Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական ակտերը ՍԴ որոշումից հետո չեն բեկանվել․ Վճռաբեկ դատարանը մերժել է պաշտպանի բողոքները
Հասարակություն
09.05.2023 | 12:45Վճռաբեկ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքները, որոնցով վերջինս պահանջում էր բեկանել Քոչարյանին կալանավորելու՝ նախկինում կայացված որոշումները։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայության 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ՀՔԾ-ի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով։ Միաժամանակ, մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացրել է և նրան ազատ արձակել:
Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքների քննության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Նոր քննության արդյունքում Քոչարյանը նորից կալանավորվել է, իսկ նրա պաշտպանների բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ մերժվել է:
Հետագայում Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվել է, և 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ վճռաբեկ դատարանը այդ որոշման դեմ բողոքը վարույթ ընդունելը ևս մերժել է:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ պաշտպանների բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
2019 թվականի ապրիլի 29-ին Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Քոչարյանն այդ ընթացքում շարունակել է մնալ կալանավորված։
2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը վերացրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` 2 մլրդ դրամի չափով: Վերաքննիչ դատարանի այս որոշումը մնացել է ուժի մեջ։
Շուրջ մեկ տարի անց Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2021 թվականի մարտի 26-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։
Խուդոյանը, մատնանշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք իրավանորմեր, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումներ, նշել է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21-ի և 2019 թվականի հունիսի 14-ի՝ օրինական ուժի մեջ մտած և վերջնական որոշումները, որոնք վերաբերում են Քոչարյանի խափանման միջոցի հարցին, ենթակա են վերանայման: Ընդ որում, Սահմանադրական դատարանի որոշումը հիմք է ոչ միայն վերանայման վարույթ հարուցելու, այլև Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումները փոփոխելու համար: Ըստ բողոքաբերի՝ որևէ նորմի հակասահմանադրականության պարագայում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է փաստի ուժով հանգեցնի հակասահմանադրական նորմի հիման վրա կայացված դատական ակտի բեկանման, տվյալ դեպքում Քոչարյանին վերագրված 300.1-րդ հոդվածն իր ընդունման պահից չպետք է և չէր կարող առաջացնել որևէ իրավական հետևանք և բոլոր այն դատական ակտերը, որոնցով սահմանափակվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները՝ պայմանավորված վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի մեղսագրմամբ, ենթակա են վերանայման և որոշումները՝ բեկանման։
Վճռաբեկ դատարանի մեծամասնության դիրքորոշումը
Գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցերից մեկը հետևյալն է եղել․ արդյո՞ք Սահմանադրական դատարանի որոշումը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը նշել է, որ սույն բողոքների քննության պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ազատության մեջ և չի շարունակում կրել բողոքարկվող դատական ակտերից բխող որևէ բացասական հետևանք։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Քոչարյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր և դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, ուստի Վճռաբեկ դատարանը գտել է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք չէ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի, մայիսի 21-ի և հունիսի 14-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված բողոքները պետք է մերժել։
Դատավոր Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք է հայտնել
Որոշման պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ անհամաձայնություն ունենալով՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանը դրա վերաբերյալ հատուկ կարծիք է հայտնել։ Դատավորը հատուկ կարծիքում մատնանշել է, որ Վճռաբեկ դատարանի՝ քննարկման առարկա հանդիսացող որոշումների վերաբերյալ նախկինում ևս հատուկ կարծիք է հայտնել և առաջարկել դիմել Սահմանադրական դատարան՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը (մեղադրանք առաջադրելը), ինչպես նաև նրա կալանավորումը և կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը եղել է խնդրահարույց:
Հղում կատարելով Սահմանադրական դատարանի՝ նախկինում կայացրած որոշումներին՝ դատավորը նշել է, որ «Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը։ Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու դեպքում: Հետևաբար, դատական ակտի վերանայման վարույթը` որպես անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնման միջոց, պետք է հանգեցնի իրավունքը խախտած դատական ակտի իրավաբանական ուժը կորցնելուն»:
ՀՀ սահմանադրական դատարանը նաև դիրքորոշում է հայտնել, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմ կիրառած դատական ակտը վերանայման արդյունքում ուժի մեջ թողնելը չի երաշխավորում դատական ակտերի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորություն` թույլ չտալով նաև դատական ակտերի վերանայման նպատակի ու խնդիրների իրացում, և միաժամանակ արգելափակելով անձի սահմանադրական արդարադատության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:
«Որևէ դատարանի կողմից իրավունքի խախտումը փաստելը` առանց այն վերացնելու, նշանակում է չիրականացնել արդարադատություն, մինչդեռ, եթե դատարանը կոչված է վերանայելու ստորադաս դատարանների դատական ակտերը (իսկ Վճռաբեկ դատարանի համար այդ պահանջն ուղղակիորեն սահմանված է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասում), ապա չի կարող չիրականացնել արդարադատություն, այսինքն, նաև չվերացնել հիմնական կամ այլ իրավունքների և ազատությունների խախտումները, հատկապես եթե արձանագրում է դրանք»,- դիրքորոշում է հայտնել Սահմանադրական դատարանը։
Այլ կերպ, ըստ Սերժիկ Ավետիսյանի, դատական ակտերի վերանայման արդյունքում հակասահմանադրական նորմի կիրառման իրավական հետևանքները պետք է վերացվեն: Հակառակ դեպքում, գործնականում վերանայված ակտի ուժի մեջ մնալը կնշանակի, որ արդարադատության հիմքում դրվել է ու կշարունակի ուժի մեջ մնալ հակասահմանադրական նորմը:
Այսպիսով՝ Ավետիսյանը դիրքորոշում է հայտնել, որ պաշտպանի վճռաբեկ բողոքները պետք է բավարարել և նոր հանգամանքի հիմքով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21-ի և 2019 թվականի հունիսի 14-ի որոշումների վերանայման արդյունքում ստորադաս դատարանների համապատասխան դատական ակտերը բեկանել:
Արաքս Մամուլյան