Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր․ Արմեն Գրիգորյան

Լուրեր

13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Բոլորը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։

Ելույթի սղագրությունը՝ ստորև․

«Հարգելի գործընկերներ,

Մինչ իմ ելույթին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին` ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու հրավերի համար։

Վաղը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է Ազգային միասնության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Նիկոլայ Պատրուշևին և ի դեմս նրա՝ ողջ ռուս ժողովրդին, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն։

Հարգելի գործընկերներ,

Մեր այսօրվա հանդիպման օրակարգում է «Արդի պայմաններում միջազգային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» հարցը, և դրա շրջանակներում ես կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրներին և մասնավորապես՝ հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Մեզ համար այս հարցի սրություն պատճառն այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան է։

Ցանկանում եմ հատուկ նշել, որ դա ոչ թե սահմանային միջադեպ էր կամ սահմանային բախում, ինչպես փորձեցին ներկայացնել որոշ ուժեր, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գտնվող 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համառ ու հերոսական դիմադրության և մեր գործընկերների արձագանքի շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվեց, սակայն ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան նաև լայնորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից։

Ադրբեջանական ագրեսիայի թիրախում են եղել խաղաղ քաղաքացիական բնակչությունը և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից անվտանգ վայրեր ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև առողջարանային Ջերմուկ քաղաքից դեպի հարավ գտնվող Կեչուտի ջրամբարը։

Ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3-ը խաղաղ բնակիչ են: Անհայտ կորած է համարվում 2 անձ: Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը տարածել է գերեվարված անձանց խոշտանգումների, մարմնական վնասվածքներ հասցնելու, հայ ռազմագերիների, այդ թվում՝ կանանց նկատմամբ արտադատական հաշվեհարդարի, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի շոկային տեսանյութեր:

Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։

Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել, որ 2021 թվականի մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր։

Հարգելի գործընկերներ,

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։

Արդեն կայացել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների երկու նիստ, երրորդը նախատեսվում է անցկացնել մոտ օրերս։

Այս գործընթացում էական դեր է վերապահվում Անկախ Պետությունների Համագործակցության և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։ Մասնավորապես, ԱՊՀ-ի ստեղծման առաջին օրերին՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մեր պետությունները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը։

Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»:

Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։

Այս փաստի ճանաչումը չափազանց կարևոր է կայունության և անվտանգության ապահովման համար ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում։

Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։

Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։

ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից.

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուզում եմ նաև նշել, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ: Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը։

Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։

Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։

Հարգելի գործընկերներ,

Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար:

Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել:

Հարգելի գործընկերներ,
Հարգելի Նիկոլայ Պլատոնի,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և մաղթել բոլորին բարի օր և արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն ուշադրության համար: