Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել․ բյուջեի 73 %-ը վճարել է ՀՀ կառավարությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Այսօր սկսում ենք 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները, և ես ուզում եմ մեզ հաջող քննարկումներ և արդյունավետ քննարկումներ մաղթել:

Բայց մինչ բյուջեի կատարողականին անցնելը, ուզում եմ բոլորիս շնորհավորել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաջող անցկացման առիթով: Իհարկե, տարօրինակ է հնչում, և երբ ես այդ մասին իմացա, անկեղծ ասած, շատ զարմացա, որ փաստորեն մեր անկախության շրջանում ընդհանրապես Հայաստանում օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն ոչ մի անգամ չի անցկացվել: Սա, կարծում եմ, այնքան էլ լավ փաստ չէ, և մենք հույս ունենք առաջիկայում ավելի հաճախ տեսնել այդպիսի մրցաշարեր: Գոնե հիշողությամբ, վերջին մասշտաբային միջոցառումը, որ Հայաստանում այս առաջնությունից առաջ տեղի էր ունեցել, Շախմատային օլիմպիադան է, որը տեղի է ունեցել, եթե հիշողությունս չի դավաճանում, 1995 կամ 1996 թվականին: Հաջորդ տարի մենք կհյուրընկալենք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, և համոզված եմ, որ նույնքան բարձր մակարդակով կանցկացնենք: Ուզում եմ մեր բոլոր մարզիկներին, ովքեր մրցանակ են նվաճել, նույնպես շնորհավորել և հետագա հաջողություններ մաղթել:

Վերադառնալով 2021 թվականի պետական բյուջեին՝ կուզեմ մի քանի արձանագրումներ անել: Չնայած պիտի ասեմ, որ, ըստ էության, ոչ մի նորություն չեմ ասելու, որովհետև բյուջեի կատարման ցուցանիշները մի քանի անգամ, տարբեր ձևաչափերով քննարկման առիթ դարձել են հրապարակային՝ Կառավարության նիստերում, Ազգային ժողովի նիստերում, Կառավարության ծրագրի կատարման ընթացքի հաշվետվության ժամանակ էլ անդրադարձ ենք ունեցել: Բայց կարծում եմ, որ կարևոր արձանագրումներ կան, որ պիտի անենք:

Նախ, տնտեսական աճի ցուցանիշը 2021 թվականին նախատեսվածից ավելի եղավ. ավելի քան 5 տոկոս՝ 5.3 տոկոս տնտեսական աճ ունեցանք: Ուզում եմ հիշեցնել, որ ի սկզբանե կանխատեսված էր 3.1 տոկոս: Ցանկանում եմ հիշեցնել նաև, թե 2021 թվականն ինչ միջավայրում ենք անցկացրել, և այս առումով առավել կարևոր է ընդգծել, որ եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 մլրդ դրամով: Ի՞նչ նկատի ունենք գերակատարել ասելով՝ այն, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված, և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի՝ 147 մլրդ դրամ ավելի եկամուտ ենք հավաքել: Ընդ որում, եկամտային մասերի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել: Առաջին հերթին, խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որն այդ առումով մոտավորապես 24 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջե: Բայց ուզում եմ հիշեցնել, որ հարկային մասի նվազում էլ ենք ունեցել եկամտային հարկի հետ կապված, և հիմա ես կներկայացնեմ, թե ինչ հետաքրքիր էֆեկտներ են ստացվել:

Բյուջեի կատարման ընթացքի հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ մենք հարկերի հավաքման, հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22.7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: Մենք միջնաժամկետում ունենք խնդիր՝ այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու՝ նաև հարկային դրույթները նվազեցնելու ֆոնին, բայց ամեն դեպքում այդ խնդիրը դրել ենք և պիտի փորձենք լուծել:

Հետևյալ ցուցանիշի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել. 2021 թվականի ընթացքում 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին: Դուք գիտեք, թե ինչ ցուցանիշի մասին է խոսքը: Նախ, առաջին հերթին, արտահանման պարագայում ավելացված արժեքի հարկը վերադարձվում է տնտեսվարողներին և ավելացված արժեքի հարկի առանձնահատկություններից ելնելով՝ ներքին շրջանառության ընթացքում նաև գոյանում են դեբետային գումարներ: 2021 թվականի ընթացքում 146 մլրդ դրամ վերադարձրել ենք տնտեսվարողին, այսինքն՝ վերադարձրել ենք տնտեսական շրջանառություն:

Որպեսզի պատկերը ճիշտ լինի, ուզում եմ ցուցանիշը համեմատել 2017 թվականի հետ. 2017 թվականին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, և 2017 թվականի նկատմամբ 140 տոկոսով մենք ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը: 2021 թվականի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացած որևէ դիմում, այսինքն՝ ոչ մի դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի գծով ընդհանրապես պարտքի խնդիրը լուծել ենք՝ հետևյալ կերպ. նախ օրենսդրական փոփոխություններ ենք արել: Նախկինում՝ 2018 թվականի դրությամբ գոյություն ուներ օրենք, երբ ԱԱՀ-ի գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ: Մենք հենց 2018 թվականին օրենսդրական փոփոխություն իրականացրինք՝ այդ ցուցանիշը դարձնելով 3 ամիսը մեկ: Հիմա արդեն այդ ցուցանիշը դարձրել ենք ամիսը մեկ և ամիսը մեկ վերադարձնում ենք գումար: Ինչո՞ւ է սա կարևոր՝ որովհետև ԱԱՀ-ի դեբետային գումարն է, որ պատկանում է տնտեսվարողին, բայց, ըստ էության, գտնվում է ոչ իր մոտ:

Ուզում եմ նաև շատ կարևոր մեկ բան հիշեցնել՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը տնտեսվարողին 125 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել: Ընդ որում, այդ գումարներից մոտավորապես 50 մլրդ դրամ կար, որը հուսահատ գումար էր, այսինքն՝ երբ 2017 թվականին ընդունվել էր Հարկային նոր օրենսգիրքը, այն ժամանակ Կառավարությունն ասել էր՝ նախկինում մեր ունեցած պարտքերը դնում ենք մի կողմ, և մենք դրան չենք անդրադառնալու: 2019 թվականին, երբ մենք բյուջեի եկամուտները գերակատարում էինք արդեն տարվա կեսով, մտածեցինք, թե այդ գումարներն ինչպես ճիշտ օգտագործել և որոշեցինք վերադարձնել ԱԱՀ-ի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, հուսահատ պարտք էր, որը մենք վերադարձրեցինք տնտեսվարողին: Մենք կարող էինք դա չանել, եկեք ուղիղ և անկեղծ ասենք, բայց ինչո՞ւ արեցինք: Որովհետև մենք համարեցինք, որ պետության ռեպուտացիան ամենակարևորն է, որ չի կարող այնպես լինել, որ պետությունն ինչ-որ մեկից գումար վերցնի հենց այնպես, և ինքը, այդ գումարի տերը չլինելով, ուղղակի չտա, ասի՝ ես այդ գումարը չեմ վերադարձնում ո՛չ հիմա, ո՛չ հետո և այլն: Եվ մենք այն ժամանակ նախատեսել էինք, որ 56 մլրդ դրամ պիտի վերադարձնենք, բայց փաստացի վերադարձրեցինք 42 մլրդ դրամ: Ինչո՞ւ: Որովհետև շատ ընկերություններ կային, որոնք այդ ընթացքում լուծարվել էին, այսինքն՝ չկային այդ պարտքի հասցեատերերը, որ վերադարձնեինք, և 42 մլրդ դրամ վերադարձրեցինք: Հիմա գործնականում Հայաստանի Հանրապետությունում, չեմ չափազանցնի, 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա. ինչքան ԱԱՀ-ի դեբետի պարտք կա, նշանակում է մեկ բան, որ տնտեսվարողը դեռ չի հասցրել դիմում տալ, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ստանա: Ինչի՞ եմ սա ասում, որովհետև ուզում եմ ցույց տալ, թե մենք ինչքան, եթե կարելի է ասել, ժրաջան ենք գումարներ հավաքելու գործում, բայց նույնքան ժրաջան ենք գումարները քաղաքացիներին վերադարձնելու գործում: Խնդրում եմ՝ հիշեք 146 մլրդ դրամը:

Հիմա ուզում եմ եկամտային հարկի ցուցանիշներին անդրադառնալ, որը, կարծում եմ, մեր ամենակարևոր ու ամենաարդյունավետ բարեփոխումներից է: Դուք հիշում եք, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեինք եռաշերտ եկամտային հարկ՝ 23, 28 տոկոս և 36, այսինքն՝ աշխատավարձերի չափից կախված: Մենք որոշեցինք համահարթ եկամտային հարկ սահմանել՝ սկզբից 23 տոկոս, բայց հետո, ամեն տարի իջեցնելով, հասնել 20 տոկոսի: Մենք հիմա գտնվում ենք 21 տոկոսի ցուցանիշի վրա: Նախորդ տարի փաստորեն եղել է 22 տոկոս: Եվ այն ժամանակ մեզ քննադատում էին, ասում էին՝ պետական բյուջեի եկամուտները, պետական փողերը նվազեցնում եք և այլն:

Հիմա ուզում եմ ցուցանիշների, արդյունքների մասին խոսել: 2017 թվականին Հայաստանում հավաքվել է 343 մլրդ 683 մլն դրամ եկամտային հարկ, երբ հարկային բոլոր դրույքները եղել են անհամեմատ բարձր, ընդհուպ 10-ը քանի տոկոսով նվազում ենք ունեցել ամենավերին շեմից: Մենք եկամտային հարկ հավաքել ենք 459 մլրդ դրամ, այսինքն՝ 116 մլրդ դրամով կամ 33 տոկոսով ավելի: Սա շատ հետաքրքիր էֆեկտ է՝ որ մենք, հարկային դրույքաչափը նվազեցնելով, ավելի շատ հարկ ենք հավաքել: Չնայած վերջերս Կառավարությունում քննարկում ունեցանք այն մասին, որ, իհարկե, դեռ վերլուծություն պետք է անել հասկանալու համար, Ֆինանսների նախարարությունը մտավախություն ունի առ այն, թե ՀՆԱ-ի մեջ մեր հավաքած եկամտային հարկի ցուցանիշն ինչքան է կազմում: Բայց դա առանձին քննարկման թեմա է:

Հիմա ուզում եմ վերադարձնելու թեմային անդրադառնալ: 2017 թվականին վերադարձվել է 2 մլրդ 417 մլն դրամ եկամտային հարկ: Դուք գիտեք, որ մի քանի հոդվածներով վերադարձնում ենք, որի ամենածավալուն և պոպուլյարը հիպոթեքային ծրագիրն է: Հիմա, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք՝ 2021 թվականին մենք վերադարձրել ենք 32 մլրդ 640 մլն դրամ եկամտային հարկ, որը 1250 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին վերադարձրածը: 1250 տոկոսով: Սա նշանակում է, որ մարդիկ բնակարան են ձեռք բերել, և նաև մի քանի այլ սոցիալական ուղղություններով վերադարձի այդպիսի պրակտիկա գոյություն ունի:

Ես կարծում եմ, որ սա իսկապես մեր ռեֆորմի շատ ուղիղ արդյունքներն են: Այն ունի և՛ ֆիսկալ, և՛ սոցիալական, և՛ տնտեսական նշանակություն: Այսօր, երբ տնտեսական ցուցանիշները նայում ենք, տեսնում ենք, որ մեր տնտեսության ամենաբարձր ցուցանիշներ ունեցող ճյուղը շինարարությունն է՝ ակտիվությունը, նախորդ տարվա նկատմամբ, արդեն 9 տոկոսի է հասնում, և սա լավ է:

Բայց ուզում եմ նաև այդ բարեփոխման մեկ այլ հարակից էֆեկտ նույնպես ներկայացնել, որի մասին կրկին մի քանի անգամ խոսել եմ:

Ապրիլին մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Այստեղ հաշվառում ենք այն աշխատատեղերը, որոնց դիմաց վճարվել է աշխատավարձ, և հաշվարկվել, վճարվել է եկամտային հարկ: Ըստ այդմ՝ ապրիլի աշխատատեղերի թիվը 664 հազար 736 է, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 123 հազար 308-ով, այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է եկել 123 հազար 308 նոր աշխատատեղ: Իհարկե, գիտեք, որ այստեղ, ցավոք, չունենք մեթոդաբանություն հստակ տարանջատելու՝ որ աշխատատեղերն են, որ դուրս են եկել ստվերից և որ աշխատատեղերն են, որոնք նոր են ստեղծվել: Բայց ցուցանիշը կա և հստակ է, ընդ որում՝ անառարկելի է: Ուզում եմ ասել, որ եթե որևէ մեկը կառարկի, դա անառարկելի ցուցանիշ է: Որովհետև, կրկին եմ ասում, մենք ունենք երկու զրոյական աշխատավարձերով աշխատատեղեր՝ ինչ-ինչ պատճառներով, բայց դրանք այս թվաբանության մեջ չենք հաշվառում: Մենք հաշվառում ենք այն աշխատատեղերը, որոնց դիմաց աշխատավարձ է վճարվել, և հաշվարկվել է եկամտային հարկ: Այսինքն՝ չի կարող այդ ցուցանիշը սխալ լինել: Հիշում եք, որ նախորդ անգամ պատմական ցուցանիշ արձանագրել ենք 2021 թվականի դեկտեմբերին, և ահա 2022 թվականի ապրիլին, դեկտեմբերի նկատմամբ, ունենք 5265 ավելի աշխատատեղ:

Ուզում եմ նաև աշխատավարձի աճին անդրադառնալ. 2018 թվականի ապրիլի նկատմամբ համախառն աշխատավարձը, այսինքն՝ Հայաստանում աշխատող բոլոր մարդկանց վճարված աշխատավարձն ավելացել է 61 մլրդ 319 մլն դրամով կամ 65 տոկոսով, իսկ միջին աշխատավարձը 2018 թվականին եղել է 173 հազար 996 դրամ, 2021 թվականին եղել է 233 հազար 965 դրամ, այսինքն՝ տեսնում ենք, որ 60 հազար դրամով միջին աշխատավարձն աճել է, աճը կազմել է 34,4 տոկոս։

Մեկ ուրիշ ցուցանիշ եմ ուզում ընդգծել. քանի որ գնաճային երևույթներ ունենք, որն ակտիվացավ փետրվար-մարտ ամիսներին, ապրիլին հունվարի նկատմամբ միջին աշխատավարձի աճ ունենք 15 հազար 674 դրամով կամ 7,1 տոկոսով, որը որոշակիորեն հավասարակշռում է գնաճը, որը մոտավորապես նույն մակարդակի վրա է։ Մեկ նկատառում եմ նաև ուզում անել. հունվար-փետրվարին միջին աշխատավարձի շարունակական աճ ենք ունեցել, բայց մարտին համախառն և միջին աշխատավարձի մի քիչ անկում ենք ունեցել, որը, ըստ ամենայնի, սեզոնային բնույթ ունի, և հետագայում նաև հույս ունենք, որ աշխատավարձը կշարունակի աճել։

Հարգելի գործընկերներ,

ուզում եմ ուշադրություն հրավիրել 2021 թվականի ընթացքում Արցախում իրականացրած մեր ծրագրերին։ Այս մասին շատ է խոսվել, բայց որոշ դիտանկյունից կուզենայի ընդգծել, որի մասին, իմ կարծիքով, չի խոսվել։ Գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերից հետո մենք Արցախում իրականացրել ենք 136 մլրդ դրամի ծրագիր, 120 մլրդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով։ Ուզում եմ ընդգծել հետևյալը՝ ի՞նչ է արվել այդ գումարը: Ընդ որում, մի մասը՝ ուղիղ, մի մասը՝ Արցախի կառավարության միջոցով։

Օրինակ՝ Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարում. 2021 թվականին Արցախի ողջ բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Ուզում եմ այստեղ ընդգծել, որ որոշակի կենսական նշաձող է դրվել, որից վերև չի վճարվել. նկատի ունեմ, ենթադրենք, որևէ մեկը լրացուցիչ ավելի շատ է էլեկտրաէներգիա ծախսել, քան միջին հաշվարկայինը։ Բայց որոշակի կենսական նշաձողը Արցախի ամբողջ բնակչության համար՝ հոսանք, ջուր, գազ, նաև կապի ծառայությունները, վճարվել են։

Արցախի պետական հատվածի ամբողջ աշխատավարձը վճարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներով: Դա նշանակում է Ազգային ժողովի պատգամավորներից սկսած Արցախի կառավարությամբ վերջացրած, օրինակ, ուսուցիչներով և այլ պետական ծառայողներով, բոլորի բոլոր աշխատավարձերը 2021 թվականի ընթացքում վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Արցախի առողջապահության ծախսերը: Այսինքն՝ վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի վճարած հարկերի հաշվով։

Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի բնակչությանն աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով՝ անշարժ գույքի վնասի դեպքում, ուղղակի Արցախում հաշվառված քաղաքացիներին նաև միանվագ աջակցություն է տրվել մի քանի ամիս շարունակաբար՝ 108,000 մարդու 68 հազար դրամ + 15 հազար դրամ։ Այս ծրագիրը մի քանի ամիս շարունակվել է:
Ուզում եմ հետաքրքիր ամփոփիչ մեկ զուգահեռ անցկացնել. 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117,9 մլրդ դրամ, որն ամենաբարձր բյուջեն է եղել մինչ այդ, որից 57,8 մլրդ դրամը Հայաստանից է վճարվել: 2021 թվականին Արցախի բյուջեն՝ եկամտային մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը Հայաստանի Հանրապետության վճարած գումարն է։ Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության աջակցությունը Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով։ 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այս ծրագրերն Արցախում շարունակվում են, և ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին նախատեսված է 144 մլրդ դրամ Հայաստանի Հանրապետությունից վճարել Արցախին: Դա նշանակում է, որ կրկին շարունակում ենք ամբողջ պետական հատվածի աշխատավարձը վճարել և գումարած 20 մլրդ դրամ ենք հատկացնում. հիշում եք՝ մենք խոստացանք, որ 50 մլրդ դրամ կհատկացնենք բնակարանաշինությանը, որից 20 մլրդ դրամը հատկացնում ենք 2022 թվականին։ Բացի այն ծախսերը, որ արել ենք, մեր հատկացրած աջակցության շնորհիվ Արցախում 2022 թվականին 20 տոկոսով աճել են կենսաթոշակները և նպաստները, և սա նույնպես կարևոր արձանագրում է։

Հարգելի գործընկերներ,

Ես ուզում եմ նաև անդրադառնալ մեր ընթացիկ գործերին, որովհետև ասացի՝ 2022 թվականի պետական բյուջեի մասին շատ ենք խոսել, և բնական հարց պետք է ծագի՝ իսկ ինչպիսի՞ն են ընթացիկ տարվա մեր բյուջետային գործերը, հատկապես եկամտային մասով։ Ուզում եմ սկսել մայիսի ցուցանիշներից․մենք նախատեսել էինք, որ մայիսին ունենանք 119,1 մլրդ դրամի հարկային եկամուտներ, բայց կարող ենք վստահաբար ասել՝ այսօր էլ ներառյալ կունենանք 128,2 մլրդ դրամի հարկային եկամուտներ, այսինքն՝ նախատեսվածից, միայն մայիս ամսվա մասին է խոսքը, 9,1 մլրդ դրամով ավելի: Իսկ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին նախանշել էինք ունենալ 715 մլրդ դրամ եկամուտ, սակայն վստահ ենք, որ առաջին 5 ամսվա տվյալով 45 մլրդ դրամով կգերակատարենք այն ցուցանիշը, որն ի սկզբանե նախատեսված է եղել պետական բյուջեով։ Ընդ որում, նախորդ տարվա առաջին 5 ամսվա նկատմամբ 141 մլրդ դրամով ավելի գումար կհավաքագրենք պետական բյուջե, քան նախատեսվում էր։

Ուզում եմ ասել նաև, որ ընթացիկ տնտեսական վիճակը համարում եմ լավատեսական, և այս ցուցանիշները նույնպես դա ցույց են տալիս, ինչը ոմանց համար կարող է զարմանալի թվալ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Բայց մեր տնտեսությունը նաև դիմակայունություն է ցույց տալիս։ Գիտեք արդեն, որ առաջին եռամսյակի տվյալներով մենք 8,6 տոկոս տնտեսական աճ ունենք, իրական աճ, իսկ առաջին 4 ամսվա տվյալներով՝ 9,4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը շատ լավատեսական ցուցանիշ է։ Իհարկե, մենք անհամբեր սպասում ենք մայիսի տվյալներին, որոնք հունիսի 20-ից հետո կհրապարակվեն:

Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս լավատեսության ֆոնն էականորեն բարելավում են այն ուղևորահոսքերը որ այսօր ունենք։ Մենք տեսնում ենք, որ դեպի Հայաստան ուղևորահոսքերն էականորեն աճում են, և արդեն բավական լավատեսական ցուցանիշներ են ի հայտ գալիս, երբ Հայաստան ժամանողների և մեկնողների սալդոն դրական է՝ հօգուտ ժամանողների: Օրինակ, այսօր առավոտյան, երբ թվերն էի նայում, նախորդ օրը 1000 հոգի ավելի շատ եկել է Հայաստանի Հանրապետություն, քան հեռացել է Հայաստանի Հանրապետությունից: Եվ դա երեկ, երբ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցների մեծ մասն արդեն հեռանում էր կամ հեռացել էր: Այնպես որ, տնտեսական առումով, կարծում եմ, իսկապես լավատեսական իրավիճակ ունենք:

Կրկին ուզում եմ ընդգծել հետևյալը՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ի հեճուկս ռազմաքաղաքական, աշխարհքաղաքական, ներքաղաքական որոշակի խնդիրների՝ մենք տնտեսական կոլապս չենք ունեցել, չնայած կանխատեսում էին և կարող էր նույնիսկ տրամաբանական թվալ: Իմ և մեր բացատրությունը միայն մեկն է, որ ես առիթ ունեցա նաև Ազգային ժողովի նախորդ նիստում ասելու: Մենք կառավարություն ենք, որ, ըստ էության, տնտեսությունից չենք կորզում գումարներ, այլ, հակառակը, հնարավորինս շատ գումար ենք վերադարձնում: Ես ուզում եմ մեր տնտեսական որոշակի դիմակայունության հարցում ընդգծել ստվերի կրճատումը, որն իր հերթին արդյունք է համակարգային կոռուպցիայի հաղթահարման:

Այո, մենք այսօր քաջալերում ենք, որպեսզի տնտեսություն ավելի ու ավելի շատ գումարներ մտնեն: Տեսեք, ես ընդգծեցի 2019 թվականի ընթացքում մեր այդ հուսահատ դեբետների վերադարձման պրոցեսը: Գիտեք, օրինակ, Հայաստանում տնտեսվարողներ են եղել, որ այդ գործընթացի ընթացքում մոտավորապես ասենք 1 մլն դոլար, 2 մլն դոլար, մինչև 4 մլն դոլար գումար հետ են ստացել իրենց ընկերություններ: Եվ մենք քաջալերել ենք նրանց, որպեսզի վերաներդնեն այդ գումարը տնտեսություն, և թերևս նաև այսպիսի որոշումների արդյունքում է, որ կարողացել ենք տնտեսական դրական ֆոն ապահովել:

Իհարկե, չեմ ուզում, որ մեր լավատեսական կանխատեսումները չափազանցված լինեն, որովհետև, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ գլոբալ տնտեսական վիճակը շատ լարված է, և այս առումով հնչում են միայն ու միայն հոռետեսական կանխատեսումներ: Հայաստանը, իհարկե, աշխարհից կտրված չէ, և, առավելևս Հայաստանը չի կարող աշխարհից կտրված լինել: Բայց, այնուամենայնիվ, իմ հանձնարարականը և տրամադրվածությունն այսպիսին է՝ մենք պետք է կենտրոնանանք մեր բյուջեի կատարման վրա, հատկապես կապիտալ ծախսերի կատարման վրա, որպեսզի կարողանանք մեր 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն ապահովել:

Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի սոցիալական խնդիրների հաղթահարումը, բայց ուզում եմ կրկին ասել, որ մեր Կառավարության մոտեցումը հետևյալն է. առանձին վերցրած սոցիալական խնդրի լուծումը, որպես այդպիսին, ճիշտ ձևակերպված խնդիր չէ, որովհետև սոցիալական խնդրի վրա ծախսվող գումարը պետք է հարակից դրական էֆեկտներ բերի: Ուզում եմ երկու այդպիսի օրինակ բերել:

Առաջինը, կարծում եմ, կրկին մեր ամենահաջողված բարեփոխումներից մեկը դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերի, ըստ էության, կրկնապատկումն է, կրկնապատիկից ավելի, որը հիմա մեր քննադատները կարգախոս են ձևակերպել, ասում են՝ ի՞նչ են արել, մի քանի 100 հազար դրամով ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել են, այդ ի՞նչ մեծ բան է:

Երկրորդը, ուզում եմ հիշեցնել, որ մենք ա) առաջին փուլով անցանք կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի: Ըստ էության, հիմա հանրապետության կենսաթոշակառուների մեծամասնությունն ստանում է անկանխիկ ձևով, և հիմա ուրիշ ծրագիր ենք արդեն ներդնում: Բանկային քարտերից արված առևտուրը թոշակառուների 10 տոկոս գումարի վերադարձ կլինի հենց քարտերի վրա: Սա նշանակում է, որ դե ֆակտո կենսաթոշակի 10 տոկոս բարձրացման որոշում է կայացված, որը պետք է մեր քաղաքացիների և մեր բանկերի հետ համագործակցությամբ ի կատար ածվի: Սա մեզ կօգնի որոշակիորեն մեղմել գնաճի ազդեցությունը, մյուս կողմից՝ էականորեն կրճատել ստվերը նորից, որովհետև կանխիկի շրջանառության կրճատումը և՛ տնտեսական էֆեկտ է, և՛ հակակոռուպցիոն, և՛ ֆիսկալ:

Որովհետև տեսեք, մենք թվեր ենք ասում, բայց այդ թվերը պետք է նաև արձանագրել: Հայաստանի Հանրապետությունում այս տարվա առաջին 5 ամսվա՝ հունվարի 1-ից մինչև մայիսի 20-ի դրությամբ, նախորդ տարվա նկատմամբ, 1 մլրդ 200 մլն դոլարի ավելի դրամաշրջանառություն է տեղի ունեցել: Պատկերացնում եք՝ դա ինչ թիվ է Հայաստանի համար: Այսինքն՝ խանութներ, ռեստորաններ, ցանկացած այլ գործարք, օրինակ, շինանյութի գնում: Այստեղ, ընդ որում, մենք հաշվարկում ենք գնաճի ազդեցությունը, թող 200 մլն դոլարը լինի գնաճ:

Հաջորդը՝ կա որոշակի ներհոսք, ինչը դրական է: Բայց այս թիվը մեկ ցուցանիշից չէ բաղկացած, այլ մի քանի ցուցանիշներից, որոնց մեջ ստվերի կրճատումը շատ էական նշանակություն ունի: Ստվերի կրճատման պարագայում շատ մեծ նշանակություն ունի կանխիկի կրճատումը:

Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել՝ հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտնում է շրջանառության մեջ, շատ լուրջ սահմանափակումներ ենք իրականացնում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում՝ օրինակ, բնակարանի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել, կամ հնարավոր է լինելու իրականացնել, պարզապես հետագայում վիճարկվելու դեպքում իրավական ուժ չի ունենալու այդ գործարքը: Եվ, հետևաբար, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով: Բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով, և սա իր հերթին բերելու է լրացուցիչ ֆիսկալ էֆեկտներ:

Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար: Այն նույնպես շատ կարևոր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի, և այս առումով նաև չափազանց կարևորում եմ:

Ուզում եմ ընդգծել, որ այս տարվանից ուժի մեջ մտավ գույքահարկի նոր համակարգը, որն էականորեն և լրջորեն, նախ, ուժեղացնելու է տեղական ինքնակառավարման մարմինները, որովհետև նրանց հարկային եկամուտներն են ավելանալու: Մյուս կողմից, իհարկե, քաղաքակրթական նշանակություն նույնպես ունենալու է այս օրենքը, որովհետև կարծում եմ, որ մեր կյանքում տնտեսական հաշվարկն ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնելու, որն իր հերթին բերելու է քաղաքակրթական հետևանքների: Ուզում եմ մեկ այդպիսի օրինակ բերել. մենք տեսնում ենք, որ շատ երկրներում՝ սկսած գյուղերից ինչպիսի կոկիկ քաղաքաշինական տեսք ունեն: Իմ համոզմունքն է, որ դրա մեջ շատ էական նշանակություն ունի գույքահարկի համակարգը, որովհետև մարդիկ ոչ թե ուղղակի տուն են կառուցում, այլ կառուցելիս փորձում են հաշվարկել, որ առաջիկա 50 տարվա ընթացքում եթե այս մի նախագիծն ընտրեն՝ որքան գույքային հարկ են վճարելու, եթե մյուս նախագիծն ընտրեն՝ որքան:

Ուզում եմ ընդգծել նաև մեր բոլորովին վերջերս ընդունած ծրագիրը, որ մենք անվանում ենք ռենովացիայի ծրագիր, որի նպատակը հետևյալն է՝ խթանել, որպեսզի քաղաքացիները վերակառուցեն իրենց բնակարանները: Ընդ որում՝ պարտադիր պայման է, որ այդ ստացվող վարկի 30 տոկոսը պետք է անպայման ծախսվի էներգախնայողության համար: Սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև էներգակիրների գները շատ զգայուն են սոցիալական առումով, բոլոր առումներով, բայց մենք չենք հաշվարկում երբեք, թե մեր սպառած էներգիայի որ մասով ենք մեր բնակարանը տաքացնում և որ մասով ենք, կներեք արտահայտությանս, տաքացնում մեր բնակարանը շրջապատող տարածքը: Իհարկե, արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, որ պիտի ամեն քայլափոխի փորձենք լուծել, և մեր Կառավարությունը գնալու է այս ճանապարհով:

Հարգելի գործընկերներ,

Ես միշտ համարել եմ, որ պետական բյուջեն ավելի շատ քաղաքական, քան ֆինանսական փաստաթուղթ է, և այսօր էլ այդպես եմ համարում: Ուղղակի այսօր ես անդրադարձա ֆինանսատնտեսական որոշ ցուցանիշների՝ հաշվի առնելով նաև, որ մենք Կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցում շատ մանրամասն քննարկում ենք ունեցել: Չնայած, եթե անկեղծ ասեմ, շատ մեծ էր գայթակղությունը, որ ես այս համատեքստում անդրադառնամ նաև քաղաքական բնույթի հարցերի: Բայց կարծում եմ, որ մենք այսօր այս տրամաբանության մեջ պետք է մնանք: Կրկին ասում եմ, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական հատվածներն ավելի մանրամասն քննարկելու առիթներ և՛ ունեցել ենք, և՛ առաջիկայում կունենանք:

Շնորհակալություն: Այսքանը: Կրկին հաջողություն եմ մաղթում բյուջեի հաշվետվության քննարկումների ընթացքին, և, իհարկե, մենք՝ Կառավարությունը և ես անձամբ, սպասում ենք որոշակի արձագանքների, որովհետև մենք, քավ լիցի, այն կարծիքին չենք, որ ամեն ինչ կատարյալ է, իդեալական է, միայն լավատեսական է: Բայց կարծում եմ, որ շատ կարևոր է ընդգծել այն արդյունքները, որ մենք, ի հեճուկս բոլոր դժվարությունների, կարողացել ենք արձանագրել: Որովհետև, եթե անկեղծ ասեմ, այդպես լինում է, թերությունները միշտ ավելի հեշտ են նկատվում, միշտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում, և մտավախություն չունենք, թե թերությունները չեն բարձրաձայնվի: Այս քննարկումների ձևաչափերում կարևոր է արձանագրել այն արդյունքները, որոնք ունեցել ենք:

Շնորհակալ եմ:

Մանրամասները՝ տեսանյութում»: