Ամեն ինչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացի մասին․ ի՞նչ սահմանային խնդիրներ ունի ՀՀ-ն մնացած հարևանների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջնային է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման հարցը։ Օր առաջ այն լուծելու խնդիր դարձավ մայիսի 16-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը հատեցին Հայաստանի պետական սահմանը և խորացան մինչև 3,5 կիլոմետր՝ տեղակայվելով Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Մինչ օրս ադրբեջանցիները չեն հեռանում այդ տարածքից՝ պնդելով, որ այն իրենցն է։ Հայկական կողմը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, միջազգային հանրությանը, Ադրբեջանի նախագահին առաջարկել է երկուստեք հետ քաշել զինված ուժերը՝ այնտեղ տեղակայելով Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդների, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ սկսել։

Factor.am-ը ներկայացնում է, թե ինչ են ենթադրելու դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, ինչպես են դրանք իրականացվում միջազգային պրակտիկայում, ինչպես նաև այն, թե Հայաստանը հարևաններից որոնց հետ ունի սահմանների որոշման խնդիր, ինչու մինչ այժմ չեն ֆիքսվել Հայաստանի սահմաններն Ադրբեջանի հետ և ինչ լուծում է առաջարկվում ստեղծված իրավիճակում։

Ի՞նչ է դելիմիտացիան և դեմարկացիան, ինչպե՞ս է իրականացվում

Միջազգային իրավունքում դելիմիտացիան փոխադարձ համաձայնությամբ հարևան պետության հետ սահմանների որոշումն է համապատասխան քարտեզի վրա, իսկ դեմարկացիան սահմանագծի անցկացումն է երկրի մակերևույթի վրա։

Դրանք իրականացվում են, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու սահմանների ճիշտ տեղը կամ լուծելու դրա հետ կապված խնդիրներ։

Միջազգային պրակտիկայում սահմանազատումը տեղի է ունենում հետևյալ կերպ․ պետությունների միջև ստեղծվում է դելիմիտացիոն խառը հանձնաժողով։ Երբ դելիմիտացիան արժանանում է հավանության, շահագրգիռ կառավարությունների համաձայնությամբ կազմվում է նոր խառը հանձնաժողով՝ կատարելու սահմանագծի դեմարկացիա, այսինքն՝ համապատասխան քարտեզի վրա տեղադրելու որոշված սահմանային նշանները (սահմանային սյուն, բուրգ, փշալարային ցանցեր)։ Կազմվում է արձանագրություն, որին կցվում են սխեմաներն ու լուսանկարները, այնուհետ բոլոր նյութերը ներկայացվում են սահմանակից պետություններին։ Դեմարկացիայի արդյունքների հիման վրա կատարվում է սահմանագծի հաստատում։ Հաստատված սահմանագիծը նշագծվում է աշխարհագրական քարտեզի վրա։ Միջազգային իրավունքի կանոններով՝ արգելվում է սահմանային նշանների կամայական տեղափոխումը։ Անհրաժեշտության դեպքում (եթե դրանք կոտրվել կամ ընկել են) կատարվում է սահմանագծի ռեդեմարկացիա (սահմանային նշանների ստուգում և վերականգնում)։

Դելիմիտացիան բավական բարդ ու երկարատև գործընթաց է։ Տարբեր պետությունների օրինակը վկայում է, որ այն կարող է մինչև 10 տարի տևել։

Ե՞րբ և ինչո՞ւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային խնդիրներ առաջացան

Խորհրդային միության փլուզումից հետո մինչ օրս երկու հարևան պետություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ճշգրտում չի եղել, չկա միջազգային պայմանագիր։ Սահմանագծման աշխատանքներ չեն իրականացվել՝ տարիներ շարունակ տարածաշրջանում եռացող Ղարաբաղյան հակամարտության պատճառով։

Թեմայի ուսումնասիրությամբ զբաղված քաղաքագետ Գարիկ Քեռյանը Factor.am-ի հետ զրույցում նկատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք անկախ չեն եղել, նույնիսկ Առաջին Հանրապետության տարիներին Հայաստանը չի կարողացել միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունենալ, իսկ Խորհրդային միության մեջ մեր սահմանները եղել են ոչ թե միջպետական, այլ՝ վարչական, և դրանք փոփոխվել են անգամ տեղական մարմինների որոշմամբ, երբ անհրաժեշտ է եղել, օրինակ, մի տնտեսությանը մի փոքր տարածք տրամադրել հարևան տնտեսությունից։

Հիմա, քաղաքագետի նկատառմամբ, պաշտոնական Բաքուն համարում է, որ Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնվի ԽՍՀՄ կազմում երկու հանրապետությունների միջև եղած նախկին ադմինիստրատիվ սահմանի վրա` ներառելով նաև նախիջևանյան հատվածը: Այս հարցում, նրա խոսքով, «չարչրկվում են» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որով, իբր, չճանաչված Արցախի Հանրապետության տարածքը Հայաստանի կողմից օկուպացված տարածք է, և ներկայիս շփման գիծը չի կարող դիտարկվել որպես պետական սահման: Գարիկ Քեռյանը մատնանշում է՝ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ լինի սահմանագծում, բայց միայն «խաղաղության համապարփակ համաձայնագիր» ստորագրելուց հետո, որով պետք է ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը համարվի նրա մաս։

«Մեզ էլ դա է խեղճացնում։ Բոլոր պետությունները, որ մտել են Եվրոպայի խորհուրդ, ընդունել են նախապայմանը, որ ճանաչում են մնացած պետությունների տարածքային ամբողջականությունը։ Մենք էլ, Ադրբեջանն էլ դա արել ենք։ Հիմա եթե մենք դա ճանաչենք, կկորցնենք Արցախը։ Բայց այս իրավիճակում էլ լուծում կա․ կարելի է հրաժարվել որոշ ձևակերպումներից կամ նոր ձևակերպում գտնել։ Այստեղ էլ լուծում կարելի է գտնել»,- ասում է նա։

Ըստ Գարիկ Քեռյանի՝ ենթադրվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում լինելու են ցավոտ փոփոխություններ։

«Շատ բարդ խնդրի առաջ ենք կանգնած, և այստեղ ոչ թե պետք է հայրենասիրական ճառեր անենք, ասենք՝ սա մերն է, սա էլ է մերը, այլ փորձենք հնարավորինս անվտանգային խնդիրներից խուսափել։ Մենք չենք կարող դիմագրավել ադրբեջանական ագրեսիային, նրանք կարող են այնքան ճնշում գործադրել, որ Հայաստանը ստիպված լինի գնալ ավելի լուրջ զիջումների, օրինակ՝ Ադրբեջանին տա Նախիջևանին կապող սուվերեն ճանապարհ։ Պետք է հաշվի առնենք, որ հնարավոր է՝ սահմազատման գործընթացի արդյունքում մերը համարվող որոշ տարածքներ անցնեն Ադրբեջանին, և լինի նաև հակառակը, ադրբեջանական ինչ-որ տարածքներ անցնեն Հայաստանին, և դրանք մեծ տարածքներ չեն լինելու, մեկ-երկու քառակուսի կիլոմետր։ Ավելի լավ է այս զիջումները լինեն, որոնք լուրջ անվտանգային խնդիրներ չեն առաջացնում»,- ասում է նա։

Խնդրի լուծման տարբերակ

Գարիկ Քեռյանի խոսքով՝ իրավիճակի լուծումը հնարավոր է միայն չեզոք կողմի ներգրավման արդյունքում։ Նա նկատում է, որ հիմա բացառված է, որ հայ և ադրբեջանցի մասնագետները կարողանան համերաշխ աշխատել միասին սահմանների գծման շուրջ․ «Ես դրան չեմ հավատում, ամեն մի քառակուսի մետրի համար, հավանաբար, նոր ընդհարումներ կլինեն»։

Մատնանշում է, որ և՛ Եվրամիությունից, և՛ ԵԱՀԿ-ից, և՛ Ռուսաստանից եղել են հայտարարություններ, որ պատրաստ են կողմերին աջակցել սահմանագծման և սահմանազատման գործընթացներում։

«Այստեղ պարզապես պետք է դիվանագիտական աշխատանք տանել այն առումով, որ գործընթացներում ներգրավված երկրների մասնագետները չեզոք լինեն։ Թող ընտրվի չեզոք, անկողմնակալ մասնագետներից՝ գեոդեզիստներից կազմված հանձնաժողով, որն ընդունելի կլինի նաև Ադրբեջանի համար։ Նրանց կողմերը կտրամադրեն քարտեզները, կհիմնավորեն դրանք, և դրանց հիման վրա էլ կկատարվեն ուսումնասիրությունները։ Դա կփրկի Հայաստանի սուվերենությունը»,- ասում է նա՝ նշելով, որ օգտագործելով դիվանագիտական բոլոր խողովակները՝ Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ ստանա գործընթացներում ներգրավվելու պատրաստ միջազգային կառույցների, պետությունների հայանպաստ դիրքորոշումը։

Հայաստանի պետական սահմանների վիճակը հարևան մնացած երկրների հետ

Հայաստանը սահմանազատման խնդիրներ ունի նաև հարևան այլ երկրների հետ։ Թուրքիայի և Իրանի հետ մեր պետական սահմանը մնում է նախկինում ԽՍՀՄ-ի հետ իրականացված նույն դեմարկացիոն գծով։ Գարիկ Քեռյանը ներկայացնում է իր ուսումնասիրությունը․ այստեղ պետական սահմանը որոշող փաստաթղթային փաթեթը կազմված է ԽՍՀՄ-Իրան, ԽՍՀՄ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների ստեղծման պահից մինչև 1991 թվականը կնքված պայմանագրային փաստաթղթերից, դեռևս վերանայման խնդիրներ չեն առաջացել։

«Սահմանագծման առումով հայ-իրանական հատվածում կոնֆլիկտայնություն չկա, իսկ հայ-թուրքական հատվածը կարող է վերանայվել, եթե ապագայում հնարավորություններ ստեղծվեն 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերանայման համար»,- ասում է նա և մատնանշում՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ծավալման հետ կապված Թուրքիան 1993 թվականից միակողմանիորեն փակել է սահմանը Հայաստանի հետ և միշտ շեշտադրումներ է անում սահմանների անխախտելիության ճանաչման վրա:

Հայ-վրացական սահմանը որոշող փաթեթը, ըստ նրա, կազմված է 1920-ից մինչև 1945 թվականը ձևավորված փաստաթղթերից, որոնցում նշված են հանրապետությունների սահմանների գրաֆիկական ուրվագծերն ու դրանց ճշգրտումնեը:

«Սահմանագծման և սահմանազատման գործընթացում, ընդհանուր առմամբ, Վրաստանի հետ կոնֆլիկտայնությունը ևս բացակայում է: Այստեղ երկու երկրները հասել են բավականին լայն փոխըմբռնման և համագործակցության՝ կնքելով նաև սահմանային ներկայացուցիչներ ունենալու մասին համաձայնագիր»,- ասում է նա։

Սահմանազատման վրացական փորձը՝ ըստ քաղաքագետի

Դեռևս մայիսին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսելով սահմանագծման գործընթացի բարդության մասին՝ այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր, որ հարևան Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները շարունակվում են արդեն 30 տարի, և հաջողվել է համաձայնության գալ ընդամենը սահմանի 60 տոկոսի վերաբերյալ, իսկ 40 տոկոսի շուրջ աշխատանքները շարունակվում են:

Վրացի քաղաքագետ, «Новости Кавказа GSAC»-ի հեղինակ Գելա Վասաձեն Factor.am-ի հետ այս մասին խոսելով՝ նշում է, որ վրացական փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ բարեկամ երկրների հետ հարաբերություններում չարժե անժամկետ հետաձգել խնդրի լուծումը։

«Դա չի լուծում խնդիրը, այն դառնում է ժամանակի ական, որ կարող է օգտագործվել իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասում է նա՝ կարծիք հայտնելով, որ Վրաստանն ու Հայաստանը պետք է շտապ բանակցություններ սկսեն այդ հարցերի շուրջ․ «Դա կարելի է անել հանգիստ մթնոլորտում և առանց ավելորդ հույզերի»։

Վասաձեի նկատառմամբ՝ այդ բանակցություններից, որոնք նույնպես, ըստ նրա, հարթ չեն ընթանա, ձեռք բերված փորձն էլ կարող է օգնել ստեղծելու մոդել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացում։

Գելա Վասաձեի համոզմամբ՝ սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ընդհանուր գործընթացի մի մասն է:

«Ես համոզված եմ, որ պատերազմող կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն և սկսեն երկկողմ բանակցությունների գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի և, ամենակարևորը, առանց միջնորդների, որոնք իսկապես միայն խանգարում են»,- ասում է նա։

Ըստ նրա՝ հասկանալի է, որ  բարդ գործընթաց է, և առաջին բանը, որի շուրջ պետք է համաձայնության գալ բանակցությունների մեկնարկի պահից, միմյանց նկատմամբ ցանկացած ագրեսիվ գործողությունների դադարեցումն է։

Քաղաքագետը նկատում է, որ իսկապես էսկալացիան այսօր օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն, բայց այն ոչ թե լուծում է խնդիրը, այլ միայն կանգնեցնում փակուղու առջև: «Կրկնում եմ՝ սահմանազատման հարցն առանձին լուծելն անհնար է, անհրաժեշտ է լուծել բոլոր հարցերը՝ որպես ամբողջություն: Համոզված եմ, որ փոխզիջման տեղ երկու կողմերն էլ ունեն այստեղ»,- ասում է նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան