Բարձր գներ ու երկար ժամեր ճանապարհներին. հանրակացարան և վարձով տուն գտնելը` մեծ խնդիր ուսանողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարզերից Երևան եկած ուսանողների համար կեցության խնդիրն այս տարի ավելի է սրվել՝ Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան ներհոսքով պայմանավորված մի քանի անգամ բարձրացած վարձավճարների պատճառով։ Երևանում 1 սենյականոց բնակարանի վարձը տատանվում է 100-ից մինչև 500 հազար դրամի սահմաններում։ Վարձակալությամբ զբաղվող ընկերությունները նշում են, որ ուսանողները մեծ մասամբ բնակարաններ վարձակալում են ինքնուրույն՝ անմիջապես սեփականատերից։ Հաճախ, սակայն, նրանց դժվարությամբ են վարձով բնակարան հանձնում։

«Հիմնականում սեփականատերերը կարծրատիպ ունեն, որ ուսանողն այդքան գումար չի կարող վճարել իրենց բնակարանի համար, հնարավոր է՝ ինչ-որ ժամանակահատված հետո ֆինանսական կայունություն չունենալու պատճառով վարձավճարի ուշացում ունենա, կենցաղային պայմաններից է կախված, այսինքն, հնարավոր է՝ երիտասարդ լինելու պատճառով ոչ պատշաճ վիճակում պահեն բնակարանը և չհանձնեն իրենց այն վիճակում, ինչպես սեփականատերը հանձնել է վարձակալին»,- ասում է «ՌԷԴ Ինվեստ Գրուպ»-ի վաճառքի և վարձակալության բաժնի ղեկավար Անի Քոչարյանը։

Երևանում սովորում է Հայաստանի 78 հազարից ավելի ուսանողների մեծ մասը։ Մայրաքաղաքում գործող 12 պետական բուհերից միայն 5-ը հանրակացարան ունեն, որոնց վարձավճարները տատանվում են 10-ից մինչև 60 հազար դրամի սահմաններում։ Մայրաքաղաքում անցկացված հարցախույզի ընթացքում պարզեցինք, որ մարզերից եկող ուսանողներից շատերը տեղեկացված էլ չեն այդ հանրակացարանների գոյության մասին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ ներկայում գործում է մեկ հանրակացարան՝ «Զեյթունի ուսանողական ավան» հիմնադրամը, որում առկա է ընդամենը 390 ուսանողական տեղ։ Factor TV-ին նախարարության տրամադրած գրավոր պատասխանի համաձայն՝ «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը Զեյթունի հանրակացարանում կեցության վարձավճարի զեղչեր է նախատեսում, սակայն չի նշվում, թե որքան։

Մյուս բուհերի հանրակացարաններից Factor TV-ի հարցումների ընթացքում չհաջողվեց պարզել, թե քանի ուսանողի տեղ ունեն։

Շաբաթներ շարունակ Factor TV-ն փորձել է «Զեյթունի ուսանողական ավան» հիմնադրամից թույլտվություն ստանալ հանրակացարանում նկարահանումներ անելու և պայմանները ներկայացնելու համար, սակայն ապարդյուն։ Հանրակացարանի տնօրինությունը նպատակահարմար չգտավ թույլ տալ նկարահանումները, իսկ ԿԳՄՍ նախարարությունից նշեցին, որ որոշողը հանրակացարանն է և, գուցե, թույլ չեն տալիս՝ պայմանների անբավարար լինելու պատճառով։

«Զեյթունի ուսանողական ավան» հիմնադրամը նախարարությանը ենթակա ուսանողական միակ հանրակացարանն է, Հայաստանում գործող ևս 8 բուհ հանրակացարան ունի, բայց դրանք անհասանելի են մարզերից եկող ուսանողների մեծ մասի համար։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի գնահատմամբ՝ հանրակացարանների սակավությունը, իսկ առկաներում՝ տեղերի սահմանափակ լինելը լուրջ խնդիր է։ Մինչդեռ, որակյալ կրթություն ունենալու համար պետք է մարզից եկած ուսանողներին ապահովել կենցաղային որակյալ պայմաններով՝ պնդում է պատգամավորը։

«Մենք այսօր մարզից եկած ուսանողների համար շատ դաժան պայմաններ ունենք։ Մոտակա մարզերի ուսանողները նախընտրում են ամեն օր գնալ գալ տրանսպորտով, քան Երևանում մնալ, որովհետև, եթե հանրակացարան կա, և ուսանողը չի օգտվում, ապա հանրակացարանային պայմաններն այնքան վատն են կամ այնքան թանկ են, որ ուսանողը չի օգտվում»,- ասում է Արմենուհի Կյուրեղյանը։

Պատգամավորը, որը նաև դասախոսական գործունեությամբ է զբաղվում, նշում է, որ հեռավոր մարզերից եկած ուսանողների համար, որոնք այլընտրանք չունեն ու պետք է Երևանում բնակարան վարձակալեն, ներկա վարձավճարները հասանելի չեն։

«Չորս, հինգ, վեց ուսանողով միավորվում են և մեկ բնակարան են վարձում, արդյունքում ստացվում է, որ տարբեր նախընտրություններ ունեցող ուսանողներն ապրում են մեկ սենյականոց բնակարանում, որտեղ առանձին նստելու և սովորելու տեղ չեն ունենում, և դա ազդում է կրթության որակի վրա»,- ասում է Արմենուհի Կյուրեղյանը։

Սևանի Գագարին գյուղում բնակվող Մերի Հակոբյանը յուրաքանչյուր աշխատանքային օր արթնանում է լույսը չբացված՝ Երևան դասի հասնելու համար, իսկ ճանապարհին շատ ժամանակ է ծախսում։

«Մոտավոր 1-1,5 ժամ։ Առավոտյան արթնանում եմ 6։30, երբ գալիս էինք դասի աշնանը, մեր ավտոբուսը շարժվում էր 7։10, իսկ հիմա, որ եղանակները ցրտել են, մութ է, ճանապարհները սառած են, ավտոբուսը ժամը 7-ին է շարժվում, դրա համար հիմա ստիպված եմ ավելի շուտ արթնանալ»,- ասում է ուսանող Մերի Հակոբյանը։

Մերիի ընտանիքը դիտարկել է բնակարան վարձելու տարբերակը, բայց վարձակալության գին/պայմաններ համեմատության մեջ նախընտրել են ամեն օր Գագարին հասնելու տարբերակը։ Մերիի ամսական ճանապարհածախսը կազմում է 30-ից 40 հազար դրամ։

«Մի քանի անգամ բնակարան նայել ենք, ընտրել, բայց բնակարանի գինը պայմաններին ընդհանրապես համապատասխան չէր։ Կարող է լինել մեկ սենյականոց բնակարան ոչ բարենպաստ պայմաններով, կոմունալ հարմարություններից մեծամասնությունը չունենա, ու երբ հաշվում էինք կոմունալները, հետո գրպանի ծախսերը, ավելի շատ գերազանցում էր այն գումարին, որը կարող էիր ավտոբուսին տրամադրել։ Հիմնականում ուսանողական ավտոբուսն ավելի ձեռնըտու է, գնալ գալու ճանապարհածախսն էլ ավելի մատչելի, հարմար է ուսանողների համար»,- ասում է Մերի Հակոբյանը։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշում է՝ ուսանողների կեցության պայմանների ստեղծման համար  պատասխանատու է պետությունը։

«Քանի որ գրեթե բոլոր բուհերն ունեն այդ հանրակացարանային շենքերը, պետք է գումար ծախսել, հանրակացարանային պայմանները բարելավել, որպեսզի մարզից ուսանողը կարողանա գալ Երևանում սովորելու։ Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ կրթությունը մատչելի դարձնի մեր ուսանողների համար»,- ասում է Կյուրեղյանը։

Կառավարությունը բուհերն Աշտարակ տեղափոխելու մտադրություն ունի, բայց արդյո՞ք ուսանողական նոր ավանում բոլոր ուսանողների համար նախատեսված կլինեն հանրակացարանային նորմալ պայմաններ, դեռևս պարզ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սվետա Վարդանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: