«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
Քաղաքականություն
29.05.2026 | 22:36
«Արցախցիները ևս կարող են մասնակցել առաջիկա ընտրություններին»,- այսօր Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց հավաքվածներին դիմելով՝ ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Վերջին օրերին փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներ էր կատարում, ընդգծելով, որ արդեն իսկ ունեն դատական ակտեր, որոնք հիմք ընդունելով, դեռևս ՀՀ քաղաքացիություն չստացած արցախցիները կարող են իրացնել ընտրական իրենց իրավունքը։
«Չորս հոգի դիմել են դատական պաշտպանության՝ ընտրացուցակներում իրենց ներառելու պահանջով։ Նրանցից երեքի պահանջը դատական ակտով բավարարվել է, ընդ որում, այդ որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերանայման ու բողոքարկման ենթակա չեն։
Մեկի մերժումը զուտ պայմանավորել է այն հանգամանքով, որ վեճը ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով։ Այսինքն՝ չի ասել՝ արցախցին չունի ընտրական իրավունք։ Իսկ մնացած երեք դատական ակտերով հստակ արձանագրվել է, որ արցախցին, անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից, քաղաքացիություն ընդունելուց կամ չընդունելուց, ունի ընտրական իրավունք»,- մանրամասնեց փաստաբանը։
Երիցյանը մատնանշեց՝ «Քաղաքացիության մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է կրել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և եթե արցախցին կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որի առաջին էջում նշված է իր քաղաքացիությունը՝ ՀՀ քաղաքացիություն, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված կարգով։
«Այլ եղանակով քաղաքացիությունը դադարել հնարավոր չէ։ Իսկ որևիցե օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ, որ քաղաքացու քաղաքացիությունը կարող է դադարել կառավարության որոշմամբ։ Սա է դատարանի որոշման տրամաբանությունը։ Դատարանն ասում է՝ եթե դու այդ մարդուն շնորհել ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ այդ մարդը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ապա կառավարության որոշմամբ այն դադարել չի կարող։ Եվ քանի որ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի ուժով Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների մասնակցելու և քվեարկելու իրավունք, ուստի արցախցիները այդ պարզ տրամաբանությամբ կարող են մասնակցել սպասվող ընտրություններին»։
Փաստաբանի պնդումներին այս օրերին հակադարձում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Factor TV-ի հետ զրույցում ծառայության պետ Նելլի Դավթյանը շեշտել էր՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։
«Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, բնականաբար, նույն կարգն է գործում և նույն ունիվերսալ կանոնը, որ անձը պետք է լինի 18 տարին լրացած և ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այսինքն, պետք է հասցնել պարզապես մինչև քվեարկության օրը, թեկուզ վերջին աշխատանքային օրը, ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որով արդեն հնարավոր կլինի իրացնել ընտրելու իրավունքը»։
Անդրադառնալով դատական վճիռներին՝ ծառայությունը ընդգծում է՝ նման որոշումներ իրավասու է կայացնել ոչ թե Քաղաքացիական, այլ Վարչական դատարանը։ Այսօր արցախցիների հավաքի ժամանակ Ռոման Երիցյանն այս հայտարարությունն «անհեթեթ» որակեց։
«Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը՝ բառի բուն իմաստով անարգանք է, որովհետև դատարանը իր որոշման մեջ հստակ նշել է՝ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ ՆԳՆ-ն սա անտեսեց, ասում է՝ չէ, այդպես չէ։ Ու գիտեք զարմանալին ինչն է, որ Ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը։ Բողոքարկել է մի որոշում, որը որ բողոքարկման ենթակա չէ։ Հաջորդ գործողությունները, որոնք իմ մոտ շատ մեծ զարմանք են առաջացրել՝ կայծակնային արագությամբ դատարանը վարույթ է ընդունել, Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բողոքարկման ոչ ենթակա որոշումը։ Ընդ որում, եթե նախկին դատավարական օրենսգրքով դատական ակտերը, եթե դրանք հանգեցնում են առերևույթ դատական սխալի կամ մարդու սահմանադրական իրավունքների բուն էության խաթարման և այլն, արդարադատության բուն էության խաթարման, ապա Վերաքննիչ դատարանը ուներ նման բողոքները վարույթ ընդունելու հնարավորություն՝ անկախ դրանք բողոքարկման ենթակա լինելու հանգամանքից։ Նոր դատավարական օրենսգրքով Վերաքննիչ դատարանը նման լիազորություն չունի։ Մինչդեռ կայացնում է կայծակնային արագությամբ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում՝ արձանագրելով, որ չկան բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր»։ Հավաքի մասնակիցները անդրադարձան նաև արցախցի Արթուր Օսիպյանին, որն արդեն 11 օր էլ՝ հացադուլի մեջ է։
Հավաքվածները շարունակում են պահանջ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա ոչ միայն Օսիպյանից, այլև մյուս արցախցիներից պետք է ներողություն խնդրի իրենց «փախածներ» անվանելու համար։
Ռոզա Վարդանյան