Ադրբեջանն աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Ամարասի վանք
Քաղաքականություն
18.11.2026 | 15:55
Պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի հայկական պատմական, մշակութային ու կրոնական ժառանգության նենգափոխման ու խեղաթյուրման քաղաքականությունը։ Այս անգամ էլ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են երկրի աղվանա-ուդիական (ալբանա-ուդիական) կրոնական համայնքի ներկայացուցիչների քարոզչական այցը Արցախի հայկական Ամարաս վանական համալիր։
Նրանք հայկական եկեղեցում կրոնական արարողություններ են կազմակերպել, մոմեր վառել և աղոթել «Ադրբեջանում ու ամբողջ աշխարհում խաղաղության համար»։

Ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես Արցախի մյուս հայկական եկեղեցիների դեպքում, Ամարասի վանքն էլ աղվանական են ներկայացրել։ Նշվում է, թե Ամարասի վանքը, որը «թվագրվում է IV դարով, համարվում է Կովկասյան Աղվանքի հնագույն կրոնական ժառանգության կարևոր հուշարձաններից մեկը, ինչպես նաև պատմական կրոնական և եպիսկոպոսական կենտրոն»։
Հիշեցնենք, որ Բաքուն ավելի վաղ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեր է կազմակերպել հայկական Գանձասար ու Դադիվանք վանական համալիրներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

