Վազգեն Մանուկյանը հանդես է եկել որպես քաղաքական դերակատար․ պաշտպանական կողմի ճառը
Հասարակություն
17.04.2023 | 19:19«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստին այսօր ճառով հանդես եկավ պաշտպանական կողմը։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրա մեղավորությունը սույն քրեական գործով դատաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված թույլատրելի կարգով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել:
Նշենք, որ Վազգեն Մանուկյանին վերագրվող, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Ալեքսանյանի խոսքով՝ այս հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչեր անելով։ Կոչերը դրսևորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը։ Կոչերի նպատակը մեկն է՝ համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց գործողություններին, մղել պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունների կատարման։ Քննարկվող հանցակազմի իմաստով կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարանի անհրաժեշտության մասին հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցերի միտինգների կոչը կամ կազմակերպելը, փոխարաբերական իմաստով արված արտահայտությունները։
Ըստ Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս հրապարակային կոչերում, մտադրված լինելով մարդկանց մոտ համոզմունք առաջացնել սահմանադրությամբ նախատեսված եղանակով իշխանափոխություն իրականացնելու անհնարինության մասին և անթաքույց հայտարարելով ՀՀ պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակելու պլանների և անհրաժեշտության, այդ կերպ՝ պլան բ-ի՝ ցանկացած պահի կայծակնային արագությամբ ապստամբելով՝ իշխանությունը վերցնելուն պատրաստ լինելու մասին, կատարել է իշխանությունը բռնությամբ զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր։
Պաշտպանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանն իր խոսքում բռնություն կատարելու մասին որևէ կոչ չի եղել, իսկ հանրային գործիչների, այդ թվում՝ պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ քննադատության չափազանց լայն սահմաններ են նախատեսված նաև ՄԻԵԴ նախադեպային կայուն իրավունքում։ Քննարկվող հանցակազմի իմաստով բռնության կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխաննությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխհարաբերական իմաստով արված արտահայտությունները։ Հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որը թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին։
Մեջբերելով ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածը՝ պաշտպանը նշում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։
Կոնվենցիայի 10-րդ հոդվածով առավելապես պաշտպանված խոսքի տեսակը քաղաքական խոսքն է՝ քաղաքական իրադարձությունների մասին հանրային դիսկուրսը, հանրային բաց բանավեճը: Դա ժողովրդավարության պահանջն է՝ քաղաքական իրադարձությունների մասին խոսքը պետք է առավելապես պաշտպանված լինի արտահայտվելու ազատության իրավունքով, քանի որ քաղաքական իրադարձությունների մասին ինֆորմացիայի ազատ հոսքը անհրաժեշտ է ժողովրդավարական համակարգի կայացման համար:
Հետևաբար, քաղաքական խոսքի համատեքստում ասված վիրավորական, ցնցող և անհանգստություն պատճառող խոսքը չի կարող արգելվել ու դրա համար պատասխանատվություն սահմանվել, եթե դա ատելություն, անհանդուրժողականություն և բռնություն հրահրող խոսք չէ, այլ վիրավորական և ցնցող, սադրող խոսք է:
Հիմք ընդունելով միջազգային փաստաթղթերում առկա իրավական դիրքորոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, դրանք համադրելով այս գործի փաստական հանգամանքների հետ՝ պաշտպանության կողմը եզրահանգում է, որ Վազգեն Մանուկյանի ելույթն իր ամբողջության մեջ, չի կարող համարվել իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր։
«Պաշտպանության կողմի նման դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ Վազգեն Մանուկյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար՝ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ, ՀՀ վաչապետի թեկնածու՝ ներկայացնելով ՀՀ «17 կուսակցությունների» խորհրդի հայացքները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ, հետևաբար գտնվել է ազատ խոսքի պաշտպանության ներքո: Ընդ որում, հատկանշական է սույն հարցի համատեքստում այն հանգամանքը, որ «Հայրենիքի փրկության շարժում» քաղաքական միավորը ստեղծվել է առհասարակ ՀՀ «17 կուսակցությունների» խորհրդի կողմից, որի նպատակն է եղել հռչակվել սահմանդրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմական առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ և որպես անցումային կառավարության ղեկավար ՝ ՀՀ վարչապետ, նշված խորհուրդը առաջադրել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ, պետական և քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանին»,- ասաց Էրիկ Ալեքսայանը։
Այսինքն, ըստ պաշտպանի, սույն պարագայում ակներև է, որ Վազգեն Մանուկյանը հանդիսանալով «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ, և պետական քաղաքական գործիչ, հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած Արցախյան երկրորդ պատերազմի պատճառները, ընթացքը և այնուհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ իլհամ ալիևի համատեղ հայտարարության ստորագրումը հայաստանյան հանրության շրջանում բողոքի ալիքի շրջանակներում, իր սույն մեղադրանքի առիթ հանդիսացած ելույթներով պահանջել է ըստ էության Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ իր հայտարարություններում ներկայացնելով սեփական տեսլականն այդ հարցի շուրջ։ Այլ կերպ ասած՝ Վազգեն Մանուկյանի ելույթները կառուցված էին բացառապես քաղաքական կոմպոնենտի վրա, վերաբերելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրադարձություններին, հետևաբար Վազգեն Մանուկյանը գտնվել է իր քաղաքական տեսակետն ազատ արտահայտելու թույլատրելիության դաշտում։ Սակայն տվյալ դեպքում քրեական հետապնդման մարմինները Վազգեն Մանուկյանին դրա համար մեղադրանք առաջադրելով ըստ էության իրականացրել են քաղաքական ընդդիմախոսության ճնշում, հետապնդելով միայն մեկ նպատակ՝ դադարեցնել քաղաքական քննադատությունները։
Վերը նշվածն, ինչպես նաև այլ հանգամանքներ մատնանշելով՝ պաշտպանական կողմը պնդեց, որ պետք է Վազգեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացնել, ճանաչել անպարտ և հռչակել նրա անմեղությունը:
Արաքս Մամուլյան