Վերջին 10 տարվա ամենաշոկային մտքերը՝ «գաղջից» մինչև «գործ տվող»
Քաղաքականություն
05.02.2018 | 20:28Քաղաքականության և հրապարակային գործունեության մեջ յուրաքանչյուր բառն ունի իր արժեքը։ Երբեմն քաղաքական և հրապարակային գործիչները պոռթկում են և նրանց շոկային հայտարարությունը մատնում է ոչ միայն թաքնված մտահղացումները, այլև հոգեվիճակը։
Վերջին 10 տարում այդպիսի հայտարարությունների պակաս չի զգացվել:
2008-ին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 1-ի դեպքերից 6 օր հետո Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությանը մեղադրում է փետրվարի 19-ի նախագահի ընտրություններից հետո ժողովրդին հոգեբանական դիվերսիայի ենթարկելով կրակի բերան տանելու մեջ: Աղվան Հովսեփյանը շրջանառության մեջ է դնում «հոգեխանգարմունք» եզրը: Նա բառացիորեն հայտարարում է. «Ընդդիմությունն օգտագործել է ստի բոլոր տեսակի մեխանիզմները: Սուտ, որի վրա կառուցված է եղել հոգեբանական զանգվածային հոգեխանգարմունքի վիճակը»:
2010-ին քաղաքական և ինտելեկտուալ պերճախոսությամբ աչքի է ընկնում խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը։ Նա դգոհում է խորհրդարան ներխուժած գործարարներից։ Պարոն Աբրահամյանը նկատում է, որ գործարար լինելը հեշտ բան չէ, այն մտքի լուրջ աշխատանք է պահանջում, նրա ինչի՞ն է պետք քաղաքականությունը. «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ, դրա համար էնքան պատահական մարդիկ կան, որ դարձել են քաղաքական գործիչ»:
2011-ի հունիսի 30-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողին ուրախությամբ վստահեցնում է, որ իշխանությունների դեմ բողոքի կրիտիկական զանգված չկա։ Նախորդ տարում արձանագրվել էին Սերժ Սարգսյանի իշխանության օրոք արտագաղթի ամենամեծ ծավալները։ Վարչապետը մի կերպ է թաքցնում իր ուրախությունը: «Ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ էդ կրիտիկական զանգվածը մնա ստեղ, որ ստեղ լինի հեղափոխությու՞ն»,- ասում է ՀՀ վարչապետը։
2013-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահի ընտրություններ։ Պաշտոնական արդյունքներով Սերժ Սարգսյանը հաղթեց իր հիմնական մրցակցին՝ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այդ առիթով մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպած գործող նախագահը անակնկալ հայտարարեց, որ մեր երկրի հիմնական խնդիրը արդարության պակասը, կոռուպցիան և արտագաղթը չեն, այլ լրագրողները. «Արտագաղթի բուն պատճառը հենց էդ գաղջ մթնոլորտն է, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում։ Ինչո՞ւ։ Որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են»։
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրերին Ազատության հրապարակում վիճարկում էր ընտրությունների արդյունքները։ Նա արդեն հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ և կոչ արել լուծարել խորհրդարանը, արդեն ձեռնարկել էր հացադուլ և 21 օր հետո Մեծ Պահքի ավարտին դադարեցրել այն։ Ընտրություններում պաշտոնապես պարտված թեկնածուն գրեթե ամեն օր բազմահազար մարդիկ էր հավաքում Ազատության հրապարակում։ Սակայն իր հաղթանակն արձանագրելու համար նա ամենևին ժողովրդի հետ հույսեր չէր կապում: «Պատրաստ եմ ոչ թե մեռնելու և ապրելու, և գնալու վաղը առավոտ Մոսկվա և հանդիպելու պարոն Պուտինի հետ և հայ ժողովրդի հաղթանակը բերելու»,- ասում էր ընդդիմության առաջնորդը։
2013-ի մայիսին դաշնակցական Վահան Հովհաննիսյանը Հանրապետականին բաց տեքստով մերժում է համագործակցության ցանկացած առաջարկ։ Մեկ տարի առաջ ՀՀԿ-ն հաղթել էր խորհրդարանի ընտրություններում, սակայն խորհրդարան մտած ընդդիմադիր ուժերի գրեթե յուրաքանչյուր նախաձեռնություն ցույց էր տալիս այդ կուսակցության անօգնականությունը։ Հանրապետականն ուզում էր իր կողմը ներքաշել Դաշնակցությանը, որի հետ համագործակցելու փորձ ուներ։ Վահան Հովհաննիսյանը վստահեցնում է, որ համագործակցելու մասին ՀՀԿ-ն պետք է մոռանա, քանի որ բացարձակապես հեղինակություն չունի։ Պատգամավորը դժվարությամբ է զսպում իր հեգնանքն այդ կուսակցության հանդեպ. «Դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունն ընտրությունների ժամանակ դնեք ու ձեզ չպաշտպանի հանրապետության նախագահը, ձեզ չպաշտպանի Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանի դատախազը, ոստիկանապետը և հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք։ Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն Ազգային Ժողովում չեք լինի, այլ դուք կարտագաղթեք»։
2014-ը խորհրդարանի 4 ընդդիմադիր ուժերի աստեղային տարին էր։ Կոալիցիոն իշխանության գրեթե ցանկացած նախաձեռնություն հանդիպում էր լուրջ դիմադրության։ Ազգային Ժողովի փետրվարյան նստաշրջանի ընթացքում ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ մտադիր են անվստահություն հայտնել Տիգրան Սարգսյանի կառավարությանը։ Լրագրողների այն հարցին, թե տեղյակ է, որ խորհրդարանի 4 ուժեր անվստահություն են ուզում հայտնել կառավարությանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասում է՝ «ղալաթ են անում»։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանը նրան պատասխանում է նույնքան ագրեսիվ՝ մատով չդիպչելով հայերենին. «Մենք էլ էդ բառերը տիրապետում ենք և իրան ասենք եթե, օրինակի համար՝ ղալաթ ես անում չաթլախ, չնեղանա»։
2015-ին Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում սոցիալական ընդվզում։ Հունիսի 23-ին մի քանի երիտասարդ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով փողոց է դուրս բերում հազարավոր մարդկանց և երկու շաբաթ փակում Բաղրամյան պողոտան։ Քաղաքական ոչ մի ուժ չէր առաջնորդում այդ շարժումը: Հենց առաջին օրը ոստիկանությունը կիրառում է բիրտ ուժ, բայց շարժումը դրանից միայն ուժեղանում է։ Մինչ այդ մարդիկ Հայաստանում փողոց էին դուրս եկել միայն քաղաքական ուժերի առաջնորդությամբ և հիմնականում հետընտրական շարժումների տեսքով։ 1996-ի և 2008-ի նախագահի ընտրություններին հաջողված բողոքների ժամանակ ոստիկանության գործողություններով փակվում է նոր ընտրություններ պահանջող ժողովրդի բերանը։ 2004-ի ապրիլին անվստահության հանրաքվեի պահանջով փողոց դուրս եկած ժողովուրդը նույնպես տուն է վերադառնում ոստիկանության մահակի օգնությամբ։ Ժողովուրդն անարձագանք թողեց նաև 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանի հայտարարությունը Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից դուրս հայտարարելու մասին։ «Էլեկտրիկ Երևանի» օրերին՝ իշխանության ներկայացուցչի միայն տեսքից այլևս քաղաքական պահանջ չունեցող ժողովուրդի զինանոցում մնացել էր միայն մեկ բառ` «ս…ր»:
Խորհրդանշական է, երբ 2016-ի սեպտեմբերին, «Սասնա ծռերի» հայտնի գործողությունից մեկուկես ամիս անց, Հայաստանի վարչապետի պաշտոնը լայն ժպիտով ստանձնած Կարեն Կարապետյանն ուզում էր ամենուր տեսնել ուրախ դեմքեր։ Նա այդպես էլ պահանջում էր բոլորից, նա սովոր չէր տխուր դեմքերի. «Մի քիչ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք այ մարդ, ինչքան ջղայն եք սաղդ նայում»։ Կարեն Կարապետյանը բարձր տրամադրություն էր ուզում՝ խոստանալով վերացնել, իր բառերով, պրիմիտիվ գողությունը: Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը փոքր- ինչ սրբագրում է նրան. «Գողությունը դա գողանալ բառը չէ»: Այս իմաստով ավելի հեռու էր առաջարկում գնալ խորհրդարանում Դաշնակցության ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը հանցագործություն իրականացնողի մասին տեղեկություններ հայտնողի՝ Ազդարարի ինստիտուտի ստեղծումը համարեց գործ տալու ինստիտուտ. «Սա մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երեկ, երբ որ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին իմ միտքս եկավ էն գաղափարը, որ ժողովրդական խոսքով ասած, սա գործ տալու ինստիտուտ է»:
2018 թվականից Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման։ Նոր իրավիճակ՝ հին դեմքերով։ Եվ դա նշանակում է, որ «ապահով Հայաստանում» նոր շոկային հայտարարությունների պակաս չի լինի։
Մհեր Արշակյան