CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
Քաղաքականություն
05.06.2026 | 20:48
Իսրայելը գաղտնի կերպով Իրանի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանում էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել որպես Մերձավոր Արևելքում գաղտնի կառույցների ցանցի մաս՝ Իրանի դեմ գործողությունները հեշտացնելու համար։ Այս մասին CNN-ին հայտնել են իրավիճակին ծանոթ չորս աղբյուրներ։
Երկու աղբյուրների համաձայն՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավային հատվածում՝ Իրանի հյուսիսային սահմանին հարակից մի քանի վայրերից, և ամենամոտ կետում՝ Իրանի Թավրիզ քաղաքից ընդամենը 60 մղոն հեռավորության վրա, որի վրա Իսրայելը հարձակվել էր պատերազմի ժամանակ։
Մյուս երկու աղբյուրների պնդմամբ՝ այդ վայրում տեղակայվել են նաև հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ, ինչն Իսրայելին արժեքավոր հնարավորություն է տվել պատերազմի ընթացքում տեսնելու Հյուսիսային Իրանը։
CNN-ի աղբյուրները պնդում են, որ Ադրբեջանում գտնվող վայրերը բազմաթիվ գաղտնի ռազմական օբյեկտների և բազաների շարքում են, այդ թվում՝ Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սոմալիլենդում: Սկզբնապես արտակարգ իրավիճակների դեպքում որպես փրկարարական խմբեր նախատեսված ուժերն ընդլայնվել են՝ դառնալով ռազմական և հետախուզական հավաքագրման դիրքեր։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում աղբյուրների կողմից նկարագրված իսրայելական զորքերը տեղակայված են եղել Իրանի հարավային, արևմտյան և հյուսիսային ծայրամասերում՝ ընդլայնելով բանակի ազդեցությունը Իրանի տարածքում՝ հարյուրավոր կիլոմետրերով դեպի խորք։ Նշվում է, թե այս առաջնային դիրքերն օգնել են Իսրայելին շարունակել մի շարք հարվածներ հասցնել երկրում տարբեր թիրախների։
Ադրբեջանական կողմը հերքել է այս պնդումները։
«Մենք կտրականապես մերժում ենք անհիմն պնդումները՝ Ադրբեջանի տարածքը երրորդ երկրների դեմ գործողությունների համար ենթադրաբար օգտագործելու վերաբերյալ»,- CNN-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան խոսնակը։
CNN-ը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի և Իսրայելի պաշտպանության նախարարության հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։
Միաժամանակ, անջատողական Սոմալիլենդի հանրապետությունը Իսրայելին լրացուցիչ ռազմական դիրք է տրամադրել, ասել է աղբյուրներից մեկը, ինչն իսրայելական ինքնաթիռներին կանգ առնելու կետ է տվել դեպի Իրան հեռահար թռիչքների ժամանակ: Դեկտեմբերին Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդը, իսկ ԱՄԷ-ն պահպանում է ընդարձակ առևտրային և ռազմական ներկայություն Բերբերա նավահանգստային քաղաքում: Իսրայելական բանակը նաև երկու գաղտնի օբյեկտներ է պահպանել Իրաքում Իրանի հետ պատերազմի մի մասի ընթացքում՝ Իսրայելին ապահովելով առաջնային բազաներով լոգիստիկ աջակցության և, անհրաժեշտության դեպքում, որոնողական-փրկարարական գործողությունների համար։ Հայտարարության մեջ Իրաքի բանակը հայտարարել է, որ մարտի սկզբի դրությամբ՝ երկրում «չարտոնված բազաներ կամ ուժեր» չկան։
Նշվում է, որ Իսրայելը նաև ԱՄԷ-ում «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության մարտկոց և այն շահագործելու համար անհրաժեշտ զորքեր է տեղակայել Իրանի հետ պատերազմի ժամանակ։
Ադրբեջանը դիտարկվում է որպես ռազմավարական գործընկեր
Ադրբեջանում ռազմական ներկայությունն Իսրայելին տրամադրել է ևս մեկ բազա՝ ինքնաթիռների վթարների դեպքում օդային փրկարարական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև Իրանին լրտեսելու դիրքեր։ Իսրայելը վաղուց Ադրբեջանին համարում է Իրանի դեմ պայքարում իր ռազմավարական գործընկեր, իսկ նախապատրաստական աշխատանքները սկսվել են պատերազմի մեկնարկային հարվածներից մի քանի շաբաթ առաջ։
Հունվարի կեսերին, երբ Իրանում լայնածավալ բողոքի ակցիաներ էին՝ ցուցարարների զանգվածային սպանություններով, Իսրայելը պատրաստել է գաղտնի առաքելություն Ադրբեջան-Իրան սահմանի երկայնքով, CNN-ին հայտնել են ծրագրերին ծանոթ երկու աղբյուրներ։ Նրանք այն նկարագրել են որպես նախնական գործողություն, որը հիմք է հանդիսացել լրացուցիչ քայլերի համար՝ տարածքում տեղադրելով լսողական սարքեր և հետախուզական սարքավորումներ։ Իսրայելը ծրագրում էր գործողությունն իրականացնել հունվարի կեսերին՝ պատերազմի մեկնարկային հարվածների քողի ներքո։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին րոպեին չեղարկել է հարվածները՝ ասելով, որ Իրանը համաձայնել է դադարեցնել ցուցարարների սպանությունները։
Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն օգտագործել են գաղտնի ինքնաթիռներ և հատուկ նշանակության ուժեր սարքերը տեղադրելու գործողության շրջանակում, քանի որ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը կարծում էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները դատապարտված են ձախողման։ Հետախուզական կենտրոնը դարձել է ևս մեկ միջոց, որի միջոցով Իսրայելը կարող էր տեղեկատվություն հավաքել իրանական ռազմական տեղաշարժերի և օբյեկտների մասին, ինչպես նաև, հնարավոր է, վաղ նախազգուշացման հնարավորություն տրամադրել հրթիռների արձակման մասին։
Երկու շաբաթից էլ պակաս ժամանակ անց Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն այցելել էր Բաքու՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 2025 թվականի մայիսին Ադրբեջանը նաև գաղտնի կերպով հյուրընկալել է Իսրայելի և Սիրիայի միջև հազվադեպ ուղիղ բանակցություններ:
Նշվում է, որ աղբյուրներից մեկն ասել է, թե Ադրբեջանից իրականացված հիմնական գործողություններից մեկը մարտի 4-ին Ռահման Մողադամի սպանությունն էր, որը ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական բաժինը և ում Իսրայելը մեղադրում էր 2024 թվականին Թրամփի դեմ մահափորձի պլանավորման մեջ։ Մեկ օր անց անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ադրբեջանի Նախիջևանի անկլավի օդանավակայանին՝ վնասելով տերմինալի շենքը և վիրավորելով մի քանի մարդու։ Նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել էր Իրանին՝ անօդաչուների հետ կապված միջադեպն անվանելով «ահաբեկչական ակտ», որը «տգեղ, վախկոտ և անամոթ» էր։ Իրանը հերքել էր անօդաչու թռչող սարքերի արձակումը։ Մարտի 6-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ կանխել է ԻՀՊԿ-ի դավադրությունը՝ հարձակվելու կարևորագույն ենթակառուցվածքների, ինչպես նաև իսրայելական և հրեական թիրախների վրա։ Շաբաթներ անց Իսրայելը հրապարակավ ընդունել էր, որ դա համատեղ գործողություն է եղել, որին մասնակցել են Մոսադը, իսրայելական զինվորականները և Շին Բեթ անվտանգության ծառայությունը։
Իսրայելն ու Ադրբեջանը սերտ կապեր են պահպանում առևտրային և ռազմական շահերի շուրջ։ Բաքուն Իսրայելին տրամադրում է իր նավթի մեծ մասը։ Դրա դիմաց Իսրայելն Ադրբեջանին վաճառում է առաջադեմ զենք, որի մի մասն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում 2016 և 2020 թվականներին՝ Հայաստանի դեմ։ Ադրբեջանը նաև առաջին օտարերկրյա երկիրն էր, որը 2016 թվականին գնել է Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։
Բաքվի արձագանքը
Հունիսի 5-ին CNN World-ի հոդվածում Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական գործողությունների համար Ադրբեջանի տարածքի օգտագործման և Ադրբեջանում իսրայելական ուժերի տեղակայման մասին մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Հոդվածում ներկայացված մեղադրանքները բազմիցս հերքվել են Ադրբեջանի կողմից, և այս դիրքորոշումը նախապես հաղորդվել է CNN-ին՝ ի պատասխան հեռուստաալիքի հարցման։ Անանուն աղբյուրների վրա հիմնված տեղեկատվության տարածումը, առանց որևէ համոզիչ ապացույց ներկայացնելու և առանց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը պատշաճ կերպով հաշվի առնելու, հակասում է օբյեկտիվության, անաչառության և մասնագիտական լրագրողական էթիկայի սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին մեղադրանքները ռազմական գործողությունների, հետախուզական գործունեության կամ որևէ երրորդ պետության դեմ այլ թշնամական գործողությունների համար, լիովին անհիմն են։ Ադրբեջանը երբեք թույլ չի տվել, որ նման բաներ տեղի ունենան և երբեք թույլ չի տա։
«Ադրբեջանը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։ Նման անհիմն հայտարարություններն ապատեղեկատվություն տարածելու ևս մեկ փորձ են։ Մենք սպասում ենք CNN-ի հերքմանը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի