«Ո՛չ քնել էի կարողանում, ո՛չ ուտել». ինչպես պատերազմն օգնեց ուկրաինական «Կին վետերանների շարժման» մոբիլիզացմանը

Լուրեր

11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
Բոլորը

Ուկրաինական 24tv.uaն հրապարակում է պատրաստել մի կին կամավորի մասին, որը մարդասիրական օգնություն է հասցնում կարիքավոր մարդկանց։ Բուժաշխատող Եկատերինա Պրիյմակը ներկայացրել է ինչպես 2014 թվականի պատերազմի մասին հիշողությունները, այնպես էլ այս տարվա փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ստեղծված իրավիճակն ու կամավորների աշխատանքը։

Եկատերինա Պրիյմակը 2014 թվականին չկարողացավ հարմարվել խաղաղ կենսակերպին։ Նա դարձավ «Հիվանդախնամներ» բժշկական գումարտակի (Медичний батальйон «Госпітальєри») բուժաշխատող՝ իր համար ընտրելով համապատասխան կոչանուն՝ «Զոյա»․ հունարենից թարգմանաբար այն նշանակում է «կյանք»։

Բայց 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական լայնամասշտաբ ներխուժումը, ի թիվս այլոց, տապալեց ծրագրերը: Այժմ նա ամբողջությամբ անցել է բանակին օգնելուն։

«Ինչպե՞ս կարող էի հանգիստ տեղս նստել… Փետրվարի 24-ին հաջորդած առաջին օրերն ինձ համար գերսթրեսային էին. ո՛չ քնել էի կարողանում, ո՛չ ուտել, անընդհատ ինչ-որ բան պիտի անեի։ Սա իմ երկիրն է, որի հանդեպ իմ վերաբերմունքը որևէ կերպ չի փոխվել։ Ես նույնն եմ, ինչ 2014 թվականին, և ունեմ նույն ցանկությունները։ Ինձ նման մարդիկ՝ կամավոր բուժաշխատողները, պետք էին 2014 թվականին։ Հիմա այլ բանի կարիք կա։ Այն, թե որտեղ եմ ես հիմա, օրինաչափ հետևանքն է այն ամենի, ինչով ես զբաղվում էի զորացրվելուց հետո։ Այստեղ ես ավելի օգտակար կլինեմ»,- բացատրում է Եկատերինան։

Նա հավելում է, որ հասկացել է, որ հիմա որպես բուժաշխատող արդյունավետ չէր լինի. պատերազմի սկզբի ակտիվ հերթափոխներից հետո նա սկսեց զգայուն դառնալ արյան տեսարանների նկատմամբ։

«Իմ արձագանքների պատճառով վստահ չեմ, որ կարող եմ արդյունավետ աշխատել: Ուստի որոշեցի աշխատել նյութաապահովման ուղղությամբ: Այժմ իմ հեռախոսն անընդհատ «տաք» է զանգերի քանակի պատճառով»,- ասում է նա:

Այսօր Եկատերինան հիվանդախնամ-քույր Յուլիա Սիդորովայի («Կուբա Լիբռե») հետ ղեկավարում է «Կին վետերանների շարժում» ՀԿ-ի կամավորական շտաբը։ Սկզբում վետերանները մտածում էին մարտի դաշտից վիրավորներին դուրս բերող անձնակազմի կազմակերպման մասին. հմտություններն ու փորձն առավել քան բավական էին։

«Հրազեն և վարորդ գտնելը մեզնից ոչինչ չէր պահանջում։ Մեքենա ունեինք։ Առաջին օրերին մտածում էինք, որ դրանով տարհանումներ կանենք։ Չնայած իմ առաջին և հիմնական միտքն այն էր, որ մենք պետք է շտաբ նախաձեռնենք։ Երբ չգիտես՝ ինչ անել, ստեղծիր շտաբ։ Բայց մենք հասկացանք, որ բժշկական տարհանման մասով ոչինչ չի ստացվի, քանի որ մենք ունեինք միայն մեկ առաջին օգնության դեղատուփ: «Կուբայի» բժշկական ուսապարկը մնացել էր Խարկովում, իսկ իմ ունեցած ամեն ինչը բազայում էր մնացել դեռևս 2015 թվականին: Հասկացանք, որ ոչինչ չունենք և ոչինչ չենք կարող անել՝ ո՛չ գույք, ո՛չ սաղավարտ, ո՛չ զրահաբաճկոն, ո՛չ մարտավարական նշանակության դեղամիջոցներ: Կային միայն մեքենան և շտաբը: Այդպիսով, մենք սկսեցինք փնտրել ամեն ինչ և ստացանք երկրորդ շնչառություն՝ որպես կազմակերպիչներ»,- պատմում է Եկատերինան։

Նա, միաժամանակ, ծիծաղում է, որ երբեմն ցանկություն է առաջանում խելագարվել, ընդմիջվել կամավորական աշխատանքի կատաղի տեմպերից, դիմել «Հիվանդախնամներին» և նրանց հերթափոխի հետ մեկնել Գոստոմել։ Հատկապես, որ մարտական ​​բժշկի ռեֆլեքսները դեռևս գործում են։ Մինչ օրս արձագանքում է «Բժիշկնե՛ր» բացականչությանը ու վայրկյանների ընթացքում մոտենում կանչողին, անգամ եթե կատակով են կանչում։

«Բայց ես պատասխանատվություն եմ զգում յուրաքանչյուր կամավորի համար, ով աշխատում է (իսկ ոմանք էլ ապրում են) մեր շտաբում։ Մեզ մոտ աշխատում են հրաշալի մարդիկ։ Երբ մեր շուրջը կռիվներ էին ընթանում, մենք կատակում էինք, որ եթե ինչ-որ բան պատահի, մեր շտաբը կկարողանա վերակենդանացնել ազգը, որովհետև մեր շտաբում աշխատում են նկարիչներ, ճարտարապետներ, քանդակագործներ, ռեժիսորներ, ՏՏ ոլորտի մասնագետներ… Կան մարդիկ Մարիուպոլից, կան նաև Կիևի մերձակայքից։ Այսինքն՝ դրանք այն մարդիկ են, ովքեր վերադառնալու տեղ չունեն և իրենց ամբողջությամբ նվիրել են աշխատանքին։ Ինչպե՞ս կարող եմ թողնել նրանց»,- հավելում է նա։

2014-յան հիշողություններ

2014-ի պատերազմի սկզբին նրա բոլոր հերթափոխները տեղի էին ունենում Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամենաթեժ կետերում՝ Պեսկիում և Բուտովկա հանքավայրում։ Միևնույն ժամանակ, նա բազմիցս խոստովանել է, որ իր մասնակցությունը պատերազմին ոչ այնքան դաժան է համարում. կային ստորաբաժանումներ, որոնք կռվում էին շատ ավելի վատ պայմաններում։

«Ես խոսում էի աղջիկների, ինչպես նաև սարսափելի պայմանների, սեքսիզմի և այն միջավայրի մասին, որտեղ նրանք կռվում էին: Կենցաղային առումով «Հիվանդախնամները» 2014-ին ապահովված էին անհրաժեշտ ամեն ինչով: Մենք հագեցած էինք ամեն ինչով, կարող էինք ցնցուղ ընդունել, սնունդ էինք ստանում։ Կենցաղային տեսակետից քիչ թե շատ հարմարավետ էր»,- հիշում է նա։

Զորացրվելուց հետո Եկատերինան դարձավ «Կին վետերանների շարժման» առաջնորդներից մեկը և սկսեց ակտիվորեն պաշտպանել կին զինվորականների իրավունքները։ Պատերազմ վերադառնալու մասին նա չէր մտածում և կատակում էր, որ շատ ավելի զգույշ է դարձել, քան 8 տարի առաջ։

Ի՞նչ վիճակում է շարժումը հիմա

«Նախ՝ հիմա մենք ունենք տղամարդ կամավորներ։ Երկրորդ՝ հիմա շտաբում մնացել է երեք կին վետերան. մեր աղջիկների մեծ մասն այժմ կռվում է առաջնագծում, մնացածն էլ, ինչպես մենք, զբաղված են անհրաժեշտ միջոցների փնտրտուքով, բայց արդեն ուրիշ մարզերում»,- բացատրում է նա։

Ծիծաղելով ասում է, որ մյուս տարբերությունը համագործակցություն սկսելն է գաղափարական հակառակորդների հետ, որոնք նախկինում բազմաթիվ վեճեր են ունեցել վետերանների հետ։ Պատերազմը համագործակցություն է հաստատել բոլոր նրանց միջև, ովքեր պատրաստ են աշխատել հանուն զավթիչներին արդյունավետ հակահարված տալու։

Հիմա ժամանակի մեծ մասը Եկատերինան անցկացնում է շտաբում՝ հեռախոսով լուծելով տարբեր հարցեր։ Նա այնքան է աշխատում, որ միշտ չէ, որ ժամանակ է ունենում նկատելու եղանակի փոփոխությունը կամ օրվա ժամը։ Բայց այլ կերպ հնարավոր չէ: Նրա խոսքով՝ կամավորական աշխատանքում մահանալու վտանգը շատ անգամ ավելի քիչ է, քան մարտի դաշտում, բայց այս գործը պակաս դժվար և պահանջկոտ չէ։ Հատկապես՝ հիմա։

«Հիմա նաև իրավիճակն է տարբերվում 2014 թվականից: Դա հաստատում են նաև նրանք, ովքեր դեռևս այդ ժամանակից են կամավորությամբ զբաղվում։ 2014-ին կարող էիր գալ «Միլիտարիստ», գնել զինվորական կոշիկներ և ուղարկել Արևելք։ Հիմա ամեն ինչ ավելի բարդ է։ Պահանջները շատ են, ռեսուրսները՝ ոչ այնքան։ Արտարժույթային յուրաքանչյուր գործարք, սահմանի յուրաքանչյուր հատում սարսափելի գլխացավանք է»,- ասում է Եկատերինան։

Չնայած որոնումների և պահանջների բավարարման բարդությանը՝ հիմնադրամի պահեստում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ դեղամիջոցներ, հիգիենայի պարագաներ, մարտավարական միջոցներ և այլն: Այստեղ կա խոհանոց, որտեղ հաց են պատրաստում պաշտպանների համար, ինչպես նաև «բար», որտեղ կոկտեյլներ են լցնում (այն նույն կոկտեյլները, որոնք խիստ անհրաժեշտ են պաշտպաններին)։ Կա նույնիսկ սեփական դրոնների արհեստանոց, որտեղ գրեթե բոլորը կարող են հավաքել դրոններ և, անհրաժեշտության դեպքում, թարմացնել դրանք։

«Մենք ամեն ինչ ունենք, բայց այդ ամեն ինչից՝ ոչ մեծ քանակությամբ, քանի որ պահանջները շատ են»,- ասում է Եկատերինան:

«Մենք օգնում ենք լուծել նյութատեխնիկական, նյութապահովման և հումանիտար հարցեր: Մենք մեր գործունեությունը կիսում ենք զինվորականներին և քաղաքացիական անձանց օգնելու միջև: Զինվորականները և, ընդհանուր առմամբ, առաջնագիծը, իհարկե, առաջնահերթ են. մեր աղջիկներն առաջնագծում են (մեր գրեթե բոլոր վետերաններն այժմ կռվում են)։ Մենք միջոցներ ենք հայթայթում, գնում ենք անհրաժեշտ պարագաներ, զինվորականների համար փնտրում ենք ամեն տեսակի հետաքրքիր բաներ»,- ասում է նա:

Պատերազմից փախուստի չդիմածների մասին

Կիևի շրջանի ազատագրումից հետո ավելացավ ևս մեկ առաջնահերթություն՝ օգնել այն մարդկանց, ովքեր վերապրել են ռուսական օկուպացիան։

«Այնտեղ սով, ցուրտ և ուղղակի սարսափ է տիրում: Որովհետև երբ մարտի կրակը դադարում է, իսկ փոքր հաղթանակների բերկրանքը՝ մարում, տեսանելի են դառնում պատերազմի իրական դեմքն ու խաղաղ բնակչության տառապանքը: Այն, ինչ մենք տեսանք այնտեղ, սարսափելի էր: Ես գիտեմ, որ, օրինակ, զինվորականներին հիմա հաստատ կկերակրեն։ Իսկ այս մարդիկ օգնության կարիք ունեն, նրանց կենդանիները՝ նույնպես: Կան բնակավայրեր, որտեղ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան Բուչայում և Իրպենում: Մեզ համար բաց է այս սարսափի միայն մեկ փոքրիկ պատուհան: Այն ավելի մեծ և մասշտաբային է, քան մենք կարող ենք պատկերացնել: Ցավոք, նրանք, ովքեր հեռու են այս պատերազմից, կարող են շատ արագ մոռանալ, թե որքան կարևոր է բոլորիս համար միմյանց օգնելը»,- ասում է նա:

Լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր իր առաջին հանգստյան օրը Եկատերինան որոշեց վերցնել ապրիլի 3-ին՝ կիրակի: Եվ շատ փոշմանեց դրա համար։ Դա այն օրն էր, երբ Բուչայից ստացված լուրերով աշխարհի համար բացվեցին դժոխքի դարպասները:

«Զգացի, որ լրիվ լարված մարմնով պառկած եմ, ոչինչ չեմ կարող անել։ Կծկվել և անընդհատ նորություններ էի կարդում։ Կարծում եմ՝ շատերն էին դա զգում։ Եթե աշխատեի, մի քիչ ավելի հեշտ կլիներ»,- խոստովանում է Եկատերինան։

Դրանից հետո նա իր թիմով մեկնել է օգնելու ռուսներից ազատագրված քաղաքներին։ Այդ ուղևորությունը չափազանց բարդ ստացվեց նույնիսկ մի աղջկա համար, ով վաղուց հասցրել էր մոտիկից տեսնել պատերազմը։ Նա ասում է, որ մինչ այդ շրջադարձային է եղել ուղևորությունը Դոնեցկ, որտեղ նա տեսել է, թե ինչպես են մարդիկ փախչում պատերազմից․ ապշեցուցիչ տեսարան էր։ Հիմա պարզվեց, որ շատ ավելի տպավորիչ է տեսնել մարդկանց, ովքեր չեն կարողացել փախչել այս պատերազմից։

«Իսկապես, ավերածությունների առումով ես ամենավատ սպասումներն ունեի: Ես քաջածանոթ եմ փլատակային տեսարաններին ու ավելի շատ ավերված քաղաքներ եմ տեսել: Իրականում հիմա ամենաբարդը մարդկանց հետ շփումն է: Երբ տղամարդը ցույց է տալիս զանգվածային գերեզմանի կողմը, մատնացույց անում, թե ինչպես են այնտեղ մի կնոջ ողջ-ողջ այրել ու սկսում է լաց լինել, այնուհետև ծխախոտ է վառում, պարզ է դառնում, որ մարդը, ըստ երևույթին, պետք է մնա այնտեղ և սպասի, մինչև քաղաքը վերականգնվի իր հոգեկան վիճակի հետ միասին: Որովհետև խաղաղ քաղաքը նրան հիմա կսպաներ»,- ասում է նա:

«Չգիտեմ, թե ինչպես ենք ապրելու սրա հետ: Երբեմն մարմնիցդ ընդհանրապես դուրս գալու ցանկություն է առաջանում, որպեսզի այս ցավն այդքան սուր չզգաս: Բայց հիմա առավելապես զգացմունքային դատարկություն եմ զգում: Զարմանում եմ, որ զայրույթ կամ ատելություն չեմ զգում: Որովհետև ես ռուսներին ատում էի նույնիսկ այն ժամանակ, երբ դեռևս «մեյնսթրիմ» չէր: Բայց հիմա միայն ցավ և դատարկություն եմ զգում: Չնայած գիտեմ, որ երբ աշխատում եմ, միանգամայն նորմալ, սովորական, կենսուրախ տեսք ունեմ»,- ավելացնում է Եկատերինան:

Նաև դա է պատճառը, որ նա այդքան շատ է աշխատում:

Հաղթանակի մասին

Եկատերինան այն վետերաններից է, ով կասկած չուներ, որ ռուսական ագրեսիան միայն Դոնբասով չի սահմանափակվի։

«Ես հաստատ գիտեի, որ պատերազմը կվերսկսվի, բայց կարծում էի, որ մենք դեռ մի քանի տարի ունենք հանգիստ ապրելու համար: Կարծում էի, որ մեզ տևական ժամանակ և աստիճանաբար կհյուծեն Արևելքում։ Հավատում էի, որ Ռուսաստանը շուտով կկործանվի, և նրանք չեն համարձակվի գնալ մեծ պատերազմի: Ցավոք, Ռուսաստանը դեռ չի կործանվել: Ես հրաժարվում էի հավատալ, որ նրանք կգնան այդ քայլին: Թեև դա անխուսափելի էր: Որովհետև սա պարզապես պատերազմ չէ, այլ իրականում ճակատամարտ է երկու քաղաքակրթություններ միջև»,- ասում է նա։

Եկատերինայի համար ակնհայտ է մեկ այլ փաստ՝ Ուկրաինան հաղթելու է այս պատերազմում։

«Մենք այլընտրանք չունենք: Մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, և ես հավատում եմ կարմային: Ես հավատում եմ, որ մեզ աջակցում են նախկին ազատագրական պայքարի ուժերը: Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, ինձ հիշեցնում է Մայդանը: Միայն թե ապագայի համար պայքարը տեղի է ունենում ոչ թե Կիևի կենտրոնում, այլ ընդգրկում է երկրի ողջ տարածքը: Նման հզոր ուժը չի կարող պարտվել: Ես տեսնում եմ, թե ինչպես են իմ շրջապատում մարդիկ պատրաստ մինչև վերջին շունչը պաշտպանել երկիրը: Ես տեսնում եմ, թե որքան մոտիվացված են բոլորը: Նման մոտիվացիան հենց հաղթանակն է, որ կա»,- ասում է Եկատերինան։

Միևնույն ժամանակ, նա հաստատ չի իդեալականացնում իրավիճակը և տեսնում է բոլոր խնդիրներն ու թերությունները, այդ թվում՝ բանակի ներսում։

«Նույն կառույցում կարող են լինել գերազանց զինվորներ և սպաներ, ովքեր արտաքին թշնամուց բացի՝ ստիպված են պայքարել նաև ներքին ապուշության դեմ: Այո, գլխացավանքն առավել քան բավական է։ Բայց հիմա գործում է հասարակության միջև համագործակցության բոլոր ձևաչափերից լավագույնը։ Մենք մեր բոլոր հարցերը հետո կլուծենք: Հաղթանակից հետո մենք ուրիշ կլինենք և ավելի կգնահատենք այն, ինչ ունենք, քանի որ դրա համար շատ թանկ գին ենք վճարել»,- բացատրում է վետերանը:

Եկատերինան շեշտում է, որ այս պատերազմում գոյատևելու համար ուկրաինացիները պետք է ավելի նրբանկատ լինեն միմյանց նկատմամբ. «Մեզ դա կփրկի»:

«Ուկրաինական կամավորական կորպուսի մեր քահանան նախքան հերթափոխը միշտ ասում էր․ «Ձեր թշնամիներին սպանեք սիրով»: Ես այդ ժամանակ մտածում էի. «Ինչպե՞ս է դա հնարավոր: Ի՜նչ անհեթեթություն։ Ինչ է՝ նա խորհուրդ է տալիս սիրե՞լ սպանելը»: Հիմա հասկանում եմ, թե նա ինչ նկատի ուներ: Անհնար է կառուցել Ուկրաինան ռուսների նկատմամբ ատելության վրա: Ատելությունը էներգիա է տալիս մարտի համար: Բայց վերականգնման աղբյուրը սերն է: Թշնամիներին սիրով սպանելը վերաբերում է յուրայիններին սիրելուն, նրանց պաշտպանելուն և հոգատարությամբ ջերմացնելուն: Ատելությունը հիմա բնական և հասկանալի է: Բայց չի կարելի հայելի ծառայել նրանց համար, ովքեր միայն չարություն և ատելություն են բերում: Հարկ է կենտրոնանալ միմյանց հանդեպ հոգատարության և վստահության վրա»,- ասում է նա: