«Ալվարդի օրը կընկնես»․ ըստ տուժողի՝ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը զանգել ու սպառնացել է իրեն

Լուրեր

12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց նոտար Նունե Սարգսյանը։ Վերջինս գործով տուժողի կարգավիճակ ունի, նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այդ ժամանակ գործող, իսկ այժմ ուժը կորցրած Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ Թովմասյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս, ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Թովմասյանն այն ձեռք է բերել։ Այնուհետև, շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով նոտարների կախյալ վիճակը՝ 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն:

Նոտար Նունե Սարգսյանն այսօր դատարանում ցուցմունք տվեց, որ նոտար է նշանակվել 2005 թվականին ու մինչ օրս աշխատում է Բաղրամյան 1-ին փակուղի 14 շենքում, մինչ այդ նույն տեղում որպես նոտար աշխատելիս է եղել մայրը՝ Ելենա Սարգսյանը։ Վերջինս, ինչպես նաև երկու այլ նոտարներ աշխատելու տարիներին բարեկարգել են գրասենյակը, որի համար յուրաքանչյուրը 20-25 հզ դոլար ներդրում է կատարել։

Երբ արդեն Նունե Սարգսյանը նոտար է եղել, Քաղաքապետարանը իր, ինչպես նաև երկու այլ նոտարի Բաղրամյան 1 փակուղու տարածքից վտարելու պահանջով դատական հայց է ներկայացրել։ Երեք նոտարները՝ ինք, Էմմա Շաբոյանը և Ալվարդ Մելքոնյանը հակընդդեմ հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով տարածքն իրենց անհատույց օգտագործման համար տրամադրել։ Հետագայում Նունե Սարգսյանն ու Էմմա Շաբոյանը հրաժարվել են հակընդդեմ հայցադիմումից, իսկ Ալվարդ Մելքոնյանը շարունակել է դատական գործընթացը։

Դատարանը Ալվարդ Մելքոնյանի հայցադիմումը մերժել է, Քաղաքետարանի հայցը՝ երեք նոտարներին վտարելու վերաբերյալ, բավարարել։ Այդ վճռի դեմ երեք նոտարները վերաքննիչ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Այսօր դատարանում Նունե Սարգսյանը հայտնեց, որ այն ժամանակ, երբ վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարան, Նորայր Փանոսյանն, որը եղել է Արդարադատության նախարարության պաշտոնատար անձ, զանգել է իրեն ու սպառնացել, որ ետ վերցնի բողոքը։

«Ալվարդի օրը կընկնես»,- ըստ տուժողի իրեն ասել է Նորայր Փանոսյանը։ Պաշտպանների հարցին՝ ի՞նչ օրն էր ընկել Ալվարդը, տուժողը պատասխանեց, որ նոտար Ալվարդ Մելքոնյանն աշխատանքից ազատվել էր։

Պաշտպանական կողմը պարզաբանեց, որ «Նոտարիատի մասին» օրենքով՝ նոտարը պետք է տույժ ունենա, որպեսզի նրան աշխատանքից ազատելու հարց բարձրացվի, ընդ որում՝ Նոտարի լիրազորությունները միայն դատարանի որոշմամյբ կարող են դադարեցվել։ Փանոսյանն էլ հավելեց, որ Ալվարդ Մելքոնյանը մեկ բնակարանը վաճառել էր 10 անձի։

Սարգսյանը պնդեց, որ ինքը Փանոսյանի զանգից հետո է գնացել և հրաժարվել վերաքննիչ բողոքից։ Փաստացի, ըստ Սարգսյանի՝ ինքը չի կարողացել իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը։

Փանոսյանի պաշտպան Վարազդատ Բադալյանը հարց բարձրացրեց այն մասին, որ «Նոտարիատի մասին օրենքի» 91-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթների համաձայն՝ 2005 թվականին նոտար նշանակված Նունե Սարգսյանը չուներ Բաղրամյան 1 փակուղու տարածքն անհայտույց օգտագործելու իրավունք, և, հետևաբար չէր կարող ակնկալել նման իրավունքի իրացում։ Ավելին, Նունե Սարգսյանը հենց «Նոտարիատի մասին օրենքի» 91-րդ հոդվածի կարգավորումները հաշվի առնելով՝ դատարանում հրաժարվել էր Քաղաքապետարանի դեմ հակընդդեմ հայցից, բայց այժմ պնդում է, որ Վերաքննիչ բողոքից հրաժարվել է Փանոսյանի սպառնալիքից հետո։

«Ձեր ո՞ր իրավունքը չեք կարողացել իրացնել, եթե ընդունում եք, որ իրավունք չեք ունեցել տարածքն անհատույց օգտագործելու»,-հարցրեց Վարազդատ Բադալյանը։

«Չունեմ պատասխան»,- ասաց Նունե Սարգսյանը։ Ցուցմունք տալը տուժողի համար և՛ իրավունք է, և՛ պարտականություն, ուստի Բադալյանը փորձեց պարզել՝ չգիտի պատասխանը թե՞ Սարգսյանը հրաժարվում է պատասխանել։

Տուժող Սարգսյանը շուրջ երկու րոպե լուռ էր, կողմերը փորձեցին ճշտել՝ գուցե իրեն լավ չի զգում, գուցե ջուր տան, գուցե նստած խոսի, բայց Սարգսյանը ցածրաձայն ասաց, որ կարիք չկա․ տպավորություն էր, որ չգիտի՝ ինչ պատասխանել։ «Դե պատասխանեք, որ շարունակենք,- ասաց Տաթևիկ Գրիգորյանը։

Հետո Նունե Սարգսյանն ասաց, որ ակնկալել է անհատույց օգտագործել Բաղրամյանի տարածքը, քանի որ այդտեղ էր նշանակվել։

«Ձեր՝ սովորույթի ուժով ունեցած իրավունքի՞ց եք հրաժարվել »,- հարցրեց Բադալյանը՝ միաժամանակ դիտարկելով, որ Նունե Սարգսյանը նոտար է, պայմանագրեր է վավերցանում ու պիտի իմանա, որ իրավական գործընթացները իրավական հիմք պիտի ունենան։

Նշենք, որ այս գործընթացներից հետո Բաղրամյան 1 փակուղու տարածքը վարձակալությամբ է տրվել նոտարներին։ Նունե Սարգսյանն ասաց, որ ինքն ամսական 830 հզ դրամ է վճարել 16-17 քառակուսի մետր մակերեսով սենյակի համար։ Հետո պարզվեց, որ նոտարական գրասենյակում աշխատող երեք նոտարները համատեղ օգտագործում են շուրջ 130 քմ տարածք՝ այդ թվում սպասասրահը, սանհանգույցը։ Մինչև 2019 թվականը երեք նոտարով ամսական շուրջ 2 մլն դրամ գումար են վճարել տարածքի համար, սակայն Նունե Սարգսյանը այդ գումարը ողջամիտ վարձավճարի չափ չի համարում։

Սարգսյանն ասաց, որ 2019 թվականից հետո տարածքի սեփականատերն անհետացել է, ու իրենք այժմ չեն վճարում տարածքի համար, որ իրենք նույնիսկ քննարկել են վարձավճարը նոտարի դեպոզիտային հաշվին փոխանցելու հարցը, սակայն հետագայում որոշել են սպասել Թովմասյանի և Փանոսյանի գործի հանգուցալուծմանը։
Երբ Սարգսյանն այս մասին ասաց, պաշտպանական կողմը սկսեց հարցեր ուղղել, թե վարձավճարը տալն ի՞նչ կապ ունի այս գործի հանգուցալուծման հետ։
«Տեսնենք՝ ով է սեփականատերը, իրեն տանք»,- ասաց Նունե Սարգսյանը։

Տուժողի հարցաքննությունը այսօր չավարտվեց, կշարունակվի հաջորդ նիստին։
Մինչ տուժողի հարցաքննությունը դատարանն անդրադարձավ նաև քրեական գործը կարճելու միջնորդությանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը պնդել էր, որ Հրայր Թովմասյանին 2019 թվականին վերագրված 308-րդ հոդվածն այլևս գոյություն չունի, քանի որ 2003 թվականի քրեական օրենսգիրքը 2022 թվականի հուլիսից ուժը կորցրած է ճանաչվել։ Այս հիմքով պաշտպանական կողմը միջնորդել էր կարճել քրեական գործի վարույթը։
Դատախազներից Արմեն Մուրադյանը դիրքորոշում հայտնեց, որ Թովմասյանին վերագրվող արարքը չի ապաքրեականացվել, որ այդ արարքն այժմ էլ համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածին։
Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել։

Արաքս Մամուլյան