանը, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացման ապահովմանը և այլ կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը։ Նշվածներն իրականացնելու համար մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տրամադրած հումանիտար օգնությանը, ապա առավել քան ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեպքում Արցախին որևէ հումանիտար օգնություն տրամադրելու կարիք ընդհանրապես չի լինի։

Իր հերթին, ինչպես Ստեփանակերտ Ակնա, այնպես էլ Ստեփանակերտ Հադրութ, Ստեփանակերտ Սոթք և տարածաշրջանում գտնվող բոլոր ճանապարհների լիարժեք գործարկմանը Արցախը միշտ էլ կողմնակից է եղել, այլ հարց է, թե ինչպես պետք է ապահովված լինի այդ ճանապարհներով երթևեկողների անվտանգությունը։ Ակնհայտ է, որ ներկա իրողությունների պայմաններում, երբ նույնիսկ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքում Ադրբեջանը հափշտակում է Արցախի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ կարմիր խաչի ուղեկցությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող կենսաթոշակային տարիքի բուժառուի, որևէ այլ ճանապարհի գործարկումն ինքնին խնդրահարույց է։

Ինչպես տեսնում ենք, նշված հարցերը բավականին ընդգրկուն են և կարող են և պետք է դառնան ապագա բանակցությունների քննարկման առարկա։

Անհրաժեշտ է նշել, որ Արցախ Ադրբեջան ուղիղ բանակցությունները բոլորովին էլ նոր խոսք չեն հակամարտության կարգավորման գործընթացում։

Վստահ եմ իրազեկ եք ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կազմակերպված, իմ կողմից գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որն ուներ բացառապես հումանիտար հարցերի կարգավորման շրջանակ:

Ներկա իրողությունների պայմաններում բանակցային գործընթացի մասնակից դառնալուց առաջ միանգամայն անհրաժեշտ է, որպեսզի Արցախն իր պատկերացումներում ունենա բանակցությունների վերջնարդյունքի իր տեսլականը։ Այն արդեն իսկ ներկայացվել է Ձեզ, ԱԺ խմբակցությունների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում և ընդհանրական կերպով կարելի ներկայացնել որպես Արցախը հայկական պահելու և այն սերունդներին փոխանցելու հրամայական:

Նշվածից բացի անհրաժեշտ է արձանագրել Հանրապետության առջև ծառացած ընթացիկ խնդիրները ևս և հրատապ լուծումներ գտնել դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այսպես, առկա մարտահրավերներն իրենց բնույթով կարելի է դասակարգել երկու մասի՝
ա․ պետության և պետական իշխանության բնականոն գործունեության և ընդհուպ՝ դրանց վերացմանն ուղղված,
բ․ հումանիտար աղետի սկիզբ դնող և ազգաբնակչության բնականոն ապրելակերպի խաթարմանն ուղղված։
Նշվածները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվել և ներկայումս էլ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, որոնք սակայն իմ գնահատմամբ բավարար չեն և կարիք կա ցուցաբերելու նոր մոտեցումներ։ Վերջիններս արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է կոնսոլիդացնել ինչպես Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ամբողջ կարող ներուժը, այնպես էլ՝ ներգրավել Սփյուռքի հնարավորությունները։ Նշվածը ենթադրում է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, արձանագրել, որ Արցախը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և ուժերը կենտրոնացնել միայն ու միայն մեկ հիմնական խնդրի լուծման, այն է՝ Արցախը պահել հայկական։

Ըստ առաջնահերթությունների իրականացվող աշխատանքները պետք է դասակարգվեն հետևյալ կերպ՝
1) ազգաբնակչության անվտանգության ապահովում, հումանիտար և առողջապահական հրատապ խնդիրների լուծում, սոցիալական արդարության վերականգնում, պետության պաշտպանունակության բարձրացում,
2) պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում,
3) բնակչության սոցիալ կենցաղային պահանջմունքների լիարժեք բավարարում։
Նշվածներից յուրաքանչյուրի համար ծրագրվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնցում էլ հենց կներգրավվեն բոլոր կարող և բարձր պատասխանատվություն ունեցող պետականամետ ուժերն ու անհատները։

Այսպես՝
– կարճ ժամանակահատվածում կգույքագրվեն պետության բոլոր ռեսուրսները – խոսքը վերաբերում է և մարդկային ներուժին և առկա սուղ նյութական հնարավորություններին։
– առավել կսերտացվի փոխհամագործակցության մակարդակը ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ։
-կշարունակվեն և կընդլայնվեն շփումները ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ և Արցախյան հիմնահարցի կարգավորման մեջ շահագրգիռ բոլոր հիմնական դերակատարների հետ։ Ընդ որում, այս հարցում էլ ավելի մեծ աշխատանք ունեն կատարելու թե արտերկրում Արցախի ներկայացուցիչները, թե սփյուռքի մեր հայրենակիցներն ու հայկական կառույցները։
– կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղամիջոցների, վառելիքի, իսկ այնուհետ նաև՝ այլ ապրանքանյութական միջոցների ներկրման ուղղությամբ։
-կներդնվի առկա միջոցները հավասարաչափ և արդարացի բաշխելու համապատասխան ընթացակարգ։
– անհաշտ պայքար կնախաձեռնվի պետության հիմքերը խարխլող, պետականության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունների և ազգաբնակչության ծանր սոցիալ կենցաղային պայմաններն իրենց համար լրացուցիչ եկամուտի աղբյուր դարձրած բոլոր անձանց թույլ տված իրավախախտումների դեմ։

Հարգելի պատգամավորներ, վստահեցնում եմ, որ բանակցային հարթակում հումանիտար հարցերի վերաբերյալ դրական տեղաշարժերի և տրանսպորտային հաղորդակցության վերականգմանը զուգահեռ կիրականացվեն աշխատանքներ պիտանելիության մեծ ժամկետ ունեցող պարենի բավարար պաշարներ կուտակելու ուղղությամբ, իսկ հաշվի առնելով ճգնաժամի ընթացքում առաջ եկած խնդիրները՝ ձեռք կբերվեն նաև անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ։

Պետական ապարատը, գործադիր և դատական իշխանությունները կհամալրվեն մասնագիտական ներուժ ունեցող կադրերով, որպես ուղենիշ ունենալով միայն անձի կարողությունները, արհեստավարժությունը, գիտելիքն ու հմտությունները։

Հնարավորությունների ավելացման դեպքում կշարունակվեն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցների, բնակարանային հերթացուցակներում ընդգրված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները։

Հարգելի պատգամավորներ, ես համառոտ կերպով ներկայացրեցի թե ինչ է նախատեսվում անել, այժմ անդրադառնամ այն հարցին, թե ինչպես պետք է անել նշվածները:

Նախ ցանկանում եմ արձանագրել, որ արցախյան հասարակության մի ստված մասը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հիասթափված է իշխանություններից:

Վերջինս բերել է հասարակության պառակտման և մի շարք բևեռների առաջացման, որոնցից յուրաքանչյուրն ունի երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու ընդունակ գործչի իր նախընտրելի թեկնածուն: Ավելին, այդ թեկնածուն դիտվում է ոչ միայն որպես միակը Հանրապետության արժանի նախագահ լինելու հարցում, այլ ընդհուպ հանդես է գալիս որպես փրկիչ: Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր անձի վերաբերյալ նման սպասումներն ինքնին վերջնարդյունքում բերում են հիասթափության: Վստահ եմ, որ որևէ պաշտոնյա, այդ թվում և երկրի նախագահը, անկարող է իրականություն դարձնել և արդարացնել իրեն վստահողների սպասումները, եթե իրեն դիտարկում է որպես պետության առջև բարձրացված բոլոր հարցերի միակ ճիշտ պատասխան ունեցողը:

Հանրապետության Նախագահը պետք է ձևավորի արհեստավարժ թիմ և կարողանա իր լիազորությունների և պարտականությունների ամբողջ ծավալը ճիշտ պատվիրարկի համապատասխան մասնագիտական օղակներին:

Վերջիններս պետք է նախագահի առջև պատասխանատու լինեն իրենց ընդունած որոշումների, ներկայացրած առաջարկությունների և վերլուծությունների համար, իսկ Նախագահն իր հերթին հաշվետու լինի ժողովրդին:
Հենց այս նկատառումից ելնելով էլ, իմ կողմից նախանշված ծրագրերը իրականություն դարձնելու համար միասնականության և համագործակցության առաջարկը բաց է բոլոր կարող ուժերի և անհատների համար:
Հարգելի պատգամավորներ, ամփոփելով նշեմ, որ անկախ Ձեր քաղաքական հայացքներից, հստակ է, որ Արցախի խորհդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների կանոնադրություններում ներառված է մեկ ընդհանուր նպատակ՝ գործել ի բարօրություն Արցախի Հանրապետության: Հետևաբար, ես Ձեզ կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայությունները, նախասիրությունները և մաս դառնալ Արցախը հայկական պահելու առաքելությանը, չէ որ երկրի առաջ ծառացած մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն պետական իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության համատեղ ջանքերով: Այս առումով կարևոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ պետք է համախմբվել նպատակի, այլ ոչ թե անձերի շուրջ:

Հարգելի պատգամավորներ՝ ամեն ինչ կախված է ձեր կամքի արտահայտությունից և փակ գաղտնի քվեարկությանը ձեր մասնակցության հանգամանքից։ Եվ վստահաբար որքան մեծ լինի թեկնածուի շուրջ քաղաքական ուժերի համախմբման աստիճանը, այնքան բարձր կլինի ժողովրդական քվեի ուժն ու իրեն ամուր կզգա ապագա Նախագահը։
Շնորհակալության ուշադրության համար»: